AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ՊԱՏԵՐԱԶՄ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 23838, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԲՐՈՆԻԱ ԱՐԱԾ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ՆԱԻՐ ՅԱՆ

Խաղաղության գինն այդպես էլ չիմացանք, թե որն է ու որքան արժե, որովհետեւ դասական իմաստով խաղաղություն չտեսանք. զինադադար կոչվածը մինչեւ այժմ տարեկան մոտ հարյուր զինծառայողի կյանք է խլել: Քսան տարուց ավելի հարաբերական խաղաղություն խաղացինք: Իսկ վերջին տարիներին բարձր ամբիոններից լսած ականջահաճո արտահայտությունը, թե տարածաշրջանում ամենամարտունակ ու պատրաստված բանակը մերն է, լափշայի պես կախեցինք ականջներիցս ու «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի դեմքով ման եկանք: Դե որ ամենամարտունակը մերն է, ուրեմն մերն է էլի:

Մի բան գիտեիք, որ ասում էիք, պարոնայք: Հո ապացուցելու համար ռազմական գաղտնիք-զինանոցները չէի՞ք բացելու ժողովրդի առաջ: Դուք չբացեցիք, իրեն-իրեն բացվեց, ու ոչ միայն գաղտնիք-զինանոցը: Փաստորեն, հույսներդ մեր մատղաշ տղաների վրա էիք դրել, նրանց էնտուզիազմի, բնածին անձնվիրության, հայրենասիրության ու պատվախնդրության, դրա համար էիք մեր բանակն ամենամարտունակը համարում: Նույն բարձր ամբիոններից հայ մայրերին կոչ էիք անում շատ երեխաներ ունենալ: Հիմա արդեն հասկացանք, որ ուզում էիք մեր բանակի մարտունակության ապագայի երաշխիքները եւս ապահովել: Ի՞նչ սելեկտիվ աբորտի դեմ պայքար, ի՞նչ բան. ձեզ որ մնար, կուզեիք, որ ամեն ընտանիքում յոթ տղա ծնվեր, միա՛յն տղա, բայց ոչ, իհարկե, ազգը բազմացնելու ու ժողովրդագրական շեղումները վերացնելու նպատակով: Նրանց յոթի տեղն էլ առաջնագծումՙ թուրքի բերանին, բրոնիա արած էին արդեն: Ադրբեջանցիների Սմերչի, ՏՕՍ-ի, անօդաչու սարքերի ու կամիկաձեների դեմՙ 18-19 տարեկան զինվոր: Զինվորն էլ ի՞նչ զինվորՙ լուսավոր, վառվռուն աչքերով, դեռ աղջկա ձեռք չբռնած, երազանքներով ու խենթություններով լի, ազնիվ աղքատի դաստիարակությամբ սնված ջահել տղաներ:

Այդ տարիքին հատուկ խենթությունների ինքնաբուխ, բնական դրսեւորումների վրա էլ հիմնաված էին ձեր հաշվարկները, պարոնայք, ու դուք չսխալվեցիք: Այլապես առաջնագծում նրանք չէին կանգնած լինիՙ թշնամու դիվերսիոն հարձակումների զգուշացման հույսը թիթեղյա (ժեշտի) բանկաների վրա դրած: Սահմանին աննշան շարժն անգամ արձանագրող ու ազդանշան տվող նորագույն տեխնոլոգիաներ կան, ռոբոտներ կան: Եվ ի վերջո, դա ձե՛ր խնդիրն ու գործն է, պարոնայք, մտածել, թե էլ ի՞նչ միջոցներ կանՙ զինվորի անվտանգությունն առավելագույնս պահպանելու համար: 21-րդ դարն է, Ավարայրի, Սարդարապատի կամ Մեծ հայրենականի ժամանակները չեն: Քոչվոր վաչկատուն ցեղատեսակներից կցած-կցմցած ու ազգ հորջորջվող ադրբեջանցիները մանկությանս հիշողություններում շամշադինցիների ուտելիքի մնացորդներով էին սնվում, ու ստորագրության փոխարեն թանաքոտ ցուցամատն էին դրոշմում թղթի վրա, քանի որ գրիչ բռնած չկային: Իսկ նրանց տկլոր-տկլիզ լակոտները փսլինքը լպստելով էին նայում հայ երեխաների դպրոցական հագուստին: Հիմա այդ հարթ ուղեղով տկլոր-տկլիզներն (կամ նրանց վարձած մասնագետները) ապահով տանիքի տակՙ մի կոճակով անօդաչու սարք են ղեկավարում ու նշանակետի տակ առնում տեխնիկայի դարում հույսն իր բնածին հայրենասիրության, աննկուն կամքի ու իր Աստծու վրա դրած հայ զինվորին: Մեր դպրոցականներն ու ուսանողներն իրենց տներում ռոբոտ ու թռչող սարքեր են պատրաստում, իրենց ստեղծածով ուրախանում ու գյուտերը պահում դարակներում: Ո՞ւմ ներկայացնեն, ո՞ւմ են պետք դրանք: Մեր սահմաններին կենդանի բարիկադներ են կանգնածՙ ուժեղ, խիզախ, ինքնազոհ ու ամենակարեւորըՙ ձրի: 2,5 միլիոն դոլար արժե մի անօդաչու ռմբակոծիչ սարքը, իսկ ընդհանուր համակարգըՙ 10 միլիոն: Հայ հովիվն իր որսորդական հրացանով մի հատ խփի, 2,5 միլիոնը ջուրը կընկնի: Իսկ այդ 2,5 միլիոնով մերոնք 30 հատ ծառայողական մեքենա կառնեն կամ այդ գումարը պետբյուջեից կհանեն կտան մեր ոստիկանությանըՙ սեփական ժողովրդի մեջ հասարակական կարգ պահպանելու համար: Ադրբեջանի եւ անօդաչու սարք վաճառող Իսրայելի գործարքի ծավալը կազմում է 5 միլիարդ դոլար: Սրան գումարենք Ռուսաստանի հետ գործարքների ծավալներն ու լռենք, քանի որ մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք:

Սպառազինության, ռազմական նորագույն տեխնիկայի հետ մեր բանակի կապը ծալենք, դնենք մի կողմ: Մեջտեղում մնում է մարդկային ռեսուրսըՙ քիչ, բայց որակյալ, որի շնորհիվ էլ, պարզվեց, հրադադարի պայմաններում պահպանվում էին Արցախի ու Հայաստանի սահմանները: Եթե քառօրյա պատերազմը չլիներ, չէինք էլ իմանա իսկությունը: Չէինք իմանա, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվո՛րն է միայն մարտունակ, մութ ու ցուրտ տարիներին ծնված, երեկոյան սոված անկողին մտած, ուսման վարձի պատճառով համալսարանը թողած ու իր ութնամյա կրթությամբ պաշտոնյա հարեւանի օբյեկտում մինչեւ զորակոչվելը բանվորություն արած զինվորի: Գիտեինք, որ Արցախի վտանգավոր զորամասերում չգիտես ինչու եւ ճակատագրի ինչ հեգնանքով ծառայության են գնում մեր հարեւան-ծանոթ- բարեկամներից ամենաանապահովների երեխաները: Այո, երեխաները, որովհետեւ նրանց բեղ-մորուքն անգամ ծլած չի: Պատկան մարմիններն ասում ենՙ վիճակահանություն ենք անում, ով որտեղ քաշեց, այնտեղ էլ գնում է ծառայելու: Ոմանք ի սրտե հավատալով, մյուսներըՙ քմծիծաղով ու թերահավատորեն, բայց համակերպվում էին, նստում Ղարաբաղ տանող ավտոբուսներն ու հարազատների սրտերն ահ ու դող գցելովՙ հայդե՜ սահման, առաջին գիծ:

Պատերազմն ու ուռա՜-ներն ընդամենը 4 օր տեւեցին: Հինգերորդ օրը հրադադար-պատերազմը շարունակվեց, ուռա՜-ներն օդում ալիքվեցին ու փշրվեցին ոտքներիս առաջ: Շարունակվեց նաեւ մի նոր սկսված պատերազմՙ ինքներս մեզ հետ: Հանրությունն այս օրերին խռովք է ապրում. ցավ, արդարության պահանջ, ոտնահարված արժանապատվություն, անխնա, մինչեւ վերջ օգտագործվածի ու լքվածի վիրավորանք, խաբվածի հիասթափություն, բայց եւ այլեւս չլռելու հաստատակամություն: Մեր բանվորագյուղացիական դասակարգի որդիներից կազմված բանակը չլսված ու չտեսնված դասեր տվեց թե՛ թշնամուն, թե՛ յուրայիններին: Կրած կորուստները թշնամու համար բնական էին, իսկ այն, ինչ մենք ենք կրում հիմա... եթե Աստված էլ մեզ ների, մենք ինքներս մեզ չենք ների: Ինքներս մեզ չենք ների, որովհետեւ լույսի պես պարզ դարձավ, որ զինվորի հավաքական կերպարը ընչազուրկ, վարկերի տակ ճկռած հայ ընտանիքում արժանապատիվ դաստիարակություն ստացած մինուճարն է: Ինքներս մեզ չենք ների, որովհետեւ մի հոդվածով կամ տեսանյութով անդրադարձել ենք դիրքերում վիրավորված զինվորի բուժօգնության խնդիրներին ու այդքանով մեր անելիքն ավարտած համարել: Իսկ հետո ի՞նչ է եղել այդ զինվորը, մե՛ր զինվորը, հաշմանդամ դառնալուց հետո ինչպե՞ս է շարունակել ապրել. ծալել-դրել ենք մի կողմ, անցել մյուս հարցերին: Այնինչ մեր բանակն սկսվում է այն անկյունից, որտեղ ապրում է, այն մահճակալից, որտեղ քնում է պոտենցիալ զինվոր հայ պատանին: Մեր բանակն սկսվում է այն դրամապանակից, որի պարունակությունը հերիքում է մինչեւ ամսի 5-ը, այն երազանքներից, որոնց հասնելու համար մեր զինվորը դեռ պիտի ծառայությունն ավարտի, այնքան բախտավոր լինի, որ ողջ-առողջ վերադառնա տուն ու մինչեւ հարյուր տարեկանն աշխատի ...ու էլի երազի:

Գիտեինք, բայց համոզվեցինք, որ հայ զինվորի հավաքական կերպարն ուղիղ համեմատական է ծայրաստիճան աղքատությանը: Աղքատություն, որ դուք «կերտեցիք», այնքա՜ն հաճույքով ու ջանասիրաբար: Ու հիմա արդեն չեք կարող արդարանալ, թե բանակի համար զենք էիք առնում, դրա համար էիք աղքատաշինությամբ զբաղված: Գիտեինք, բայց համոզվեցինք, որ գյուղացու զավակ մի հատիկ հայ զինվորի մարդկային նկարագիրն ու մարտական ոգին ավելին են, քան Սմերչը, Իսկանդերը, անօդաչու սարքն ու ձե՛զՙ միասին վերցրած:

Իրավունք չունեք այս հաղթանակը ձերը համարելու, քանի որ դուք ձեր իսկ կամքով ու ծրագրված գործունեությամբ 30 տարի օտարել եք ձեզ մեզնից: Դուք հայ ազգի «այլազգին» եք, պարոնա՛յք: Այս հաղթանակը հայ ազգինն է ու ձե՛րՙ «այլազգիներիդ» պարտությունը: Այս հաղթանակում ձեր միակ ներդրումը հաղթող զինվորին պարտության մղելն էր, ինչը հանգեցրեց ձեր սմերչական պարտությանն ու իսկանդերային ամոթին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.