AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 11138, Տպվել է` 524, Ուղարկվել է էլ.փոստով` 486

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԱԾ Տ-90 ՏԱՆԿԻ «ՈԴԻՍԱԿԱՆԸ»

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

2014 թվականի օգոստոսի 4-ից 16-ը Ռուսաստանի բանակի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն» ամենամյա միջազգային մրցույթին 12 պետությունների, այդ թվումՙ 2 ռազմական գերտերությունների (Ռուսաստան, Չինաստան) շարքում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները: Փայլուն հաղթանակՙ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքականՙ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էինք մրցանակՙ մեկ միավոր Տ-90Ս տանկ: Ի տարբերություն մրցույթին մասնակցող մյուս բոլոր պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաեւ ժամկետային զինծառայողներից:

Ընդ որում, հայերն իրենցից առաջ թողեցին միայն ռուսներին... Այն էլ հայտնի չէՙ թե մրցույթը Ռուսաստանում չլիներ եւ ՌԴ ՊՆ-ն կազմակերպած չլիներ, արդյո՞ք Ռուսաստանի թիմն առաջին տեղը կզբաղեցներ...

Ինչեւիցէ: Որպես մրցանակ մրցույթի կազմակերպողն ու հյուրընկալըՙ ՌԴ պաշտպանության նախարարությունը Հայաստանը ներկայացնող տանկային անձնակազմին տվեց հավաստագիր, ըստ որիՙ Հայկական կողմը ստանալու էր մեկ միավոր S-90Ս տանկ: Նշենք, որ Տ-90 տանկը Տ-72Բ տանկի խորը արդիականացված տարբերակն է, որը համարվում է աշխարհի ամենաարդիական եւ ամենաշատ վաճառվող տանկերից մեկը: Տ-90Ս-ը դրա արտահանման տարբերակն է, իսկ Տ-90Ա-նՙ ՌԴ բանակի սպառազինության մեջ գտնվող տարբերակը... Արտահանման գինըՙ մոտ 114 մլն ռուսական ռուբլի...

2014 թվականի օգոստոսին կայացած մրցույթից հետո բազմաթիվ շաբաթներ ու ամիսներ էին անցել: Եկել էր 2016 թվականը... Եվ ՀՀ Զինված Ուժերը անգամ Քառօրյա պատերազմի ժամանակ դեռ չէին ստացել մրցանակըՙ Տ-90Ս արդիական մարտական տանկը...

Ակնհայտ է, որ թե՛ մեր ռուս դաշնակիցները, եւ թե՛, կցանկանայի սխալված լինել, բայց նաեւ հայկական պատկան մարմինները, չեն շտապել մեզ հասանելիք արդիական մարտական տանկը Հայաստան հասցնելու հարցում:

Իրավամբ մեզ պատկանող Տ-90Ս տանկը դաշնակից Ռուսաստանից Հայաստան ժամանեց միայն 2016թ. ապրիլի 27-ին... Այսինքնՙ Ուրալի Նիժնի Տագիլի տանկային գործարանից (պաշտոնապես կոչվում է «Ուրալ վագոն զավոդ») մինչեւ Երեւան նրա «ոդիսականը» տեւել է շուրջ 20 ամիս...

ԶԼՄ-ներում նույնիսկ զարմանալի տեղեկություններ կան, որ այդ տանկը ՌԴ ՊՆ-ն շտապ ՀՀ է ուղարկել ի պատասխան հայկական լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցման...

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, թե «Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը»: Ապա շեշտել է, թեՙ «Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին եւ կհամալրի զինված ուժերի սպառազինությունը»:

Բայց եթե անգամ տանկը ՀՀ է առաքվել հայկական պետական պատկան մարմինների ջանքերով, այսինքնՙ նրանց հարցում(ներ)ից ու պնդում(ներ)ից հետո, ապա որոշ հարցեր են առաջանում:

Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Արդյո՞ք մրցույթից անմիջապես հետո եւ հետեւողականորեն, ու պարբերաբար հայկական կողմը մրցանակը ստանալու պահանջով երբեք չէր դիմել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը:

Ինչո՞ւ էին սպասում մինչեւ 2015թ. դեկտեմբերը... Մի՞թե ավելի վաղ արտադրված որեւէ Տ-90Ս տանկ չկար...

Ինչո՞ւ չարագացրեցին տանկի ՀՀ տեղափոխվելը հենց անմիջապես 2015թ. դեկտեմբերին, նրա արտադրության օրվանից հետո... Ի դեպ, կոնկրետ արտադրության օրը չեն հայտնել...

Բոլոր պարագաներում, եթե անգամ 2015թ. դեկտեմբերի 31-ին սկսեր իր ճանապարհը դեպի Հայաստան, ապա արդյո՞ք 4 ամիս կպահանջեր տանկի Երեւան հասնելը...

Արդյո՞ք Տ-90Ս արդիական տանկը պետք չէր գա հայկական կողմին մինչեւ 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմըՙ ուսումնասիրելու համար այդ մարտական հզոր տեխնիկայի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Չէ՞ որ հայտնի էր, թե ադրբեջանական բանակն ունի հարյուրավոր տանկեր, այսինքնՙ հարձակողական ծանր ռազմական տեխնիկա. որոշ տվյալներովՙ ադրբեջանական բանակի ավելի քան 600 միավոր տանկերից շուրջ 100 կամ ավելի միավորը Տ-90 արդիական տանկեր էին... Այսինքնՙ եթե շտապեինք ստանալու մեզ հասանելիք Տ-90-ը, ապա ավելի շատ ժամանակ կունենայինք գոնե հակատանկային միջոցների անձնակազմերին համապատասխան գործնական դասընթաց անցնելուՙ Տ-90 տանկերի դեմ պայքարելու մարտավարությունն ուսումնասիրելու եւ մշակելու համար... Ուրեմն պետք էր րոպե առաջ ստանալ Տ-90 տանկը, գոնե նրա պրակտիկ շահագործման եւ ուսումնասիրման նպատակով... Չէ՞ որ բազմաթի՜վ ամիսներ առաջ մեր տանկիստ զինվորների հաղթանակով ոգեւորված հայկական պաշտոնյաները հայտնում էին, թե մեր տանկիստների շահած մրցանակը կուսումնասիրե՛ն, որ հասկանանՙ ի՞նչ թերություններ կամ ի՞նչ առավելություններ ունի, որ մշակե՛ն հակառակորդի ունեցած Տ-90Ս տանկերի դեմ պայքարի ճիշտ մարտավարություն, գտնե՛ն խոցելի կողմերը: Ի դեպ, շատ գրագետ եւ խելացի մոտեցում կլիներ...

Վերոհիշյալից բխում եւ բոլորիս կամ գոնե հայ հասարակ ժողովրդին հաստատ ցնցածՙ Քառօրյա պատերազմի հետ առնչվում է հետեւյալ հարցը: Արդյոք Տ-90-ի ժամանակին ստանալը եւ ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից ուսումնասիրությունը հնարավորություն չէ՞ր տա մեր քաջարի Զինված Ուժերին, այդ թվումՙ Արցախի քաջարի Պաշտպանության բանակին, ավելի պատրաստ լինելու մեր դեմ ադրբեջանական Տ-90 տանկերի գրոհի դեպքում, ինչը բավական զանգվածային կերպով տեղի ունեցավ Քառօրյա պատերազմի ժամանակ: Ուրեմն նաեւՙ թեկուզ մասամբ խուսափելու շուրջ 100 զոհ ու բազմաթիվ վիրավորներ տալուց եւ տարածք կորցնելուց, որոնք Արցախի քաջարի Պաշտպանական բանակը դաժան մարտերով հետ էր բերում 2016թ. ապրիլի վերջին տասնօրյակում...

Արդյո՞ք Տ-90-ի ժամանակին ստանալը հնարավորություն չէր տա հայկական կողմին ադրբեջանական խփվա՛ծ եւ մե՛ր ձեռքն անցած Տ-90 տանկերը տարհանե՛լ դեպի մեր տարածքի խորքը եւ, վերանորոգումից հետոՙ կիրառե՛լ մեր թշնամու դեմ... Այսինքնՙ անե՛լ այն, ինչ տեղի ունեցավ թշնամական տանկերի հետ 1990-1994թթ. Արցախյան պատերազմի ժամանակ, հատկապեսՙ 1992-1994թթ. մարտական գործողությունների ընթացքում, երբ մեր թշնամու Տ-72-ների ու Տ-54, Տ-55 տանկերի զգալի քանակություն ընկավ հայկական կողմի ձեռքըՙ դառնալով Արցախի ՊԲ-ի սպառազինության մի մասը եւ հաջողությամբ ուղղվելով հենց մեր թշնամու դեմ ու նպաստելով հայկական հաղթանակին...

Գուցե Տ-90-ի պրակտիկ շահագործումից հետո հայկական կողմը եզրահանգման կգա՞ր, որ հարկավոր է ՌԴ տրամադրած 200 մլն դոլար վարկի մի մասը տրամադրել գոնե մեկ վաշտ (այսինքնՙ գոնե 10 միավոր, մոտավորապեսՙ մինչեւ 15-30 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ) Տ-90 ձեռք բերելու համար... Կամ այդ նպատակի համար հայթայթե՞լ ինչ-որ մի այլ գումար... Հայտնի է, որ թե՛ պաշտոնապես 3,5-միլիոնանոց բնակչությամբ ՀՀ-ում, թե՛ Հայոց առնվազն 9-միլիոնանոց Սփյուռքում անհրաժեշտ գումարները կա՛ն, հաստա՛տ կգտնվեն Հայոց բանակի հզորացման...

Եվ այստեղ նախորդ հարցը կարելի է, այսպես ասած, զարգացնել ու գլոբալացնել... Հայտնի է, որ թե՛ պաշտոնապես 3,5-միլիոնանոց բնակչությամբ ՀՀ-ում, թե՛ հայոց առնվազն 9-միլիոնանոց Սփյուռքում անհրաժեշտ գումարները կա՛ն, հաստա՛տ կգտնվենՙ հանուն Հայոց բանակի հզորացման... Եվ ո՛չ միայն այդ չարչրկված անվամբ Տ-90-ների, այլեւ նույնիսկ ավելի հզոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Նաեւՙ զինտեխնիկայի հայրենական արտադրություն կազմակերպելու համար...

Խնդրի արտաքին քաղաքական կողմն էլ կա: 1991-2016թթ. մշտապես պատերազմական վիճակում գտնված եւ իր 25-ամյակն այս տարվա սեպտեմբերի 21-ին նշելու պատրաստվող հայոց երկրորդ անկախ հանրապետությունը արդյո՞ք պիտի հանդուրժի իր շահերի անտեսումը այլ երկրների կողմից, այդ թվում եւ հատկապեսՙ դաշնակից երկրների... Տ-90 տանկի 20-ամսյա «ոդիսականը» դաշնակցի շահերի պարզ ու բացահայտ անտեսում չէ՞... Բայց, ավելի շատ ո՞վ է մեղավորը. անտեսո՞ղը, թե՞ իրեն անտեսելը հանդուրժողը...

Գուցե հարցնողներ լինեն: Արժե՞ր մեկ միավոր Տ-90 տանկի պատճառով 10 հարց առաջադրել...

Այո: Արժե: Այդ մեկ Տ-90-ի հարցի մեջ երեւում է համակարգի աշխատաոճը, որը այնպես ողբերգականորեն ու արյունալի կերպով բացահայտվեց Քառօրյա պատերազմի ընթացքում: Եվ փաստացիորեն, դա բացահայտեցին նաեւ դրան հաջորդած ապրիլի 26-ի ՀՀ նախագահիՙ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի երեք հրամանագրերըՙ ՀՀ ՊՆ մեկ փոխնախարարի եւ երկու վարչության պետ-գեներալներիՙ պաշտոններից ազատման մասին:

Թվարկված պաշտոնների կարեւորությունը ռազմական ոլորտում ակնհայտ է անգամ ռազմական գործից հեռու կանգնած մարդկանց համար... Ակնհայտ է, որ կա առնվազն երեք տարբերակ. Պաշտպանության նախարարության եւ Զինված Ուժերի բարձր ղեկավար կազմըՙ

ա. առնվազն անտեղյակ է եղել այդ երեք կարեւորագույն ոլորտներում վտանգավոր հիմնախնդիրների առաջացման մասին,

բ. տեղյակ է եղել, սակայն համապատասխան ուշադրություն չի դարձրել եւ միջոցներ չի ձեռնարկել,

գ. տեղյակ եւ մասնակից է եղել այդ վտանգավոր հիմնախնդիրների առաջացմանը:

Բոլոր պարագաներում, թե՛ Հայաստանի կարեւորագույն պետական կառույցումՙ Զինված Ուժերում, թե՛ ամբողջ ՀՀ պետական ապարատում կարիք կա իրականացնելու լրջագույն կադրային եւ բարոյաքաղաքական բնույթի համակարգային փոփոխություններ...

Վերջում, գուցե նաեւ Տ-90-ի «ոդիսականի» ամբողջ իմաստը ավելի խորությամբ ընկալելու համար նշեմ բոլորիս, այդ թվում մեր թշնամիների՛, մեր բարեկամների՛ ու չեզո՛ք ուժերի համար գուցե ուշագրավ մի պատմական փաստ :

Անցյալ դարի 2-րդ տասնամյակի վերջինՙ Մեծ եղեռնի սարսափն ապրած ու ապրող հայ ազգը կազմակերպեց իր զինված ուժերը: Հայության զինված պաշտպաններըՙ հայկական արժանապատիվ զինված ուժերըՙ գեներալ-լեյտենանտ Նազարբեկյանի հրամանատարությամբ գործող Հայկական բանակային կորպուսը, որի կազմում էր զորավար Անդրանիկի գլխավորած արեւմտահայ դիվիզիան, ապա Հայաստանի առաջին Հանրապետության պետական բանակը, նաեւ Բաքվի խորհրդի հայկական զորքերը (հիմնականում կազմված երեք հայկական հրաձգային բրիգադից), Արցախի զինական ուժերը եւ սպարապետ Գարեգին Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանի «դավիթբեկյան գայլավաշտերը» շուրջ երեք ու կես տարվա ընթացքումՙ 1918թ. հունվարից մինչեւ 1921թ. հուլիսը, մղել են ավելի քան մեկ տասնյակ պատերազմ: Ընդ որումՙ պատերազմներից մի քանիսըՙ միաժամանակ եւ մի քանի ճակատով... Այդ թվումՙ օսմանյան, ապաՙ քեմալական թուրքերի ու բոլշեւիկների թե՛ ճակատային ուժերի, թե՛ 5-րդ շարասյունների դեմ... Չմոռանա՛նք նաեւ հայ-վրացական պատերազմը... Չմոռանանք նաեւ, որ մեր գլխավոր եւ մահացու թշնամին օսմանյան, ապա քեմալական թուրքն էր... Մենակ էինք, ու ամբողջ աշխարհից լքված... Սակայն հաղթեցինք մեր ազգի ոխերիմ թշնամուն... Օսմանյան կայսրությունը դարձավ աշխարհի առաջին պետությունը, որը, Սարդարապատում, Բաշ Ապարանում Ղարաքիլիսայում զգաց, թե հայ զինվորն աշխարհի լավագույն զինվորն է...

Ու ստիպված եղավ աշխարհում առաջինը ճանաչել Հայոց պետության անկախությունը... Քանզի կռվում էինք վճռական մենակի հոգեբանությամբ... Ո՛չ մեկից չէր սպասում հայն իր փրկությունը, քանզի բոլորըՙ մեր դաշնակից անգլիացիներից ու ֆրանսիացիներից սկսած, ցույց տվեցին իրենց գիշատչային ու նենգ բնույթը... Շեշտենք, դա հատկապես լավ է ձեւակերպել Նժդեհըՙ «վճռական մենակի մասին» իր դրույթում...

Արդյոք այսօրՙ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում իրավիճակը սկզբունքորեն փոխվե՞լ է...

Ուստի ռուսին եւ մյուս օտարազգիներին մեղադրելուց առաջ նախ նայենք, թե մենք ինքներս ճի՞շտ ենք պաշտպանում մեր ազգային շահերը ...

Արդյո՞ք 25 տարումՙ քառորդ դարում ստեղծել ենք այն հզոր տնտեսությամբ, զարգացած գիտությամբ, առաջադեմ կրթությամբ ու բարձր տեխնոլոգիաների տիրապետող 4 կամ 5 միլիոնանոց բնակչությամբ երազված Հայաստանն ու առնվազն կես միլիոն բնակչությամբ հզոր Արցախը, որոնք օժտված կլինեին սեփական սահմանները առանց որեւէ մեկի օգնությամբ պաշտպանելու հնարավորությամբ...

Ռուսաց դեսպանատունը ձվերով ռմբակոծողներին ու նրանց հրահրողներին հարցնենք: Նեոօսմանական Թուրքիայի զինված ուժերի հրթիռահրետակոծությունից ու թուրքական ռազմաօդային ուժերի 400 մարտական ինքնաթիռների ռմբակոծումից Արեւելյան Հայաստանի երկու հանրապետություններս պաշտպանելու հակաօդային ու հակահրթիռային անհրաժեշտ համակարգեր եւ Ախուրյան-Արաքս սահմանի երկայնքով հզոր ամրացված շրջաններ ստեղծե՞լ ենք...

Ի դեպ, թուրքական ՌՕՈՒ-ի էսկադրիլիաներից երկուսն ունեն միջուկային զենք կիրառելու հնարավորություն... Սա հաշվի առե՞լ ենք...

Արեւմտյան Հայաստանում կանգնած է օսմանա-թուրքական կես միլիոնանոց բանակը, մոտ 1.500 տանկով ու հազարավոր ծանր հաուբիցներով, համազարկային կրակի հեռահար համակարգերով, մարտավարական հեռահար հրթիռային համակարգերով... Դրանց հետեւում էլ կանգնած են եւս կես միլիոն օսմանա-թուրքական զորքերն ու եւս 2.000 տանկերն ու հազարավոր հրետանային ու հրթիռային համակարգերը...

Արեւելյան Հայաստանի օկուպացված հողերից էլ ամեն օր մեզ է հրթիռակոծում ու հրետակոծում կովկասյան թուրքերի բանակըՙ Ալիեւի ու Հասանովի գլխավորությամբ... Երկու ռազմաճակատով պատերազմելու ներուժը ստեղծե՞լ ենք...

Հիշեցնեմ նաեւ, որ Վրաստանի վրա հույս դնել չարժե: Եթե վրացական բանակը մեզ վրա չհարձակվիՙ իր դաշնակից օսմանյան ու կովկասյան թուրքերի հետ միասին, ապա առնվազն, ոչ մի երաշխիք չունենք, թե վրացապատկան հայոց հողերի միջով թուրքերին ճամփա չի տաՙ Հայաստանի դեմ արշավելու համար... Ի դեպՙ դրանով իսկ երկու խնդիր լուծելովՙ ա. Վրաստանի հայության եղեռնը թուրքերի ձեռքով եւ բ.Հայաստանին հարվածելը թիկունքից ու հյուսիսային թեւից...

Ահա ուր կարող են հասցնել մեզ Տ-90-ի ոդիսականի շուրջ հարցերն ու պատասխանների որոնումները...

Նկար 1. Տ-90-ների գրոհը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.