AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8725, Տպվել է` 1483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տարվա քաղաքական խմորումները թխվածք դարձան վերջին մի քանի օրը: Ոչ մի նոր բան` հիմնական սկզբունքից դուրս, այսինքն` «Տեսարաններ եւ հաց»ի` միայն տեսարանների մասը գերազանց է տեղի ունենում: Այդ իմաստով օրիգինալ չեն ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ «Յոժ» մականունով սարկաստիկ դերասանի հիմնած եւ կոյուղու բովանդակությամբ հապավվող անունով կուսակցության հայտածումը, ո՛չ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականությամբ զբաղվելու ցանկության բարձրաձայնումը (դա նշանակում է, որ նա մի՛շտ է զբաղվել քաղաքականությամբ, այլապես նա կհայտարարեր երկրի պաշտպանության գործն ամրապնդող հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին, եւ ոչ թե` կուսակցություն), եւ ի վերջո, Ծառուկյանի վերադարձի սպասումն ու ՀՀԿ-ում արեւի տակ տեղ ունենալու ներքին հրմշտոցը: Վարչապետի անձն, ինչպես տեսնում եք, որքան էլ նա ջանա, մնում է երկրորդ պլանում, Իրանի նախագահի` Հայաստանի համար անչափ կարեւոր ու Ռուսաստանից կախվածության նվազեցման առումով թթվածնի չափաբաժին պարունակող այցը Հայաստան նախագահ Սարգսյանի առանձնաշնորհն էր, որը, միգուցե, տեսարանները պլանավորողների ծրագրերում ամենեւին երկրորդական պարագա չէ:

Վերադառնանք շաբաթվա թիվ մեկ տեսարանին` Տեր-Պետրոսյանի ելույթին: Մեր տպավորությամբ`այդ ելույթի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ խաղաղասիրական ուղերձները հնչել են միգուցե երկրում բազեների եւ աղավնիների` իրար հավասարակշռող դերաբաժանման արդյունքում, որը ստանձնել են իշխանությունն ու նրան հարմար ընդդիմությունը, զանազան արտաքին ու ներքին պարտադրանքներին ի պատասխան: Այս դերաբաժանմամբ, ղարաբաղյան կարգավորման` այսպես կոչված պուտինյան պլանին պետք էր անպայման արձագանքել հավանաբար, այդպիսի պահանջ կա երեւի, ու մտածվել է ամենապրիմիտիվ տարբերակը` բազեների դերը բնականաբար ստանձնում է իշխանությունը (չնայած, հենց նրա՛ն է ինչ- որ բան պարտադրվում դրսից), իսկ խաղաղության աղավնիների դերը` հարմար ընդդիմությունը, որի ղեկավար Տեր-Պետրոսյանը, խաղաղության իր կոչով, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ժամանակին թաղված իր փուլային տարբերակը վերակենդանացնելով, արմատական տրամադրված հանրության հարվածը վերցնում է իր վրա փաստորեն: Բնականաբար` դրա դիմաց ստանալով այն, ինչ նրան պետք է` տեղեր ապագա խորհրդարանում եւ էլի հավանաբար ինչ- որ բաներ: Իսկ ամենագլխավորը` հանրության միտքը գոնե որոշ ժամանակ զբաղեցնող տեսարանն ապահովված է, որով նրան շեղում են դժվարագույն ապրելակերպից, փնթփնթոցից, դժգոհության ալիք ձեւավորելուց. բա դե` Արցախին սպառնացող վտանգի զգացողության խարույկի վրա բավական մեծ եւ երկար վառվող փայտ նետելով, փոխզիջման ծամոնը ծամելով, էն էլ ապրիլյան պատերազմից հետո, ի՞նչ խնդիր է լուծում Տեր-Պետրոսյանը, բացի իշխանության արմատական կերպարին արմատականության մի նոր շտրիխ ավելացնելուց:

Բացի այդ էլ` մարդիկ կբարկանան, կպատասխանեն լրատվամիջոցներով, կզբաղվեն, մինչեւ որ ընտրություները գան-անցնեն, ռուսներն էլ էդ ընթացքում էնքան խնդիր ունեն, հարցը հո կարգավորման կամ բուն զիջմանը չի՞ հասնի, Մինսկի խումբ կա, բան կա: Ռուսաստանի դեսպանի սպանությունն էլ Անկարայում ոնց որ մերոնց ուղարկված Աստծո պարգեւ`ռուս-թուրքական հերթական կնճիռը հարթելու ջանքով կմոռանան Ղարաբաղն էլ, կարգավորումն էլ, գոնե առժամանակ, մինչեւ մերոնց սահմանադրախառը ընտրանախագիծը լրիվ իրականություն դառնա, հորով-մորով լինի, օրերն էլ տաքանան: Այսինքն` տեսարանների հերթական չափաբաժինն այս անգամ (եւ ոչ առաջին անգամ) իր վրա է վերցրել Տեր-Պետրոսյանը:

Ստորեւ մեջբերվող մտքերի մեջ ոչինչ նոր, այս մոտեցումները դեռ 1997-ին են խոտանվել ու դավաճանական համարվել.«Իրականում խնդիրը մեկն էՙ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար: Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն էՙ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակըՙ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ... Իսկ փոխիջման այլընտրանքը պատերազմն է...»: Գոնե հասկանում է Տեր-Պետրոսյանը, որ նույն գետը երկրորդ անգամ մտնելիս ընդհանրապես կարելի է խեղդվել:

Հայաստանի շրջափակումը, այո, խնդիր է , սակայն ելք չգտնելը դեռ չի նշանակում, որ եղած-չեղածը պիտի հանձնենք ու տասնակի ավելի վտանգի մեջ հայտնվենք, քան շրջափակումն է: Ո՞ւմ համար է Տեր-Պետրոսյանի ելույթը, որովհետեւ հայ հանրության մեծ մասը, անգամ իր կուսակիցներից շատերը դեմ են այն տարբերակին, որի անունը փուլային է, ու որի պատճառով Տեր-Պետրոսյանը ժամանակին հանձնեց իշխանությունը: Պատասխանը ծագում է ինքնին` նախ ռուսների ու միջազգային այն կենտրոնների, որոնք ուզում են բացել հայ-թուրքական սահմանը` իրենց շահերից ելնելով, նրանք էլ տեր կկանգնեն այն ուժին, որը ներկայացնում է Տեր-Պետրոսյանը, կամ, ավելի ստույգ` կշարունակեն տեր կանգնել:

Իսկ «Ազգ- բանակ» գաղափարը քարը քարին չթողնելու մասով ասենք, որ խաղաղություն մուրալու փոխարեն` այն պարտադրում են ուժեղ բանակով, Շվեյցարիայի հետ համեմատվելու ոչ մի եզր էլ անգամ չկա, պատմական անդրադարձն այդ առումով կտրված է համատեքստից, իսկ թե ինչ խնդրի լուծմանն է կոչված մե՛ր, հայկական «Ազգ-բանակ» գաղափարը, այդ հարցին պատասխանել են ապրիլյան պատերազմում ընկած մեր տղաները` իրենց կյանքը զոհելով: Ազգային արժեքի անխնա թալանի հետ էլ համաձայն ենք, սակայն այն չի հասնի նրան, ինչ արվեց հենց Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ազգային հարստությանը տիրացան մի քանի «պոլի փետ»:

Խորքային առումով չի կարելի չնշել, որ, այնուամենայնիվ, այդպես էլ իշխանություն վերադառնալու կամ իշխանությունը պահելու հույսը չկտրած զորաշարժերն են հիմնականում այն շարժառիթը, որը ստեղծում է աղավնիների ու բազեների թվացյալ երկատված, իրականում կուռ միասնությունը, քանզի Հայաստանի իշխանության ձեւավորման մեջ դեր ու հետաքրքրություն ունեցող ռուսների ձեռքը տալ ղարաբաղյան կարգավորման բանալին, ինչպես որ Տեր-Պետրոսյանն է անում, ուրիշ բան, քան ռեւերանս ռուսներինՙ չես անվանի, իսկ դե իշխանությանը դա մատուցված ծառայություն է` նախ հերթական անգամ կարգավորման ռուսական պլանի հանդեպ հանրության բացասական վերաբերմունքն ի ցույց դնելու համար, երկրորդ` հանրության միտքը զբաղեցնելու եւ իսկական ընդվզում թույլ չտալու, կամ առնվազն այդ ընդվզումը սեփական նպատակներով օգտագործելու տեսակետից:

Բոլոր դեպքերում Հայաստանում տեղի ունեցող ամեն բան, որի անունը քաղաքական է (բայց ոչ բովանդակությունը) տեղավորվում է երկրում նախագահ եղած երեք անձանց ցանկությունների կամ շարժառիթների ծիրում, ընդ որում նախորդ երկու նախագահներն այսօր էլ ներկայացված են տնտեսության ու քաղաքականության մեջ եւ գեներացնող լծակներ ունեն: Նրանք թեմաներ են գեներացնում, կուսակցություններ ստեղծում կամ փոշիացնում, գործընթացներ կառավարում` ներկա իշխանության հետ փոխընդմեջ պարտիաներով:

Մարդկանց զբաղեցնող թեմաները կարծես թե սպառվել էին` ապրիլյան պատերազմը կամա՜ց մոռացվում է, «Սասնա ծռերի« վերաբերյալ մարդիկ այդպես էլ միասնական կարծիքի չեկան, թե ով է կանգնած նրանց հետեւում (իսկ որ կանգնած էին` ողջամիտ մարդիկ չեն կասկածում, միայն էպոսագետի եւ էպոսի հերոսների նմանությունն արդեն ինչ-որ բան հուշում է), ու զինված տղերքի դատերն էլ մի քանի` իրենց գործին նվիրված լրագրողներից բացի` հանրությանը կարծես չեն հետաքրքրում: Կրեատիվ, էքսկլյուզիվ, երեւակայությունը խթանող, շամփրող, գլխին բամփող նոր գաղափարներ են պետք վերեւներին, ինչպես, ահա՛, «Քաղաքացիական ակտիվ քայլ» անվանվանյալ, կոյուղու բովանդակությանը համարժեք հապավմամբ մի կուսակցության ի հայտ գալը, որն իրեն անվանում է իշխանական, ծրագրերով ակնարկ ունի ողջ քաղաքական դաշտին կոյուղային բովադակություն հաղորդելու կամ ցույց տալու, որ խփել է տասին` քաղաքական դաշտն ամբողջովին անլրջացնելու առումով, ասես թե իշխանությունը դա վաղուց չէր արել:

Ժամանակին, ճիշտ է, նախագահական ընտրություններին, էլի մի խեղկատակ էին մեջտեղ գցել, ինչ- որ էպոսագետ, հետո նա խաղը լուրջ ընդունեց, կամ, ով գիտե, միգուցե տանուլ տվեց, քանի որ Պարույր Հայրիկյանը չմեռավ ու նախագահական ընտրությունները չհետաձգվեցին, այդ պատճառով նա իր կյանքի մնացած լավագույն մասն անցկացնում է հասարակությունից մեկուսի, սեփական գլխից վեր-վեր թռնելու ու գծված ծրագրում չտեղավորվելու համար: Այս անգամ իսկական խեղկատակ են մեջտեղ գցել, քանի որ քաղաքական կրկեսը կարծես ավարտվել է` առանց մեծ արդյունք տալու, իսկ մինչեւ ընտրությունները դեռ ժամանակ կա, ինչով պետք է զբաղվի հանրության միտքը, ով պետք է խանգարի թագավոր ախպոր` հարկավոր, բայց չափի մեջ պահելու անհրաժեշտություն պահանջող ձեռնարկին, երբ դա պետք լինի: Իհարկե, եթե նախագծի հեղինակը իր նախագիծն այնքան վիրտուոզ է նախագծել, որ ընթացքում հարմար պահին ջուրն ուժեղ է քաշելու, ու կոյուղին մաքրվելու է` հա, սակայն եթե այդ նախագիծը, ինչպես ռուսներն են ասում, «զբոյ տա», ու հանրության փող չվերցնող, բայց ապրուստից, արհամարհանքից ու տգիտությունից կատաղած հատվածը, մյուսների ջգրու, վերցնի ու ձայնը տա քվեաթերթիկի վերջին համար ՔԱՔ-ին, պատկերացրեք, թե ինչ տեսակի խցանված կոյուղում կհայտնվենք ազգովին, նախագծողն էլ մեր հետ:

Վերադառնալով Քոչարյանի գեներացնող լծակներին, որի մասին մամուլում արտահոսք եղավ, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջական օրակարգը համակարգվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ Սեյրան Օհանյանը հանդես է գալու որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի միավորման առանցք, որտեղ կլինեն Վարդան Օսկանյանը, Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը, անգամ ՀՀԿ-ից նեղացածները,շարժմանը պետք է միանա նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Միգուցե սա իսկապես այդպիսի համախմբմանը խփող արտահոսք է, բայց անձերի առումով ճշմարտանման է, թեեւ երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը խիստ որակումներով հերքել էր Քոչարյանի մասնակցությունը կամ ուղղորդումը որեւէ ձեռնարկում.«Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով», ասել էր նա: Ընդ որում` անհայտ մնաց, թե մեծ ճանապարհը միայն Ռ. Քոչարյանն է անցել, թե՞ դա հավասարապես վերաբերում է նաեւ Ս. Օհայանին:

Դե իսկ Սեյրան Օհանյանին, նրա հետ համագործակցել ցանկացող Վիկտոր Դալլաքյանին եւ մյուսներին, որոնք անշուշտ, իհարկե, անտարակույս, անպայման, միանշանակ քաղաքականությամբ զբաղվելու իրենց սահմանադրական իրավունքն ունեն, «հայրենիքին ծառայելու» ա՛յս կերպն ընտրելով, հիշեցնենք, որ սովորական մարդիկ էլ իրենց սահմանադրական իրավունքն ունեն հավ չլինելու, հիշելու ամեն ինչ ու բոլորին, բոլորի արածներն ու ասածները:

Իսկ որ Ս. Օհանյանն ասում է, թեՙ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարեւորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին, համաձայն ենք, երկրի ապագա ղեկավարի, լիդերի հարցը խորհրդարանական ընտրություններին է լուծվելու, ու դուք բոլորդ պայքարելու եք միայն դրա համար, իսկ հայրենիք փրկելը, ժողովրդի կողքին լիները, ներեցեք..., նախ հարցնեիք ժողովրդին, ինքն ուզո՞ւմ է, որ իր կողքին լինեք, հետո միայն ժողովրդի անունը տվեք: Լավագույն ցանկություններս:

Իսկ մենք, տեսարանների մշտական, ճիշտ է` փորձառու հանդիսատեսներս, մնանք վիրտուոզ ներկայացումների սպասումով` խաղը մերը, հասարակ քաղաքացիներինս չէ, որ մեր ճկույթաչափ աշխատավարձերով դիտորդի դերն ենք ստանձնել, խաղը միլիարդատերերի միջեւ է, մեզ համար այնտեղ դեր չկա: Խաղն արժե մոմերը, ու մեզ մնում է հետեւել` չբացառելով տեսնել Ծառուկյանի եւ Հայրիկյանի հետ պատահածներից էլ ավելի թունդ տեսարաններ: Ինչ արած, մեզ մնում է պահպանել անհրաժեշտ առողջ ցինիզմը` տիկնիկավարների կազմակերպած խաղի նորանոր աղմկոտ տեսարաններին հետեւելիս:

Այնպես որ, հարգելի հանդիսատեսներ, հարմար տեղեր գրավեք պարտերում, անգամ` ամֆիթատրոնում, որտեղից որ լավ կերեւա խաղը. հայտերը ներկայացված են, հունվարի առաջին տասնօրյակից հետո կսկսվեն ներկայացումները այս նոր, լավ կազմակերպված եւ տեսարժան թատերական եռամսյա փառատոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.