AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23096, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 581

ՈՏՆԻԳԼՈՒԽ, ԿԱՄ` «Ի՞ՆՉ ԿԱ ՄՏՔԻԴ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ապրիլի 1-ին մեզ ճոխություն թույլ տանք թեթեւ ոճի մեջ ասելու էն, ինչ ուրիշ օրերին պարզապես ժամանակ չունենք ասելու կամ ավելորդ ենք համարում ծանրաբեռնել մեր ընթերցողին: Դուք էլ, մեր ընթերցողներ, ու հատկապես այս նյութի սուբյեկտներ, մի քիչ թեթեւ նայեք այստեղ գրվածին, բա մեր ջանը քա՞ր է, որ մյուս օրերին ձեր լուրջ հումորներին դիմանում ենք....

Սկսենք առավոտը ֆեյսբուքից, քանի որ այն արդեն վաղուց մտել է գիր անող կամ ընկերների հետ առավոտ վաղ վիրտուալ շփումը սովորույթ դարձրած մարդկանց կենցաղ:

Մի քանի օր է` ֆեյսբուքս հայերեն է միացել: Փչանար` չմիանար, որովհետեւ հայերենի` ինձ զայրացնող սխալ ձեւերին ֆեյսբուքը, այսինքն հայերեն շփվելու վիրտուալ հնարավորությունը, կյանքի իրավունք է տվել հենց իր հրահանգների մեջ: Ես պետք է կարգավիճակ` ստատուս (իրականում` գրառում) անեմ այն մասին, թե ի՞նչ կա մտքիս (իսկ այս հարցը նշանակում է, որ մտքիս ինչ-որ վատ բան կա, ու լավ կլինի ասեմ, համենայն դեպս` «Ինչ կա մտքիդ»` հարցը գաղտնի ու բացասական ենթատեքստով պատասխան է ենթադրում գերակշռաբար): Թե ինչու «Ի՞նչ ես խորհում կամ մտածում»-ի փոխարեն` «Ինչ կա մտքիդ»-ը` երեւի Ֆեյսբուքի նախասկզբնական գործառույթ` լրտեսամանիայի համատեքստում պետք է դիտարկել, այլապես հայերն իրար կենցաղային մակարդակով անգամ հարցնում են` «Ինչ ես մտածում»:ՖԲ թույլտվաությամբ էլ` մտքերով կարող եմ դեռ «կիսվել», այսինքն` երկու կես կամ մի քանի կես լինել ընկերներիս հետ, դեռ մեծահոգաբար ֆեյսբուքը թույլ է տալիս ջնջել կամ չեղարկել գրառումս (դե, ըստ ֆեյսբուքի` կարգավիճակս, էլի), «չեղարկել» բառն էլ ենթադրում է, որ հայերենում «եղարկել» բառ կա, այլապես ինչի՞ն է կպել «չ» ժխտողականը:

Դեռ գործողությունների մատյանն էլ գործունեության մատյան է դարձել` ֆեյսբուքը հավանաբար ուզում է նաեւ իմանալ մեր ողջ գործունեության մասին, ՖԲ-ում արվող գործողությունները նրա նախանպատակի համար քիչ են, պետք է մեր «Կյանքի միջադեպերը» նկարագրենք ՖԲ-ում, ցանկալի է` մեծ մասշտաբի, միջադեպ չեղավ` ոչ մի գործողություն չանեք ՖԲ-ում, օգտատիրոջ կյանքի սովորական իրադարձությունները հայերեն ՖԲ-ն չի ուզում իմանալ: Լավ է` չեն գրել«Ձեր կյանքի ինտրիգները», մեր որոշ լրատվամիջոցներն էլ այդպիսիք չէին ստեղծի ու հորինի, միանգամից կօգտվեին ՖԲ այդ բաժնից: «Կարգավիճակ» ու «գրառում» բառերն էլ, շատ մեծ ցանկության դեպքում անգամ, իմաստով դույզն ինչ մոտ չեն իրար. չէ մի չէ` գրառում-քվո: Էհեյ, էս ՖԲ թարգմանիչների մեջ մի գրագետ հայ կա՞...

Վայ, վաղուց որեւէ կուսակցության բացելիք քաղաքական դպրոցի մասին չէի լսել, գոնե մի քսանհինգ տարի: Կուսակցությունն ինքը մի՞թե քաղաքական դպրոց չի, անդամակցում ես, սովորում ամեն ինչ` ոնց ես անելու, ումով ես անելու, ում ես անելու, ինչպես ու ինչու, քաղաքական դպրո՞ցը պիտի զարդարի կուսակցությանը: Բա էսքան համալսարան, էսքան ֆակուլտետ, էսքան տարատեսակ քաղաքագիտության դասագիրք ու քաղաքագետ (սուտի) ղալաթ են արե՞լ, թե հենց մի քանիսին, հատկապես սոցիալական ցանցերում կեղծ անուններով թաքնվող քաղաքագետներին կամ ֆեյսբուքյան մարտերում վճարովի կուրծք ծեծողներին տեղավորելու խնդիր կա: Է, Ստյոպա Սաֆարյանին երկու ձեռքով ընդունեցինք, նա ուզած համալսարանում իր գիտելքները կարող է փոխանցել մասնագետ դառնալ ցանկացողներին: Մի լուրջ երկրի, եւ ոչ թե սոսկ կուսակցական շահերը վերհանող, առկա բոլոր մոտեցումները ներառող վերլուծական կենտրոն գործարկելը քիչ կլինե՞ր, որ քաղաքական դպրոցի (բա մանկապարտե՞զ) կարիքը կա: Թե՞ ոմանց կոմունիստական քաղցր հիշողությունը հանգիստ չի տալիս, երբ շատ շնորհալի ու պրոֆեսիոնալ մարդիկ այդպես էլ ղեկավար չէին դառնում ոչ մի, անգամ արվեստի ոլորտում, այլ միայն բարձրագույն կուսակցական դպրոցի բովով անցածները: Էէէէ, ում եմ ասում, ո՞վ է լսողը: Անգամ եթե Ազատ Արշակյանն ասի, ավագներից սովորողը հիմա ո՞վ է, ամեն ինչ իրենք գիտեն, կարելի ասել` միանգամից գիտուն էլ ծնվում են: Էս է` էդ դպրոցի առաջին շրջանավարտներն ամենուր ամենայն լրջությամբ սերտեֆիկատ դեմ կանեն` էս ու էն ոլորտում ղեկավար նշանակվելու համար, ու անգամ պատգամավորական ցուցակներում շուտով առանց կուսակցական դպրոցի սերտիֆիկատի չեն գրանցելու: Անպես որ, հարգելի երիտհանրապետականներ, հերթ կանգնեք, որ սովորեք նոր քաղաքական դպրոցում, թե չէ բաններդ բուրդ կլինի:

Դե` մեր կյանքը վաղուց այնքան գրոտեսկային է դարձել, որ անգամ մենք ենք տեղավորվել այդ գրոտեսկների մեջ ու հաճախ չենք նկատում ողջ կոմիզմը: Օրինակ` որ կան ուժեր, որոնց համար նույն իշխանությունը մինչեւ իքս պահ օրինական էր, իքս պահից հետո` ապօրինի, անգամ` հանցագործ: Մինչեւ իքս պահ ամեն ինչ ճիշտ էր անում, իքս պահից հետո` միայն սխալներ: Մնում է, որ խեղճ ՀՀ քաղաքացին, ակամա Օուրելի հերոսի վերածված, մտածի, թե երազում է տեսել` նույն մարդն ինչպես էր իր վերնաշապիկը պատռում նույն իշխանությանը պաշտպանելու համար, իսկ երբ վերնաշապիկն արդեն հագնելու բան չի, նույն ուժգնությամբ վերնաշապկի հետ նույն ժամանակի մեջ գնված կոստյումն է պատռում հիմա, թե` հանցավոր ռեժիմ: Առանց աչք ճպելու: Կամ` երբ ընտրակեղծիքները գործի դնելով իրենց էլ բաժին էին կտրում տորթից` էն ժամանակ ընտրակեղծիքներ չեն եղել, փողի փոխարեն էլ քարոզչական շոկոլադ կամ ջեմ էին պարզապես հյուրասիրում, դե հայերը հյուրասեր ժողովուրդ են, իսկ հիմա, այդ կարգի բաները մաքուր ընտրակեղծիք դարձան նրանց աչքին:

Վերեւում խոսում էինք «կիսվել» բառի ոչ ճիշտ օգտագործման մասին: Խնդիրը ոչ միայն սխալ բառաձեւի մեջ է, այլեւ նման կենցաղի:Ամեն ինչ կիսել ենք Հայաստանում, քվոտավորել` բիզնեսում մենաշնորհ է, կրթության ոլորտը` սրա-նրա սեփականությունը, արվեստն ու գրականությունը` ինչ-որ համքարությունների շրջագծում` գծից դուրս եղածները թող գնան գրած «ստիխները» իրենց տներում, իրենց կանանց ու երեխաների համար կարդան, կամ ֆեյսբուքում խումբ ստեղծեն ու իրար «լայք» դնեն: Թեկուզ «լուսավոր» ճակատը տմտմբացնող համքարավորներից մի քառյակ անգամ եթե չհիշես, ոնց որ Չարենցից ու Ջիվանուց էին հիշում հենց իրենց ժամանակի ընթերցողները: Ճեղք չկա մի տեղ անգամ խցկվելու, որ կողմ նայում ես` ամեն բանի գլխին մի տեր կանգնած է` անկախ շնորհքներից: Արդեն ներսուդուրս բալանսն ենք խախտում: Հայաստանում դեռ կարելի էր գումարել, բազմապատկել, բաժանել եւ կիսել` էդ քիչ համարվեց, շուտով հայաստանյան բոլոր կուսակցությունները «համահայկական» կառույցներ կունենան Սփյուռքում` ապահոոո~վ, բարգավաաա~ճ, վերածնվա~~~ծ, լուսավոոո~ր,այլընտրանքայի~~~ն, գործընկերայի~~~ն, ալյանսայի~~~ն, ու սրանց նման անուններով: Խեղճ սփյուռք, լեզու ունե՞ս` խոսես, կամ պարզապես լեզու ցույց տաս բոլորին, ով հայաստանյան մթնոլորտն ու շնչելու օդը մեջ-մեջ անելուց հետո հիմա հարձակվել է քեզ վրա:Սփյուռքահայ անվանիներ, էս ինչու եք լռել որ, սփյուռքն էլ հո մի քանի վաուչերով սեփականաշնորհելու փորձադաշտ չի՞...

Տեսակ-տեսակ նորանոր, էպոտաժային, զարմանահրաշ կայքերը` Զ-Նյուզ, Բ-Նյուզ, Գ-Նյուզ, Ճ-Նյուզ եւ այլ «օղբաթ» անուններով, ամեն օր «ցը՛նցոող» նորություններ են մատուցում` «Սենսացիա», «Համացանցը ցնցված է», «Շտապ» ցնցախորագրերով, չմոռանալով յոթերորդ հարկից ընկած ու մահացած երեխայի մասին ցավալի տեղեկատվության վրա (գողացվա՛ծ) սեփական հովանավորի փողատու խաղատան գովազդը տնկել, կամ տխրատխուր լուրը զարդարել գովազդի տուտուզաբաց գեղեցկուհու նկարով: Մյուս լուրերն էլ մի լուր լինեն` բա չես ասի, Պողոսի կինը կես միլիոնանոց ավտո ունի, իսկ Պետրոսի կինը` ամեն օր իր շորի գույնի զգեստով նկարվում ու գցում է ֆեյսբուք, անճաշակը: Կամ` մանրամասն պատմում են, թե դժբախտ դեպքից մահացածի հարեւանի աղջիկը քանի տարեկան է, իսկ մահացածն ինքը ինչ էր հագնում եւ ում էր սիրում: Եւ այդպես շարունակ: Կամ` ո՞վ է վիրահատել քիթը, եւ ո՞վ է Նազենի Հովհաննիսյանի քեռին: Կամ` ինչ տեսակ շենքուշնորհքով մարդիկ են «օրենքով» գողերը: «Լայքի» շատն է լավ` շեֆը մենակ «լայք» է ուզում տեսնի, նրան բովանդակությունը չի հետաքրքրում: Նյութ հորինեք` «լայքի» մատերիալ:

Դե դրանից հետո ինչ զարմանաս, որ Մհեր Սեդրակյանի վերաբերյալ տեսանյութում գործընկեր պատգամավորները հայհոյանք լսում կամ չեն լսում. ըստ գաղափարական ուղղվածության. ազգային վեհ գաղափարներով առաջնորդվողները բնականաբար չեն լսում` ինչ հայհոյանք, հայոց խորհրդարանը մեր սրբության սրբոցն է, այնտեղ չեն հայհոյում. իսկ ահա ճղճիմ, ապազգային գաղափարների հետեւորդները, այդ թվում` «լայքասեր» լրագրողները, լսում կամ չեն լսում, տեսնում կամ չեն տեսնում էլի նույն սկզբունքով, ակնոցն ու ականջակալն այստեղ օգնական չեն: Ականջն ու աչքը մեր երկրում ոչ թե ամեն մարդու սեփականությունն է, այլ` շեֆի, սպոնսերի, պատվիրատուի եւ «ասողի»...

Վայ, Օսկանյան ջան, Օսկանյան, մոլորվել է մաթեմատիկական հավասարումների մեջ, դե` դիվանագետ է, պարտադիր չի մաթեմատիկա իմանա: Այն էլ այնպիսի բարդ բանաձեւեր, որ Հայաստանում են հայտնագործում, ասենք, 1+ 1+ 1+ 1, դա կարող է հավասար լինել կամ չլինել 3+ 1-ին կամ 4+4+4-ին, իսկ էդ վերջինը կարող է ոչ թե թվերի պարզ գումար կազմել, այլ` ձգտել 0-ի, ինչպես առաջին երկու դեպքում էր, անկախ ստացված գումարից: Քանի որ` Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ու ընդդիմության մերձեցումից ոչինչ չի ծնվում կարծես, դեռ անգամ պարզ չէ` մերձեցում որպես այդպիսին կլինի՞, թե ոչ, քանի որ մերձեցումը կարող է լինել հաջորդ խորհրդարանում հայտնվելու ստույգ խոստումից հետո միայն, սկզբում աթոռները, հետո մերձեցումը: Դե իսկ Հայաստանում մաթեմատիկան, հանրահայտ է, բոլորից շուտ են հայտնագործել ու կիրառել, ու էդ առումով ոչ մի խնդիր չկա նորի դուռը փակելու` այսօր գիտության նոր շորշոփների ազդեցությամբ հանգիստ կարող են ընդունել, որ մաթեմատիկան ու ֆիզիկան հարաբերական գիտություններ են, պայմանականություններից կազմված, կներեք` քաղաքական նպատահարմարությունից կախված: Այսինքն`4+4+4-ի պատասխանն էսօր կարող է մի բան լինել, վաղն` ուրիշ բան, կախված մերձեցման աստիճանից, Նյուտոնն ու Էվկլիդեսն ո՞վ լինեն:

Մատաղիսի գործով ՄԻԵԴ վճռից հետո մարդ կա ակրոբատիկայով է զբաղված ու այնպիսի տրյուկներ է անում, որ պրոֆեսիոնալ ակրոբատը երազում էլ չի տեսել: Լավ, պարզ ասեմ` փոխանակ ժամանակին անօրեն դատապարտված երեք երիտասարդի` նախաքննության ժամանակ կտտանքների ենթարկվելուն տեղյակ ու միգուցե մասնակից նախկին զինդատախազ Ջհանգիրյանը հանի ու իր գրպանից տա հիսուն հազար դոլարը` պետությանն ազատելով իր կերած խնձորների համար ՄԻԵԴ վճռով վճարելուց, մի բան էլ դեռ պնդում է, որ այդ երեքը մարդասպան են, բա: Հա, իհարկե, եթե խորհրդարանը դառնա նախկինում հոգուն մեծ մեղքեր վերցրածների ապաստարանը` վերջիններիս էվոլյուցիան էլ նրանց կհասցնի մինչեւ «Ռ Էվոլյուցիա»` «հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը», բոլոր ժամանակների կտտողներից ո՞վ է պատասխան տվել մինչեւ հիմա որ, ո՞վ է ներողություն խնդրել: Մի մարդ գիտե՞ք Հայաստանում, որ կտտանքով նախաքննական ցուցմունք կորզելու համար դատապարտվել է: Երբ երկու այդպիսի մարդու մատնացույց անեք, ես կասեմ, որ երկիր ենք դառնում: Անկախ ապրիլի մեկից, վայ լրջացա շատ, չեղավ:

Վերջում ապրիլմեկյան աչքալուսանք` ընտրություններն ID քարտով քվեարկել սիրողների համար (չգիտենք` վճարովի, թե՞ անվճար սեր է), բոլորս ID քարտ ենք ստանալու, ինչ որ միջազգային կազմակերպություն տալիս է այն յոթ մլն դոլարը, որ պետք է ազգիս այդ քարտով ապահովելու համար (ճիշտ ենք ասում): Բայց անգամ ապրիլի մեկին չենք կարող վատ լուրը չհայտնել պոտենցիալ կեղծողներին` մեկից ավելի անգամ կամ ուրիշի ID-ով քվեարկածները Էդմոն Մարուքյանի` կառավարության հավանությանն արժանացած եւ շուտով ընդուվելիք օրենքով ոչ միայն կարող են խոշոր տուգանքի ենթարկվել, այլ անգամ` 2-3 տարվա ազատազրկման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.