AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 8292, Տպվել է` 645, Ուղարկվել է էլ.փոստով` 635

ԱՅՆ, ԻՆՉ ՉԼՈՒԾԵՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս քանի օրը արցախադրբեջանական շփման գծից ստացվող լուրերը կրկին ռազմաճակատային ամփոփագրեր են հիշեցնում: Ադրբեջանը գնդակոծում եւ հրթիռակոծում է շփման գծին մոտիկ բնակավայրերը, Մարտակերտի բնակելի թաղամասերը բավական տուժել են արկակոծություններից, հրետակոծության է ենթարկվել Մատաղիսը, զինծառայողներից ունենք զոհ` Հայկ Մինասյանը, երեք վիրավոր: Պաշտոնապես դեռ չեն հաստատվում այն լուրերը, որ ԼՂ պաշտպանության բանակի ուժերը հետ են վերցրել ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմում կորցրած դիրքերից մեկը, սակայն ասվում է, որ պաշտպանության բանակը հակառակորդի հրետակոծություններին ի պատասխան պատժիչ գործողություններ է իրականացնում, «հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ եւ օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»:

Զուգահեռ` Հայաստանում տեղի են ունենում բաներ, որոնք պատերազմի համապատկերում առավել սուր են ընկալվում եւ տարբեր մեկնաբանությունների արժանանում: Ասենք` բանակի վերաբերյալ փակ եւ բաց տարբեր քննարկումներում տարիներ շարունակ առաջ էր քաշվում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության հարցը, մատնանշվում էին չներդրման պատճառները, բայց հետեւություններն ուշանում էին, ավելին` մի տեսակ անհոգություն կար եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով, երբ պատերազմի վտանգը միշտ էլ առկա է եղել:

Անձամբ ես հիշում եմ ԱԺ այն լսումները, ուր ՏՏ անվտանգության մասնագետ Կարեն Վարդանյանը դեռ տարիուկես, երկու տարի առաջ ասում էր, որ գիտնականները բոլոր անհրաժեշտ նախագծումներն արել են, բայց պաշտպանական գերատեսչության տարբեր պատասխանատուներ տորպեդահարում են նոր տեխնոլոգիաների ներդրումները, նախ` ֆինանսական ռեսուրսների բացակայության, բայց որ էլ ավելի ցավալի է` գիտնականների ու բանակային պաշտոնյաների փոխադարձ անհասկացողության, բանակում դրանք ներդնող մասնագետների պակասի ու այլ պատճառներով: Սա ե՛ւ մամուլն է գրել, ե՛ւ բանակի ու ԱԺ առաջին դեմքերի ներկայությամբ է ասվել այս մասին, բայց բարձրագույն ղեկավարությունը չի շտապել հետեւություններ անել: Իսկ այժմ, երբ չորսօրյա պատերազմում զոհեր մեծ թիվ ունեցանք, հանրությունը կրկին վերադարձավ այդ պահանջներին եւ պատասխանատվության խնդրին` ՊՆ համապատասխան կառույցների ղեկավար զինվորականների հեռացումը հենց այդ տրամաբանության մեջ էլ ընկալվեց, որպես հանրության ներկայացրած հարցադրումների արձագանք: Բայց մի՞թե այն, որ որ զինվորականության մեջ եւս կային ոչ կոմպետենտներ, կաշառակերներ, կամ աշխատանքը ձախողած մարդիկ, մինչեւ այժմ ոչ մի կերպ վերեւներից չէր երեւում, ու հանկարծ պատերազմի հրթիռների լույսով լուսավորվեց ամեն բան: Ու հաստատ միայն նյութատեխնիկական մատակարարման գծով պատասխանատու պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, հետախուզության եւ կապի գծով պատասխանատու պաշտոնյաներ Արշակ Կարապետյանն ու Կոմիտաս Մուրադյանը իրենց առանձին կառույցով չէին կարող աշխատանք ձախողել, քանի որ ռազմական, պաշտպանական ոլորտն ամբողջական օրգանիզմ է: Միթե հնարավոր չէր ավելի բարձրից նկատել այն սաբոտաժը, որի մասին Կարեն Վարդանյանն էր ասում հենց չորսօրյա պատերազմն հաջորդող առավոտյան կամ ավելի վաղ, ԱԺ քննարկումների ժամանակ: Կամ` ո՞վ կարող է ինքնագլուխ սաբոտաժ անել` ուղղաձիգ հարաբերությունների հայաստանյան իրողությունների պայմաններում: Հակառակը սուբորդինացման բացակայությունն է կամ իրավիճակին չտիրապետելը: Իհարկե, չէինք ուզենա գնալ հասարակության մեջ առկա պրիմիտիվ վրեժխնդրության կրքերը գոհացնելու ճանապարհով, սա ոչ մի լավ բանի չի բերի, երբ մի խոսք դեռ կարգին չլսած` ամբողջ ուժով հարձակվում են ասողի վրա, վերջում միայն հիշելով ասվածի բովանդակությանն անդրադառնալու անհրաժեշտությունը, եւ ոչ էլ կարծում ենք, թե պաշտոնանկություններն ինքնին հարց կլուծեն, եթե մոտեցումները չեն փոխվելու (մթնոլորտ միգուցե կփոխեն): Սակայն համոզված ենք, որ մոտեցումները փոխել հարկադրված են բոլորը, սա հարկադրում է արդեն առարկայական պատերազմը: Այն, ինչ առաջ խաղաղության ժամանակ չի ըմբռնվել, կամ անուշադրության ու ծուլության է մատնվել, հիմա չի կարող մնալ նույն հարթության մեջ: Սա չըմբռնելն ինքնասպանությանը համարժեք գործելակերպ է երկրի կառավարման բոլոր շերտերում, սա չըմբռնողները թող չնեղանան անսպասելի վրա հասնող պատժից:

Հիմա անգամ խոսք կա այն մասին, որ կառավարությունը կարող է էապես փոխել իր դեմքը:Հայերս երեւի սպասում ենք միշտ դանակը ոսկորին հասնելուն: Չնայած` վարչապետն Ազգային ժողովում ասում էր, թե ամբողջովին վերակառուցելու են կառավարության ծրագրերն` ըստ նոր իրավիճակի թելադրանքի: Կամ` որ տարիներ ասվում էր, թե մեր բանակն արդիականացնելու համար միջոցներ են պետք, ու ոչ ոք չէր ընկալում, ոչ մեկի պետքը չէր, բոլորը զբաղված էին իրենց տենդերներով, իրենց գերշահույթներով, իրենց «ատկատներով», առավելագույնը` եկեղեցի կառուցելով: Ոչ ոք չէր հիշում, որ անապահով խավի զավակներն են կանգնած մեր սահմաններում, ոչ ոք չէր հիշում, որ պաշտոնյաների զավակները չեն ծառայում բանակում, ոչ ոք խիզախ օրինակ չէր ցույց տալիս` ռազմական կարիքների համար կլորիկ գումար նվիրաբերելով: Հիմա հանկարծ բոլորը լուսավորվեցին, անգամ խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն է կոչ անում պատգամավորաական աշխատավարձից որոշակի գումար փոխանցել ռազմական կարիքների եւ զինծառայողների ընտանիքների համար: Է, լավ, քսան երկարուձիգ տարի եւ ավելի խաղաղություն է եղել, ինչու համակարգված ու ծրագրային ձեւով առկա խնդիրները չէիք լուծում, երբ տեղատվություն էր: Հիմա արդեն մակընթացության ալիքը կգա ու կտանի բոլորին միասին` եւ «ատկատ» անողներին, եւ պատգամավորական «չոր» աշխատավարձ ստացողներին: Հանկարծ ու պարզվեց, որ այս երկրի քաղաքացների գերակշիռ մասն այնքան աղքատ է, որ եթե մի բուռ հարուստները բանակին օգնելու համար իրենց ոսկե դղյակները վաճառքի դնեն, ոչ ոք չի կարող դրանք գնել, գնորդ չի գտնվի, սա է մեր բեւեռացման ողբերգական կոմիզմը: Բոլոր դեպքերում` լավ է ուշ, քան ավելի ուշ: Ընդհանրապես` հանրության գիտակցությունն ապրիլյան առաջին օրերից հետո այնպես է փոխվել ու շարունակում է փոխվել, այնպես զգայուն ու զգացմունքային է ընկալվում ամեն ասված խոսք, որ հիմա վերեւներին մնում է ուղղակի զսպել իրենց, ավել-պակաս մեկնաբանություններ չտալ, ավելորդ կրքեր չբորբոքել. այն, ինչ ներվում էր երկար տարիներ, այժմ կարող է չներվել եւ ոչ մեկին, Հերմինե Նաղդալյանի ասած անզգույշ կամ ինչպես ինքն է ասում` համատեքստից կտրված մեկնաբանության բուռն հակազդեցությունը ձեզ օրինակ: Ստիպված ենք այս էլ երկրորդ անգամ մեջբերել ՀՀԿ-ական նոր սերնդի թեւից Սամվել Ֆարմանյանին, ով հենց երեւի իշխանությանը եւ իր կուսակիցներին նկատի ունի, որ ասում է. «Քաղաքական ուժերն անհամարժեք են ժողովրդի որակներին, սեփական կյանքով վճարող զինվորն իրավունք ունի ակնկալելու, որ մեր քաղաքական համակարգն արժանի լինի վճարված արյան գնին, պետք է արագ, խիզախ, աննախադեպ ու համապարփակ հետեւություններ արվեն»:

Իրադրությունն ամեն օր փոխվում է

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածած նամակով Ադրբեջանը փաստորեն դեռ ապրիլի 14-ին էր չեղյալ համարել 1994-ի զինադադարի համաձայնագիրը, այսինքն` դե ֆակտո պատերազմ հայտարարել հայկական զույգ պետություններին: Մեր երկրի առաջին դեմքերը գիտեին այս մասին, եւ նրանց բոլոր գործողությունների հիմքում այս փաստը պիտի որ հաշվի առնված լիներ:Մեր ԱԳՆ-ն այս նամակին հակադարձեց միայն երեք օր առաջ, նշելով, որ Հայաստանը ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը եւ իրականացնելու է անհրաժեշտ քայլեր` ԼՂ եւ նրա բնակչության անվտանգության ապահովման համար: Իսկ դրանից առաջ էլ, ապրիլի 23-ին նախագահ Սարգսյանը «Բլումբերգ» ամերիկյան գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, թե մինչեւ 1994 թվականի զինադադարի պայմանագրին վերադարձ չլինի` բանակցություններից խոսելն անիմաստ է, պատերազմն ու բանակցությունները զուգահեռ հնարավոր չեն:

Կարեւոր շեշտադրում էր նաեւ այն, դրա մասին շատ գրվեց, որ ըստ Ս. Սարգսյանի` այս պահին ռուս խաղապահների տեղակայումն Արցախում հնարավոր չէ, եւ որ` ամեն պահ կարող է պատերազմ վերսկսվել (սա արդեն տեսանք այս քանի օրը):

Նա խոստովանել է, որ ոշ ոչ ռազմավարական նշանակության տարածքներ էինք կորցրել չորսօրյա պատերազմում: Առավել սենսացիոն էին նրա բացահայտումները Կազանյան փաստաթղթի մասին: 2011 թվականին Կազանում Հայաստանը, պարզվում է այդ հարցազրույցից, կողմ է եղել հինգ տարածքից դուրս գալուն եւ այնտեղ խաղաղապահներ տեղակայելուն` ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հստակեցումն անորոշ ժամանակի մեջ թողնելով: Սա խոստովանենք, հայկական կողմի համար ամենաանցանկալի տարբերակն է, քանի որ անվտանգության երաշխիք չստանալով, տարածքները կորցնելուց եւ Արցախի կարգավիճակը հստակեցնելու հանրավորությունից անորոշ ժամանակով զրկվելուց հետո հո Ադրբեջանն իր դեմքը չէր փոխելո՞ւ, ամեն ինչ անելու էր Ղարաբաղում վատագույն սցենար իրականացնելու համար: Արդյո՞ք երբեւէ հայկական կողմը համաձայնել է սրան, որ խոսում ենք այն մասին, թե Ադրբեջանը չի համաձայնել, չէ որ տարածքային զիջումների մասին տեսակետ հայտնած Տեր-Պետրոսյանին ժամանակին հրաժարական պարտադրվեց, թե՞ դա դիվանագիտություն է:

Մինչ այդ` Լավրովի այցի շատ մանրամասներ անհայտ մնացին, հայտնի դարձավ մի երկու նրբերանգ, օրինակ, որ շփման գծում տեղի ունեցող հետաքննության մեխանիզմների ներդրումը Ռուսաստանը տալիս է այժմ ԵԱՀԿ-ում նահագահող երկիր Գերմանիային (էրդողանի այս կցորդի՞ն): Լավրովի վերջին այցից, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ մեզ ինչ-որ կարգավորման պլան առաջարկելը հարմար չէ, քանի որ հակառակորդն այլեւս որեւէ պայմանավորվածություն չի պահում, Լավրովն էլ դա հասկացել էր, այդ մասին էլ շեշտել էր նախագահ Սարգսյանը:

Իսկ որ նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը խնդրահարույց կետեր է տեսել Սարգսյանի հարցազրույցում, հատկապես այն, որ հայկական կողմը պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները, սա էլ բնական է, քանի որ Օսկանյանը կարող է չտիրապետել այն տեղեկատվությանը, որին նախագահ Սարգսյանն է տիրապետում, մանավանդ` Լավրովի հետ հանդիպումից հետո: Այո, կարող են լինել այնպիսի մանրամասներ, որոնք ընտրություն չեն թողնում հայկական կողմի համար, սակայն այդ մանրամասներին հանրությանը տեղյակ պահելը ավելի կամրացներ Հայաստանի ղեկավարության մեջքը, քան թե` ընդհակառակը: Մի հարցում կարելի է համաձայնել Օսկանյանի հետ` Կազանում 2011-ին համաձայնելը հինգ շրջանների վերադարձին` անորոշ ապագային թողնելով Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցման հարցը, իսկապես անընդունելի է, եւ Հայաստանն ու Արցախը, համենայնդեպս երկու պետությունների հանրությունները, երբեք նման բանի պատրաստ չեն եղել:

Ըստ Հայաստանի նախագահի` որպեսզի բանակցությունները վերսկսվեն, նախ Մինսկի համանախագահները պետք է վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն, հետաքննության մեխանիզմները ներդնելուց հետո` հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը, եւ այդպիսի խախտումների չկրկնման երաշխիքներ պետք է լինեն. «Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները, երբ այնտեղ բանակցություն սկսենք, զինվորականներն այստեղ պատերա՞զմ. որտեղ եք այդպիսի բան տեսել» :

Հիմա, այս բոլորից հետո, երբ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը հայտարարում է, թե իրենք աշխատում են Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման վրա, գործընթացների որոշակի անսինքրոնությունն ակնհայտ է դառնում: Ո՞վ է «սինքրոնից ընկել» (հեռուստատեսության լեզվում սա նշանակում է ձայնի ու գործողության անհամապատասխանություն)` համանախագահնե՞րը, մեր երկրի ղեկավարությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ էլի ինչ-որ հանգամանքներ կան, որ ոչ ոք չգիտի, կամ առնվազն` գիտի Վարդան Օսկանյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե անընդունելի է բանակցություններից հրաժարումը: Բայց որ ղարաբաղյան խաղաքարտը ոչ միայն հայկական զույգ հանրապետությունների թիվ մեկ կենսական խնդիրն է, այլ նաեւ իշխանության պահպանման կամ զիջման թիվ մեկ գործոնը, սրանում կասկածողին եւս մեկ անգամ պետք է հիշեցնել Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ Քոչարյանի այն խոստումը, որ ինքը քաղաքականություն կվերադառնա, երբ սպառնալիք տեսնի ղարաբաղյան հարցում:

Իսկ Ս. Սարգսյանն ասում է, թե քառօրյա պատերազմից հետո, երբ բոլորը գիտեն` ով է նախահարձակ եղել, կոռեկտ չէ հայկական կողմին բանակցություններ առաջարկելը: Այնուամենայնիվ` շփման գծի այս օրերի նոր լարումից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մատնանշելով կայունության վերականգնման անհրաժեշտությունը, կրկին առաջ է քաշել բանակցային գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը: Իհարկե` առանց մատնացույց անելու հրադադարը խախտող կողմի հասցեն: Նույն տիպի մի անատամ հայտարարություն էլ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոներն է արել, էլի մատնացույց չանելով ագրեսորին, շփման գծի բռնությունն անհասցե դատապարտելով եւ խաղաղ գործընթացի վերադարձի ցանկություն հայտնելով, քանի որ, ըստ նրա, ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մինչդեռ միջազգային կառույցների այս երկդիմի պահվածքից ոգեւորված Ալիեւն այնքան է երես առել, որ անօդաչու է ուղարկում անգամ Տավուշի սահմանամերձ հայկական գոտի:

Համենայնդեպս` այս օրերին բազմիցս քննադատված Էդվարդ Նալբանդյանը, ըստ որի ԱԳՆ ծավալած աշխատանքը ոչ ամբողջապես է հրապարակելի, Ադրբեջանի` շփման գծում սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ միջազգային ատյաններում անտեղյակ ձեւանալու մասին Հայաստանի խորհրդարանում նշել է. «Այդ անտեղյակներին ուզում ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի եւ Ադրբեջանին վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ միայն հնարավոր կլինի շարունակել բանակցությունները»: Նա միաժամանաակ համոզված է, որ չկա այնպիսի պատերազմ, որից հետո չվերադառնան բանակցությունների, այնպես որ` Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների: Մանավանդ` Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մատնացույց է արել գիծը` հիմա բանակցությունները պետք է սկսել զրոյից:

Իսկ Վարդան Օսկանյանին ու նրա ընդդիմախոսությունը քաղաքական հարթության վրա էլ կարելի է հասկանալ` նա այս երկու օրը «Համախմբում» անունով կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց` «նպատակ ունենալով լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա», նոր քաղաքական բեւեռ ձեւավորելու. է՛, ազդելու ավելի լավ գործիք, քան ղարաբաղյան խաղաքարտն է, մինչեւ հիմա որեւէ մեկը հայտնագործե՞լ է Հայաստանում, իսկ եթե նրա ստեղծած ուժի հետեւում Քոչարյանն է` առավելեւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.