AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 881, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՆԱՎԱՐԿԵԼՈՎ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հանրությանը ուղղված իր ելույթում նախագահ Օբաման հայտարարեց, որ հնարավոր եղավ եւս մեկ պատերազմից խուսափելՙ նկատի ունենալով Իրանի միջուկային զենքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի Իրանի դեմ պատժամիջոցները վերանալու էին, իսկ Իրանը ձերբազատվելու էր միջուկային զենքերից: Պատմական այս պայմանագիրը ստորագրվեց 2015 թվի հուլիսի 14-ին, Վիեննայում, վեց առաջավոր երկրների եւ Իրանի միջեւ, եւ ուժի մեջ մտավ այս տարվա հունվարի 16ին, այն բանից հետո, երբ «Ատոմական էներգիայի միջազգային գործակալությունը» (IAEA) հավաստիացրեց, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները:

Այսպիսով Իրանի նկատմամբ սահմանված Մ. Նահանգների պատժամիջոցները զգալիորեն նվազեցին: Դրանք սկզբնական շրջանում 1979-ին էին սահմանվել, իսկ հետո ընդլայնվել 1995-ին: Եթե առաջին խմբի պատժամիջոցները կարող են վերացվել նախագահի հրամանով, ապա մյուսների համար կոնգրեսական համաձայնություն էր պետք, ինչը կարող էր հանդիպել որոշ դժվարությունների:

Իրանն անշուշտ ցնծության մեջ է եւ ընդհանրապես տարածաշրջանում զգացվում է հանգստության մթնոլորտը: Բայց Մ. Նահանգների նախագահական արշավի քննարկումներում կոշտ հակադարձությունները չեն դադարում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ով կարողացել էր որպես օգնություն հավելյալ գումարներ կորզել Մ. Նահանգներից եւ տարաձայնություններ մտցնել Ամերիկայում գործող իսրայելական քարոզչական խմբավորումների մեջ, դժկամությամբ էր ընդունել պայմանագրի փաստը: Նա շարունակում էր պնդել, որ «Իրանը չի հրաժարվել իր միջուկային ձգտումներից», եւ ինքը «ուշի ուշով հետեւելու էր նրա հետագա քայլերին»: Նախագահական արշավի ոլորտում, Հանրապետական թեկնածու Թեդ Կրուզը երդվեց Իրանի հետ կնքված պայմանագիրը չեղյալ համարել նախագահի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը: Նա փորձում էր ավելի շատ Նաթանյահուին սիրաշահել, քան ամերիկյան ընտրազանգվածին:

Նախագահ Օբաման կարողացավ, հակառակ ամեն տեսակի խոչընդոտների, հաջողության հասցնել պայմանագրի կնքումը, ինչպես դրանից առաջ Կուբայի հետ հաշտեցման ծրագիրը, որովհետեւ ի վիճակի եղավ հասկանալ, որ ժողովուրդը հոգնել, ձանձրացել է պատերազմներից, դրանց համար տրիլիոն դոլարների հասնող հարկեր վճարելուց եւ զինվորների թանկագին կորուստը սգալուց: Այդ զգացումը հստակ արտահայտվել էր թեկնածուներ Ջոն Մկքեյնի եւ Միթ Ռոմնիի իրարահաջորդ արշավների ձախողության տեսքով: Նրանք հայրենասիրության քողի ներքո պատրաստվում էին սանձազերծել մի նոր պատերազմՙ հարկատուների փողերը ուղղելով դեպի ռազմական արդյունաբերության համակարգերը:

Ոչ մի պետություն աշխարհում չի կարող մրցել Ամերիկայի ռազմական գերակայության հետ: Այդ է պատճառը, որ Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը առաջ է քաշում Բրիտանիայի միջուկային սուզանավերի վերացման հարցը, համարելով, որ դրանք խորհրդանշում են հարկատուների գումարների ավելորդ վատնում:

Իրանը Բուշ-Չեյնիի վարչակարգի օրոք գտնվում էր ԱՄՆ-ի ռազմական «ռադիոտեղորոշիչ սարքի» ուշադրության կենտրոնում, ինչպես Իրաքը, Սիրիան եւ Լիբիան, որոնք այժմ «վայելում են ժողվորդավարության» պտուղներըՙ թավալվելով արյունահեղությունների մեջ:

Հակառակ Թեհրանի վարչակարգին դիվային հանդերձանքով պատելու Մ. Նահանգների որոշ շրջանակների փորձերին, Իրանի ղեկավարները ապացուցեցին, որ ընդունակ են դիվանագիտական միջոցներով դուրս բերել իրենց երկիրը քաղաքական մեկուսացումից: Գուցե այդ նույն դիվանագիտությունը օգնի նաեւ կարգավորելու Սիրիայի մղձավանջը, քանի որ Թեհրանն այնտեղ գլխավոր դերակատարություն ունի:

Ի դեպ, Արեւմուտքը շահագործեց եւ խորացրեց տարակարծությունները Մերձավոր Արեւելքում, որպեսզի մասնատի եւ ջախջախի մի քանի արաբական երկրներ: Հակառակ, որ այդ տարաձայնությունները պատմականորեն արդեն երկար ժամանակ է ինչ գոյություն ունեին, դրանք միայն այժմ, վերջին տասնամյակներում առավել հնչեղություն ձեռք բերեցինՙ ծառայելու համար օտար երկրների շահերին եւ նոր տեսք տալու տարածաշրջանին: Սակայն, ի հեճուկս նրանց, ճակատագրի բերումով եւ որպես չնախատեսված հետեւանք այդ «բաժանիր որ տիրես» քաղաքականության, Իրանը դարձավ գլխավոր նպաստավորվողը: Նա կարողացավ մոբիլիզացնել ամբողջ արաբական աշխարհը, սուննի թե շիա: Ներկայիս Իրանը մեծ ազդեցություն ունի Իրաքում, Լիբանանում, Բահրեյնում, Եմենում (շիա հութիների շրջանում) եւ Քուվեյթի շիաների շրջանում: Սիրիայում, Իրանը պաշտպանում է ալեւիներին, շիաների մեկ ճյուղին: Սաուդյան Արաբիայում ավելի քան չորս միլիոնի շիաներ են ապրում հենց սաուդյան նավթահորերի հարեւանությամբ: Այնպես որ Իրանը, կարելի է ասել, վերահսկում է տարածաշրջանի այսպես կոչված «Շիաների մահիկը» ի հակադրություն Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Իսրայելի, որոնց կարելի է բնորոշել որպես «զուգընկերներ»:

Իրանն ունի 80 միլիոն բնակչություն, որն ամեն տարի ավելանում է մեկ միլիոնով: Նրա բանակը աշխարհի հզորագույն բանակների թվում 8-րդ տեղն է զբաղեցնում: Արտարժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով Իրանի ՀՆԱ-ն անցյալ տարի եղել է 393,5 միլիարդ դոլար, արձանագրելով մեկ տոկոս աճ հակառակ պատժամիջոցների: 2016-17-ի ընթացքում նախատեսվում է ցուցանիշը հասցնել 4,5-5 տոկոսի:

Պատժամիջոցների վերացման հետեւանքում երկրի 100 միլիարդ դոլարի սառեցրած ակիտիվները կվերարժեւորվեն եւ կուղղվեն դեպի երկրի տնտեսությունը բարելավելուն: Ավելին, երկիրը կկարողանա օրական 500 հազար բարել հավելյալ նավթ դուրս քաշել մեծացնելով ընդհանուր 2 միլիոն բարելի ծավալները: Թեհրանը վստահեցնում է OPEC-ի (ՆԱԵԿ) անդամ երկրներին, որ հավելյալ նավթի ձեռքբերումը բացասաբար չի անդրադառնա նավթի շուկայի վրա, քանի որ դրա գլխավոր գնորդը լինելու է Չինաստանը, որն արդեն առեւտրական հարաբերություններ ուներ Իրանի հետ ի հեճուկս պատժամիջոցների:

Հայաստանը միակ երկիրն է, որը կայուն բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, ինչը նշանակում է, որ ի վիճակի է մասնակցելու այն բոլոր հնարավոր դրական միջոցառումներին, որոնք Իրանը կկապեն աշխարհին: Իրականում նա կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ Եվրոպայի միջեւ:

«Մենք ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնության գործադրման սկիզբը եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը», հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:

Թեհրանն իր հերթին արդեն իսկ ազդարարել է, որ պատրաստ է ընդարձակել տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ: Անցյալ հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցելության ընթացքում Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին Հայաստանի ղեկավարների հետ քննարկել էր մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությունները, շեշտելով, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները «առանց սահմանափակումների»:

Բացի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումից, Հայաստանը նաեւ կարող է օգտվել տարածաշրջանում ուրվագծվող քաղաքական վերադասակարգումներից: Առաջին հերթին, Իրանը ավելի էժան գազ է առաջարկում Վրաստանին: Եթե նման համաձայնություն կայանա, ապա գազատար խողովակաշարերը անցնելու են Հայաստանի տարածքով: Տնտեսական անհրաժեշտությունից ելնելով Թբիլիսին մինչ օրս իր գազի ակունքը հանդիսացող Բաքվի հետ էր դաշնակցում, դառնալով Հայաստանը շրջափակման մեջ պահող երրորդ երկիրըՙ Թուրքիայից եւ Ադրբեջանից հետո: Եթե Իրանի հետ Վրաստանի շահերը համընկնեն, ապա այդ շրջափակումը որոշ չափով կթուլանա: Ադրբեջանը, որի դրամական միավորըՙ մանաթը մեծապես արժեզրկվել է վերջերս, հսկայական կորուստներ կունենա նաեւ գազի շուկայում, եթե Իրանը տարածաշրջանում զբաղեցնի առաջատար դիրք: Եվ վերջապես, Իրանի տեւական թշնամի Թուրքիան, Ռուսաստանի հետ իր տարաձայնություններից բացի, է՛լ ավելի կթուլացնի իր դիրքերը տարածաշրջանում:

Անցյալ օգոստոսին Իրանն ու Հայաստանը պայմանավորվեցին կառուցել մի նոր էլեկտրական հոսքագիծ, որը մեծացնելու է էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից Իրան, եւ որի դիմաց Իրանը բնական գազ է մատակարարելու Հայաստանին: Ըստ Երվանդ Զախարյանի, ակտիվների սառեցման վերացումը հնարավորություն է ընձեռելու Իրանին ֆինանսավորելու Արաքս գետի վրա ՀԵԿ-ի շինարարությունը: 350 միլիոն դոլարի այդ նախագծի կառուցումը, ֆինանսների չգոյության պատճառով, երկար ժամանակ հետաձգվում էր:

Հայաստանն իր գազի պաշարների հայթայթման համար կախվածության մեջ է Ռուսաստանի Գազպրոմից: Իրանական գազի շուկայի առկայության պայմաններում Երեւանը կկարողանա իջեցնել Ռուսաստանից ստացվող գազի գինը:

Մինչ այժմ, Հայաստանից Իրան արտահանման ծավալները սահմանափակ են եղել եվրասիական տնտեսական միության բարձր սակագնի հետեւանքով: Դրանց նվազեցման համար անհրաժեշտ է, որ Թեհրանի հետ բանակցեն ԵՏՄ-ի անդամ երկրները:

Ծոցի երկրները Եվրոպայի հետ կապող հյուսիս-հարավ մայրուղու Հայաստանով անցնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: Դրանով զարգանալու է նաեւ զբոսաշրջությունը մեր երկրում:

Իրանի քաղաքական եւ տնտեսական «ազատագրումը» շահութաբեր երեւույթ է հարեւան երկրների համար: Մնում է, որ Երեւանը կարողանա օգտվել այդ եզակի զարգացումից բարելավելու համար իր տնտեսությունը, կայունացնելու համար երկիրը եւ հույս ներշնչելով բնակչությանը պայքարելու արտագաղթի դեմ:

Քաղաքական զարգացումները հեղհեղուկ են: Դրանք կարող են որեւէ պատճառով եւ որեւէ առիթով փոփոխվել: Այնպես որ անհրաժեշտ է նավարկել Իրանի բարեհաջող առեւտրական քամիների հետ այնքան ժամանակ, քանի դրանք չեն դադարել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.