AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8594, Տպվել է` 1484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տարիներ առաջ էր, դեռեւս պատերազմական վիճակում գտնվող Բեյրութից առաջին անգամ հասել էի Մ. Նահանգներՙ կուսակցական ժողովի, որի ավարտին անցա Դետրոյթ եւ, բնականաբար, ուզեցի հանդիպել ազգային մեր մեծ բարերարինՙ ՀԲԸՄիության նախագահ Ալեք Մանուկյանին: Ինձ ընդունեց իր «Մասկո» ընկերության գրասենյակում: «Զարթօնք» թերթում դեռ նոր էի տպել ամերիկյան ավտոշինարարների այդ մայրաքաղաքի հանրային գրադարանին արած նրա մեծ նվիրատվության լուրը: Զրույցի ընթացքում հարց տվեցի այդ նվիրատվության նպատակահարմարության մասին (աշխարհից մեկուսացած բեյրության իմ պատկերացմամբՙ հայը պետք է միայն հային օգնի): Զարմացած, բայց խրատական տոնով, Ալեք Մանուկյանը բացատրեց. «Տղաս, ես այս քաղաքին, այս երկրին մեջ շինած եմ դրամներս. պարտավոր եմ օգնել»:

Այս դրվագը հիշեցի նախորդ շաբաթ ծանոթանալով հանրապետության նախագահիՙ մշակութային գործիչների հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպման նյութերին: Պատասխանելով մշակութային գործիչներից մեկի հարցինՙ Սերժ Սարգսյանը բացատրել է. «Բանկ ունենալը եւս սովորական բիզնես է: Այդ բիզնեսի նպատակն էլ է դրամ վաստակելը: Եթե բանկիրը տեսնի, որ սա հաջողված ծրագիր է, եւ ինքը կարող է շահույթ ստանալ, ինչու չպետք է աջակցի: Ինքը փնտրում է մի գործ, որով ինքը կարող է գումար վաստակել»: Ամեն ինչ ճիշտ է բացատրված, բայց...

Ես չգիտեմ, թե ջրի ծորակ, կահույք, տնային ու գրասենյակային բազմաթիվ այլ ապրանքներ արտադրող «Մասկո» կորպորացիան անմիջական ի՞նչ շահ ուներ քաղաքային գրադարանին եւ Միչիգանի նահանգի կրթական ու մշակութային հաստատություններին մեծագումար նվիրատվություններ անելուց, բայց...

Բարեբախտաբար Հայաստանում ունենք օտարերկրյաՙ բրիտանական, ֆրանսիական, ռուսական բանկեր, որոնք լավ էլ փող են աշխատում (թու, թու, թու), այլապես նրանք մի րոպե չէին մնա այստեղ: Սակայն ի՞նչ են անում նրանք այն ժողովրդի, այն երկրի մշակույթի համար, որտեղից, Ա. Մանուկյանի բառերովՙ շինում են իրենց դրամները: Օրինակՙ ի՞նչ է անում 1997 թ.-ից ի վեր Հայաստանում ըստ երեւույթին լավ, շատ լավ փող աշխատող HSBC բանկը, կամ այս տարի լավագույնի մրցանակ ստացած ԹՁը բանկը, կամ բոլորովին այլ ոլորտում գործող Pernod Ricard-ը, որ մենաշնորհը ունի «Արարատ» կոնյակի, կամ Coca-Cola-ն, եւ կամ օդանավային եւ այլ ընկերությունները: Կարո՞ղ է նրանց ձախ ձեռքը, հետեւելով Քրիստոսի պատգամին, չգիտի աջն ինչ է անում, հետեւաբար մենք էլ չգիտենք, թե ինչ են անում նրանց... ձեռքերը: Չեմ կարծում: Այլապես նրանք քաջ գիտեն բարձրագոչ պանծացնել իրենց արածներն ու չարածները:

Գիտեմ, բանիմացներն իսկույն պիտի առարկեն եւ մատնացույց անեն մեր խիստ անկատար օրենքները նվիրատվությունների մասինՙ ի տարբերություն առաջադեմ երկրների: Պիտի լինեն նաեւ ուրիշներ, որոնք հիշեցնելու են, որ Հայաստանում պարտաճանաչ հարկ վճարելն անգամ առաքինություն է: Բայց...

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում Ռալֆ Յիրիկյանի սիրած «կորպորատիվ պատասխանատվությունը»: Դա երեւի հենց այն է, ինչը նկատի ուներ Ա. Մանուկյանըՙ պատասխանատվություն, պարտականություն այն երկրի ու ժողովրդի հանդեպ, որտեղ փող ես վաստակում: Եվ պրն. Յիրիկյանը, ավելի ճիշտՙ նրա ղեկավարած ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, միեւնույն անկատար օրենքների պայմաններում, հարկ վճարողների ցուցակում միշտ առաջին տեղերը զբաղեցնելու պայմաններում, ահա արդեն քանի տարի լուրջ, շատ լուրջ բարեգործությամբ է զբաղվում Հայաստանումՙ հատկապես սահմանամերձ բնակավայրերում- բնակարանաշինություն, փողոցային լուսավորում, ՏՏ ոլորտի զարգացում, մշակութային ձեռնարկներ: Նրա օրինակելի օրինակին հետեւում են մի քանի այլ ընկերություններ եւս, ինչպես Grand Holding-ի տերերըՙ հորից որդիներ փոխանցմամբ, առավելաբար օգնելով Տավուշի մարզի գյուղացիներին, որտեղից «շինում են իրենց դրամները»:

Նրանք գիտեն իրենց պարտականությունը, որի գիտակցումը իսկապես պակասում է ոչ միայն օտարերկրյա ընկերությունների, այլեւ հայրենական շատ ձեռնարկատերերի մոտ, որոնց, վերջիններիս, անդրադառնալու առիթ կունենամ հաջորդ տարի: Հաստա՛տ:

Մինչ այդՙ շնորհավոր Նոր տարի եւ Սբ. Ծնունդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.