AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 23202, Տպվել է` 244, Ուղարկվել է էլ.փոստով` 219

ԿՈՎԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ՀԱԼԵՊԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊՐԱՀԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

ՕՐԵՐ - Պրահայում ավարտված «Մեկ աշխարհ» մարդու իրավունքներին նվիրված կինոփառատոնում ցուցադրված ֆիլմերը թեեւ հիմնականում նվիրված էին միգրացիայի խնդիրներին, պատերազմներին ու բնապահպանական թեմաներին, սակայն ունեին հետաքրքրական քաղաքակրթական նշանակություն: Հատուկ տեղ էր տրված կենդանիներին ու հատկապես կովերին: Երեք տարբեր ֆիլմեր արծածում էին կովերի թեմանՙ ամենատարբեր դիտանկյուններից:

Ադրբեջանցի կինոռեժիսոր Իմամ Հասանովի ադրբեջանա-գերմանական արտադրության «Սուրբ կովը» ֆիլմում հերոսը մեծ դժվարությամբ համոզում է համագյուղացիներին, որ ինքը «եվրոպական» կով է գնելու: Չնայած գյուղի ակսակալների եւ իր կնոջ դիմադրությանը, նա կովը բերում է գյուղ եւ մեծ ջանքերով պահում: Ծնված հորթերին արդեն սկսում է վաճառել, եւ այդպիսով հաղթում է պահպանողական գյուղական հասարակությանը: Ամեր Շոմալիի եւ Պոլ Քոանի «Փնտրվում են 18-ը» կիսահումորային ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, երբ 30 տարի առաջ Ինթիֆադա պաղեստինյան շարժման տարիներին Բեյթ Սահուր ավանում տեղի է ունենում 18 կովերի հետ կապված շատ հետաքրքրական պատմություն: Արաբները որոշում են այլեւս հրեաներից կաթ չգնել եւ Իսրայելի բանակից գնում են 18 կով եւ բացում գյուղական ֆերմա, ուր ողջ գյուղի համար ապահովում են կաթ: Սակայն իսրայելական բանակը կասկածում է, որ Ինթիֆադա շարժման ակտիվիստները թաքնվում են կովերի ֆերմայում, եւ հետապնդում են Անտոն անունով երիտասարդին, ով կազմակերպիչներից մեկն էր: Ռեժիսոր Ամեր Սոմալին այս պատմությունը լսել է հորիցՙ դեռեւս Սիրիայում փախստականների ճամբարում ապրելիս, իսկ 6 տարեկանում նկարել եւ 1980 թվականին հրատարակել է գրաֆիկական պատմությունըՙ պակերապատումներով: Այս ֆիլմում նա օգտագործում է պատկերապատումներն ու կենդանի շարժապատկերները, դրանով ֆիլմին տալով խաղարկային-մուլտիպլիկացիոն բնույթ, ինչն ավելի հետաքրքրական է դարձնում հեղինակների սարկազմն ու հումորը:

Ի վերջո, իսրայելցիները հասկանում են, որ կովերը գյուղին ինքնուրույնություն են ապահովում, պահանջում են կովերին հանձնել: Ընդդիմանալով այս հրահանգին, պաղեստինցիները մեկ գիշերվա ընթացքում իրենց տներում պատսպարում են կովերին: Հաջորդ օրը գյուղավանի փողոցներում հայտնվում են ոստիկանության կողմից փակցված հայտարարություններՙ «Փնտրվում են 18 կովեր»:

Բայց եթե վերը նշված երկու ֆիլմերում կովերի դրական դերն է ներկայացված, ապա Cowspiracy: The sustainability secret ֆիլմում բնապահպան եւ ռեժիսոր Քիփ Անդերսենն իր գործընեկրոջՙ Կեգան Քունի հետ փորձում է աշխարհով մեկ հետաքննություն անցկացնել եւ բացահայտել, թե ինչ վնաս է մոլորակը կրում կովերից: Ոչ մի բան մեր երկիր մոլորակը այնպես չի ապականում, որքան կովերի բուծումն ու նրանց մսի օգտագործումը: Բերված փաստերն ու թվերն առավել քան ապշեցուցիչ են: Դրանք մի քանի անգամ գերազանցում են մարդկանց կողմից օգտավործվող ջրային պաշարները:

Անգլիացի կինոռեժիսոր Շոն ՄըքԱլիստերի «Սիրիական սիրո պատմություն» ֆիլմն արժանացավ կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը սիրիական բանտում ամուսնացած, իսկ հետո բաժանված զույգի պատմությունն է: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց չինացի կինոռեժիսոր Ժաո Լիանգը «Բեհեմոթ» ֆիլմի համար, ուր պատկերում է չինական հանքավայրերում ապրող ու աշխատող մարդկանց կյանքը:

Վացլավ Հավելի անվան Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված լավագույն ֆիլմ է ճանաչվել Էլիզաբեթ Չայ Վասարհլեյի ԱՄՆ-Սենեգալ արտադրության «Անկաշառները» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցանակինՙ չինացի Նանֆու Վուանգի կանանց իրավունքների պաշտպանության մասին Hooligan Sparrow ֆիլմը: Չեխական ռադիոյի մրցանակին արժանացավ բրիտանացի Ջոաննա Շվարցի «Նրանք մեզ առաջինը կսպանեն» ֆիլմը:

Ուսանողական ժյուրիի մրցանակը տրվեց էստոնական «Նորաձեւությունից դուրս» ֆիլմին, որում դիզայները կատարում է կտորների արտադրության հետաքննություն, հասնում Չինաստան ու Բանգլադեշ, եւ առաջարկում խնայողության իր բանալին:

ԱՎԱՍՏ ընկերության հանդիսատեսի մրցանակին արժանացավ իրանցի կինոբեմադրիչ Ռոկսարեհ Գաեմ Մագամիի «Սոնիտա» ֆիլմըՙ աֆղանուհի ռեփեր Ալիզադա Սոնիտայի մասին: Սոնիտան ինքն էր եկել Պրահաՙ ֆիլմի ներկայացման համար: Նրան նախ Թալիբանը պահել է բանտում, հետո ընտանիքով տեղափոխվել են Իրան, ուր իրեն վաճառել են ամուսնունՙ 9000 ամերիկյան դոլարով:

Սիրիական թեմային նվիրված շարքում, արդեն գրել էինք հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Կապրիելյանի «Բաց դռներով տները» ֆիլմի մասին, որ պատմում է Հայոց ցեղասպանության եւ Հալեպի պատերազմական վիճակի մասին: Ավոն մասնակցեց իր ֆիլմերի ցուցադրությանը հաջորդած քննարկմանը եւ պատասխանեց հանդիսատեսի հարցերին: 30ամյա կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմի նկարահանումը տեւել է մի քանի տարի: Նա ցանկացել է ցույց տալ Հալեպի պատերազմական առօրյան եւ մարդկանց կյանքը: Քանի որ Սիրիայում արգելված է դրսում նկարահանումների կատարումըՙ փորձել է գաղտնի նկարահանել իրենց տան պատշգամբից:

Ֆիլմի ողջ ընթացքում կինոռեժիսորը զուգահեռներ է տանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, նաեւ կադրեր են օգտագործված Դոն Ասկարյանի «Ավետիք» (1992), Անրի Վերնոյի «Մայրիկ» (1991) եւ Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկու «Խլուրդը El Topo» (1970) ֆիլմերից:

Ռեժիսորն իր խոսքում նշեց, որ անցյալ դարասկզբին ցեղասպանության ենթարկված իր ընտանիքը, որ ապաստան էր գտել Սիրիայում, ստիպված էր երկրորդ անգամ դառնալ փախստական, այս անգամ ապաստան գտնելով հարեւան Լիբանանում:

Ֆիլմն այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինեալեում: Նախատեսվում է ապրիլի 24-25-ին ցուցադրությունը Բրյուսելում, ապա «Տորինո»ի եւ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոներում:

Հետաքրքրական է, որ «Մեկ աշխարհ» կինոփառատոնին հրավիրված ադրբեջանցի ռեփերը հայ ռեժիսորի նկատմամբ իր փոքրոգությունն արտահայտել է գիշերային խնջույքի ժամանակ նրա առաջ բաժակը գցելով հատակին: Նախ ասել է, որ պատահաբար ստացվեց, հետո ընդունել է իր մեղքը, ասելով որ դիտմամբ է արել, երբ Ավոն թուրքերենով հակադարձել է նրա անպատվաբեր խոսակցությանը: Ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կինոփառատոնը պետք է իր ադրբեջանցի հյուրերին մարդկային շփման տարրական կանոններին ծանոթացնի:

Ուշագրավ էին նաեւ ուկրաինական ճգնաժամին նվիրված ֆիլմերը, որոնք ներկայացված էին «Անհանգիստ Ուկրաինա» բաժնում: Հատկանշական է, որ Ղրիմին եւ մայդանին նվիրված ֆիլմերում արդեն իսկ նկատվում է ավելի օբյեկտիվ մոտեցում Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ծանր էին Չեռնոբիլին նվիրված հետաքննական ֆիլմերը, որոնք փորձում էին բացահայտել 30 տարի առաջ տեղի ունեցած աղետի իրական պատճառները:

Փառատոնի լավագույն ֆիլմերից մեկը կարելի համարել «Մարդը» ֆիլմը, որը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Յան Արտուս Բերտրանդը: Դա մարդկության սթափության մի կոչ է, որ նկարահանվել է աշխարհի 60 երկրներում: Երեք ժամ շարունակ պատերազմների ու խաղաղության, ընտանիքի ու սիրո, մարդկային հարաբերությունների ու դավաճանության, փախստականների ու նրանց խնդիրների մասին խոսում են տարբեր ազգերի մոտ 200 ներկայացուցիչներ: Նրանց խոսքերն ընդմիջվում են երկիր մոլորակի զարմանահրաշ բնաշխարհիՙ օդից կատարված նկարահանումներով, որ ավելի ազդեցիկ են դարձնում մարդկային խոսքի եւ բնության հզորությունը:

Փառատոնը փակվում է, բայց աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հոգսերը մնում են: Նրանք սպասում են իրենց լուծումներին: Իսկ կինոն միայն հուշում է, թե ինչը պետք է պահենք եւ ինչը պետք է արագ փոխենք, որ հետո ուշ չլինի:

Պրահա, orer.eu

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.