AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3209, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՏԱԼԻՍ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի AKP իսլամիստական կուսակցությունը Թուրքիան վերածել է ֆաշիստական մի պետության, որն ահաբեկում է իր իսկ սահմանների ներսում ապրող բնակչությանը եւ սպանում երկրի քուրդ փոքրամասնությանը: Մ. Նահանգները, Եվրոպան եւ Ռուսաստանը, յուրաքանչյուրն իր սեփական շահադիտական նկատառումներով, հավանություն են տալիս Էրդողանի քաղաքականությանը: Նրանք իրենց քաղաքական հերթական, հետին մտադրությունները առաջ տանելու համար կարիք ունեն մի պարծենկոտ կամակատարի:

Մի կողմից թուրքական կառավարությունը հետամուտ է լինում իրականացնելու Աբդուլլահ Գյուլենի հետեւորդների զտման խստագույն որսը, մեղադրելով նրանց ձախողված հեղաշրջման կազմակերպիչները լինելու մեջ, իսկ մյուս կողմից թուրքական բանակը, ահաբեկչության դեմ պայքարելու քողի ներքո, ոչնչացնում է երկրի քուրդ փոքրամասնությանը: Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը, իրենց խղճի հանգստության համար, ընդունում են Թուրքիայի կառավարության պնդումներն այն մասին, որ PKK-ն (քրդական բանվորական կուսակցությունը) ահաբեկչական կազմակերպություն է, եւ ոչ թե ազգային ազատագրական շարժում: Այստեղ ճակատագրի հեգնանքն այն է, որ սահմանի սիրիական մասում գործող PKK-ամետ ուժերը համարվում են Մ. Նահանգների դաշնակիցը: Ամերիկան նրանց պաշտպանում է:

Էրդողանի վարչակարգի բռնատիրական բնույթը ընդգծելու նպատակով Ալի Բայրամօղլուն մի հոդված է տեղադրել «Էլ Մոնիտորում», որտեղ ասված է. «Թուրքիան կառավարվում է օրենսդրական հրամանագրերով, որոնք շրջանցում են խորհրդարանը կամ ազգային ժողովը: Իրավախախտումները առկա են ինչպես ենթադրյալ գյուլենիստների հետապնդումներում, որոնք վերածվել են այսպես կոչված «վհուկների որսի», այնպես էլ արտակարգ դրության պայմաններում իրականացվող զտումներում, որոնք շատ ավելի ընդարձակ բնույթ են կրում, քան «պուտչիստներին վերացնելու» հայտարարված պատճառը»: Հիմնավորելու համար իր պնդումները, Բայրամօղլուն բերում է հետեւյալ գլխապտույտ առաջացնող թվային տվյալները. «93,000 պետական պաշտոնյաներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, 60,000 սոցծառայողներՙ վտարվել աշխատանքից, 50,000 մարդ կալանավորվել է, իսկ 32,000 մարդ էլ բանտարկվել է դեռեւս վարույթում գտնվող հայցերի կապակցությամբ: Ըստ ստույգ աղբյուրների, փակվել են կամ բնռագրավվել 4,245 ձեռնարկություններ, ներառյալ 129 հիմնադրամ-հաստատություններ, 1,125 ընկերակցություններ, 15 համալսարաններ, 198 արհեստակցական միություններ, 23 ռադիոկայաններ, 45 թերթեր եւ 29 հրատարակչատներ: Վաղուց հայտնի է, որ բռնատիրական վարչակարգի գլխավոր առանձնահատկությունը կասկածի եւ սպառնալիքի վրա կենտրոնացած քաղաքականություն վարելն է»:

Մտավորականներ, գրողներ եւ արվեստագետներ կա՛մ բանտերում են գտնվում, կա՛մ էլ հեռացել են երկրից: «Մշակութային հեղափոխության» Էրդողանի տարբերակով ստեղծված այս իրարանցումը արդեն իսկ իր բացասական ազդեցությունն ունեցել է երկրի հասարակության եւ տնտեսության վրա:

«Վհուկների որսին» զուգահեռ, Էրդողանի կառավարությունը դադարեցրել է խաղաղության բանակցությունները քրդերի հետ եւ փոխարենը նորից «Սպանդի նահանգի» է վերածել Թուրքիայի հարավարեւելյան մասը: Հակառակ կառավարության հզոր զինվորական ներուժին, քրդական այդ շրջանի շատ տարածքներ չեզոք գոտի են հայտարարվել:

Էրդողանը նաեւ պայքարում է վերահաստատելու համար մահապատիժը: Վերջերս Բուրսայում կայացած հավաքի ժամանակ նա ասաց. «Դուք գիտեք իմ կարծիքը մահապատժի վերաբերյալ: Հենց այն հայտնվի խորհրդարանի օրակարգում եւ ընդունվի, ես անմիջապես կհաստատեմ եւ օրենքի ուժ կտամ այդ նախագծին: Արեւմուտքցիները հաճախ են մեզ հարց տալիս, թե ինչո՞ւ ենք շարունակ խոսում այդ մասին: Ի՞նչ է, մենք նրանցից թույլտվությո՞ւն ենք խնդրելու»:

Մահապատիժը վերացվեց Թուրքիայում Եվրոմիության պահանջներին ընդառաջելու հետեւանքում: Կարծես Էրդողանի կառավարությունը այդ կառույցին անդամակցելու հույսը ամբողջովին կտրել է արդեն:

Եթե այս երկսայր գործընթացը շարունակվի, Թուրքիայի մասնատումը անխուսափելի կդառնա: Նման վերջնական աղետը կանխելու համար Էրդողանը դիմում է իրեն հատկանշական հնարքինՙ բորբոքել իր սուննի ընտրազանգվածի հայրենասիրական զգացումները, փայփայել Օսմանյան երազներ, որոնք առաջինը հրապարակայնորեն բարձրաձայնվում էին նախկին վարչապետ Դավութօղլուի կողմից: Ներքին դժգոհությունների ու վրդովմունքի դեմն առնելու, ժողովուրդի ուշադրությունը շեղելու նպատակով Էրդողանն ամպագոռգոռ հայտարարություններով առաջ է մղում իր դարն ապրած Օսմանյան կայսրության կորցրած տարածքները վերադարձնելու հարցը:

Որեւէ պատերազմում, պարտվող կողմի զինվորական առաջնորդները համարվում են պատերազմի հանցագործներ եւ ի վերջո մահապատժի են ենթարկվում: Նման դեպքեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի են ունեցել ինչպես նացիստական Գերմանիայում, այնպես էլ Ճապոնիայում: Բայց Օսմանյան կայսրության փլուզումից հետո, թուրք զորավար Մուսթաֆա Քեմալը դարձավ հերոս ե՛ւ իր ժողովրդի, ե՛ւ օսմանյան բանակը ջախջախող դաշնակիցների համար: Օսմանյան բանակի ջախջախումը իրավամբ պատմական հնարավորություն տվեց երկրում երկարամյա տառապյալ ազգություններին թոթափելու թուրքական լուծը: Այդ հիման վրա էր, որ ստորագրվեց Սեւրի պայմանագիրը 1920 թվի օգոստոսի 10-ին, որի դրույթներով հայերն ու հույները պետք է վերատիրանային իրենց պատմական տարածքներին:

Բայց ապստամբ առաջնորդ Քեմալը շարունակեց իր «ազատագրական» պայքարը եւ ջարդեց ավելի շատ հույների եւ հայերի, մինչ բռնակցություններ էր վարում երկու հակադիր ճակատներումՙ մի կողմից դաշնակիցների հետ, մյուս կողմից նորաստեղծ խորհրդային իշխանության հետ` զիջումներ կորզելու նպատակով:

Իրավիճակը շարունակվեց մինչեւ որ միջազգային հանրությունը 1923 թվի Լոզանի պայմանագրով վերջնականապես գծեց Թուրքիայի հանրապետության ներկա սահմանները: Դա անհավատալի պարգեւ էր տրված պարտված մի պետության: Ավելին, 1939-ին Ֆրանսիայի գաղութարար իշխանությունները Թուրքիային զիջեցին Անտիոքը, իր արաբ բնակչությամբ, որն էլ հետագայում դարձավ այսօրվա Հաթայ շրջանը: Սիրիան երբեք չհամակերպվեց այդ կորստի հետ:

Այժմ, Էրդողանը բավարարված չէ Լոզանի սահմաններով: Նա բողոքում է. «Երբ մենք գոռում ենք Թուրքիայում, մեր գոռոցը լսվում է Հունաստանի առափնյա կղզիներում»: Վերջերս, Ռիզե համալսարանում կայացած իր ելույթի ժամանակ պատմաբան Էրդողանը վկայակոչեց Օսմանյան խորհրդարանի 1920-ին, նախքան արձակումը, հռչակած «Միսաք ի Միլլին» (Ազգային ուխտը) եւ ասաց. «Որոշ պատմաբաններ ընդունում են, որ այդ Ազգային ուխտի սահմանները ներառել են Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուքը, Բաթումին, Սալոնիկը, Վառնան եւ Էգեյան կղզիները»:

Այդ անհեթեթ, շինծու պնդմանը հավատարիմ մնալով Թուրքիան ավելի քան չորս տասնամյակ է, ինչ զավթել է 38 տոկոսը Կիպրոսի ամբողջ տարածքի, որը օսմանցի Սուլթանը 1878-ին Բեռլինի կոնգրեսի ժամանակ ստորագրված դաշնագրով Բրիտանիային էր հանձնելՙ ի նշան երախտագիտության վերջինիս մատուցած ծառայության համար եւ ի գին հայոց արյան: 1974-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս, զավթեց նրա հյուսիսային շրջանը, հաստատեց այնտեղ «Կիպրոսի թուրքական հանրապետություն» կոչվածը, խեղաթյուրելով 1960 թվի Ցյուրիխի համաձայնագիրը, որը ճանաչում էր Կիպրոսի անկախության իրավունքը:

Բրիտանիան, Հունաստանը եւ Թուրքիան պետք է երաշխավորեին երկրի տարածքային ամբողջականությունը, բայց Թուրքիան խախտել է եւ շարունակում է խախտել այդ ամբողջականությունը եւ ոչ մի ուժ չի կարողանում այդ երկրից դուրս մղել ագրեսորին:

Սա շատ դիպուկ եւ ուսանելի օրինակ է գիտական շրջանակների եւ բոլոր պարզամիտ այն հայերի համար, որոնք երազում են, որ Հայաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին: Հունաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ է հավասար իրավունքներով, բայց Թուրքիան այդ կառույցում առանձնաշնորհյալ է: Հայաստանը Հունաստանից ավելի լա՞վ հնարավորություններ կունենա այնտեղ:

Թուրքիան հիմա էլ ներխուժել է Սիրիա, խոչընդոտելու համար քրդական անկլավի ձեւավորումը այնտեղ` ռուսական զորքերի հանդուրժող հայացքի ներքո: Սակայն առավել լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Թուրքիան իր զորքերն է կայանում Իրաքում իբր Մոսուլը Իսլամական Պետության ճիրաններից փրկել-ազատագրելու գործողություններին մասնակցելու համար: «Մենք պատմական պատասխանատվություն ունենք տարածաշրջանում», պնդում է Էրդողանը, մինչ Իրաքի կառավարությունը պահանջում է, որ թուրքական զորքերը հեռանան երկրից:

Ի պատասխան թուրքական ներխուժման, սովորաբար մեղմ տրամադրված Իրաքի վարչապետ Հայդար էլ-Աբադին , ըստ «Նյու Յորք թայմսի», անցյալ շաբաթ զգուշացրել է, որ իրադրությունը կարող է առաջնորդել հակամարտության Թուրքիայի եւ Իրաքի միջեւ: Եթե թուրքական ուժերը միջամտեն Մոսուլում, «նրանք պիկնիկում չեն հայտնվելու», զգուշացրել է նա:

Հակառակ այն փաստին, որ Թուրքիան հաշվի չի նստում Իրաքում ամերիկյան նպատակների հետ եւ շարունակում է դերակատարություն ունենալ Մոսուլի հարցում, Մ. Նահանգները չափազանց հանդուրժող կեցվածք է դրսեւորում նրա նկատմամբ: Մ. Նահանգների պաշտպանության նախարար Քարտերը , որ Թուրքիա էր գործուղվել համոզելու Էրդողանին, որ դուրս բերի իր զորքերը Իրաքից, երկիմաստ արտահայտությամբ է հանդես եկել ասելով. «Մ. Նահանգները փորձում է հավասարապես հարգել ինչպես Իրաքի ինքնիշխանությունը, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի ունեցած պատմական դերը»:

Նման հեղհեղուկ դիրքորոշումներն են, որ քաջալերում են Թուրքիային շարունակելու իր կամակատար-խուլիգանի դերը:

Էրդողանը մի ժամանակ Ղրիմի թաթարների շահերն էր պաշտպանում եւ սպառնում Ռուսաստանին, բայց Պուտինից շնորհ խնդրելու միտումով Մոսկվա ժամանելուց հետո, ամբողջովին մոռացավ թաթարներին ընդգրկելու իր օսմանյան ձգտումների օրակարգում:

Նման մոտեցում նա դրսեւորեց նաեւ այլ երկրների հանդեպ իր հարաբերություններում: Վրաստանի Աջարիա շրջանում հսկայական ներդրումներ կատարելուց հետո, երբ պնդում էր, որ Բաթումին թուրքական տարածք է, նա մոռացավ այդ շրջանի մասին, անմիջապես որ Վրաստանում ծայր առան հակա-թուրքական, թշնամական ցույցեր:

Ներկայիս, Թուրքիայի դիրքերը Կիպրոսում շատ ամուր են, Մ. Նահանգների եւ Եվրոպայի լուռ համաձայնության ներքո: Իրաքում եւ Սիրիայում պատերազմների ավարտից հետո Թուրքիան հավանական է, որ իր զորքերը թողնի այդ երկրներումՙ խաղարկելով արեւելքի շահերն ընդդեմ արեւմուտքի քարտը:

Էրդողանի օսմանյան ձգտումները կարող են տակտիկական խաղ լինել շեղելու համար Թուրքիայի դժգոհ բնակչության ուշադրությունը, բայց նա հետզհետե ավելի վտանգավոր սպառնալիք է դառնում բոլոր հարեւան երկրների համար:

Այս կարծիքը չի կիսում Լոնդոնում հաստատված արաբ մի լրագրող, «Rai al-Yom» (Օրվա կարծիքը) թերթի գլխավոր խմբագիր Աբդել Բարի Ռատուանը , որ գրում է. «Թուրքիայի քաղաքականությունըՙ խրվելով սիրիական պատերազմի ճահճի մեջ, սատարելով ահաբեկիչներին եւ դավադրելով Բաշար էլ-Ասադի դեմ, նույն ճակատագրին է արժանանալու ինչ Սիրիան, քանի որ ուրիշների թվում ինքն էլ գլխավոր դերակատարություն ունեցավ ահաբեկչությունը Սիրիա արտահանելու գործում»:

Էրդողանը Մոսուլի հարցում դիմելով Իրաքի վարչապետին ասել էր հոխորտանքով. «Ես նրան պատմության դաս եմ տալիս»: Եվ իրոք նա խորամանկ պատմության դասատու է եղել, երբեմն հսկայական ցատկ կատարելով ամենավսեմ գաղափարներից դեպի ամենածիծաղելին: 2014 թվին, Ստամբուլում հավաքված Լատինական Ամերիկայի մահմեդական առաջնորդների առաջ ելույթ ունենալով նա պատմական մի բացահատյում կատարեց, որը ծաղր ու ծանակի ենթարկվեց ամբողջ աշխարհում: Նա ասաց, որ մահմեդական նավաստիները Ամերիկա էին հասել 1178 թվին: «Իսլամի եւ Լատինական Ամերիկայի միջեւ հարաբերությունները 12-րդ դարից են սկիզբ առնում», նշեց նա, գահընկեց անելով Քրիստափոր Կոլումբոսին իր պատմական հաստատուն դիրքից:

Հաշվի առնելով Էրդողանի հարուստ երեւակայությունը եւ հորդառատ փառասիրությունը, հարց է առաջանում, թե ե՞րբ է նա արդյոք ծրագրում պահանջել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները որպես Պանիսլամական կայսրության բաղկացուցիչ մաս, ինչպես անում է այլ, օտար երկրների հետ:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.