AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 919, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՎՈՅԱԺՆԵՐ, ՀԵՏԵԽԽՎՅԱՆ ԷՅՖՈՐԻԱ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս շաբաթ հայ քաղաքականացված հանրության միտքը զբաղված էր հիմնականում երկու թեմայով` ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձեւերով եւ կոալիցիոն վոյաժներով:

Նորից ու կրկին

Անցած մեր հրապարակումներից մեկում գրել էինք, թե իշխանությանն ու նրա առաջին դեմքին ինչո՞ւ է անհրաժեշտ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելը, նույնիսկ կոալիցիա կազմելու տեսքով:Սակայն արժե դիտարկել այս խնդիրը նաեւ այն ուժերի հենման դիրքից, որոնց հետ մտմտում է համագործակցել իշխող ուժը: Այդ խոսակցություններն, ի դեպ , ավելի նորացան ու առարկայացան, երբ օրեր առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հառիթ ասել էր, թե ՀՅԴ-ն սկզբունքորեն կարող է ընդունել կոալիցիա կազմելու վերաբերյալ Սերժ Սարգսյան առաջարկը: Չնայած` հետո նույն ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ճշտեց, թե գործակցության ձեւերի ձեւաչափի մասին են քննարկում ընդամենը, հնարավոր է` կոալցիա չլինի: ԲՀԿ-ն դեռեւս համագործակցելու առաջարկ չի ստացել, բայց իշխող կուսակցության մեր աղբյուրները չեն բացառում այդպիսի առաջարկը մոտակա օրերին, մանավանդ` ԲՀԿ-ն շատ հարցերում հենց խորհրդարանում աջակցել է մեծամասնությանը, զուգահեռ բարձր աստիճանի վրա պահելով նաեւ քննադատության դոզան: ԲՀԿ-ին առաջարկի ուշացումը պայմանավորված է նրա ստվերային առաջնորդների հավակնություններով: Այս պահին որեւէ բան հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի իշխանությունը ՕԵԿ-ի կամ ՕԵկ-ի առանցքով ձեւավորված «Հայկական վերածննդի» նկատմամբ, չգիտենք իշխանության պլանները Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» վերաբերմամբ: Սակայն մի բան հիմա, այսքան տարիների դիտարկումներից հետո, վստահ կարող ենք ասել` որ անգամ ընդդիմադիր դիրքերում գործելու հավանությունը գալիս է իշխանական օթյակներից:

Վերադառնալով կոալիցիա կազմելու թեմային` նշենք, որ ճիշտն ասած մեզ համար անհասկանալի են կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները` մինչեւ ընդամենը մեկ տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որքան էլ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն սատարեցին սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, որքան էլ ՀՅԴ-ն խոսում է իր սատարած սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուն գործնական մասնակցություն ունենալու անհրաժեշտության մասին: Դեռ հայտնի չէ նաեւ, թե ինչպիսի Ընտրական օրենսգրքով են գնալու կոուսակցությունները համամասնական կարգով ընտրություններին, արդյոք ի գործ կդրվի՞ վարկանիշային ընտրակարգը, որը Հայաստանում հավասարազոր կլինի մեծամասնական կարգին, քանի որ ապահովված թեկնածուները միշտ հնարավորություն ունեն հայտնի ճանապարհով բարձր քվե ստանալ իրենց կուսակցության եւ, բնականաբար, իրենց համար, անցողիկ տեղերում լինելով եւ հայտնի միջոցներով վարկանիշ ապահովելով իրենց ու այն կուսակցության համար, որի ցուցակում են:

Մանավանդ` այն լուրերի ֆոնին, որ ընտրատարածքները նվազելու են, հասնելով ընդհուպ տասնհինգի, այսինքն` այն հանրահայտ օլիգարխների չափով, որոնք այսօր հնարավորություն ունեն ամեն մեկը մի տարածքում փող ու այլ շահագրգռիչներ շարժել ու ապահովել իրենց եւ իշխանության համար ցանկալի արդյունք: Այսինքն` մինչեւ հիմա տարբեր հնարքներով ցանկալի արդյունք ստանալու բյուրեղացված ընտրական միջոցառումը, որը համամասնական-մեծամասնական ընտրակարգում էր ներդրվել, ավելի կատարելագործված ձեւով միգուցե հարմար կտեղավորվի հարյուր տոկոս համամասնական կարգի մեջ: Եւ այստեղ ոչինչ չեն կարող անել ոչ ընտրողների ռեգիստրի մաքրումը մեռած հոգիներից կամ բացակա անձանցից, ոչ էլ, անգամ եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, ինչին խիստ կասկածում ենք, ընտրողների ցուցակների հրապարակումը ընտրությունների հաջորդ առավոտյան:

Համենայնդեպս` վերեւի սցենարն առայժմ չի կարելի բացառել, քանի ընտրական օրենսգիրքը չի համապատասխանեցվել Սահմանադրությանը եւ չենք հասկացել` ինչ մոդելներ են ներդրվում (փետրվարի 1-ից մեկնարկող Ազգային ժողովի նոր նստաշրջանն այդ առաքելությունը պետք է իրակացնի)` ԸՕ-ն Սահմանադրությանը համապատասխանեցնելիս, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 1-ից: Այ այդ ժամանակ, նայած թե ինչ պատկեր կընդունի ԸՕ-ն, կմնա՞ վարկանիշային պատգամավոր հասկացությունը, ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ կարգավորումներն ի՞նչ տեսք կընդունեն, ըստ այդմ էլ ճիշտ կլինի մտածել` կոալիցիա կազմե՞լ իշխող ուժի հետ, թե՞ ընտրությունների գնալ մի այլ բեւեռով, կամ առանձին: Համենայնդեպս` Ընտրական օրենսգրքի դրույթների թափանցիկ քննարկումներ, բացի ԱԺ լիագումար նիստում քննարկումներից, խոստացվել է, ու այդ քննարկումներում է, որ շահագրգիռ ուժերը այս եւ բազմաթիվ այլ մտահոգությունների մասին պետք է բարձրաձայնեն: Եթե, այնուամենայնիվ, որդեգրված հարյուր տոկոսանոց համամասնական կարգը սոսկ մնա ցուցափեղկ Եվրոպայի համար, իսկ Ընտրական օրենսգրքի կարգավորումները նպաստեն տարբեր կարգավորումային հնարքներով կրկին ժողովրդի իրական քվեի չարտացոլմանը , ապա կոալցիայի մաս կազմելու մտադրություն ունեցող կուսակցությունները կնպաստեն հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական հանրապետության գաղափարի` այս կերպ խեղաթյուրմանը

Չնայած, խոստովանում ենք, որպես այդպիսին ընդդիմության կրախը մեր երկրում նույնպես կազմալուծեց եւ իր շահին, ու ոչ թե ընտրական ինստիտուտին վստահող դարձրեց հանրության լայն հատվածներին, «ընտրություններ» հասկացության բովանդակությունը հայերիս համար հետաձգելով հիմա արդեն շատ տարիներ: Բայց կան, այնուամենայնիվ, հանրության գիտակից հատվածներ, ու այն կուսակցությունները, որոնք այժմ կհայտարարեն կոալիցիա կազմելու մասին, նրանց կողմից կարող են ինքնասպաններ ընկալվել, քանի որ կառավարող իշխանությունից դժգոհների ձայներն այդ կուսակցությունները միգուցե ընտրություններին կստանան, եթե չմտնեն կոալիցիա:

Ուրիշ բան, որ իշխող կուսակցությանն ու նրա լիդերին, ու միգուցե երկրին (նկատի ունենք ներկա անկայուն արտաքին քաղաքական եւ տնտեսական ֆոնը) էս պահին ձեռնտու է ավելի լայն համագործակցության դաշտ ստեղծելը, ընդհանրապես` համագործակցության մշակույթի ջահակիրը լինելը, միգուցե` նաեւ մյուս քաղաքական ուժերում իսկապես առկա մարդկային ռեսուրսն ի շահ երկրի օգտագործման երեւույթի դրական հենքը, արդյունքում այդ համագործակցությամբ եւս տարիներ կառավարող դոմինանտ ուժ մնալու հնարավորություն ստանալով: Սակայն, կրկնում ենք, կոնկրետ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի համար այս մի տարվա ստանալիքը համեմատելի չի լինի վարկանիշի կորստի այն մեծ ծավալի հետ, երբ նրանք նույնանան կառավարողների հետ: Մանավանդ, եթե ընտրվի այնպիսի ընտրական մոդել, որը զրոյի կհավասարեցնի համամասնական կարգը` փողի դերակատարումն ապահովելով, ընտրատարածքները սեփականության իրավունքով օգտագործման հանձնելով, եւ ի վերջո ընտրություններով իշխանության բնականոն փոփոխության ճանապարհը փակելով:

ԵԽԽՎ բանաձեւը ճանաչե՞լ է Արցախը որպես պետություն

ՀետԵԽԽՎյան հայկական էյֆորիան` Ռոբերտ Ուոլթերի զեկույցի հիման վրա հակահայկական «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձեւի չընդունման վերաբերյալ շատերիս հասկանալի է` պետության կառույցները, խորհրդարանական մեր պատվիրակությունը լայն թափով աշխատեցին, եւ քաղաքական նշանակության մեկ փաստաթուղթ չընդունվեց: Անգամ այն իրողությունը, որ ամենալայնածավալ աշխատանքի դեպքում, եթե շահագրգիռ մեծ պետությունների կամքի տարբեր դրսեւորումները, նախորդած հայտարարությունները (Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հատկապես, որը հասկացվեց որպես երեք մեծ պետությունների կամքի արտահայտություն ԵԽԽՎ նիստից առաջ) չլինեին, փաստաթուղթը կասեցնել չէր լինի, չի ստվերում հայկական կողմի գործ դրած իսկապես աննախադեպ ջանքերը, որոնք հարկ է դրսեւորվեն ամեն պարագայում, քանի որ մեծ ու փոքր պետությունների շահերը հասկանալի են, նրանց մոտիվացված քվեարկությունըՙ նույնպես, բայց դրանք մեզ իրավունք չեն տալիս անգործունեության: Ուժերի լարումով է միայն հասկանալի է դառնում, որ գործ ունեն պետության հետ, որի ներկայացուցիչներին հեշտ չի լինի կոտրելը, ամեն քվեարկության ժամանակ էլ գուցե կհիշեն անհատապես իրենց ուղղված աշխատանքը: Իսկ թե ինչու հայկական պատվիրակությունը երկրորդ` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւի դեպքում առավել առարկայաբար չէր աշխատել, սա դեռ ջուր վերցնող հարց է, մանավանդ անզեն աչքով էլ տեսանելի է` այս դեպքում չսպառված հնարավորություններն առկա էին, հատկապես եթե նայում ենք երեւութապես Հայաստանի բարեկամ երկրներից «դեմ» քվեարկողների քարտեզը:

Ուղղակի երկու պահի վրա կանգ առնենք, որոնք կարեւոր են մեր կարծիքով: Առաջինը վերաբերում է, այսպես ասենք` «Ջուր ադրբեջանցիներին» բանաձեւի կիրառական նշանակությանը: Արդեն ԼՂՀ մի քանի պաշտոնյաներ բարձրաձայնել են, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը խնդրի գործնական լուծում չէ, քանի որ Ադրբեջանի իշխանությունը միտումնավոր է ջրից զրկում իր բնակչությանը, որ Հայաստանի ու ԼՂՀ դեմ կեղտոտ քարոզչական պատերազմ վարի տարբեր միջազգային ատյաններում, ինչի ականատեսը դարձանք ԵԽԽՎ-ում: Այլապես` ազատորեն դեպի Կուր հոսող ջրերը պոմպակայաններ տեղադրելով կհասցներ իր բնակչությանը, կամ էլ` ԼՂՀ իշխանության հետ ուղիղ կբանակցեր` ջուրը միասին օգտագործելու համար: Անգամ Մ. Մարկովիչի զեկույցը, հարցին լայն ուշադրություն հրավիրելով, լրջորեն հետաքրքրվողներն կարող է այս կարծիքին հանգեցնել: ԼՂՀ ղեկավարությունն ասում է նաեւ, թե Ադրբեջանին բազմիցս առաջարկել է համատեղ աշխատել խնդրի ուղղությամբ եւ արձագանք չի ստացել: Բայց թե ինչու այդ մասին մերոնք չեն խոսել ԵԽԽՎ-ում, քննարկումների ժամանակ, չեն մատնանշել կոնկրետ փաստեր` համատեղ լուծումներ գտնելու ադրբեջանական կողմի ցանկության բացակայության ուղղությամբ, մնում է անհայտ:

Ավելի հետաքրքրական բան ասենք, որ աչքաթող էր արվել բանաձեւի շուրջ տուրեւառումներում, այդ մասին դիտարկում է արել Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, ով ուշադիր ընթերցելով Մարկովիչի զեկույցի հիման վրա ընդունված բանաձեւի` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկվում են Սարսանգի ջրերից» ձեւակեպումը, հարցնում է.«Իսկ ո՞ր երկրին են սահմանամերձ այդ շրջանները»: Եւ եզրակացնում, որ եթե այդ բանաձեւն իրենից մի բան ներկայացնում է` այսուհետ ուրեմն պետք է Եվրոպայի Խորհրդում բարձրացվի այդ կազմակերպությանը ԼՂՀ լիարժեք անդամակցության հարցը, քանի որ Ադրբեջանի սահմանակից պետություն են արդեն անվանում ԼՂՀ-ն: Ահա թե ինչ «նվեր» է մատուցել ադրբեջանցներին Միլիցա Մարկովիչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.