AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ԽԱՐԴԱՎԱՆՔ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1129, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԻԼԻԱՐԴՆԵՐՙ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թարգմ. Հ.Ծ.

ԿՀՎ-ի գործակալի բացահայտումները

Ռոբերտ Բաերը Մ. Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ է, հեղինակՙ մի շարք գրքերի, որոնք բացահայտում են ինչպես ԿՀՎ-ի, այնպես էլ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Ու. Բուշի վարչակարգերի գաղտնիքները: Մի քանի անգամ ձերբակալվել է ու կալանքի տակ մնացել որոշ ժամանակ: Որպես ԿՀՎ-ի գործակալ 1991-94 թվականներին աշխատել է Հարավսլավիայում եւ Մերձավոր Արեւելքում: Համագործակցել է նաեւ «Նեշընլ Ջեոգրաֆիկ» ամսագրի հետ պատրաստելու համար վավերագրական ֆիլմեր, որոնք քննադատում են Բուշի վարչակարգը հանուն նավթի պատերազմ մղելու մեջ: Անցյալ տարվա վերջերին նա մեկնել է Կանադա, Քվեբեկում իր նորՙ «Սպիտակ տան գաղտնիքները» (Secrets of the White House) գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: Այնտեղ էլ «Վեբ Տրիբյունի» (Web Tribune) աշխատակիցը հարցազրույց է վարել նրա հետ իննսունականներին Հարավսլավիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ստորեւ թարգմանաբար այդ հարցազրույցի հիմնական մասերը:


- Ե՞րբ եւ որտե՞ղ էր Ձեր առաջին գործուղումը Հարավսլավիա:

- Երեք այլ գործակալների հետ ուղղաթիռով Սարաեւո ժամանեցի 1991-ի հունվարի 12-ին: Մեզ հանձնարարված էր աչալուրջ հետեւել ազգությամբ սերբ «ահաբեկիչների», որոնք ենթադրվում էր, որ հարձակում կգործեն Սարաեւոյի վրա:

- Ովքե՞ր էին այդ ահաբեկիչները եւ ինչո՞ւ էին հարձակումներ նախապատրաստում:

- Մեզ թղթապանակներ բաժանեցին, որոնցում «Գերագույն Սերբիա» հորջորջված խմբավորման ծրագրերն էին մանրամասնված: Նրանք պատրաստվում էին հարձակումներ իրականացնել Սարաեւոյի կարեւոր հաստատությունների եւ գերատեսչությունների վրա ի պատասխան իբր Բոսնիայի անջատողական տրամադրությունների:

- Իրականում ադպիսի խմբավորում գոյություն ունե՞ր:

- Ոչ, նման խմբավորում գոյություն չուներ: Մեզ խաբել էին: Մեր առաքելությունը Բոսնիայի քաղաքագետների շրջանում խուճապ առաջացնելն էր եւ հավատացնել նրանց, թե ուր որ է սերբերը հարձակվելու են: Սկզբնական շրջանում մենք հավատում էինք այդ պատմությանը, բայց որոշ ժամանակ անց սկսեցինք տարակուսել: Ինչո՞ւ էինք նման հիստերիա առաջացնում, երբ այդպիսի խմբավորում գոյություն չուներ:

- Ե՞րբ ավարտվեց Ձեր առաքելությունը եւ ի՞նչ անուն ուներ այն:

- Անձամբ ինձ համար երկու շաբաթ տեւեց առաքելությունը, մինչեւ ինձ հանձնարարեցին մեկ այլ աշխատանք Սլովենիայում: Ամբողջ օպերացիան մեկ ամիս տեւեց եւ կոչվում էր «Իստինա» (ճշմարտություն), չնայած շատ հեռու էր ճշմարտությունից:

- Ինչո՞ւ գնացիք Սլովենիա:

- Մենք հրահանգներ ստացանք, որ Սլովենիան պատրաստվում է անկախություն հռչակել: Մեզ մի քանի միլիոն դոլար տրամադրեցին, որպեսզի ֆինանսավորենք զանազան ոչ կառավարական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ եւ առանձին քաղաքագետներ, որոնք պետք է թշնամանք սերմանեին:

- Դուք գաղափար ունեի՞ք ԿՀՎ-ի առաջ քաշած ծրագրերի մասին, եւ ի՞նչ էին մտածում Ձեր գործընկերները:

- Իհարկե: Բայց ոչ ոք ԿՀՎ-ի հանձնարարությունները չի կարող մերժել: Մենք բոլորս նյարդային վիճակում էինք: Մեզանից շատերը, ինչպես նաեւ ավագ սպաներ, անհայտացան, պարզապես որովհետեւ մերժեցին համագործակցել: Անձամբ ես ուղղակի ցնցված էի մեր ղեկավարության տարածած ստերի քանակությունից: Նրանցից շատերը գործում էին առանց խորը գիտակցելու, թե ինչ են անում: Ամեն մեկը պատմության մի փոքր հատվածին էր միայն ծանոթ, իսկ ամբողջ պատմությունը իմացողներն ու հորինողները քաղաքագետներն էին, մի բուռ մարդիկ:

- Սերբերի դեմ եղածը սոսկ քարոզարշա՞վ էր ուրեմն:

- Այո եւ ոչ: Քարոզարշավի նպատակն էր բաժանել հանրապետությունները եւ մղել նրանց անջատվելու Հարավսլավիայից: Պետք էր գտնել քավության նոխազին, որին բաժին էր ընկնելու բոլոր մեղադրանքները: Նա պետք է կրեր ամբողջ պատասխանատվությունը պատերազմի եւ բռնությունների համար: Ընտրվեց Սերբիան:

- Կարո՞ղ եք քաղաքագետների անուններ նշել, որոնց ԿՀՎ-ն կաշառեց:

- Իհարկե, չնայած որոշ առումով շատ նուրբ հարց է: Ստայփի Մեսիչ, Ֆրանիո Թուջման, Ալիյա Իզետ-Բեկովիչ եւ շատ այլ խորհրդատուներ եւ Հարավսլավիայի կառավարության անդամներ: Կաշառվեցին նաեւ սերբիացի գնդապետներ, զինվորական որոշ միավորումներ, ինչպես նաեւ լրագրողներ: Ռադովան Կարաջիչը որոշ ժամանակ ստացավ կաշառք, բայց հետո հրաժարվեց, կռահելով, որ հետագայում իրեն են մեղադրելու Բոսնիայում իրագործված հանցագործությունների համար:

- Դուք նշեցիք նաեւ մամուլը: Ինչպե՞ս էր դա իրականացվում:

- Դրա մասին արդեն բոլորը գիտեն: ԿՀՎ-ի որոշ գործակալների հանձնարարված էր գրել այն պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հեռարձակվում էին: Հաղորդավարները պարզապես կարդում էին այն, ինչ իրենց ղեկավարությունն էր տալիս, իսկ ղեկավարությանն էլ մեր գործակալն էր նյութերը մատակարարում: Բոլորի առաքելությունը նույն նպատակին էր ծառայում. հեռուստատեսությամբ ատելություն եւ ազգայնամոլություն տարածել, սերմանել ազգամիջյան տարաձայնություններ:

- Սրեբրենիցայի մասին ի՞նչ կարող եք ասել:

- 1992-ին ես դարձյալ Բոսնիայում էի, մարզելու նորանկախ պետության ռազմական միավորումները: Սրեբրենիցայի պատմությունը մի փոքր չափազանցված է եւ շատերին պարզապես շահագործում են այդ առիթով: Այնտեղ զոհվածների քանակը գրեթե նույնն է, ինչ Սերբիայում եւ այլուր զոհվածների թիվը, բայց Սրեբրենիցան քաղաքական «մարկետինգի» խորհրդանիշ է: Իմ անմիջական ղեկավարը, որն ի դեպ նախկին սենատոր է, անընդհատ ասում էր, որ ինչ-որ անազնիվ ծրագիր է իրագործվելու Բոսնիայում: Սրեբրենիցայի դեպքերից մեկ ամիս առաջ նա նշեց, որ քաղաքը համաշխարհային մամուլի կիզակետում է հայտնվելու: «Ինչո՞ւ» հարցիս պատասխանեցՙ «կտեսնես»: Բոսնիական նոր զինված ու մարզված բանակը հրաման ստացավ հարձակվելու տների եւ քաղաքացիների վրա: Մյուս կողմից հարձակվեցին նաեւ սերբերը: Հավանաբար նրանց վճարել էին նման քայլի դիմելու համար:

- Ո՞վ է ուրեմն մեղավոր Սրեբրենիցայի ցեղասպանության համար:

- Բոսնիացիները, սերբերը եւ մենքՙ ամերիկացիներս: Բայց իրականում միայն սերբերին են մեղադրում: Դժբախտաբար, որպես մահմեդական թաղված շատ զոհեր իրականում սերբեր էին կամ այլ ազգությունների ներկայացուցիչներ: ԿՀՎ-ի նախկին գործակալներից մեկն ինձ մի քանի տարի առաջ ասաց, որ Սրեբրենիցան արդյունք էր Մ. Նահանգների եւ Բոսնիայի քաղաքագետների միջեւ կնքված գաղտնի համաձայնության: Սրեբրենիցան ընտրված էր, զոհաբերվում էր, որպեսզի Ամերիկան դրդապատճառ ունենար հարձակվելու սերբերի վրաՙ իրենց հանցագործությունների դիմաց:

- Ի վերջո, ինչո՞ւ փլուզվեց Հարավսլավիան, եւ ինչո՞ւ էր ձեր կառավարությունը դրանում շահագրգռված:

- Շատ պարզ է: Պատերազմը հրահրողներն ու խաղաղության պայմաններ թելադրողները այժմ սեփականատերերն են բոլոր այն ընկերությունների, որոնք երկրի բնական հանքային հարստություններն են շահագործում: Նրանք պարզապես ստրուկների վերածեցին տեղի բնակչությանը: Վերջիններս չնչին գումարներով են աշխատում, իսկ արտադրանքը գնում է Գերմանիա եւ Ամերիկա: Նրանք են հաղթողները: Տեղի բնակչությունը ի վերջո ստիպված է լինելու գնելու, ներկրելու այն, ինչ իրենք են արտադրել, եւ քանի որ նրանք բավականաչափ փող չունեն, ստիպված են լինելու վարկ վերցնել, այսինքն կախման մեջ լինել: Ահա Բալկանների ամբողջ պատմությունը:

- Դուք Կոսովոյում երբեք որպես ԿՀՎ-ի գործակալ չեք աշխատել, բայց Մ. Նահանգների կողմից որեւէ ճնշում զգո՞ւմ էիք:

- Անշուշտ: Կոսովոյին տիրանալու երկու պատճառ կար: Նախ որովհետեւ հարուստ է հանքային եւ բնական ռեսուրսներով: Եվ երկրորդ, որովհետեւ այնտեղ է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմակայանը, ամենամեծըՙ Եվրոպայի կենտրոնում:

- Որեւէ խոսք ուզո՞ւմ եք հղել նախկին Հարավսլավիայի ժողովրդին:

- Այո: Մոռացեք անցյալը: Այն կեղծ բեմականացում էր: Նրանք ձեզ հմտորեն մանիպուլյացիայի ենթարկեցին եւ ստացան այն, ինչ ցանկանում էին: Հիմարություն է շարունակել ատելությունը միմյանց հանդեպ: Ցույց տվեք, որ դուք ավելի հզոր եք եւ գիտակցում եք, թե ով հրահրեց այդ բոլորը: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում եւ դրա համար էլ արդեն բավական ժամանակ է, ինչ փորձում եմ իմ գրքերի միջոցով բացահայտել ԿՀՎ-ի եւ Սպիտակ տան գաղտնիքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.