AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



ԱԿՆԱՐԿ

Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 6342, Տպվել է` 607, Ուղարկվել է էլ.փոստով` 605

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԹՍԱՅՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մաս երկրորդ

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների անկյունաքարը Ադրբեջանն է: Այնքան ժամանակ, որ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցի լուծումը չի կարգավորված, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարող բարելավվել:(*) 1994 թվից հետո, երբ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ փխրուն մի հրադադար հաստատվեց կողմերի միջեւ, Մ. Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ Մինսկի խումբն էր, որ 1996 թ.ից սկսյալ ստանձնել է հարցի կարգավորման խնդիրը: Արտաքնապես, թվում է, թե համանախագահները միակարծիք են, սակայն մինչեւ այժմ կարգավորման ոչ մի համապատասխան ձեւաչափ չգտնելը հուշում է այն մասին, որ ընդգրկված կողմերն ունեն հակասական շահեր եւ օրակարգեր: Մինչ օրս ներկայացված իրավական ձեւաչափը Մադրիդյան սկզբունքներն են, որոնք կոչ են անում Ղարաբաղի ինքնորոշման ճանաչմանըՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդհանուր հասկացության շրջանակներում: Նույնիսկ Ռուսաստանի եւ Իրանի նման Հայաստանի բարեկամ երկրներն են պաշտպանում տարածքային ամբողջականության սկզբունքը:

Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղն իր անկախությունը ձեռք է բերել այդ ժամանակ դեռեւս գործող խորհրդային սահմանադրության այն նույն հոդվածի հատկանիշներով, որոնցից օգտվել է Ադրբեջանն իր անկախությունը հռչակելու համար: Նաեւ հիմնվելով պատմական այն փաստի վրա, որ Ղարաբաղը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքի, նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում: Այն եղել է ինքնավար մարզՙ Ադրբեջանի վարչական իրավասության ներքո, գրեթե նման Նախիջեւանի ինքնավար հանրապետության:

Հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրաՙ Ադրբեջանը Անկարայի առջնորդությամբ ու հովանավորությամբ եւ իսլամական պետությունների զորակցությամբ, կարողացավ հակահայկական չորս բանաձեւեր անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Շփման գծում հրադադարի պայմանավորվածությունը խախտվում է ամեն օր, եւ ԵԱՀԿ-ի կողմից ընդհանուր նկատողություններն ուղղվում են երկու կողմերին, առանց հաշվի առնելու մարտադաշտում առկա փաստերը: Ադրբեջանը սպառնում է հակամարտությունը կարգավորել ուժային միջոցներին դիմելով, եւ նախագահ Ալիեւը կարծես չի բավարարվում Ղարաբաղի եւ հարակից յոթը շրջանների վերադարձով միայն, այլ պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ «եղել է պատմականորեն ազերի տարածք»: Լարվածության թեժացումը ապրիլի սկզբներին վառ ապացույցն էր Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների: Ամեն անգամ, որ Ադրբեջանը փորձում է մոտիկանալ Մոսկվային, Անկարան մի նոր խայծ է լարում նրա համարՙ օգտագործելով հայկական գործոնը:

Երբ Վրաստանը անկախություն ձեռք բերեց, նրա տարածքում ապրում էին 400 հազար հայեր, որոնց կեսըՙ հայկական պատմական Ջավախքի շրջանում: Թբիլիսիի կենտրոնական վարչակարգերը ուղղակի եւ անուղղակի միջոցներով միշտ էլ փորձել են այդ հայկական շրջանը պարպել հայերից: Մի ժամանակ նույնիսկ մեցխեթյան թուրքերին նրանք հրավիրեցին կենտրոնական Ասիայից գալ եւ տեղավորվել Ջավախքում: Թբիլիսիի իրարահաջորդ կառավարությունները նաեւ տնտեսական եւ քաղաքական ճնշումների միջոցներ որդեգրեցին ստիպելու համար հայերին լքելու իրենց պատմական բնօրրանը: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլու իշխանության օրոք այդ անողոք քաղաքականությունը պատճառ դարձավ, որ երկիրը կորցնի Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Թբիլիսիի կառավարությունը համագործակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեկուսացնելու համար Հայաստանը բոլոր տեսակի տնտեսական զարգացման ծրագրերից: Էներգամատակարարման խողովակաշարերն ու երկաթուղային հաղորդակցության գծերը նախագծվում են շրջանցելով Հայաստանին:

Վրաստանը հստակեցրել է իր մտադրությունները: Նա ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Բայց Արեւմուտքը զգուշավոր է, է՛լ ավելի չբարդացնելու համար խնդիրները Ռուսաստանի հետ:

Որպես առաջին քայլ, Վրաստանը համաձայնել է իր տարածքում հյուրընկալել թուրքական ռազմական բազայի տեղակայումը: Այդ ծրագիրը առավել նպաստավոր է լինելու Թուրքիայի համար, որպեսզի առաջ տանի իր պան-օսմանյան ծրագրերը, քան Արեւմուտքի համար: Թուրքական փողերը հեղեղում են Վրաստանը: Աջարիայի շրջանը, մասնավորապես, գտնվում է Թուրքիայի անմիջական վերահսկողության ներքո:

Վերջերս Ջավախքից քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն էր մի կոչ հրապարակել, որի վերնագիրն էր «Ո՛չ Վրաստանի թուրքացմանը»:

Հաշվի առնելով, որ Վրաստանը ամենահարմար գլխավոր ելքն է դեպի արտաքին աշխարհ, Հայաստանը ստիպված է հանդուրժել բոլոր տեսակի քաղաքական վիրավորանքները:

Իրանը միակ երկիրն է, որի հետ Հայաստանը չունի որեւէ տարածքային խնդիր: Նրա հանդեպ կիրառված պատժամիջոցների վերացումով, որոշ տնտեսական ծրագրեր սկսել են վերագործարկվել: Դրանց թվում են հիդրոէլեկտրական ջրամբարի եւ երկաթգծի կառուցումը: Վերջինս իրագործվելու է Չինաստանի ֆինանսավորմամբ:

Էլչիբեյի վարչակազմի օրոք, Բաքվի կառավարությունը սպառնում էր նվաճել եւ իրեն կցել Իրանի տարածքում գտնվող հյուսիսային Ադրբեջանի նահանգը, որտեղ մոտավոր հաշվարկներով ապրում են 25-30 միլիոն ազերիներ: Այս ծրագիրը ձեռնտու էր Արեւմուտքին, քանի որ նպաստելու էր հզոր Իրանի մասնատմանը:

Իսրայելն ու Արեւմուտքը երկար ժամանակ է, ինչ ծրագրում էին Ադրբեջանի տարածքը օգտագործել որպես ցատկատախտակՙ Իրանի վրա հարձակվելու համար, սակայն վերջերս ստորագրված միջուկային պայմանագիրը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ եւ Իրանի մարտավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ խափանեցին այդ ծրագրի գործադրումը:

Ներկայիս Հայաստանը փորձում է բարելավել իր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ էլ սրվելու ենթակա են, մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» քաղաքական բանաձեւի շարունակական կրկնությունը:

Կասպիական ավազանը նույնպես կռվախնձոր է դարձել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Ռուսաստանն էլ ներառված է այդ հակամարտությունում: Դեռեւս չլուծված հարց է մնում Կասպից ծովի կարգավիճակը. լի՞ճ է այն, թե՞ ծով: Միայն այդ հարցի վերջնական պատասխանը կարող է ապահովել միջազգային օրենքի համապատասխան կարգավիճակ: Ադրբեջանը մի ժամանակ սկսեց հետազոտել ավազանի չկարգավորված ջրերում գտնվող գազի պաշարները, բայց դադարեցրեց հետազոտությունները հենց որ Իրանն իր ռազմանավերը ուղարկեց տարածաշրջան:

Հայ-իրանական հարաբերությունների հիմքում, բարեբախտաբար, չկան նման լարվածություններ:

Հայաստանի ապագան

Այնքան ժամանակ որ Ռուսաստանի պարագծում է գտնվում, Հայաստանը դիմակայելու է այն բոլոր սպառնալիքները, որոնք ուղղված են Ռուսաստանի եւ տարածաշրջանում նրա շահերի դեմ:

Հակառակ դիմագրաված ռիսկերին, Հայաստանը համապատասխան տնտեսական օգուտ չի ստանում: Գլխավոր կամ էական օգուտը անվտանգությունն է այդ վտանգավոր շրջապատում:

Մեր օրերում Հայաստանի առաջ ծառացած ամենահրատապ խնդիրը բնակչության արտագաղթն է: Առաջնահերթություններից ամենակարեւորը հասարակ ժողովրդի վիճակի բարելավումն է, այն էլ շտապ բարելավումը: Դա իր հերթին հույս է առաջացնելու ապագայի հանդեպ:

Անկախության առաջին տարիներին, հակառակ լույսի, ջեռուցման եւ հացի սակավությանը, ժողովուրդը վառ հույսեր ուներ ապագայի նկատմամբ: Կարծես լույսի, ջեռուցման եւ առատության պայմաններում այդ հույսը անհետացավ:

Միայն ժողովրդի կյանքի բարելավումը կարող է դադարեցնել արտագաղթի հոսքը եւ հուսադրել ժողովրդին դեպի ավելի լավ ապագա:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

*) Խմբագրությունս համաձայն չէ այս մտքին. Թուրքիան թույլ չի տալու ղարաբաղյան հարցի կարգավորում: Իսկ եթե երբեւիցէ թույլ տա` ապա նոր հարցեր է առաջ քաշելուՙ նորանոր հակամարտություններ հրահրելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.