AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23417, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 579

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ

ISIS-ի առեղծուա՞ծը: Արդեօ՞ք միայն ISIS-ի...

Պալմիրայի ազատագրումից յետո գուցէ շատերի մօտ յոյս է առաջացել, որ Ասադի բանակին կյաջողուի վերջ դնել ԻՊ-ԻԼԻՊ-ի գոյութեանը... (յամենայն դէպսՙ գոնէ Սիրիայի տարածքում): Այնուամենայնիւ ԻԼԻՊ-ի 150,000-անոց բանակին մի քանի օրում Սիրիայի զինուած ուժերին չի յաջողուի ոչնչացնել, թէկուզՙ միւսՙ իրաքեան ռազմաճակատում ԻԼԻՊ-ականների դէմ Բաղդադի կառավարութեան զօրքերի յաջող յարձակման պայմաններում, թէկուզ Արեւմտեան մի շարք երկրներիՙ ԻԼԻՊ-ի դէմ գրեթէ 1,5 տարի շարունակուող օդային հարուածների ուղեկցութեամբ, եւ նոյնիսկՙ ունենալով Ռուսաստանի օդուժի թէկուզ կրճատուած, սակայն, փաստօրէն, շարունակուող աջակցութիւնը...

Ահա ինչու կարիք կայ անդրադառնալու ԻՊ-ԻԼԻՊ-ի գործունէութեանըՙ տեսնելու համար նրա իշխանութեան տարածման պատճառները...

ԻՊ-ն լայն եւ բաւական մշակուած մեխանիզմով քարոզչութիւն է վարում ամբողջ աշխարհումՙ այդ թւում Պակիստանի Իսլամական Հանրապետութիւնում, Աֆղանստանի Իսլամական Հանրապետութիւնում եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Աւելորդ է ասել, որ ԻԼԻՊ-ականներն օգտագործում են արդիական բոլոր մատչելի տեխնոլոգիաները... Իսկ ամենակարեւորըՙ մարդկանց կրօնական մոլեռանդութիւնը: Բայց ոչ միայն դա...

Մինչեւ Եւրոպայում ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչական գործողութիւնները, զորօրինակՙ Փարիզում 13.11.2015թ. «սեւ ուրբաթը», որոնց անդրադարձել ենք «Ազգ»-ի նախորդ համարներում, սոց. հարցումների համաձայն Եւրոպայում ԻՊ-ին սատարում էին 18-24 տարեկան ֆրանսիացիների 27%-ը, երիտասարդ բրիտանացիների մինչեւ 15%-ը, ընդ որումՙ ոչ միայն եւ ոչ այնքան մուսուլմանները: Զարմանալի թուայ թերեւս, որ սատարողների մէջ գերազանցապէս առկա էին նաեւ բրիտանական կառավարութիւնից, նրա ներքին եւ ներգաղթային քաղաքականութիւնից, Մ. Բրիտանիայի համար ոչ աւանդական դաւանանքների նկատմամբ նրա հանդուրժողականութիւնից դժգոհողները...

Իսկ ահա ներկայացնենք իշխանութեան պահպանման ԻԼԻՊ-եան տեխնոլոգիաներից եւս մէկը: ԻՊ-ի զաւթած տարածքներում անջատողական տրամադրութիւնների կանխման նպատակով ԻՊ-ն կազմակերպել է իր հպատակ ազգաբնակչութեան նկատմամբ զանգուածային գաղտնալսումներ եւ գաղտնադիտումներ, ամենուր իրականացւում են համատարած մատնութիւններ: Ի դէպ, ԻՊ-ի ենթակայ տարածքներում ապրող սուննի բնակչութեան մի մասը չի համարձակւում վերադառնալ Իրաքի կառավարական բանակի կողմից ազատագրուած իր տարածքները, քանզի, գուցէ ոչ առանց հիմքի, վախենում է, որ շիայական իշխանութիւնները Իրաքում իրենց կենթարկեն հետապնդումների:

Իհարկէ, ԻՊ-ի ուժի աղբիւրներից մէկն էլ այն է, որ նրա իշխանութեան հաստատումից յետոյ, ըստ ականատեսների, վերականգնւում են գրաւուած քաղաքների ենթակառուցուածքները, որոնք Իրաքի իշխանութիւնների կառավարման օրօք ողբալի վիճակում էին: ԻՊ-ի ենթակայ տարածքներում բազմաթիւ մարդիկ ստանում են մաքուր ջուր, էլեկտրաէներգիա, վառելիք, համացանցից օգտուելու հնարաւորութիւն, սնունդ: ԻՊ-ի տեղական իշխանութիւնները վերստին բացում են հիւանդանոցները, որոնք դեռ 2003-2011թթ. իրաքեան պատերազմի ժամանակներից չէին աշխատում:

Որքան էլ զարմանալի է եւ ցաւալի, ԻՊ-ի հզօրութեան աղբիւրներից մէկն էլ նրա հրապարակային դաժանութիւնն է, որն ահաբեկում է մարդկային զանգուածներին: 2014թ. յունիսից ի վեր, երբ ԻՊ-ն իր «խալիֆաթը» ստեղծեց Իրաքի հիւսիս-արեւմուտքում եւ Սիրիայի հիւսիս-արեւելքում 1 տարուայ ընթացքումՙ մինչեւ 2015թ. հունիսը միայն այդ տարածքում ԻՊ-ի գրոհայինները հրապարակային մահապատժի են ենթարկել աւելի քան 3.000 մարդու...

Բայց ԻՊ-ի հզօրացմանը առաւելապէս նպաստում է նրա գաղափարների տարածումը տարբեր երկրներում ու աշխարհաշրջաններում, որին իր հերթին նպաստում է աշխարհի հզօրագոյն պետություններից ոմանց մի կողմիցՙ անհետեւողական մօտեցումը, եթէ չասենք, անհասկանալի թողտւութիւնը, միւս կողմիցՙ թաքուն կամ կիսաբացայայտ սատարումը...

Սակայն ԻՊ-ի հզօրութեան կարեւորագոյն պատճառներից մէկը, հաւանաբար, պէտք է որոնել Արեւմուտքի պետութիւնների վարած այն գրեթէ նոր-գաղութատիրական քաղաքականութեան մէջ, որը նրանք վարել են Արեւելքի երկրների նկատմամբ, մասնաւորապէս այդ քաղաքականութեան հանդէպ իսլամական երկրների ժողովրդական զանգուածների դժգոհութեան մէջ...

Այսպիսովՙ Արեւմուտքը պատերազմելով ԻՊ-ի դէմ, պայքարում է ո՛չ թէ նրա առաջացման պատճառների, այլ, հաւանաբար, աւելի շատՙ հետեւանքների դէմ...

Արդեօ՞ք ասուածի լաւագոյն ապացոյցը չէ այն, որ Բելգիայի թագաւորութիւնը, բրիւսելեան վերջին սահմռկեցուցիչ դէպքերից յետոյ, փաստօրէն, որպէս պատասխան ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հակամարդկային գործողութիւններիՙ ընդդէմ բելգիացի խաղաղ բնակչութեան, որոշեց ինքնաթիռներ ուղարկել ԻԼԻՊ-ին ռմբակոծելու... Մեղմ ասած, սա յիշեցնում է Ֆրանսիայի նախագահի ռազմաշունչ սպառնալիքները, երբ նա եւս աւիակիր ուղարկեց արեւելեան Միջերկրածովքՙ ԻԼԻՊ-ին ռմբակոծելու... Թէ ինչքան տեւեց այդ ազնիւ պոռթկումը եւ ինչ արդիւնքներ ունեցաւ, այնքան էլ լաւ չի երեւում... Յամենայն դէպս պարզ է, որ իրական արդիւնքներ տալիս է հիմնականում Ռուսաստանի անցկացրած ռազմագործողութիւնը Սիրիայում... Մի՞թէ եւրոպական պետութիւնների ղեկավարները չեն տեսնում, որ ԻԼԻՊ-ը եւ նրա հետեւում կանգնած ուժերը հիբրիդային պատերազմ են վարում... Այս անգամՙ նաեւ Եւրոմիութեան դէմ : Բելգիան ցուցադրաբար օդանաւեր կուղարկի Սիրիա (ի դէպ, դրա համար նա չունի օրինական նախագահիՙ Ասադի, թոյլտւութիւնը կամ հրաւէրը, ինչպիսին ստացել էր Ռուսաստանը. բայց հոգ չէ, արեւեմտեան ժողովրդավարութիւնը ինչ-որ մերձաւորարեւելեան «բռնապետութիւն» ռմբակոծելու համար հրաւէրի կարիք չունի), սակայն արդեօ՞ք պաշտօնական Բրիւսելը կհամարձակուի կանգեցնել իր երկրի եւ ամբողջ Եւրոպայի դէմ իրականացուող թուրքական «խաղաղ» ագրեսիան , որը վերջերս երբեմն ռումբերի որոտի կարիք էլ է զգում... Մի՞թէ Բրիւսելում չեն հասկանում, որ Բելգիայից, ինչպէս եւ Ֆրանսիայից, ամէն ինչից զատ, նաեւ վրէժ են լուծում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու համար... Մի՞թէ Բրիւսելը չի տեսնում, որ Անկարան-Ռաքքան եւ էլի որոշ ուժային կենտրոններ խնդիր են դրել արմատապէս փոխել թէ՛ Եւրոպայի, թէ՛ աշխարհի դէմքը...

Իհարկէ, աւելի դիւրին է անապատը ռմբակոծելը եւ սեփական խիզախութիւնն ու վճռականութիւնը ցուցադրելը, քան վճռական միջոցներ ձեռնարկել ԻԼԻՊ-ի նման չարիքն ստեղծած իրական ուժերի դէմ: Օրինակՙ ՆԱՏՕ-ից հեռացնել Թուրքիային :

ԻՊ-ի գործողութիւնների մասշտաբները եւ հեռանկարները հասկանալու համար նկատի պէտք է ունենանք, որ ԻՊ-ին եւ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հաւատարմութեան երդում են տուել բազմաթիւ իսլամիստական ջիհադիստական կազմակերպութիւններ աշխարհի տարբեր երկրներում: Բացի այդ, ԻՊ-ի սեւազգեստ զօրքերը ամսական մօտ 1.000 գրոհայինով աւելանում ենՙ ի հաշիւ արտասահմանեան տարբեր պետութիուններից Սիրիա եւ Իրաք ժամանող կամաւորների: Դրանից զատ, ԻՊ-ն կարող է միայն Սիրիայից եւ Իրաքից զաւթած տարածքներից տարեկան զօրակոչել մօտ 200-250 հազ. զինակոչիկ: Դեռ չենք հաշւում կանանցից եւ երեխաներից կազմուած յատուկ ստօրաբաժանումները: Այսպիսով, ԻՊ-ն ներկայումս ունի լիովին բաւարար մարդուժի ռեսուրսներ` պատերազմը շարունակելու համար: Աւելին` նա ստեղծում է իր «Ապագայի բանակը», դրանով իսկ նմանուելով 3-րդ Ռայխի հիտլերեան ռեժիմին...

Ակնյայտ է, որ իսլամական ջիհադիստները փորձում են ամբողջ աշխարհով մէկ ստեղծել համաշխարհային իսլամական «ումմա», որի պետականութեան ձեւը կլինի միջնադարեան իդէալների եւ դրանց արդիականացուած «տարբերակների» վրայ հիմնուած Իսլամական Խալիֆաթը, իրենց ներկայիս հիմնադիրների դաւանած սուննիականութեան առաւել մարտական ճիւղի` վահհաբականութեան ամենամոլեռանդ ենթաճիւղի` սալաֆիզմի դրօշի ներքոյ: Իսլամական-սուննիական ռազմատենչ «ինտերնացիոնալի» նման ընդլայնման հեռանկարները յղի են ամենաաղետաբեր հետեւանքներով թէ՛ Մերձաւոր Արեւելքի, թէ՛ Ռուսաստանի ու Եւրոպայի ժողովուրդների համար: Իսլամական խալիֆաթը այդպիսով սկսում է դառնալ կամ արդէն իսկ բռնել է համաշխարհային մասշտաբի սպառնալիքի վերածուելու ուղին, որի դէմ ամէնավճռական պայքար է տանում յատկապէս Ռուսաստանը, դաշնակցելով սուննիական ապագայ խալիֆաթի առաջին իրական եւ հաւանական զոհերի` շիայական պետութիւններիՙ յատկապէս Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ այլոց հետ...

Հենց ՌԴ-ին էլ փորձում են կանգնեցնել ԻՊ-ի փաստական հովանաւորները, որոնք փորձեցին փետրուարի 12-ին զինադադար կնքել Սիրիայում... Իրական նպատակն է ԻՊ-ին վերջնական ջախջախումից փրկելը, ինչպէս նաեւ շահած ժամանակամիջոցում Սիրիայում հակաասադական բոլոր ուժերի վերախմբաւորումը` պատերազմը նոր ուժով շարունակելու եւ վերջնարդիւնքում Սիրիական պետականութեան կործանման, կամ գոնէ` առաւելագոյնս թուլացման համար:

...Եւ երբ Ռուսաստանը չհամաձայնուեց, ԻԼԻՊ-ի հովանաւորները մշակեցին մի ծրագիր, որի համաձայն ՌԴ-ն պէտք է խրուէր Մերձաւորարեւելան պատերազմի մէջ... Մոսկուային յաջողուեց ժամանակին հասկանալ դա եւ ճիշտ ռազմաքաղական մանեովր կատարել... Արդիւնքումՙ ԻԼԻՊ-ամոլների ռազմական ծրագրի ձախողում... Առայժմ նաեւ ձախողուած են Սաուդեան Արաբիայից եւ Քաթարից դէպի Եւրոպա խողովակաշարի կառուցման աշխարհաքաղաքական պլանները, որը պէտք է դուրս մղէր ռուսական գազը, ուրեմն եւ թուլացնէր Ռուսաստանին:

Այդ խողովակաշարը պէտք է գնար անհնազանդ Ասադի վարչակարգի դիակների եւ այրուած-մոխրացուած Սիրիայի վրայով... Սակայն, այս հաշիւները խախտեցին ռուսական օդուժի եւ նաւատորմի հրիթռային հարուածները:

Ի դէպ, համաշխարհային հանրութեան համար, այունամենայնիւ, գնալով ակնյայտ է դառնում այն դժուար թաքցնելի իրողութիւնը, որ ԻՊ-ի ետեւում կանգնած են`

ա. ԱՄՆ-ից միջուկային զէնքի մասնաբաժին ստացած, դրա օգտագործման իրաւունքն ունեցող եւ իր նեօսմանական ու համաթուրանական կայսերական յաւակնութիւնները գրեթէ անթաքոյց ի յայտ բերող Թուրքիայի` էրդողանեան դիկտատուրայի վերածուող թուրանա-ֆաշիստական սուլթանա-հանրապետութիւնը,

բ. միջուկային զէնքի ստեղծան կամ ձեռք բերման ձգտող Սաուդեան Արաբիայի վահաբական միջնադարեան թագաւորութիւնը, նրա հետ, իբր «ԻՊ»-«Ալ-Ղաիդա» զոյգի հովանաւորութեան համար «մրցակցող» գերհարուստ Քաթարի էմիրութիւնը,

գ. միջուկային զէնքին արդէն վաղուց տիրապետող Պակիստանի Իսլամական Հանրապետութիւնը, որը թէպէտ հեռուից դիտողի «կեցուածք» էր ընդունել, սակայն 2015թ. դեկտեմբերին 16-ին ցոյց տուեց իր սեւ ստուերը, երբ Էր-Ռիադի բերանով յանկարծակի յայտարարուեց Թուրքիա-Սաուդիտներ-Պակիստան եռեակի գլխաւորութեամբ սուննիական ռազմաքաղաքական «ահեղ» ռազմադաշինքի ստեղծման մասին...

Վերոյիշեալ ագրեսիւ իսլամական հակումներով պետութիւնները հռչակեցին նշուած դաշնախմբի ստեղծումը, իբր իսլամիստական ծայրայեղականութեան դէմ պայքարելու առաջնային նպատակով...

Նման դաշնակիցներ եւ հովանաւորներ ունեցող «Իսլամական Պետութեանը», իրօք, դժուար է յաղթել:

Վերն առիթ ունեցանք նշելու, որ ԻՊ-ի դէմ աւելի քան մէկ տարի տեւած օդային պատերազմի արդիւնքում ԱՄՆ-ը եւ իր գլխաւորած ռազմական դաշնախումբը որեւէ էական յաջողութիւն չեն արձանագրել: Ընդհակառակը, ինչպէս մատնանշում են յատկապէս ռուսական կողմի զինուորականները, այլ պաշտօնատար անձինք ու վերլուծաբանները, ԻՊ-ն այդ ընթացքում սոսկ աւելացրել է իր տարածքային ընդգրկումը եւ աւելի հզօր սպառնալիքի վերածուել: Այսինքնՙ ԱՄՆ-ի եւ նրա գլխաւորած ռազմական դաշնախմբի պէս հակառակորդներ ունենալու դէպքում էլ ԻՊ-ին, իրօք, դժուար է պարտութեան մատնել...

Նկար 1. «Ռուսաստան, խնդրում ենք դադարեցրու»... Արաբական միապետը գրկել է ԻԼԻՊ-ին, ԱՄՆ-նՙ Ալ-Ղաիդային, Թուրքիանՙ Ան-Նուսրային...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.