AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ

Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 875, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՔԱՅԼ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Այս նոր տարում Հայաստանը դիվանագիտական նոր մարտահրավերներ է դիմակայումՙ դարձյալ իր փոքր տարածքային չափսերի եւ ընտրած դաշնակիցների հետեւանքով: Չնայած թվում է, թե այս երկու պատճառները կապ չունեն խնդրի էության հետ, այնուամենայնիվ հենց դրանք, ինչպես նաեւ իր թշնամիների հարուստ գրպաններն են ընկած այդ մարտահրավերների հիմքում:

Անցյալ տարի Հայաստանը անհաջողության մատնվեց, երբ Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR), դեմ գնալով Շվեյցարիայի դատարանի որոշմանը, Դողու Փերինչեքի գործում վճիռ կայացրեց հօգուտ ցեղասպանությունը ժխտողին: Թուրքիայի քաղաքացի Փերինչեքը Շվեյցարիայում դասախոսություններ կարդալուց քանիցս ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը:

Հակառակ որ հրապարակված վերջնական վճռում դատարանը կասկածի տակ չէր առնում հայերին պատուհասած ճակատագիրը, դրանում մեջբերված բոլոր իրավական եզրերն ու խուսանավական արտահայտությունները մի ավելորդ անգամ շեշտում էին, որ Եվրոպայում որեւէ մեկը կարող է ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ ապաստան որոնել խոսքի ազատություն կարգախոսի ներքո, մինչդեռ հրեական Հոլոքոսթը ժխտողները դիտարկվում էին որպես ատելություն սերմանողների:

Նման դատավճիռը, ինչ խոսք, իր ազդեցությունն էր ունենալու շվեյցարական օրենքի վրա եւ իր հետեւանքներն էր թողնելու այլ երկրների իրավական դաշտերում: Նման օրինակ մենք արդեն ունենք Ֆրանսիայից, որտեղ մաթեմատիկայի մի ուսուցչի Փարիզում ազատել են աշխատանքից եւ մեղավոր ճանաչել Հոլոքոսթը ժխտելու օրենքը խախտելու համար: Նա պնդել էր, որ օրենքը անարդարորեն պատժում է միայն այն մարդկանց, ովքեր ժխտում կամ հարցականի տակ են դնում հրեական Հոլոքոսթը, բայց ոչՙ մարդկության դեմ գործված այլ հանցագործությունները: Սահմանադրական դատարանը իր հունվարի 10-ի որոշումով առանձնացրեց Հոլոքոսթի ժխտումը որպես հանցագործություն, նշելով, որ Երկրորդ աշխարհամարտի ցեղասպանությունը «տարբեր բնույթ է կրում»ՙ համեմատած մարդկության դեմ գործված այլ հանցագործությունների հետ: Եվ սա կատարվում է մի երկրում, որի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարտավորվել է պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքը: Նրանք, ովքեր փորձում էին մեղմել եւ նույնիսկ սխալ մեկնաբանել Փերինչեքի գործով եվրոպական դատարանի վճիռը, պետք է հասկանան, որ այն արդեն սկսել է իր «դոմինո» բացասական ազդեցությունն ունենալ Եվրոպայում:

Դիվանագիտական երկրորդ մարտահրավերը Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (PACE) վճիռն էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ավելի ստույգՙ այդ կառույցի Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հաձնախմբի «բռնության թեժացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրյալ հակահայկական զեկույցը, որն ընդունվել էր ձայների 24-ը 16-ի հարաբերակցությամբ: Զեկույցը պատրաստողը բրիտանացի նախկին խորհրդարանական Ռոբերտ Ուոլտերն էր: Խիստ կողմնապահ (ադրբեջանամետ) զեկուցագրողին փոխարինելու հայկական պատվիրակության առաջարկը մերժվել էր: Այս զեկույցը հայտնվելու է հունվարի 26-ին PACE-ի լիագումար նիստի օրակարգում եւ հավանական է, որ մենք ունենանք եւս մեկ աչառու զեկույց ընդդեմ Ղարաբաղի:

Մեկ այլ բանաձեւՙ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները դիտավորյալ զրկված են ջրից» վերնագրյալ, պատրաստվել է Միլիցա Մարկովի կողմից (Բոսնիա, Հերցեգովինա):

Առաջին զեկույցի կողմնակալ նախադրյալն այն է, որ Ղարաբաղը բնորոշում է որպես «գրավյալ տարածք» ի թիվս այլ ադրբեջանական տարածքների, որոնք գտնվում են հայկական ուժերի հսկողության ներքո: PACE-ի նման կազմակերպություններից նվազագույնը, որ պահանջվում է, չեզոք դիրք պահպանելն է, այսինքն օգտագործել առնվազն «վիճելի տարածքներ» եզրը: Իր ներկա տեսքով բանաձեւն արդեն իսկ ունի կանխորոշված եզրակացություն, որը լիագումար նիստի ժամանակ քվեարկության դրվելու կարիքն անգամ չի ունենալու: Այդ բանաձեւում ընդհանրապես անտեսված են չեզոքության, անկողմնակալության եւ օբյեկտիվության սկզբունքները: Մյուս կողմից զեկուցագրողի հավատարմագիրն է հարցականի տակ: Ռոբերտ Ուոլտերն ու նրա կինըՙ Ֆերիդե Ալպ-Ուոլտերը գործարար կապեր ունեն Ադրբեջանում եւ Թուրքիայում: Հաղորդվում է նաեւ, որ նրանք երկոսւն էլ թուրքական քաղաքացիություն ունեն, եւ որ Ռոբերտ Ուոլտերն իր ինքնությունը հաստատող թուրքական փաստաթուղթն ստացել է անձամբ Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուից: Ավելին, Չավուշօղլուն 2011-ին եղել է Ուոլտերների հարսանիքին ներկա հրավիրվածների թվում:

Այո, հանուն փողի քվեարկության խիստ ակնհայտ երեւույթը մեզ հիշեցնում է մեկ այլ դիվանագետի, որն այժմ հեղինակազրկված է եւ դուրս մղված քաղաքական դաշտից: Դա ժամանակին հայ-ադրբեջանական հարաբերություններին մեծ վնաս հասցրած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ եւ կարճ ժամանակով Ադրբեջանում Մ. Նահանգների դեսպան նշանակված Մեթյու Բրայզան է, որի ամուսնությունը թրքուհու հետ հարեւան Թուրքիայում ամրագրված էր Ալիեւի կառավարության կողմից:

Թվում է, թե այս աչք ծակող ձեռնարկումները առանձին անհատների վատ պահվածքի դրսեւորումներ են, բայց ոչ, դրանք ամենայն հանդուրժողականությամբ ընդունվում են աշխարհի դիվանագիտական շրջանակներում, պարզապես որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ ռուսական գոտու ծիրում, եւ այն պատվիրակները, ովքեր կողմ են քվեարկում թյուր ձեւակերպումներով եւ մոլորության առաջնորդող արտահայտություններով հարուստ նման բանաձեւերին, իրենց հոգու խորքում համոզված են, որ Հայաստանի դեմ գործելով անուղղակիորեն պատժում են նաեւ Ռուսաստանին:

Երկրորդ օրինագիծը նույնպես հիմնված է կեղծ նախադրյալի վրա, որովհետեւ զեկուցագիրը կազմողն ամբողջովին անտեսել է Սարսանգի ջրամբարի օգտագործման տեխնիկական զեկույցը: Գործին լավատեղյակ մասնագետ դոկտ. Լիդիա Ս. Վամվակերիդու-Լիրուդիայի զեկույցում կոչ էր արվել տեսողական զննում կատարել այդ ջրամբարի, որի կառույցը շատ հեռու է ենթադրյալ փլուզման եզրին լինելուց:

Սակայն զեկույցը կազմողը անտեսելով ղարաբաղյան իշխանությունների փաստա-որոնողական առաքելությամբ տարածք այցելելու հրավերը, ընտրել է «հայկական զինված ուժերի միակողմանի եւ անմիջական դուրս բերման» պահանջ ներկայացնելը:

Անդրադառնալով PACE-ի չարագուշակ նախաձեռնությանը, ԵԱՀԿ-ն հրատարակեց հակիրճ, բայց արտահայտիչ մի հաղորդագրություն, համաձայն որի ոչ մի օտար կառույց լիազորված չէ միջամտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործին, առանց նախապես խորհրդակցելու ԵԱՀԿ համանախագահների հետ: Որեւէ կողմնակի միջամտություն կարող է լոկ վնասել բանակցային գործընթացին: Բայց Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորությամբ, ակտիվորեն շարունակում է վարել ղարաբաղյան հարցը այլ հարթություններ տեղափոխելու, խնդրի էությունը շեղելու քայքայիչ քաղաքականություն: Ադրբեջանա-թրքական «երկթամբ հեծանիվը» օգտագործելով որոշ իսլամական երկրների մոլեռանդությունը, արդեն իսկ ձայներ է հավաքել հակամարտությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում որպես կրոնական պայքար ներկայացնելու համար:

Հայերս չպետք է զարմանանք նման սցենարներից եւ պարտավոր ենք ըստ այդմ մշակել մեր ռազմավարությունն ու հակահարվածները: Դրանք, բարեբախտաբար, ընթացքի մեջ են: Հանուն «Արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնությունը» (EAFJD) նախաձեռնել է «change.org» կայքում խնդրագիր ներկայացնելՙ պահանջելով PACE-ից չընդունել ադրբեջանամետ մի բանաձեւ, որը կխոչընդոտեր հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: EAFJD-ն մասնավորապես կոչ է անում վերջ դնել PACE-ի «ատելությամբ հագեցած ռազմատենչ հայտարարություններին եւ նրա որոշ անդամների ադրբեջանամետ դիրքորոշումներին»: Սփյուռքյան այս նախաձեռնությանը զորավիգ է կանգնում նաեւ հայաստանյան դիվանագիտական գերատեսչությունը: Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այցելել է բոլոր Բալթյան երկրների մայրաքաղաքները եւ ուղեւորվել դեպի Չեխիայի հանրապետություն եւ Հունաստան: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն, իր հերթին, այցելել է Վարշավա եւ Բուխարեստ: Իսկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը միեւնույն առաքելությամբ ճանապարհ են ընկել դեպի եվրոպական տարբեր երկրների մայրաքաղաքներ:

«Այս բանաձեւը բացի բանակցային գործընթացին վնասելուց որեւէ այլ արժեք չունի», հայտարարել է Ազգային ժողովում Բարգավաճ Հայաստան ֆրակցիայի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ավելացնելով «թե վերջնական ինչ տեսքով կլինի (բանաձեւը) կախված է նրանից, թե որքանով ԵԽԽՎ-ում կգտնվեն սթափ պատգամավորներ, ովքեր կհասկանան, որ նման ձեւակերպումներով բանաձեւի ընդունումը ուղղակիորեն շատ ավելի լարելու է առանց այն էլ լարված սահմանային լարվածությունը, վնասելու է բանակցային գործընթացին: ԵԽԽՎ-ն հերթական անգամ վերածվելու է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ պատերազմական գործողությունների հարթակի: Եթե ԵԽԽՎ-ի նպատակը սա է, թող շարունակեն այդ ոճով աշխատել»:

Միաժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը ավելի ակտիվ պետք է աշխատի ԵԽԽՎ-ի պատվիրակությունների հետ:

Հունվարի 26-ի լիագումար նիստն ու քվեարկության արդյունքը ցույց են տալու, թե ինչքանով էր արդյունավետ Հայաստան-Սփյուռք դիվանագիտական համատեղ արշավը, եւ թե ինչքանով ենք մենք կարողանում ԵԽԽՎ-ի հետ համաքայլ ընթանալ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.