AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 24477, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 2-րդ

1. ՍԻՐԻԱՅԻ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԸ

Սիրիան իր ռազմական հզօրութեամբ աշխարհի մօտ 210 երկրներից ռազմապէս դասակարգուած 126-ի մէջ 42-րդ տեղում է:

Համեմատութեան համար նշենք, որ այդ շարքում ԱՄՆ-ն 1-ինն է, Ռուսաստանը` 2-րդը, Չինաստանը` 3-րդը, Հնդկաստանը` 4-րդը, Մեծ Բրիտանիան` 5-րդը, Ֆրանսիան` 6-րդը, Հարաւային Կորէան` 7-րդը, Գերմանիան` 8-րդը, Ճապոնիան` 9-րդը, Թուրքիանՙ 10-րդը, Իսրայէլը` 11-րդը, Եգիպտոսը` 18-րդը, Իրանը` 23-րդը, Սաուդեան Արաբիան` 28-րդը, Յունաստանը` 60-րդը, Ադրբեջանը` 64-րդը, Օմանը` 69-րդը, Յորդանանը` 65-րդը, Հայաստանը` 74-րդը, Վրաստանը` 75-րդը, Քաթարը` 77-րդը, Եմենը` 79-րդը, Իրաքը` 112-րդը, Կիպրոսը ընդհանրապէս այդ շարքում չկայ...

Ինչպես նկատելի է, հիմնականում համեմատութեան համար վերցրել ենքՙ

ա. աշխարհի ռազմապէս հզօրագոյն երկրները , որոնք կարող են միջամտել մեր աշխարհաշրջանի իրադարձութիւններին եւ

բ. Մերձաւոր Արեւելքի երկրները ...

Սիրիայի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարն, ըստ երկրի սահմանադրութեան, հանրապետութեան նախագահ, մարշալ Բաշար Ասադն է: Պաշտպանութեան նախարարն է բանակի գեներալ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյին, ԶՈՒ գլխաւոր շտաբի պետը` գեներալ-լեյտենանտ Ալի Աբդուլա Այյուբը:

Մի քանի ընդհանուր տեղեկութիւններ:

Սիրիան բաւական մեծ տարածք ունի` մօտ 185 հազար քառ. կմ: Ցաւօք, այժմ դրանից միայն մօտ 30 տոկոսն է նախագահ Ասադի վերահսկողութեան ներքոյ, այն էլ ամբողջական ու հոծ չէ, այլ` մեծ ու փոքր «կղզիներից» բաղկացած...

Սիրիայի առափնեայ գիծը` Միջերկրական ծովի հետ` 193 կմ է, որն ամբողջութեամբ այժմ Ասադի վերահսկողութեան ներքոյ է:

Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է, որի մեծ մասը` Թուրքիայի (822կմ), Իրաքի (605կմ), Յորդանանի (375կմ), Լիբանանի (375կմ) հետ է, իսկ համեմատաբար փոքր հատուածը` Իսրայէլի (76կմ): Սակայն վերջինս պակաս վտանգաւոր չէ Սիրիայի համար, քան թուրքական սահմանը...

Սիրիայի բնակչութեան ընդհանուր թիւը մօտ 18 միլիոն է («Սիրիական պատերազմի» ընթացքում նվազել է գրեթե 4,5 միլիոնով): Դրանից մօտ 30 տոկոսն է Ասադի վարչակազմի վերահսկողութեան ներքոյ: 18-49 տարեկան անձանց թիւը երկրում մօտ 11 ու կէս միլիոն է: Դրանցից զինծառայութեան համար պիտանի անձնանց թիւը մօտ 10 միլիոն է: Դրանցից մօտ 30 տոկոսն է Ասադի հսկողութեան ներքոյ: Ամէն տարի զինծառայութեան տարիքի հասնող անձանց թիւը կազմում է մօտ 500 հազար մարդ (տե՛ս «Գլոբալֆայըրփաուէր» միջազգային ռազմաքաղաքական տեղեկատուի տուեալները. ):http://www.globalfirepower.com/country-military-strength-detail.asp?country_id=syria):

Սիրիայի պաշտպանական բյուջէն 1 միլիարդ 872 միլիոն ԱՄՆ դոլար է: Արտաքին պարտքը` 9 միլիարդ 796 միլիոն ԱՄՆ դոլար: Օտարերկրայ արժույթի եւ ոսկու պահուստը` 1 միլիարդ 895 միլիոն ԱՄՆ դոլար: Սա շատ չէ Սիրիայի պէս մի երկրի համար... Նոյնիսկ հարեւան փոքրիկ Լիբանանի ոսկու եւ արտարժոյթի պաշարն աւելի մեծ է (51 միլիարդ 950 միլիոն ԱՄՆ դոլար)... Իսկ պաշտպանական բյուջեով Սիրիան գրեթե 10 անգամ զիջում է իր «ոխերիմ» հարեւանի` Թուրքիայի պաշտպանական բյուջեին` 18 միլիարդ 185 միլիոն ԱՄՆ դոլար...

Պատերազմելիս կարեւոր է իմանալ նաեւ տնտեսական հնարաւորութիւնները: Օրինակ` աշխատանքային ուժի մասին տեղեկութիւնները: Սիրիայի աշխատող ձեռքերի թիւը մօտ 5 միլիոն է, որից միայն 30 տոկոսն է այժմ Ասադի տրամադրութեան ներքոյ: Սակայն նրա հետ են հայերը, ինչը բարձրացնում է Ասադի հնարաւորութիւնները... Քանակով քիչ է, սակայն որակով բարձր... Առեւտրական նաւատորմը` 19 նաւ: Կարեւոր նաւահանգիստներն ու տերմինալները 3-ն են: Ասֆալտապատ եւ բետոնապատ ճանապարհները` 68 հազար կմ-ից աւելի երկարություն ունեն, սակայն դրանց գրեթէ 2/3-ը` հակառակորդի ձեռքում է: Երկաթուղին` 2 հազար կմ-ից մի փոքր աւելին է: Բայց ամբողջութիւնը չէ, որ ասադականների ձեռքին է: Գործող օդանավակայանները` 90: Դրանց զգալի մասը Ասադի ձեռքին է, շնորհիւ իր բանակի եւ օդուժի:

Այժմ բուն զինուժի մասին տեղեկութիւնները:

1946 թուականին կազմաւորուած Սիրիայի ազգային բանակը ցայսօր մասնակցել է բազմաթիւ ռազմաբախումների, հիմնականում` Իսրայէլի դէմ...

Մինչեւՙ այսպէս կոչուած «քաղաքացիական պատերազմը» ` 2011թ., Սիրիայի զինուած ուժերի թուաքանակը կազմում էր 325 հազար մարդ: Սակայն աւելի քան քառամեայ պատերազմի ընթացքում`

ա. վիթխարի քանակով զոհեր տալու եւ

բ.հիմնականում սուննի արաբներից բաղկացած որոշ զօրամասերի ու ստորաբաժանումների զանգուածային դասալքութիւնների հետեւանքով բանակի թիւը զգալիօրէն կրճատուեց:

Անշուշտ, այդ տարիների ընթացքում Սիրիայի ԶՈՒ-ն նաեւ որոշ չափով համալրուել է:

Ըստ բաց աղբիւրների տեղեկութիւնների` 2014 թուականի դեկտեմբերին սիրիական բանակի թիւը կազմել է 150 հազար մարդ (տե՛ս South China Morning Post, December 29, 2014):

Զինուած Ուժերի գործողութիւններին սատարելու համար Սիրիայում ստեղծուել են մի շարք ռազմականացուած կազմաւորումներ, այսպէս կոչուած Ազգային պաշտպանութեան ուժեր (ԱՊՈՒ), որոնց թիւը, ըստ բաց աղբիւների որոշ տեղեկութիւնների, հասնում է մօտ 70 հազարի: Դրանցում լաւագոյն կռուողները ալեւիներն են, այսինքն` այն էթնիկական խմբի ներկայացուցիչները, որին պատկանում են Սիրիայի նախագահի տոհմը եւ պետութեան ու զինուած ուժերի ղեկավար կազմը:

Սիրիայի զինուած ուժերը բաղկացած են`

ա. Ցամաքային ուժերից, որոնք սովորաբար անուանում ենք բանակ,

բ. Ռազմաօդային ուժերից (ՌՕՈՒ), որոնք սովորաբար կարճ անուանում ենք օդուժ,

գ. ռազմածովային ուժերից (ՌԾՈՒ), որոնք անուանում ենք նաեւ ռազմական նաւատորմ,

դ. առանձին զօրատեսակ են կազմում Սիրիայի հակաօդային պաշտպանութեան ուժերը, որոնց յապաւումն է` ՀՕՊ:

Եւ այսպէս, Սիրիայի բանակի եւ ԱՊՈՒ-ի ընդհանուր թիւը մօտ 220 հազար է (տե՛ս The International Institute For Strategic Studies IISS The Military Balance 2012) :

ՌՕՈՒ-ի անձնակազմը մօտ 40 հազար է: Նախկինում եղել է մօտ 100 հազար :

ՌԾՈՒ-ի թիւը` մօտ 7 հազար 600 :

ՀՕՊ-ը` 60 հազար :

Անդրադառնանք Սիրիայի ԶՈՒ-ի հիմնական տեսակներին.

Ա. Սիրիայի բանակը (ցամաքային զօրքեր)

Սիրիայի բանակն, ըստ բաց աղբիւրների տեղեկութիւնների` 150 հազար է, իսկ սիրիական աշխարհազօրի` ԱՊՈՒ-ի հետ միասին, ընդհանուր թիւը մօտ 220 հազար է (տե՛ս The International Institute For Strategic Studies IISS The Military Balance 2012):

Բանակն ունի 3 բանակային կորպուս, 12 դիւիզիա, այդ թւում` 3 մեքենայացուած, 7 զրահատանկային, 1 յատուկ նշանակութեան` «սպեցնազ», 1 Հանրապետական ընտրազօրի (Republican Guard), նաեւ` 13 առանձին բրիգադ, այդ թւումՙ 4 հետեւակային, 1 սահմանապահ, 2 հրթիռային մարտավարականՙ «Տոչկա» եւ «Լունա» հրթիռային կայանքներով, 1 օպերատիւ-մարտավարական հրթիռային բրիգադ` «Ռ-11», առափնեայ պահպանութեան 1 բրիգադ, 2 հրետանային եւ 2 հակատանկային: Այդ ամէնից զատ կան նաեւ յատուկ նշանակութեան 10 առանձին գունդ` «սպեցնազ», 1 առանձին տանկային գունդ: Կան նաեւ պահեստազօրային` ռեզերվային զօրամասեր` 1 տանկային դիւիզիայի շտաբ, ինչպէս նաեւ 2 տանկային, 31 հետեւակային, 3 հրետանային գնդեր: Նաեւՙ ՀՕՊ-ի զենիթային համալիրներ:

Բանակի սպառազինութեան մէջ առկայ հիմնական սպառազինութիւնն ու ռազմական տեխնիկան հետեւեալն է.

տանկեր` 4.500 միաւոր, հետեւակի մարտական մեքենաներ (ՀՄՄ)ՙ 4.510 միաւոր, ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ)ՙ 436 միաւոր, քարշակուող հրետանային կայանքներ (ՔՀԿ)` 2.150 միաւոր, համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր (ՀԿՌՀ)` 650 միաւոր:

Բ. Սիրիայի ՌՕՈՒ-ն

Ժամանակակից պատերազմներում ՌՕՈՒ-ի դերը գնալով աճում է: Ահա ինչու արժէ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ նաեւ սիրիական ՌՕՈՒ-ին:

Սիրիայի ՌՕՈՒ-ն մինչեւ այսպէս կոչուած «քաղաքացիական պատերազմի» սկսուելն ունէր մօտ 100,000 անձնակազմ եւ մօտ 800 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Ի դեպ, դա այնքան էլ փոքր թիվ չէ, հաշվի առնելով, որ Սիրիայի հիմնական հակառակորդ պետություններից մեկը` տարածաշրջանային գերտերության եւ նույնիսկ ավելի մեծ յավակնություններ ունեցող Թուրքիան ունի 1021 ինքնաթիռ եւ 460-500 ուղղաթիռ, իսկ ՌՕՈՒ-ի անձնակազմի թիվը կազմում է մոտ 60.000, այնինչ Սիրիայի մյուս ոխերիմ թշնամին` Իսրայելն ունի մոտ 700 ինքնաթիռ եւ 150-200 ուղղաթիռ, իսկ անձնակազմի թիվը` մոտ 37.000 է:

Ներկայումս Սիրիայի ՌՕՈՒ-ի անձնակազմի թիւը մօտ 40 հազար է: 2015 թ. դրութեամբ ուղղաթիռների 90 տոկոսը շարքից դուրս է եկել, ուստի սիրիական բանակը հակառակորդի դէմ ստիպուած է լինում կիրառել ռազմածովային նաւատորմի հակասուզանաւային ուղղաթիռները:

ՌՕՈՒ-ն ունի մօտ 25 աւիաբազա, ուստի եւ գրեթէ նոյնքան օդուժի բրիգադ կամ գունդ: Սպառազինութեան մէջ առկայ են հետեւեալ հիմնական ինքնաթիռներն ու ուղղաթիռները.

կործանիչ եւ կործանիչ-կալանիչ ինքնաթիռներ`207 միաւոր,

գրոհիչ ինքնաթիռներ` 133 միաւոր,

փոխադրական ինքնաթիռներ` 143 միաւոր,

մարտական եւ մարտական ապահովման ուղղաթիռներ` 168 միաւոր,

այդ թւում` յարձակողական ուղղաթիռներ` 28 միաւոր:

Մարտական ինքնաթիռները բացառապէս խորհրդային եւ ռուսական արտադրութեան են. Սու-24ՄԿ ռազմաճակատային ռմբակոծիչ, Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ, ՄիԳ-21բիս բազմանպատակային կործանիչ, ՄիԳ23-ի տարբեր ձեւափոխումների կործանիչ-ռմբակոծիչ, ՄիԳ-25 կործանիչ-կալանիչ եւ հետախուզական ինքնաթիռ, ՄիԳ-29 բազմանպատակ կործանիչ:

Ուսումնական օդուժում կան չեխական, իսպանական եւ պակիստանեան ինքնաթիռներ, «վարչական» եւ փոխադրական ինքնաթիռներից մի քանիսը ֆրանսիական եւ ամերիկեան են, իսկ մեծ մասըՙ ռուսական:

Ուղղաթիռները եւս հիմնականում խորհրդային ու ռուսական արտադրութեան են (Մի-8, Մի-17 բազմանպատակային եւ Մի-24 հարուածային-հակատանկային), սակայն կան նաեւ մի քանի տասնեակ ֆրանսիական ՍԱ 342Ջ «Աէրոսպասիալ»-ներ:

Գ. Հակաօդային պաշտպանութիւնը

Սիրիայի ՀՕՊ-ը մօտ 60 հազար անձնակազմ ունի: Իր մէջ պարունակում է ՀՕՊ-ի 2 դիւիզիա, որոնք ունեն 25 զենիթա-հրթիռային բրիգադ, այդ թւում` 11 խառը Ս-75 եւ Ս-125Մ, 11 ինքնագնաց 2Կ12 «Կվադրատ» եւ «Բուկ-Մ2Է», 3 ինքնագնաց փոքր հեռահարութեան 9Կ33Մ «Օսա-ԱԿ/ԱԿՄ»: Բացի այդ ՀՕՊ-ում կա 2 առանձին ՀՕՊ-ի գունդ` որոնց կազմում` 2-ական դիւիզիոն, իրենց հերթին բաղկացած 2-ական մարտկոցից, որոնք զինուած են մեծ հեռահարութեան Ս-200ՎԷ հրթիռներով:

ՀՕՊ-ը հիմնականում սպառազինուած է ռուսաստանեան արտադրութեան ռազմական տեխնիկայով եւ սպառազինութեամբ: Միջազգային ռազմական փորձագէտների գնահատմամբ` կարող է լուրջ վտանգ ներկայացնել ՆԱՏՕ-ի երկրների օդուժի համար: Ունի աւելի քան 900 զենիթահրթիռային կայանք, այդ թւում` Ս-200 «Անգարա» եւ Ս-200Վ «Վեգա» հեռահար հրթիռային կայանքներ, եւ աւելի քան 4.000 զենիթային հրանօթ` 23-100 մմ տրամաչափի (տե՛ս ռուսական «Ռազմական տեղեկագիր». «Աշխարհի բանակները», http։//dokwar.ru/publ/voenny_vestnik/armii_mira/vooruzhennye_sily_sirii_sostojanie_na_segodnja/3-1-0-231, եւ ՎԻՆ-ռու, «Գէոպոլիտիկա». Սիրիայի ՀՕՊ-ը ՆԱՏՕ-ի բանակների դէմ. հնարաւոր սցենարներ, http։//win.ru/geopolitika/1326434749):

Իրենց բաւական լաւ են ցուցաբերում ռուսական արտադրութեան 36 միաւոր «Պանցիր» զենիտա-հրթիռային փոխադրովի համալիրները: Դրանց մասին գրել ենք «Ազգ» թերթի նախորդ համարներում լոյս տեսած մեր յօդուածում («ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՅՐ Է ԳՑՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՒ-24-Ը, ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՐՈՒԱԾՈՒՄ Է ՍԻՐԻԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ...»): Բաց աղբիւրների տեղեկութիւնների համաձայնՙ 2011 թ. աշնանը Սիրիան ստացել է նաեւ ռուսական Ս-300 ՀՕՊ-ի հրթիռներ (տե՛ս «Վեստի նեդելի» հեռուստահաղորդումը, ՌՏՌ հեռուստաալիքի, 19 մայիսի 2013 թ.), ըստ որիՙ Սիրիան ունի 1993 թ. արտադրութեան Ս-300ՊՄՈՒ ռուսական զենիթային հրթիռների 4 դիւիզիոն, որոնք կարող են խոցել հակառակորդի ինքնաթիռները եւ հրթիռները 150 կմ հեռաւորութեան վրայ... ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինը ամերիկեան «Ասոշիէթեդ պրես» գործակալութեանը տուած հարցազրոյցում յայտարարել է, որ Ս-300-ի առանձին բաղադրամասերն արդէն մատակարարուել են Սիրիային (Путин дал интервью агентству "Ассошиэйтед Пресс" и Первому каналу Новости Политики Новости Mail.Ru): Ենթադրւում է մատակարարել 144 հրթիռ:

Դ. Ռազմածովային ուժերը

Սիրիայի ՌԾՆ-ի նաւերի թիւն է 56: Անձնակազմի թիւն է մօտ 7.600: Ռազմանաւերիՙ ֆրեգատների թիւը 2-ն է: Ամենազօրեղ նաւերիցՙ աւիակիրներից, Սիրիան, իհարկէ, չունի: Հածանաւեր (դեսթրոյերներ), հետախուզանաւեր (կորվետներ), ինչպէս նաեւ սուզանաւեր եւս չունի: Առափնեայ պաշտպանութեան նաւերի թիւ 66-ն է: Կան 4 հատ ականակիրներ: Ահա ամբողջ նաւատորմը:

Ուստի խիստ կարեւոր է Ռուսաստանի ռազմածովային բազայի (քաղաք Տարտուս), իսկ այժմ նաեւ ռազմաօդային բազայի (Խմեյմիմ) առկայութիւնը Սիրիայում...

Այսպիսով մարշալ Ասադի հրամանատարութեան ներքոյ շարունակում են գտնուել բաւական լուրջ ռազմական ուժեր, որոնցից յատկապէս մեծ դեր են խաղում ցամաքային բանակը եւ ՀՕՊ-ը: Օդուժի եւ յատկապէս նաւատորմի հնարաւորութիւնները դեռ փոքր են...

Յաջորդիւ կտանք տեղեկութիւններ Սիրիական զինուժի վերջին ռազմագործողութիունների մասին, իսկ ապա կանցնենք հակաասադական ուժերի, ինչպէս նաեւ պրո-ասադական ուժերի կառուցուածքին, սպառազինութեանն ու ռազմագործողութիւններին:

Նկար 1. Սիրիայի ԶՈՒ ռազմական տեխնիկայի եւ սպառազինութեան մի քանի նմուշներ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.