AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄԻ ՄԵՐԺՎԱԾ, ՄԻ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎ. Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հրճվանքի տեղ չի մնա, եթե Միլիցայի արտառոցություններին քիչ ուշադիր աչքով նայենք

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց այլեւս վեհաժողովի պատվիրակ չհանդիսացող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա ներկայացված բանաձեւերի նախագծերը: Առաջինը մերժվեցՙ ձայների շատ փոքր տարբերությամբ, երկրորդն ընդունվեց:

Ուոլթերի անտեր մնացած եւ անպաշտպան թողնված զեկույցի հիման վրա պատրաստված բանաձեւի նախագծի ճակատագիրը ի սկզբանե անհասկանալի էր: Նախ, հունվարի 25-ի առավոտյան, դեռեւս լինելով ԵԽԽՎ նախագահՙ Անն Բրասյորն իր ավանդական ասուլիսում հայտարարեց, թե այդ զեկույցը չքննարկելու պահանջ է եղել, ուստի այդ պահի դրությամբ դեռ հստակ չէրՙ կքննարկվի արդյոք, թե՞ ոչ: Վեհաժողովի նստաշրջանը մեկնարկեց սակայն առանց զեկույցին որեւէ անդրադարձի, ասել է, թե այն հաստատվեց օրակարգում ու դարձավ քննարկման առարկա:

Արդեն հաջորդ օրըՙ հունվարի 26-ին, քննարկման արդյունքում 66 կողմ, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ, մեծամասնության համար անհավասարակշիռ ու կողմնակալ որակվելով, զեկույցի բանաձեւը չընդունվեց: Մեկնաբանություններում հաղթանակի նման մի բան էր, թերեւս հաջողության, բայց ավելի շուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի հունվարի 22-ի հայտարարության ազդեցությունն էր, քան հայկական կողմի ջանքերը:

«...Հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, մյուս տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը բանակցությունների միակ ընդունված ձեւաչափն է: ...Կոչ ենք անում չանել քայլեր, որոնք կնսեմացնեն Մինսկի խմբի մանդատը կամ կբարդացնեն բանակցային գործընթացը», հայտարարել էին համանախագահներն, ըստ էության առաջին հերթին պաշտպանելով սեփական մանդատը: Սրա նկատմամբ կարծես ըմբռնում եղավ:

Քանի որ ադրբեջանամետությամբ հայտնի, Թուրքիայի քաղաքացիություն ընդունած եւ ադրբեջանցի կողակից ունեցող Ուոլթերի զեկույցը մերժվեց, ընդ որումՙ ադրբեջանական կողմը հենց սկզբից հանեց փոփոխությունների ներկայացրած առաջարկություններըՙ գիտակցմամբ, որ մերժումը շատ հնարավոր է, անդրադառնալու անհրաժեշտություն չկա, թեեւ վերլուծություն եւ եզրահանգումներ պետք է արվեն, այն էլՙ այս ամենում քիչ դերակատարություն ունեցածների կողմից:

Ինչ վերաբերում է Մարկովիչի ներկայացրած բանաձեւի նախագծին, որի հիմքում ընկած զեկույցը նրա առաջին նման աշխատանքն է, ապա այն գրեթե անփոփոխ ընդունվեց, քանի որ փոփոխությունների մի զգալի մասը ներկայացրած հայկական պատվիրակությունը, մի քանի առաջարկների քվեարկությամբ մերժումից հետո, հանեց արված առաջարկները: Արդյունքում առաջնային տեսքից բանաձեւում հիմնականում փոփոխվեց մի քանի կետ, այն էլՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2014թ.-ի մայիսի 20-ի հայտարարությունը վկայակոչելով, որտեղ համանախագահները հույս են հայտնում, թե «կողմերը կհասնեն համաձայնությանՙ համատեղ կառավարելու նշված ջրային ռեսուրսները հօգուտ տարածաշրջանի»:

Միլիցայի արտառոցությունները

Արտառոցն այս ամենում մեկ հակահայկական բանաձեւի մերժումն ու մյուսի ընդունումը չէ, ոչ էլ այն հանգամանքը, որ երկու զեկույցներն էլ պատրաստվել էին առանց Հայաստան այցելության: Ու թերեւս արտառոց չէ նաեւ, որ ընդունված բանաձեւի առնչությամբ հիմնական դատողությունները տեղավորվում են «անկարեւոր թուղթ, անիրագործելի փաստաթուղթ» ձեւակերպումների մեջ:

Արտառոցությունը սկսվում է Մարկովիչի զեկույցի վերնագրից: «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրումը մի քանի հարց է առաջացնում: Նախ, Սարսանգի ջրամբարը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում է գտնվում, ասել է, որ եթե դրան հարող ադրբեջանական տարածքները սահմանային, սահմանամերձ (frontier) են, ապա բանաձեւի ընդունման համար ամեն ինչ արած Ադրբեջանը փաստացի ընդունել է Լեռնային Ղարաբաղի հետ ունեցած սահմանը: ԵԽԽՎ ընդունված բանաձեւում առկա այս ձեւակերպումը կարող է վեհաժողովի կողմից եւս Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի գոյության ճանաչում մեկնաբանվել: Մյուս կողմից, եթե բարձրացվում է, այսպես կոչված, մարդասիրական հարց, ուրեմն Ադրբեջանը, որ նախկինում մերժել է Լեռնային Ղարաբաղի հետ հարցը լուծել, արդեն բանաձեւի մակարդակով հարցին մոտենալիս լուծման հասնելու համար պետք է խնդիրը քննարկի ԼՂՀ իշխանությունների հետ:

Հիմա մյուս արտառոցությունները, որ արդեն տհաճ են, եւ դրականորեն մեկնաբանելու հնարավորություն չեն տալիս: Բանաձեւի 3-րդ կետն ասում է. «Վեհաժողովը գտնում է, որ շրջակա միջավայրի արհեստական ճգնաժամի դիտավորությամբ ստեղծումը պետք է որակվի «ագրեսիա» եւ դիտարկվի որպես թշնամական քայլ մեկ պետության կողմից մյուսի նկատմամբՙ շրջակա միջավայրի աղետի գոտիներ ստեղծելու եւ առնչվող բնակչության նորմալ կյանքն անհնարին դարձնելու նպատակով»:

Հաջորդՙ 4-րդ կետն աննախադեպ է իր ձեւակերպմամբ. «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանիՙ Լեռնային Ղարաբաղի եւ հարակից մյուս տարածքների օկուպացիան Հայաստանի կողմից մարդասիրական եւ շրջակա միջավայրի խնդիրներ է ստեղծում ղարաբաղյան հովտի ցածրադիր մասում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների համար»:

5-րդ կետում, ներկայացնելով Սարսանգի ջրամբարի տեղադիրքը, նշվում է կրկին, թե հարցը վերաբերում է «...ջրամբարին, որը գտնվում է Ադրբեջանիՙ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներից մեկում»: 6-րդ կետն էլ, ոչ ավել, ոչ պակաս, «հրատապ մարդասիրական խնդիրը հաշվի առնելով կոչ է անում անմիջապես դուրս բերել հայկական զինված ուժերը այդ տարածաշրջանից, ապահովել անկախ ինժեներների եւ ջրաբանների կողմից ուսումնասիրություն անցկացնելու հնարավորություն... միջազգային վերահսկողություն ոռոգման ջրանցքների, սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարների նկատմամբ...»:

Բանաձեւի վերջին կետով էլ տիկին Մալկովիչը փաստացի մատ է թափ տալիս վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նկատմամբՙ «համագործակցության բացակայության համար»: Ու թեեւ ԵԽԽՎ անունից ներկայացած Մալկովիչի մատը դժվար թե հաշվի առնողները շատ լինեն, ամեն դեպքում տհաճ է:

«Ազգի» հետ զրույցում Միլիցա Մարկովիչը օգտագործած ձեւակերպումների առնչությամբ հղում արեց ԵԽԽՎ նախորդ փաստաթղթերում օգտագործված մոտեցումներին, փորձելով վստահեցնել, թե նոր բան չի մտցրել: Սակայն մի փոքր պատմական էքսկուրսը վկայություն կլինի, թե ինչպես են ԵԽԽՎ-ում փոխվել մոտեցումները, ձեւակերպումները, որ կարող են հայկական կողմի անաշխատության, հարցերը չկարեւորելու արդյունք լինենՙ համատեղվելով ադրբեջանական կողմի ձկնկիթի ու դրա սիրահարներին կաշառելու դիվանագիտության հետ:

15 տարվա միտումը. Հայաստանը դարձավ «Լեռնային Ղարաբաղը օկուպացնող»

Թե որքանով է այս բանաձեւն անկարեւոր ու այսպիսի ձեւակերպումների պարագայում ինչ կարելի է սպասելՙ յուրաքանչյուրի դատողությունը կարող է տարբեր լինել: Մի քանի բանաձեւերի համադրությունը տխուր ու ցավալի եզրահանգումների կարող է բերել:

Խնդիրն այն է, որ երբ 15 տարի առաջ Հայաստանը հենց այս օրերին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամՙ հավասարություն պահպանելու հիմքով իր հետ այդ խորհրդի անդամ դարձնելով նաեւ Ադրբեջանին, դժվար թե կանխատեսելի լիներ, թե մի օր «Ղարաբաղն օկուպացնողն» է դառնալու:

Եթե վերցնենք 1993թ.-ի 996 բանաձեւը, որ վերաբերում է նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ բնակչության տեղաշարժերին, ապա դրանում Լեռնային Ղարաբաղն ուղղակի է նշված, իսկ կոչերի շարքում հստակ շարադրված է ուղերձՙ օգտագործելու հակամարտությունների կանխարգելման եւ առկա կոնֆլիկտների խաղաղ կարգավորման ԵԱՀԿ մեխանիզմները, անմիջապես դադարեցնելու Հայաստանի տնտեսական շրջափակումը: 1994թ.-ի 1047 բանաձեւը («Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում») ողջունում է հրադադարի ռեժիմի հաստատումը, մանրամասն ներկայացնելով, որ ողջունում է 1994թ. հուլիսի 26-ին Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի ստորագրած համաձայնագիրը: Նույն բանաձեւում պահպանվում է Հայաստանի շրջափակմանը վերջ դնելու կոչըՙ ուղղված Թուրքիային եւ Ադրբեջանին:

Այստեղ տեղին է հիշատակել, որ նույն այդ տարում Ադրբեջանը «Դարի պայմանագիրն» էր կնքումՙ բացելով նավթային դոլարների խողովակը, ու արդեն կարելի էր նկատել, թե ինչպես էին փոխվում տոնայնությունները: Բացի այդ, երեւի հայկական պատվիրակությունների համար էլ էր առաջնահերթություն փոխվում, քանի որ աշխատանքն ու ազդեցությունն ավելի ու ավելի քիչ էին նկատվում: Այսպես, 1997թ.-ի 1126 բանաձեւում Լեռնային Ղարաբաղը մատուցվում է որպես Ադրբեջանի տարածքՙ «հակամարտություններ Մերձդնեստրում (Մոլդովա) եւ Լեռնային Ղարաբաղում (Ադրբեջան)», 2002թ.-ի 1305 բանաձեւում ձեւակերպումները բավականին հավասարակշիռ են: 2004թ.-ի 1361 բանաձեւում նշվում է «հակամարտություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների շուրջը»: 2004թ. 1398 բանաձեւում օգտագործվում է նույն ձեւակերպումը, մինչդեռ 2005թ. 1416 բանաձեւում արդեն որակումները փոխվում են. «Ադրբեջանի զգալի տարածքներ հայկական զինուժի կողմից օկուպացված են, իսկ անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:

2007թ.-ի 1548 բանաձեւը փոքր-ինչ այլ ձեւակերպում է ամրագրել. «...Վրաստանը եւ Մոլդովան չեն վերականգնել վերահսկողությունը անջատողական տարածքների (Աբխազիա եւ Հարավային Օսիա, Մերձդնեստր) նկատմամբ, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մնում է չլուծված»: 2008թ. 1614 բանաձեւն արդեն մեջտեղ է բերում իրավական ուժ չունեցող որակվող մեկ այլ բանաձեւ, արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից, որի համաձայն «վեհաժողովը հաշվի է առնում ՄԱԿ-ի ԳԱ 2008թ. Մարտի 14-ի բանաձեւը, որը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ շուրջը զինված հակամարտությունը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը(...) պահանջելով անմիջապես դուրս բերել հայկական զինուժը օկուպացված տարածքներից»: 2010թ.-ի 1716 բանաձեւում Լեռնային Ղարաբաղը կրկին մատուցվում է որպես Ադրբեջան:

Ու հիմա ունենք բանաձեւ, որ ոչ ավել, ոչ պակաս ամրագրում է, թե Հայաստանն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը: Հասկանալի է, որ բավականին խառն, քննադատության տակ գտնվող, նավթահոսքերից զրկվելու վտանգի տակ հայտնված Ադրբեջանում հիմա ձեւակերպումների ամրագրմամբ շատ չեն ուրախանա, սակայն բանաձեւերը պատմություն են, որոնց հղում են անում, օգտագործում այլ, գուցե նաեւ իրավական ուժ ունեցող փաստաթղթերում:

Ստրասբուրգ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.