AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 9877, Տպվել է` 988, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՆՎԱՃԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ

Անգլ.ից թարգմանաբար պատրաստեց Հ.Ծ.

«Eurasia Daily Monitor» պարբերականի այս տարվա հուլիսի 19-ի համարում ամերիկյան հայտնի քաղաքագետ, Պետքարտուղարության նախկին աշխատակից, տարածքների փոխանակման տխրահռչակ տեսության հեղինակ Պոլ Գոբլը գրում է, որ շրջանցելով Հայաստանը, Մոսկվան փորձում է «նվաճել» Ադրբեջանը, Իրանը եւ Հնդկաստանը: Կարեւորագույն այս խնդրին անդրադառնալու ենք առաջիկայում:

«Հուլիսյան օրերի գուցե ամենակարեւոր աշխարհաքաղաքական զարգացումը ոչ թե հարավ-չինական ծովում շարունակվող հակամարտությունն է, ոչ էլ ձախողված հեղաշրջման փորձը Թուրքիայում կամ ահաբեկչական արարքը Ֆրանսիայում, որոնք բոլորն էլ արժանացան միջազգային լրատվամիջոցների ուշադրությանը, այլ սուսուփուս ստորագրումը Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հնդկաստանի պաշտոնական անձանց կողմից մի համաձայնագրի, որ հյուսիսից հարավ ձգվող երկաթգիծ է նախատեսում կառուցել Կովկասում: Այդ համաձայնագրով ոչ միայն երեք երկրներն են իրար հետ կապվելու, այլեւ միանալու են Հնդկաստանի երկաթուղային ցանցին եւ Արդբեջանի ու Ռուսաստանի միջոցով մուտք գործելու Եվրոպա:

Դա խորը դրական հետեւանքներ է ունենալու դրանում ընդգրկված երկրների համար, բայց ամենամեծ տուժողը, բնականաբար, լինելու է Հայաստանը, որը մեկուսացված է այս ծրագրից (Rusarminfo.ru, հուլիսի 11-ը)», նշում է նա, ընդգծելով, որ կատարվածը Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու Մոսկվայի շարունակական ջանքերի շրջանակներում պետք է դիտարկել: Համաձայնությունը նաեւ ներառում է ադրբեջանցի զինվորականների վերապատրաստումը ռուսական ռազմական ակադեմիաներում, մի բան, որ մոտ երկու տասնամյակ ընդմիջված էր: Ենթադրվում է, ըստ Գոբլի, որ դրանով Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է ավելի մեծ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա Ղարաբաղի հակամարտությունը երկու փուլով կարգավորելու համար, նախ ստիպելով հայկական զորքերին դուրս գալ ադրբեջանական յոթը շրջաններից, իսկ այնուհետեւ բանակցել Ղարաբաղի տարածքի ապագա կարգավիճակի մասին: «Սա, իհարկե, մի լուծում է, որին հայ ժողովուրդն ու քաղաքական գործիչները դեմ են, բայց երկիրն (Հայաստանը) այն վիճակում չէ, որ կարողանա խափանել «սառած» հակամարտության նման կարգավորումը», գրում է նա, հավելելով, որ վերոնշյալ համաձայնությունը նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանը կորցրել է իր կարեւորությունը Ռուսաստանի համարՙ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով:

«Փոխարենը Ռուսաստանը ամրապնդում է իր կապերը շիա դավանող Ադրբեջանի եւ սուննի Թուրքիայի հետ», շարունակում է իր հոդվածը Գոբլը, չբացառելով, որ Իրանն իր հերթին հավանաբար կհրաժարվի դեպի Երեւան երկաթգիծ կառուցելու իր նախնական տրամադրվածությունից եւ կկենտրոնանա առավելապես Ադրբեջանի վրա:

«Հուլիսի 17-ին Երեւանում ինքնակոչ «հեղափոխականների» կողմից ոստիկանական ծառայության գնդի վրա հարձակումը եւ պատանդների բռնի պահելը եւս մի ապացույց է, որ Հայաստանը խնդիրներ ունի ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառներում», եզրակացնում է Գոբլը, առանձնապես ընդգծելով, որ ստորագրված համաձայնագիրը ինչ-որ հեռավոր ապագայի տեսլական չէ, այլ արդեն շաբաթներ անց իրագործելի ծրագիր: Ռուսական երկաթգծերի փոխնախագահ Ալեքսանդր Միշարինի համաձայն, հառաջիկա օգոստոսի 7-ին Հնդկաստանը այդ երկաթգծով առաքելու է իր առաջին ցուցադրական բեռնարկղները: Ավելին, չորս կողմերը կանխատեսում են, որ տարեկան բեռնափոխադրումները առաջին տարում կազմելու են շուրջ հինգ միլիոն տոննա, որը հետագայում հասնելու է մինչեւ ավելի քան տասը միլիոն տոննայի, որն է՛լ ավելի սերտ կապերով է միավորելու այդ չորս երկրները»:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ դեռեւս 1997-ին այդ ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ազգային անվտանգության խորհրդատուՙ Վաֆա Գուլուզադեն իրեն ասել էր, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի գնահատմամբ «Հայաստանը գործիք է, Վրաստանըՙ միջոց, իսկ Ադրբեջանըՙ պարգեւ, մրցանակ»: «Ներկա համաձայնությունը ցույց է տալիս, որ որոշ շրջանակներ ռուսական մայրաքաղաքում համարում են, որ «մրցանակն արդեն ձեռք է բերված, եւ նրանք թեկուզ ժամանակավորապես կարող են յոլա գնալ առանց «գործիքի» եւ «միջոցի»:

Զանգվածային լրատվամիջոցների քիչ ուշադրության արժանացած այս համաձայնությունը, Գոբլի կարծիքով, փոխելու է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ վերադասավորելու է ներգրավված երկրների հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ ուրիշ երկրների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.