AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4953, Տպվել է` 916, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ ԴԱՍԵՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԵԼ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱԿՏԻՑ

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան

Ովքեր են այդ ակտի կատարողները

17 հուլիսին Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդի տարածքի վրա կատարված զինյալ հարձակում կատարողները մի խումբ ազնիվ, ազգասեր տղաներ են, որոնց մի մասը մասնակից են եղել Ղարաբաղյան շարժմանը եւ տարածքների ազատագրմանը: Նրանցից Պավլիկ Մանուկյանը եղել է հրամանատար, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը: Ղարաբաղում հարաբերական խաղաղություն հաստատելուց հետո նրանք մյուս զինվորների նման վերադարձել են իրենց բնակավայրերըՙ Երեւան եւ այլուր: Նրանց համար պատերազմի սուբյեկտը փոխվեց: Բնականաբար ու մեծ մասամբ նրանք ցանկանում են, որ Հայաստանը Արցախի պատերազմի հաղթության նման հաղթանակ տանի նաեւ երկրի տնտեսական, հասարակական արդարության ու քաղաքական դաշտում:

Ինչ նպատակ էր հետապնդում այդ խումբը

Այս խմբի տղաները տեսնելով երկրում տիրող անարդարությունը, օլիգարխների առաջացումը եւ հասարակական մյուս աղետները, ինչպիսիք են արտագաղթը, աղքատությունը, դասակարգային շեշտված տարբերությունները, կեղծարարությունը քաղաքական տարբեր ոլորտներում եւ այլն, չէին կարող անտարբեր մնալ:

Նրանք սկզբից նպատակադրեցին ստեղծել արդար մի շարժում, որտեղ մտածում էին, որ կընդգրկեն մարդկանց, կը հովանավորվեն նրանց կողմից ու այդ միջոցով կառաջացնեն դրական փոփոխություններ երկրում: Այդ նպատակով սկզբից նրանք հիմնադրեցին «Սարդարապատ» շարժումը: Հետագայում տարբեր ֆակտորների պատճառով ստեղծեցին «Նախախորհրդարան», հետագայումՙ «Խորհրդարան», «Վերածնունդ», «Հիմնադիր Խորհրդարան» եւ այլ անվանումների տակ կազմակերպություններ:

Նրանք վերոհիշյալ քաղաքացիական ուժերի միջոցով փորձեցին իշխանության գալ, կամ էլ իրենց արժանի տեղը գտնել երկրի քաղաքական դաշտում: Նրանք փորձեցին մասնակցել նախագահական ընտրություններին եւ հույսեր էին փայփայում, որ ժողովուրդը արդարության կողմնակից է ու կը պաշտպանի իրենց արդար ու ազգային նպատակները:

Ինչո՞ւ այս եղանակը

Քաղաքացիական մեթոդներով ու պայքարով արդյունքի չհասնելը պատճառ դարձավ, որ նրանք գան այն եզրակացության, որ հասարակությունը դժգոհ է այս կամ նախկին իշխանություններից ու հասարակությունը հոգնել է նրանցից ու կարիք ունի մի «շոկի» ու առաջնորդների, որպեսզի նրանց հետեւից գնա ու հեղափոխություն կատարեն ու հասնեն իրենց նպատակինՙ իշխանափոխության: Արդեն նրանք մտածում էին օր առաջ մի մեթոդներ կիրառել, որ իրենց նպատակները իրականանան:

Բոլորիս հայտնի է, որ հասարակական փոփոխությունները մեկ կամ երկու օրում չի կարող ձեռք բերվել: Եթե բարեփոխության մեթոդի կողմնակից ես, պետք է ստեղծես քաղաքական մի ուժ, լավագույն դեպքումՙ քաղաքական կուսակցություն, որը նախ եւ առաջ պետք է մշակի իր ծրագիր-կանոնագիրը: Պետք է կազմի իր տնտեսական ու քաղաքական համակարգի պլատֆորմը: Հետո սկսի հզորանալ եւ ուժեղ կուսակցական կառույց ստեղծելուց հետո ներթափանցի ժողովրդի մեջ ու մեծ տեղ գրավի քաղաքական դաշտում, լավ ձեւով մասնակցություն պետք է ունենա երկրի բոլոր ընտրություններում եւ աստիճանաբար խաղաղ ու բարեփոխական մեթոդներով հասնի քաղաքական իշխանության կամ էլ մաս կազմի այդ իշխանությանը: Այս եղանակով քաղաքական իշխանության հասնելը երկարատեւ պրոցես է եւ միայն ուժեղ հիմքեր ու երկարատեւ ծրագրեր ունեցող կուսակցություններն են ունակ այդ ճանապարհով պայքարելու: Այդ տղաները հենց սկզբից ընտրել էին իբրեւ թէ կարճ ճանապարհըՙ հեղափոխություն, ապստամբություն, հեղաշրջում, պոպուլիստական հեղաշրջում եւ նման մեթոդներ: Հենց սկզբից էլ այդ մեթոդների սխալ լինելու պատճառով միշտ էլ անհաջողության էր մատնվել բոլոր նրանց ջանքերը:

Հարկ է նշել, որ այս եղանակով պայքարելը աշխարհում բնորոշ է հետ պատերազմական զինվորականներին կամ հատուկ բանակայիններին:

Սխալ մեթոդ

Իշխանության համար իր իշխանությունն է կարեւոր, եւ ամեն գնով ուզում է դա պահել: Նրանք լավատեղյակ են, որ այդ զինված խումբը մեծ հեղինակություն եւ ուժ ու կազմակերպվածություն չունի, որպեսզի կարողանա նրանց տապալել զինյալ ապստամբության միջոցով: Նրանք կաշխատեն վնասազերծելով այս խմբին, նրանց հեղինակությունը քցել իրենց համակիրների մոտ ու հանրային կարծիք ձեւավորել նրանց դեմ:

Իշխանության ու այդ տղաների «Վերածնունդ» կամ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության միջեւ ընդհանրություններ գոյություն ունեն, հատկապես տնտեսական համակարգի ուղղությամբ, երկուսն էլ համակրում են ազատ շուկայական հարաբերությունների համակարգը, այդ իսկ պատճառով, եթե ենթադրենք այդ տղաներն էլ գան իշխանության, ժողովրդի տնտեսական վիճակը շատ չի բարելավվի: Հիմնական խնդիրը երկու կողմերի համար իշխանության գրավումն ու պահպանումն է:

Ներկայիս կամ հետագայում որեւէ իշխանություն Հայաստանում չի կարող հանդուրժել զինյալ պայքարով իշխանություն գրավելու մեթոդը: Քաղաքական պայքարը ավելի հանդուրժելի կլինի բոլոր իշխանությունների կողմից: Հայաստանի ներկա պայմաններում եւ Արցախի հարցի գոյության պատճառով, կարծում եմ ընդհանրապես զինյալ պայքարով կամ զինյալ ապստամբությամբ իշխանության գրավելու մեթոդը ճիշտ չէ եւ չի գործելու, եւ տղաները սխալվել են այդ եղանակը ընտրելու մեջ. դա իրենց վնասին կվերջանա: Ափսոս է, որ նման էներգիա ունեցող հայ երիտասարդներ իրենց էներգիան Հայաստան երկիրը կառուցելու համար սխալ ուղղությամբ օգտագործեն:

Հայաստանյան քաղաքական ուժերի մոտեցումը

Հայաստանի Հանրապետության իշխանամետ ու ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը հավատացած չէ զինյալ պայքարի մեթոդին: Նրանք ավելի շուտ համակրում են քաղաքական ու քաղաքացիական պայքարի ձեւին: Ուրեմն չպետք է նրանցից սպասել իրենց համոզմունքներին հակառակ, սխալ մեթոդ կիրառող մարդկանց պաշտպանեն: Բացի դա, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները անգամներ իրենց բացասական գնահատականներն են տվել Հայաստանի ընդդիմադիր ուժերին, եւ նրանք ավելի շուտ ժողովրդի համակրության վրա էին հույսեր փայփայում եւ ոչ թէ քաղաքական ուժերի ու կուսակցությունների:

Սփյուռքի մոտեցումը

Հայաստանի իշխանությունների բնույթից անկախ, սփյուռքը չի սիրում ու չի ցանկանում իր հայրենիքՙ Հայաստանը ցնցումներով ապրի: Ռադիկալ ու անհաշտ մեթոդներին դեմ է սփյուռքի մեծամասնությունը, կառույցներն ու առհասարակ սփյուռքահայությունը:

Այդ տղաների կողմից սփյուռքում իրենց համակրող կառույցներ ստեղծելու ջանքերն էլ այնքան արդյունք չեն տվել: Նրանց հաջողել է միայն «Վերածնունդ» կազմակերպությունը հիմնել որոշ երկրներում, սակայն այդ կառույցները չեն կարողացել լայն զանգվածներին գրավել, որովհետեւ սփյուռքը չի համակրում նրանց որդեգրած ուղինՙ Հայաստանումՙ ապստամբությամբ փոփոխություններ առաջացնելու կապակցությամբ:

Սփյուռքը չի կարող եւ ճիշտ էլ չէ, որ խառնվի հայաստանյան ներքին հարցերի մեջ. նրանք կարող են միայն տեսակետներ ու իրենց կարծիքը հայտնել տարբեր հարցերի շուրջ: «Վերածնունդ» միավորները դեռ շատ հարցեր ունեն պարզելու եւ սփյուռքը նրանց չի ճանաչում եւ չէր կարող համակրել նրանց: Եթե զինված ապստամբության համար սփյուռքի վրա հաշիվ է բացվել, պետք է ընդունեն, որ սխալվել են, որովհետեւ ոչ նրանց ճանաչում են, ոչ էլ համակրում եւ ոչ էլ ընդունում են պայքարի նման եղանակները:

Միջազգային մոտեցումը

Ընդհանրապես միջազգային հանրությունը դեմ է զինյալ պայքարին ու ավելի շուտ խրախուսում է քաղաքացիական պայքարը: Եթե տղաները հաշիվ են բացել միջազգային միավորների վրա, սխալվել են: Նրանց հակառուսական դիրքորոշումները նաեւ չկարողացավ Ամերիկայի ու Եվրոպայի համակրությունը շահել: Նրանք հակառուսական լինելով կորցնում են հայ ժողովրդի մեծամասնության եւ սփյուռքի ու թեկուզ հենց իրենց հավանող համակիրների մի մասի համակրանքը: Նրանք երբեք չեն կարողանում պատասխանել այն հարցին, որ եթե մենք հենց այս օրվանից որեւէ կապ չունենանք Ռուսաստանի հետ, ինչ է պատահելու մեզ հետ, ոնց է ընթանալու Արցախի հարցը, Թուրքիան ու Ադրբեջանը ինչպիսի մոտեցումներ են ցուցաբերելու: Ինչ ֆակտորների վրա են հաշիվ բացել տղաները, թափանցիկորեն պարզ չէ, ու ինձ թվում էՙ նրանք էլ այդ կապակցությամբ վերլուծություն եւ եզրահանգում չունեն:

Այդ խումբը իրեն պետք է հարց տար, թե իրենց գաղափարախոսությունը միջազգային քաղաքական ինչպիսի ուժերի հետ է համընկնում եւ ովքեր են իրենց միջազգային դաշնակիցները, ինչքանով են ջանքեր գործադրել միջազգային ուժերի հետ փոխհարաբերությունների մեջ մտնելու եւ այլն:

Ինչ պետք է անեն այդ տղաները կամ նրանց համակիրները

Մեր ժողովուրդը արդեն լավ է հասկանում, որ ոչ մի երաշխիք չկա, որ եթե անցյալի կառույցը վերացվի, մարդկային հասարակության զարգացման ու բարգավաճման համար կը ստեղծվի ազատ, հավասար ու ժողովորդավարական մի հասարակություն: Իմ կարծիքով, բարդ հասարակություններում ներկայիս համակարգի ջախջախելն ու ոչնչացնելը պատմական տեսանկյունից այլեւս պատասխան չի տալիս: Կարծում եմ դեմոկրատիկ մի անցումային շրջանը ավելի իրատեսական է:

Ծայրահեղ ազգասիրությունը լավ բաների չի հանգեցնում: Նպատակը պետք է լինի ոչ թէ իշխանափոխությունը, հատկապես պայքարի առաջին փուլում, այլ դեմոկրատիան ամրապնդելու, սոցիալական ու տնտեսական արդարություն հաստատելու, բոլոր ուժերի հետ համագործակցության կամ շփման եզրեր ստեղծելու եւ ընդհանուր ճակատ կազմելու ուղղությամբ: Այդ տղաները իրենք դեռ հստակ պատկերացում չունեն տնտեսական արդար մի համակարգի մասին, տեսականորեն դեռ շատ հարցեր չեն պարզել եւ չեն ուսումնասիրել, նրանք այդ քայլերը վերցնելուց հետո պետք է օգնեն մեր ժողովրդին նման հարցերում տեսականորեն գիտակցությունը բարձրացնելու եւ համոզմունքներ ստեղծելու ուղղությամբ: Պետք է գիտակցել, որ հասարակական փոփոխություններ առաջացնելու գործընթացը երկարատեւ է: Պետք է հրաժարվեն անմիջական փոփոխություններ առաջացնելու մեթոդներիցՙ հեղափոխություն, զինված ապստամբություն, պոպուլիստական շարժումներից եւ այլն: Այս մեթոդներով եթե հաջողվեն էլ, որեւէ լավ բան դա չի բերելու մեր ժողովրդին, այլ միգուցե, միայն լավագույն դեպքում, օգնի այդ տղաներին որոշակի ժամանակ իրենց ձեռքում պահելու իշխանությունը: Չգիտեմ, միգուցե նրանք էլ հենց դա են ուզում եւ մտածում են, որ եթե իրենք իշխանության գլխում լինենՙ հրաշքներ են գործելու եւ բոլոր բացասական երեւույթները վերացնելու են: Բոլոր իշխանափոխողներն էլ նման ձեւով են մտածում. Հայաստանում տեսել ենք, թե ինչպիսի ավարտ են ունեցել նման երեւույթները:

Հետեւաբար նախ պետք է կազմել արդար տնտեսական ու քաղաքական հասարակության համակարգ ստեղծելու ծրագրեր, աշխատել հանրային կարծիքի վրա, հիմնել ուժեղ կազմակերպություն եւ ընտրությունների միջոցով իրականացնել արդար ու ժողովրդավարական նպատակները, մյուս առաջադիմական ու ժողովրդավար ուժերի հետ միասին:

26.07.2016

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.