AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23206, Տպվել է` 599, Ուղարկվել է էլ.փոստով` 563

«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՀՐՈՍԱԿՆԵՐ ՂՐԻՄԻ ՄՈՏԵՐՔՈՒՄ

Պ. Ք.

Ուկրաինայի տարածքումՙ Ղրիմին սահմանակից շրջաններում, թուրք վարձկանների ներկայությանը վերաբերող տեղեկություններն արդեն ուղղակիորեն հաստատվել են: Թուրք «գորշ գայլերի» թիվը մերձազովյան Մարիուպոլի շրջանում հարյուրից ավել է, իսկ Խերսոնի մարզում թուրք գրոհայիններն էլ ավելի շատ են: ՌԻԱ գործակալության տվյալներով, նրանք լավ զինված եւ մարզված են, օգտագործում են դիմակներ եւ հազվադեպ են շփվում տեղաբնակների հետ:

Թուրքական «Գորշ գայլեր» ֆաշիստամետ կազմակերպության հետ ուղղակիորեն կապված այդ վարձկաններին հովանավորում են ուկրաինացիների ազգայնական գումարտակների մարտիկները, բայց էլ ավելի մեծ չափովՙ այսպես կոչված «Ղրիմի շրջափակման» ակտիվիստները, որոնք Ղրիմի թաթարական մեջլիսի նախկին առաջնորդներ են եւ «Ասկեր» կազմակերպության անդամներ: Այդ ակտիվիստներն էին, որ պայթեցրին թերակղզուն հոսանք մատակարարող էլեկտրասյուները եւ կազմակերպեցին Ղրիմի պարենային շրջափակում:

Թուրք վարձկանները Ղրիմի սահմանների մոտ սկսեցին զանգվածաբար երեւալ անցյալ տարեվերջին: Եվ նրանք կազմեցին Ղրիմի թաթարների Նոման Չելեբիջիխանի անվան 500 հոգանոց գումարտակի հիմնամասը: Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ խոստացավ ֆինանսավորել Ուկրաինայում ստեղծված այդ անօրինական զինված կազմավորմանը, բայց մամուլում այդ տեղեկության հրապարակումից հետո աճապարեց հրաժարվել իր խոսքերից, սակայն, դատելով բազմաթիվ փաստերից, ֆինանսավորումը շարունակվում է. լավ զինված եւ հատուկ միջոցներով հանդերձավորված թուրք վարձկանները շարունակում են ուժեղացնել իրենց ներկայությունը Ղրիմի սահմանների մոտ: Եվ ակնհայտ է, որ այս ամենն իրականացնողը աղքատացած Կիեւը չէ:

«Ասկեր» կազմակերպության արմատական ակտիվիստների ներկայիս ձեռնարկման նպատակը սահմանի «պահպանության ուժեղացումն» է ուկրաինացի սահմանապահներին օգնելու պաշտոնական լիազորություններով: Շրջափակում կազմակերպած ղրիմցի թաթարների օգնությունը հիմնվում է օտար պետության վարձկանների վրա, որոնց համար Ղրիմը «օտար չէ». Օսմանյան կայսրությունը մի քանի դար հավակնում էր տիրել թերակղզուն, որը, ըստ էության, հույժ կարեւոր դիրք է զբաղեցնում ամբողջ Սեւծովյան ավազանում:

Ինչպես նշում է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի անդամ Դմիտրի Սաբլինը, Ուկրաինայի իշխանությունները հիանալի հասկանում են, որ Ղրիմը վերջնականապես եւ անդառնալիորեն անցել է Ռուսաստանին, եւ որ իրենք Ղրիմում ռազմական միջոցներով չեն գործելու. նախ, հնարավորություն չունեն, երկրորդ, չկան խթաններ եւ բնակչության աջակցություն: Սակայն ինչ-որ ձեւով Ռուսաստանին տհաճություն պատճառելու եւ միաժամանակ աջակցության դիմաց գոնե որոշ գումար ստանալու համար Թուրքիային ամեն կերպ կօգնեն ապակայունացնելու տարածաշրջանի իրադրությունը:

Կիեւի իշխանությունները Ղրիմի թաթարներին դրդում են կազմակերպել թերակղզու շրջափակումը, աչք են փակում էլեկտրահաղորդման գծերի հենասյուների պայթեցումների վրա (որոնք վնասում են նաեւ ուկրաինացի էներգասպառողներին), թույլատրում են սեփական տարածքում օտարերկրացի վարձկանների գործունեությունը, որոնց ներկայության բուն փաստը Ուկրաինային դասում է ահաբեկչություն հրահրող պետությունների շարքին: Ըստ երեւույթին, այդ երկրում ներկայումս ղեկավարվում են «Անիշխանությունը կարգուկանոնի մայրն է» սկզբունքով: Պատմության մեջ նման բան արդեն եղել է, բայց պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը: Տվյալ դեպքում եւս այդպես կլինի: Նույնիսկՙ եթե ուկրաինացի քաղաքական գործիչները չամաչեն ֆաշիստամետ «գորշ գայլերին» երկիր հրավիրելու համար:

Իսկ ովքե՞ր են Ղրիմի սահմանների մոտ հայտնված թուրք «գորշ գայլերը»: Նրանք Թուրքիայւոմ 1960-ականների վերջերին ի հայտ եկան որպես «Ազգայնական շարժման կուսակցության» երիտասարդական թեւ, որպեսզի թյուրքալեզու ժողովուրդներին միավորեն մեկ հսկայական պետության մեջ: Թուրքիան «գորշ գայլերին» օգտագործում էր ընդդիմությանը ճնշելու, արհմիութենական գործիչներին, քրդական շարժման ակտիվիստներին, անհաճո լրագրողներին եւ պաշտոնյաներին սպանելու նպատակով: Այդ գիշատիչների «մահվան էսկադրոնները» քրդաբնակ շրջաններում ոչնչացրել են հազարավոր խաղաղ բնակիչների:

«Գորշ գայլերն» էին, որ 1981 թ. մահափորձ կազմակերպեցին Հռոմի պապի դեմ: Նրանք համագործակցում են Չինաստանի հյուսիսում ապրող թյուրքալեզու ույգուրների ահաբեկչական ընդհատակի հետ: «Գորշ գայլերը» գրոհայիններ են հավաքագրում Սիրիայում «Իսլամական պետության» ջիհադիստների կողմից կռվելու համար: «Գայլերը» մասնակցել են Լեռնային Ղարաբաղի եւ Չեչնիայի պատերազմներին: 2015 թ. նոյեմբերին հենց «գայլերը» հայտարարեցին, որ սպանել են Սիրիայի երկնքում թուրքական կործանիչի խփած ռուսական «Սու-24»-ի օդաչուին, որն անկարգելով վայրէջք էր կատարում:

Ռուսաստանցի ռազմական փորձագետներից մեկը, որն անցյալում Հյուսիսային Կովկասում ռուսական զորքերի միացյալ խմբավորման մամլո ծառայության պետն է եղել, թուրք «գորշ գայլերի» մասին պատմում է հետեւյալը. «Չեչնիայի եւ Դաղստանի տարածքներում մեզ վիճակվել է քանիցս բախումներ ունենալ թուրք վարձկանների հետ: «Հաջողության զինվորների» բազմազգ զորաջոկատների մեջ հենց թուրքերն էին մեծամասնություն կազմում: Իչկերիայի գաղափարախոս Մովլադի Ուդուգովի ջանքերով չեչեն գրոհայինները հենց Թուրքիայում էին բուժվում եւ հանգստանում, հենց այնտեղ էին միջոցներ հանգանակվում Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործունեության իրականացման համար: 1999-2004 թթ. Չեչնիայի Հանրապետության տարածքում ոչնչացվել է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 24 վարձկանՙ փաստորեն մեկ դասակ: 2001 թ. նոյեմբերի 1-ին Չեչնիայում ոչնչացվեց թուրք վարձկանների հրամանատար Բու Բաքարը: Նույն թվականին Վրաստանից Ռուսաստան Ցագարաեւի հրոսակախմբի ներխուժման ժամանակ գլխավոր հետախուզական վարչության հատուկ ջոկատը ոչնչացրեց եւս մի քանի թուրք վարձկանների, որոնց մեջ էր ուղեկցորդ-հրահանգիչ Մեհմեդ Ասլանը, որն զբաղվում էր համերկրացի վարձկանների դիմավորմամբ: Ինձ թվում էՙ ներկայումս Ուկրաինայում հայտնված թուրք վարձկանները նույնպես լավ հայտնի են մեր հետախուզությանը»:

Մեծ հաշվով, «գորշ գայլերը», «Իսլամական պետության» ջիհադիստների նման, ձգտում են ստեղծել սեփական պետությունՙ լոկ այն տարբերությամբ, որ «գայլերի» գաղափարախոսությունը հիմնված է թյուրքական ազգայնականության վրա: Նրանք Ղրիմը համարում են իրենց ապագա պանթյուրքական կայսրության տարածք: Թեեւ Թուրքիայում «Գորշ գայլերի» գործունեությունը պաշտոնապես արգելված է, Էրդողանի կառավարությունը նրանց առանձնապես չի խոչընդոտում, իսկ արտերկրում «գայլերը» գործում են միանգամայն ազատորեն. «ներքին օգտագործումն» արգելում են թուրքական հատուկ ծառայությունները:

Ղրիմին սահմանակից տարածքներում թուրք վարձկաններն արժանանում են ամենայն հարգանքի: Ղրիմի էներգաշրջափակման կազմակերպիչ Լենուր Իսլամովը լուսանկարվել է մի խումբ գրոհային «գորշ գայլերի» հետ: Նա վերջիններիս անթաքույց կերպով համարում է այնպիսի ուժ, որը պատրաստ է զինված ներխուժում կատարել Ղրիմ: Նրան ձայնակցում է Ղրիմի թաթարների չճանաչված մեջլիսի առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը, որն ասում է, թե զենքի ուժով թերակղզու գրավմանը պետք է մասնակցեն «Ասկեր» արմատական կազմակերպության գրոհայինները եւ թուրք վարձկանները:

Ի դեպ, այդ ամբողջ իրարանցումը ռուսական Ղրիմի համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Ռուսական բանակի հնարավորություններն անհամեմատ մեծ են ինչ-որ վարձկանների, ակտիվիստների եւ ազգայնականների կարողություններից: Սահմանապահները եւ հատուկ ծառայությունները հեշտությամբ նրանց հախից կգան: Սակայն չի բացառվում, որ վարձկաններն ահաբեկություններ կազմակերպեն Ղրիմի սահմանի մոտ: Իհարկե, ռուսական կողմը կանխիչ միջոցներ է ձեռնարկում, բայց վտանգը մշտապես առկա է: «Գորշ գայլերը» ներկայումս մեծ վտանգ են ներկայացնում հենց Ուկրաինայի համար: Բացի նրանից, որ արդեն արձանագրվել են տեղաբնակների վրա ելուզակային հարձակումների եւ սեռական ոտնձգությունների դեպքեր, թուրք վարձկանները մտադիր են Խերսոնի մարզում ստեղծել ինչ-որ «թաթարական հանրապետություն»: Ըստ որում, ուկրաինացիների ազգայնականությունը նրանց քիչ է հետաքրքրում, իսկ սլավոնները ամեն դեպքում նրանց համար մնում են պատմական թշնամիներ: Եվ «գայլերը» պատրաստ են առաջինը կտրել հենց ուկրաինացի դաշնակիցների կոկորդները, մինչդեռ ռուսական տարածք ներխուժելու կարողություն չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.