AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ

Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 5665, Տպվել է` 618, Ուղարկվել է էլ.փոստով` 607

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածիս վերնագիրը փոխ է առնված ռուս բանաստեղծ եւ արձակագիր Մ.Յ. Լերմոնտովի ռեալիստական վեպից, որի իրադարձությունները Կովկասում են տեղի ունենում: Բայց մեր ժամանակի հերոս Կարո Փայլանը ընդհանուր ոչինչ չունի Լերմոնտովի գլխավոր հերոսիՙ Պեչորինի հետ, ով ինքն իրեն չվստահող բայրոնյան մի կերպար է: Ի դեպ, ռուս շատ գրողներ են հրապուրվել Կովկասով, բայց ոչ անպայմանորեն այնտեղ բնակվող ժողովուրդներով: Լերմոնտովից բացի կարելի է հիշատակել Լ.Ն. Տոլստոյի «Հաջի Մուրադ» վիպակը, որը Չեչնիայի մասին է եւ Ա.Ս. Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» հուշագիրքը, որտեղ նա ոչ նպաստավոր բառերով է բնութագրում հայերին, առաջ անցնելով ծովակալ Մարկ Բրիստոլից, Ստամբուլում տեղակայված Մ. Նահանգների գերագույն հանձնակատարից, ով իր զեկույցներում փորձում էր հերքել Հենրի Մորգենթաուի վավերագրությունները Հայոց ցեղասպանության մասին:

Այժմ, անսպասելիորեն, մի հայ հերոս է հայտնվել Թուրքիայում, ով իր մի շարք դրսեւորումներով լրիվ հակապատկերն է տիպիկ ստամբուլահայի, որ դաժան փորձառությունից ելնելով իրեն չափազանց զգուշավոր եւ պահպանողական է պահումՙ ինչպես իր արտահայտություններում, այնպես էլ իր գործելաոճում: Տիպիկ ստամբուլահայի համար, օրինակ, ավանդական հայկական կուսակցությունները վտանգավոր կառույցներ են, որոնցից անհրաժեշտ է հեռու մնալ: Ցեղասպանության դառը փորձառությունն իրենց ուսերին, նրանց անհատականությունները ձեւավորվել են քեմալիստական իշխանության լուծի ներքո, երբ պատմության դասագրքերը թույն էին թափում հայերի վրա: Նրանց բնավորության այդ գիծը անխաթար մնաց նաեւ «Ունեցվածքի հարկի» գործադրման, սեպտեմբերի 6-ի կոտորածների եւ ոստիկանական մշտական հսկողությունների ժամանակաշրջաններում: Շարունակել գոյատեւելու համար նրանք ստիպված էին շրջանցել իրենց էթնիկական ինքնությունը, անհատականությունը:

Կարո Փայլանը հնազանդ հայի այդ ապրելաոճը քարուքանդ արեց, ինչպես իրենից առաջ, ի գին իր կյանքի, արել էր Հրանդ Դինքը: Որպես HDP կուսակցության անդամ Թուրքիայի խորհրդարան մուտք գործելուց ի վեր Փայլանն անողոք պայքար է մղում հանուն ընդհանրապես մարդու իրավունքների եւ մասնավորապես հայկական հարցերի: Արդար լինելու համար պետք է նշել, որ տարբեր կուսակցություններից Թուրքիայի խորհրդարանում հայտնված բոլոր երեք հայ պատգամավորներն էլ միանշանակ անզիջում դիրքորոշում ունեն հայկական հարցերի նկատմամբ:

Փայլանի մղած «մարտերից» մեկը վերաբերում էր Դիարբեքիրի Սուր քաղաքի հայկական Սբ. Կիրակոս եկեղեցու ապօրինի զավթմանը: Նա վարչապետին հարց էր տվել, թե ո՞րն էր պատճառը մասնավոր սեփականություն համարվող ընդհանուր առմամբ 6,300 անշարժ գույքերի «անմիջական սեփականազրկման»: Արդյոք դա «հատկապես հայկական, ասորական եւ քաղկեդոնական համայնքների ունեցվածքներին տիրանալու փորձ չէ՞ր»:

Պատճառներն, անշուշտ, բազմաթիվ էին: Վերանորոգումից հետո Սբ. Կիրակոսը Թուրքիայի թաքնված հայերի համար դարձել էր ոգեշնչման աղբյուրը, գրավիչ խորհրդանիշը: Նրանք սկսել էին վերագտնել իրենց արմատները: Բայց կար նաեւ կառավարության գաղտնի ծրագիրըՙ վերաբնակեցնելու որոշ տարածքներ: Հաշվի առնելով, որ Դիարբեքիրը դարձել էր քուրդերի ակտիվ գործողությունների թեժ կենտրոնը, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սանձազերծել է բնաջնջման եւ վերաբնակեցության լայնածավալ մի պատերազմ քրդերի դեմ: Սիրիացի շատ փախստականներ են բերվել այդ տարածաշրջան:

Թուրք ճանաչված պատմաբան Թաներ Աքչամը «Նյու Յորք Թայմսում» ահա թե ինչ է գրում. «Էթնիկական եւ կրոնական վեճերը ժողովրդագրական մեքենայությունների միջոցով լուծելը թուրքական կառավարության քաղաքականությունն է, որն արդեն մեկ դարուց ավելի գործադրվում է: Սուրի շրջանում կատարվող վերջին ժամանակների զարգացումները այս տեսանկյունից պետք է դիտարկել»:

Էրդողանը նաեւ յուրացրել է Լենինի մարտավարությունը, բայց կիրառում է հակառակ հերթականությամբՙ մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ սկզբունքով: Որոշ առգրավված անշարժ գույքեր հայկական համայնքին վերադարձնելուց, եւ Եվրոմիության գովասանքին արժանանալուց հետո, հանկարծ նա փոխելով իր քաղաքականությունը սկսեց նորանոր կալվածներ առգրավել:

Փայլանի «արշավանքի» հաջորդ դրվագը տեղի ունեցավ թուրքական խորհրդարանում ապրիլի 21-ին, երբ նա ներկաներին ցույց տվեց 1915-ին սպանված Օսմանյան խորհրդարանի 15 հայ պատգամավորների նկարները, եւ կառավարությունից պահանջեց նրանց անցյալի կարգավիճակին համապատասխան վերաթաղում կատարել:

Մինչ այս հանդուգն արարքն էր տեղի ունենում ի լուր աշխարհի, հայկական պատրիարքարանի տեղապահ Արամ եպիսկոպոս Աթեշյանը եկեղեցում ընթերցում էր Էրդողանի երկդիմի ուղերձը «մեր ընդհանուր ցավի» մասին, որը վերահաստատում է այն միտքը, թե եթե հայեր սպանվեցին Առաջին համաշխարհայինի ընթացքում, ապա թուրքեր եւս սպանվեցին, այնպես որ հաշիվները փակված են:

Իսկ վերջին դրվագը տեղի ունեցավ մայիսի 2-ին դարձյալ խորհրդարանում, երբ Փայլանի վրա հարձակվեցին AKP կուսակցության անդամ պատգամավորները: Տեսարանը սարսափազդու էր: Էրդողանի կուսակիցները, բարետես հագնված, վայրի կենդանիների նման հարձակվեցին Փայլանի վրա, մինչ վերջինիս քրդամետ HDP կուսակցության անդամ պատգամավորներից մեկը հարձակվողներին դիմելով գոռում էր. «Դուք այս հողի տերը չեք: Դուք բռնազավթել եք այն եւ քարուքանդ արել հույների, հայերի եւ ասորիների քաղաքակրթությունը: Դուք կարող եք սպանել ինձ, բայց ես պարտավոր եմ բարձրաձայնելու ճշմարտությունը»: Տեսարանը կարելի էր բնութագրել «թուրքական ժողովրդավարությունը գործողության մեջ» բառերով:

Կռիվը ծագեց խորհրդարանական մի հանձնախմբում, որը քննարկում էր HDP կուսակցության անդամ-պատգամավորներին անձեռնմխելիության իրավունքից զրկելու հարցը: Արժե այստեղ ավելացնել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարության մեկնաբանությունը, ցույց տալու համար Մ. Նահանգների քաղաքականության անհեթեթ ու ծաղրական բնույթը: Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարեց. «Դե, դարձյալ, որպես խորհրդարանական ժողովրդավարական երկիր, Թուրքիան վերահաստատեց իր դիրքորոշումը ժողովրդավարական գործընթացների հանդեպՙ որոշելու համար, թե ով իրավունք ունի օգտվելու անձեռնմխելիության իրավունքից, եւ ովՙ ոչ: Նաեւ, թե ինչ հանգամանքներում պատգամավորներին կարելի է զրկել այդ իրավունքից»: Էրդողանի առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոնարհումից հետո (նա 6 միլիարդ եվրոյով կաշառեց Էրդողանին սիրիացի փախստականներին իր երկրում պահելու համար, եւ խոստացավ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները վերսկսել) կարծես հերթը պետքարտուղարությանն է եկել գլուխ ծռելու թուրք բռնատերի առաջ:

Փայլանի դեմ հարձակումը էթնիկական ատելության փայլուն դրսեւորում էր:

«Չափազանց պարզ է, որ ես էի նրանց թիրախը: Մեծ թվով պատգամավորներ հարձակվեցին ինձ վրա ծրագրավորված ձեւով: 20-30 վայրկյանների ընթացքում նրանք մոտ 100 անգամ ինձ ձեռքերով ու ոտքերով հարվածեցին: Հետո ռասիստական խոսքեր եւ հայհոյանքներ շպրտեցին երեսիս: Դրանք զուտ վերաբերում էին իմ հայ լինելու հանգամանքին: Նրանք չեն կարողանում մարսել, որ հայ ազգի ներկայացուցիչը մերկացնում է իրենց ստերը եւ հանդգնում է խրոխտ կանգնել իրենց առաջ: Նրանք սովոր են հայերին տեսնելու խոնարհի կարգավիճակում: Իր իրավունքների համար պայքարող հայը մարտահրավեր է, որին պետք է լինչի դատաստանին ենթարկել», նշել է Փայլանը աղմկալի իրարանցումից հետո:

Կարո Փայլանը, Սելահեդդին Դեմիրթաշն ու HDP ամբողջ խորհրդարանական ֆրակցիան տեղի ունեցածը բնութագրում են որպես Էրդողանի կողմից բռնատիրական ռեժիմի հաստատման խորհրդանշական քայլ: Դրա համար էլ Էրդողանը երկսայր պայքար է ստիպված ծավալում: Առաջինըՙ դաժան եւ անգութ պայքարՙ քուրդ բնակչության դեմ, սպանությունների եւ տեղահանությունների միջոցով, իսկ երկրորդըՙ օրենսդրական ակտ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու բոլոր նրանց, ովքեր դեմ են իր իշխանությանը:

Արեւմուտքում մեծ հարգանք վայելող թուրք լրագրող Ամբերին Զամանը մայիսի 9-ին գրում էր. «Վերջին ամիսներին Վաշինգտոնը հետ է ընկրկում (իր սկզբունքներից) կարողանալ «հարմարվելու» համար Թուրքիայի քմահաճույքներին: ...Վաշինգտոնը գրեթե ոչինչ չի նշում մարդու իրավունքների այն կոպիտ խախտումների մասին, որ ըստ ընդդիմադիր օրենսդիրների, Թուրքիայի անվտանգության մարմինները գործադրում են երկրի հարավ արեւելյան շրջաններում տեղակայված PKK-ի մարտիկներին ոչնչացնելու նպատակով»:

Այս կոտորածը նման է Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը, որի ամբողջ ընթացքում նախագահ Քլինթոնը անտեսում էր կատարվածը, բայց պաշտոնից հեռանալուց հետո պարտավորված զգաց ներողություն խնդրել Քիգալիում զոհվածների ընտանիքներից: Երեւում է Օբաման էլ հետեւելու է քաղաքական նպատակահարմարության նրա օրինակին:

Դեպի միապետական իշխանություն իր ճանապարհին Էրդողանը դուրս մղեց նաեւ իր ամենահավատարիմ դաշնակիցՙ վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Քաղաքական այդ քայլի առիթով Մետին Գյունչանը գրում է. «Կար նաեւ վարչապետի հրաժարականի հարցը: Ըստ Մուսթաֆա Աքյոլի, դեպի բացարձակ միանձնյա իշխանություն ճանապարհին նա Էրդողանի համար դարձավ սոսկ «չնչին անախորժություն»: Աքյոլը գրել էր, որ «Դավութօղլուի միակ «դավաճանությունը» համեմատաբար առավել չափավոր եւ նվազ բռնապետական լինելն էր»: Ի դեպ, Դավութօղլուն էր ճարտարապետը Անկարայի սիրիական քաղաքականության, որը բացարձակ ձախողանք դարձավ»:

Այժմ, երբ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Էրդողանի փեսանՙ Բերատ Ալբայրաքն է, դինաստիական սուլթանության ճանապարհը լրիվ հարթված է: Որպես հաջորդ քայլ մնում է խորհրդարանի վերակազմավորումը, որը վերացնելու է ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունը եւ «անհնազանդության» դրսեւորման դեպքերում բանտարկելու է նրանց, ճանապարհ բացելով նրանց փոխարեն ընտրելու պատգամավորներ իր կուսակցությունից: Եվրոպայում HDP-ի ներկայացուցիչ Էյուբ Դորույի կարծիքով, այդ քայլը կարող է առաջնորդել դեպի քաղաքացիական պատերազմ, քանի որ մերժելու է քուրդերի, հայերի, ասորիների, եզդիների, ալեւիների եւ այլ փոքրամասնությունների ներկայությունը խորհրդարանում. մի բան, որ Եվրոմիությունը ողջունել էր որպես «ժողովրդավարական առաջընթաց»:

«Հարցը քննարկվելու է հունիսի 16-ին կայանալիք լիակազմ նիստի ժամանակ, եւ ընդունվելու դեպքում HDP-ի 59 պատգամավորներից 46-ը զրկվելու են իրենց անձեռնմխելիության իրավունքից եւ բանտարկվելու են: Նման իրավիճակում, Թուրքիայում քրդական շրջաններում լարվածությունը սաստկանալու է, ինչը քաղաքացիական պատերազմի եւ տեղահանությունների պատճառ է դառնալու», զգուշացրել է Դորուն:

Էրդողանը «ահաբեկչություն» հասկացությունը ընդլայնել է, եւ դրանում ընդգրկել նաեւ լրագրողներին, ակադեմիական ոլորտի աշխատողներին, անկախ քաղաքական գործիչներին եւ բոլոր նրանց, ովքեր խոչընդոտ կհանդիսանան սուլթանական գահին բազմելու իր տենչանքին:

Մյուս կողմից, իր իսկ որդեգրած արժեքները կոպտորեն խախտելով, Մ. Նահանգների վարչակազմը կուլ է տալիս «ահաբեկչություն» հասկացողության այս նոր, էրդողանական տարբերակը եւ հույսը դնելով «Թուրքիայի սեփական ժողովրդավարական գոծընթացների» վրա, լուռ ականատեսը դառնում Անկարայում իրականացվող զտումներին:

Արեւմուտքը ստեղծելով մի հրեշի, այժմ ստիպված է խուսանավել այդ հրեշի պարտադրած գազանային օրենքների շրջանակներում:

Փայլանը, Դեմիրթաշը եւ նրանց գործընկերները պատրաստ են պատժամիջոցների ենթարկվել: Նրանք պատրաստ են դրանց հանուն իրենց դավանած սկզբունքների եւ համոզմունքների: Ցինիկ կարող է թվալ, բայց խորհրդարանում բացահայտ հարձակումների ենթարկվելուց հետո Փայլանի համար երեւի բանտն ավելի ապահով վայր կլինի, քան ազատության մեջ լինելը: Եթե Հրանդ Դինքին բանտարկեին ժամանակին, նա մի գուցե ողջ կլիներ հիմա:

Կարո Փայլանը գլուխը բարձր, հպարտ կանգնած է լինելու ինչպես բանտում, այնպես էլ բանտից դուրս, ինչպես Նելսոն Մանդելան:

Նա գլուխը բարձր հպարտ կանգնած է լինելու այն բանի համար, որ կարողացավ բարձրաձայնել հօգուտ օսմանյան դարաշրջանի հայ խորհրդարանական պատգամավորների, հօգուտ բոլոր մյուս զոհերի եւ հօգուտ վերապրողների, որովհետեւ նա մեր ժամանակների իսկական հերոս է:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.