AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



ԱՄՓՈՓ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8494, Տպվել է` 1485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՑՆՈՂ 2016-Ըՙ ՑԱԾՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ԲԱՐՁՐ ՏԵՄՊՈՎ ԱՃՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գաղտնիք ասած չենք լինի, եթե նշենք, որ 2016-ի տնտեսական տարին նույնպես մեզ համար բարդ էր եւ անկանխատեսելի: Անշուշտ, համաշխարհային քաղաքական եւ տնտեսական կացությունն իր հետքն է թողնում նաեւ Հայաստանի տնտեսության վրա, որոնցից գլխավորըՙ սպառման ծավալների նվազումն էր անցյալ եւ այս տարիների ընթացքում: Նավթի աննախադեպ ցածր գները բացասաբար ազդեցին մեր հիմնական տնտեսական գործընկեր երկրիՙ Ռուսաստանի տնտեսության վրա, որտեղ այս տարի կգրանցվի թեկուզ չնչին, բայց տնտեսական անկում: Դեռ 2015-ից սկսած Ռուսաստանի տնտեսության այս կացությունը իր անմիջական ազդեցությունն ունեցավ Հայաստանի վրա: Այդ երկրից դեպի Հայաստան հարազատներին ուղղված մասնավոր փոխանցումների ծավալները կտրուկ նվազեցին: Նվազեցին նաեւ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման ծավալները: Բարեբախտաբար, 2016-ին արդեն արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ոչ միայն վերակագնվեցին, այլեւ կտրուկ աճեցին: Մինչդեռ, մասնավոր դրամական փոխանցումների ծավալները շարունակեցին մնալ ցածր, ինչին ի լրումն էլ ավելացավ հակառակՙ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների արտահոսքը:

Այս տարի արձանագրված մյուս բացասական գործոնը մետաղների միջազգային ցածր գներն էին, ինչը հնարավորություն չէր տալիս մերՙ հիմնականում պղնձաքարի արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերությանը ավելացել արտահանման ծավալները: Տարվա առաջին 10 ամիսներին պղնձի միջազգային գները գտնվում էին 1 տոննայի դիմաց 4700-4800 դոլարի սահմաններում: Միայն նոյեմբերից սկսած պղնձի գինը որոշակիորեն բարձրացավ, կազմելով 1 տոննայի դիմաց 5700-5800 դոլար: Առաջիկայում դա որոշ չափով կբարելավի այս ոլորտում գործող հայկական խոշոր պղնձարդյունաբերական կոմբինատների գործունեությունը:

Ամեն դեպքում, հենց այս տարի սկսվեց Հայաստանում եւս մեկ խոշոր հանքարդյունաբերականՙ Ամուլսարի ոսկու հանքի մոտ 370 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը: Երկար ժամանակ բնապահպանական մտահոգություններ առաջացնող այս ծրագիրը ակնկալվում է, որ Վայոց Ձորի տարածաշրջանում, սկզբնական շրջանում 1300 նոր աշխատատեղեր կապահովի, իսկ ներդրումների 5 տարիների ընթացքումՙ մոտ 700 մշտական աշխատատեղեր: Ներդրողները վստահեցնում են, որ բնապահպանական խնդիրները լուծվել են միջազգային ներկա չափանիշներովՙ բոլոր պահանջների բավարարմամբ: Անցնող տարվա ընթաքցքում սա Հայաստանում իրականացված թերեւս ամենանշանակալի ներդրումային ծրագիրն էր: Հարկ է նաեւ նշել, որ հակառակ հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված որոշակի անկմանը, Հայաստանի արդյունաբերության համար անցնող տարին, ընդհանուր առմամբ, առաջընթացի տարի կարելի է համարել:

Արդյունաբերությունը լավատեսություն է ներշնչում

Արդյունաբերական արտադրանքի աճը ներկա պահինՙ 11 ամսիների արդյունքով կազմել է 6,8 տոկոս, իսկ գումարային առումովՙ 1 տրլն 285 մլրդ դրամ: Հատկանշական է, որ սկսած 2010-ից, արդյունաբերությունը Հայաստանում բարձր տեմպերով աճ է արձանագրում: Հետճգնաժամային առաջին տարումՙ 2010-ին, այդ աճը կազմել է 9,7 տոկոս, 2011-ինՙ 13,9 տոկոս, 2012-ինՙ 8,8 տոկոս, 2013-ինՙ 6,9 տոկոս, 2014-ինՙ 2,7 տոկոս, 2015-ինՙ 5,2 տոկոս եւ, ինչպես արդեն նշվեց, այս տարվա արդյունքներովՙ առայժմ 6,8 տոկոս: Այսինքն, վերջին 7 տարում, ներառյալ այս տարին, Հայաստանի արդյունաբերությունն աճել է 54 տոկոսով, ինչն անշուշտ բարձր ցուցանիշ է եւ ինչին հասնելը դյուրին չի եղել: Գումարային առումով, դրամային արտահայտությամբ, 7 տարի առաջվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները ավելի քան կրկնապատկվել են: Հարկ է նշել, որ մի քանի տասնյակ ներդրումային ծրագրերին տրված հարկային արտոնությունները (ավելացված արժեքի հարկի հետաձգում երեք տարով) վերջին 5 -6 տարիներին իրենց անմիջական ազդեցությունն են թողել արդյունաբերության աճի ցուցանիշների վրա: Այդուհանդերձ, ասել, թե Հայաստանը նորից արդյունաբերական երկիր է, դեռ վաղ է, բայց գործընթացը լավատեսական հույսեր է ներշնչում:

Անցնող տարվա առումով հատկապես կարեւոր է մշակող արդյունաբերության ճյուղերում գրանցվող լրջագույն աճը: Արժե հիշատակել պատրաստի սննդի, ծխախոտի, ոսկերչական իրերի, սարքերի, ապարատների, մեքենասարքավորումների եւ մեխանիզմների, թեթեւ արդյունաբերության արտադրության եւ արտահանման ծավալներիՙ երբեմն բավականին կտրուկ ավելացումը:

Արտահանման ռեկորդային ցուցանիշ այս տարի

Տնտեսության իրական հատվածիՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսության համար աճի լուրջ խթան կարող է դառնալ գազի տարբերակված, ավելի ցածր սակագները վերամշակող ձեռնարկությունների եւ ջերմոցային տնտեսությունների համար: Այդ դեպքում հայկական ապրանքները ավելի մրցունակ կդառնան թե՛ ներքին շուկայում, թե՛ արտաքին, հետեւաբար, տեղական արտադրանքի մասնաբաժինը կավելանա ներքին շուկայում, իսկ արտահանվող ապրանքն ավելի մրցունակ կլինի արտերկրում:

Ընդհանուր առմամբ, այս տարվա 11 ամիսներին Հայաստանից արտահանման աճը ռեկորդային է եղելՙ 21,2 տոկոս: Եվ սաՙ չնայած մեր արտահանման խոշոր ճյուղերից մեկի համար բացասական ազդեցություն ունեցող մետաղների միջազգային գների նվազման: 2016-ի արտահանման ծավալների նման աճը, անցնող տարվա թերեւս ամենակարեւոր տնտեսական ձեռքբերումն է եւ հարկ է ջանքեր գործադրել, որպեսզի այդ տեմպը որքան հնարավոր է երկար պահպանվի:

Արտահանման ուղղվածության համար նպաստավոր պայման է Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) , որի հնարավորություններից առայժմ քիչ ենք օգտվում: Այս տարվա ընթացքում հաստատվեց Մեղրու տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման որոշումը, որը միմյանց կկապի ԵՏՄ եւ Իրանի շուկաները: Այս նախագիծը լուրջ տնտեսական շահաբաժիններ է խոստանում ինչպես Սյունիքի տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար ընդհանրապես:

Ի՞նչը չհաջողվեց եւ մնաց 2017-ին

Իրական տնտեսության մյուս հատվածումՙ գյուղատնտեսությունում, այս տարի գործերն այնքան հաջող չէին, որքան անցյալ տարի, երբ բարձր բերքատվություն էր արձանագրվել: Մյուս կողմից էլ, գյուղատնտեսությունում այս պահի դրությամբ արձանագրված մոտ 6 տոկոս անկումը պայմանավորված է վիճակագրության ավելի իրատեսական ցուցանիշներ ունենալու նոր վարչապետ Կարեն Կարապետյանի պահանջով: Հայտնի է, որ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող ցուցանիշները մշտապես վիճելի են համարվել, քանի որ դրանք ներկայացվում են գյուղապետարանների կողմից եւ դրանց օբյեկտիվությունը մշտապես կասկածելի է եղել: Ենթադրելի է, որ այս տարվա տվյալները առավել հավաստի են, ինչն ազդել է գյուղատնտեսության եւ նրա միջոցով նաեւ տնտեսական ընդհանուր աճի ցուցանիշի վրա:

Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում այս տարի նվազող տեմպ է արձանագրել: Տարեսկզբին այն սկսվեց բարձր տեմպով, եղավ պահ, երբ հասավ մինչեւ 6 տոկոսի, բայց հունվար-հոկտեմբեր ամիսներին այն արդեն կազմում էր 0,4 տոկոս, իսկ հունվար-նոյեմբերի տվյալներովՙ փոքր-ինչ բարձրՙ 0,6 տոկոս: Ակնհայտ է, որ տնտեսական աճի տարեկան ցուցանիշը կգտնվի 0,5-1 տոկոսի միջակայքում, ինչը ոչ մի կերպ բավարար չի կարելի համարել:

Արձանագրելով արդյունաբերությունում արձանագրվող աճի միտումը, ինչպես նաեւ կառավարության կողմից նոր ներդրումային ծրագրերին աջակցելու պատրաստակամությունն ու նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ջանքերը, անհրաժեշտ է, որպեսզի 2017-ին այդ ջանքերն արդեն արդյունքներ գրանցեն թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության, թե՛ շինարարության եւ թե ծառայությունների ոլորտներում: Ցանկալի կլինի գոնե այս տարի վերջապես սկսվեին իրագործվել հետաձգվող խոշոր քաղաքաշինական ծրագրերըՙ «Հին Երեւանն» ու «33-րդ թաղամասը», ինչը անպայման իր ազդեցությունը կթողներ ինչպես շինարարության ոլորտի, այնպես էլ ընդհանուր տնտեսական աճի վրա:

Գրեթե կրկնակի շատ իրանցի զբոսաշրջիկներ են եկել Հայաստան

Տնտեսության մեջ մեծ աճ արձանագրած մյուս ճյուղը ծառայություններն են: Այս ոլորտում, ինչպես եւ մանրածախ առեւտրում, աճը սովորաբար ավելի շուտ արդյունք է լինում արտերկրից մասնավոր փոխանցումների ծավալների ավելացման, քան երկրի տնտեսության իրական հատվածում տեղի ունեցող առաջընթացի: Սակայն, այս տարի, մասնավոր փոխանցումների ծավալի նվազմամբ հանդերձ, մանրածախ առեւտրի ծավալները գրեթե անփոփոխ են մնացել, իսկ ծառայություններում արձանագրվել է ամենաբարձր աճըՙ 7,8 տոկոս հունվար-նոյեմբերի ժամանակահատվածում: Ծառայությունների ոլորտում աճը նշանակում է, որ ավելացել է այդ ծառայություններից օգտվողների թիվը, այսինքն, այն կենսամակարդակի որոշակի փոփոխության արտացոլում է: Եթե մասնավոր փոխանցումները նվազել են, իսկ ծառայություններում աճ է արձանագրվել, ապա դա հետեւանք էՙ մի կողմից արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ արձանագրված դրական տեղաշարժերի, մյուս կողմիցՙ Հայաստան արտարժույթ բերող ծառայություների ծավալների ավելացման: Խոսքը զբոսաշրջության մասին է:

Որքան էլ անբարենպաստ եղավ այս տարինՙ պայմանավորված ապրիլյան պատերազմով եւ հատկապես հուլիսյան ահաբեկչական զինված ելույթով, Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը ավելացավՙ 9 ամիսների արդյունքով 3,6 տոկոսով: Ընդ որում, զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճով առաջին հերթին պարտական ենք Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների կտրուկՙ 87,4 տոկոս աճին: Մյուս երկրներից Հայաստան եկողների աճը կա՛մ փոքր է եղել, կա՛մ ընդհանրապես չի եղել: Ընդհանուր առմամբ, բացի Հայաստանի գրավչության ավելացման ուղղությամբ քայլերը շարունակելուց, նախեւառաջ պետք է բացառվեն ներքին բախումները: Հակառակ դեպքում, ամբողջ ջանքերը պարզապես իզուր կդառնան:

Ցածր գնաճի տարի

Անցյալ տարին նույն Հայաստանում գնաճ չարձանագրվեց: Նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել էր գնանկումՙ 0,6 տոկոսովՙ հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան: Նվազել են պարենային ապրանքների գներըՙ 0,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներըՙ 3,5 տոկոսով: Ծառայությունների սակագներն են միայն անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրել 1,1 տոկոս աճ: Լա՞վ է սա, թե՞ վատ:

Սոցիալական առումով գնանակումը գուցե եւ լավ է, քանի որ չի վատթարացնում անապահով խավի վիճակը, բայց այն նաեւ ցուցիչ է պահանջարկի նվազման եւ մտահոգիչ գործոնՙ տնտեսության զարգացման համար: Գնանկումային միջավայրը կարող է բերել ներդրումային առանց այն էլ պասիվ վիճակի խորացման, դրանից բխող տնտեսական նվազման երեւույթով: Հետեւաբար, թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը պետք է խթանողական քաղաքականությանը առաջնայնություն տան, քանի որ գնաճի զսպման խնդիր վերջին երկու տարիներին Հայաստանում ըստ էության չկա: Այս ուղղությամբ ԿԲ կողմից վարվող քաղաքականություն թեեւ տարվում էՙ վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցման տեսքով, բայցՙ շատ զգուշավոր:

Ընդհանրապես, մեր երկրի տնտեսությունն այժմ հասել է զարգացման մի փուլի, որին պետք է հաջորդի նոր խթան: Մասնագիտական գնահատականներով, Հայաստանի տնտեսական զարգացման նոր որակական փուլի համար առաջիկա տարիներին մեզ առնվազն 6-8 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ է անհրաժեշտ: Հուսանք, որ 2017-ը կդառնա նման աճ արձանագրած տարիներից առաջինը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.