AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8599, Տպվել է` 1484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՄԱՆԹԱ ՓԱՈՒԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Նա, ով ցանկանում է ծիծաղի առարկա չդառնալ, պետք է խուսափի բարոյականություն փնտրելուց քաղաքականությունում եւ քաղաքագետների շրջանում: Մի օր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանը իրար կոկորդ են կրծում, հաջորդ օրը Էրդողանը Մոսկվա է ժամանում, քծնում եւ արդյունքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվում են:

Տարօրինակ իրադարձություններ եւ փոփոխամտություններ տեղի ունեցան նաեւ Մ. Նահանգներում վերջերս կայացած նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանցից հետո: Դոնալդ Թրամփի ամենակատաղի քննադատներից մեկը, նախագահական նախկին թեկնածու Միթ Ռոմնին հանդիպեց նորընտիր նախագահին, շնորհավորեց նրան եւ խնդրեց, որ իրեն էլ ընդգրկի առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում: Նմանապես ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանը, որ Ռոմնիից հետ չէր մնում Թրամփի հասցեին ուղղված իր արհամարհական ակնարկներով, հանկարծ շուռ եկավ վերջինիս հաղթանակից հետո եւ հայտարարեց, որ Թրամփը «լսել էր մի ձայն, որ նրանից առաջ ոչ ոք չէր լսել»:

Երբ կարեւոր պետական գործիչներ նման անողնաշար շրջադարձեր կատարեն քաղաքականության մեջ, նրանք անկասկած ճանապարհ կհարթեն ավելի ցածր էշելոններում գործող դիվանագետներին վարպետանալու մտքափոխության այդ ասպարեզում:

Դյուրաթեք սկզբունքայնության տեր մարդկանց թվին է պատկանում նաեւ ՄԱԿ-ում Մ. Նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերը: Նա խորիմաց գիտնական է Հարվարդ եւ Եյլ համալսարաններից ստացած իր գիտական աստիճաններով, որ ժամանակին Բարաք Օբամայի եւ ամերիկահայ համայնքի ուշադրությանն արժանացավ հրատարակելով «Խնդիրըՙ դժոխքից: Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում»: (A Problem from Hell: America in the Age of Genocide) խորագրով հատորը, որը կարեւոր ներդրում է մեր օրերի Ցեղասպանության խնդրի ուսումնասիրության ոլորտում: Գրքում հրեական ողջակիզման, ռուանդայական եւ կամբոջական ցեղասպանությունների շարքում պատշաճ տեղ է հատկացված նաեւ Հայոց ցեղասպանությանը: Նա դրանով մեծ հաջողության հասավ եւ ստացավ Պուլիցերյան մրցանակ: 2004-ին «Թայմ» պարբերականը նրան ընդգրկեց աշխարհի 100 հզորագույն կանանց շարքը, իսկ «Ֆորբս» պարբերականը նրան 41-րդը դասեց աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում:

Փաուերը մինչեւ 2008-ի մարտ ամիսը, այդ ժամանակ դեռ սենատոր Օբամայի ավագ խորհրդատուն էր, մինչեւ որ ստիպված եղավ հրաժարական տալ եւ չմասնակցել Օբամայի նախագահական ընտրարշավին այն բանից հետո, երբ Հիլարի Քլինթոնին նա անվանեց «հրեշ»: Դա հայտնի դարձավ «Սքոթսման» (Scotsman) պարբերականի հրապարակումից: Հետո նա ներողություն խնդրեց, ասելով որ այդ խոսքը «չի արտահայտում իմ զգացմունքները սենատոր Քլինթոնի հանդեպ, որի առաջնորդի կարողություններն ու հասարակական ծառայությունները ինձ հիացրել են միշտ: Իհարկե ես ափսոսում եմ: Չեմ հավատում, թե այդ եւ նման բառերը ինչպես դուրս եկան իմ բերնից»:

Ներողութան խոսքերը նրան դարձյալ վերադարձրին Օբամայի ճամբար, որտեղ նա զբաղեցրեց նրա վարչակազմի արտաքին քաղաքականության «գլխավոր ճարտարապետի» պաշտոնը: Մինչ նա BBC-ի «Hard Talk» (Դժվար խոսակցություն) ծրագրին տված հարցազրույցի ժամանակ Իրաքից ամերիկյան զորքերը 16 ամսվա ընթացքում դուրս բերելու Օբամայի անկատար մնացած խոստումն էր պաշտպանում, հաղորդավարը նրան հիշեցրեց, որ նրա խոսքերը հակասում են ընտրապայքարի օրերին Օբամայի ստանձնած պարտավորություններին: Փաուերը իրեն չկորցնելով հակադարձեց. «Դուք չեք կարող 2008-ի մարտին պարտավորություններ ստանձնել այն մասին, թե ինչ է տեղի ունենալու կամ հանգամանքներն ինչպիսին կլինեն 2009-ի հունվարին»: Դա գուցե առաջին նախանշանն էր, որ փոփոխամտությունը Սամանթա Փաուերի որդեգրած քաղաքականության անբաժանելի մասնիկն էր:

Նույնանման մի միջադեպ էլ տեղի ունեցավ 2002-ին Հարրի Քրիսլերի «Conversations with History» (Զրույցներ պատմության հետ) հաղորդման կապակցությամբ: Որոշ անհատներ Փաուերին մեղադրեցին այդ հարցազրույցի ժամանակ Իսրայելի դեմ կատարած արտահայտությունների համար: Այս անգամ էլ նա ներողություն խնդրեց եւ լաց եղավ հրապարակայնորեն, ապա սկսեց պաշտպանել Իսրայելի գործողությունները Գազայի շրջանում, որտեղ երկու շաբաթների ընթացքում 1,200 պաղեստինցիներ էին կոտորվել: Նա կողմ արտահայտվեց Իսրայելի իրեն պաշտպանելու իրավունքին, եւ իհարկե արժանացավ իսրայելական քարոզչական կազմակերպությունների բարձր գնահատանքներին:

ՄԱԿ-ում Մ. Նահանգների ներկայացուցիչը դառնալու թեկնածության ժամանակ, նա աջակցություն ստացավ դիվանագետ Դենիս Ռոսից, հակազրպարտչական լիգայի ղեկավար Աբրահամ Ֆոքսմանից, Մ. Նահանգներում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենից, Ալան Դերշովիցից եւ րաբբիների ասամբլեայի նախագահ Հենրի Սպիկերից:

Սամանթա Փաուերի սիրո եւ ատելության հարաբերությունները հայերի հետ սկսվեցին ցեղասպանությունների մասին իր գրած վերոնշյալ հատորի լույս ընծայմամբ: Հազվադեպ երեւույթ էր, որ օտար մի գիտնական կամ դիվանագետ այդքան պարզորոշ կերպով բնութագրեր Հայոց ցեղասպանությունը եւ բացահայտեր նրա ճանաչման գործընթացի դեմ իրականացվող ժխտման մեխանիզմները:

Եվ ամենակարեւորը, Օբամայի նախագահական ընտրարշավի ժամանակ նա ամերիկահայ համայնքին մոտեցավ որպես նրա քաղաքականության ավագ խորհրդականի եւ թեկնածուին ներկայացրեց որպես պատմության գիտակիՙ տեսաժապավենի միջոցով վստահեցնելով, որ «նրան կարելի է վստահել»:

Ամերիկահայ համայնքն էլ հիմնվելով նրա գրքի եւ Օբամայի նախկինում արտահայտած մտքերի վրա քվեարկեց վերջինիս օգտին: Դեռ սենատոր եղած ժամանակ Օբաման նշել էր, որ ինքը հաստատ համոզված է, որ «Հայոց ցեղասպանության խնդիրը անհիմն պնդումների, անձնական տեսակետի կամ կարծիքի արդյունք չէ, այլ պատմական փաստաթղթերով լայնորեն վավերացված փաստ: Որպես սենատոր ես ամբողջովին պաշտպանում եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «HR 106 եւ S Resolution 106» բանաձեւի անցկացումը կոնգրեսում եւ նախագահ ընտրվելու դեպքում ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Այս եւ նման արտահայտություններն ու խոստումները նշանակալի թվով հայերի քվեներն ապահովեցին Օբամային, ով ընտրվելուց հետո դրժեց իր խոստումը եւ հուսախաբ արեց հայ համայնքին: Ութ տարի շարունակ, Օբաման դիտումնավոր խուսափեց «ցեղասպանություն» եզրից: Բայց արդար լինելու համար պետք է նշել, որ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալով նա ակնարկեց, որ այդ երկիրը պարտավոր է առերեսվել իր մութ անցյալի հետ:

Համապատասխան եզրը չօգտագործելու այս ութ տարիների ընթացքում հայկական համայնքի համար դժվար էր կապ հաստատել Փաուերի հետ: Մամուլի եւ անձնական կոչերը անպատասխան էին մնում: Բայց նա հանկարծ հայտնվեց անցյալ տարվա մայիսին փոխնախագահ Ջո Բայդենի կողքին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության առթիվ:

Նախագահ Օբաման 2012-ին նրան նշանակել էր «Դաժանությունների կանխարգելման վարչության» (Atrocities Prevention Board) նորաստեղծ կառույցի նախագահ: Հակադրվելով այդ վարչության առաքելությանը, եւ մարդկային իրավիճակների հանդեպ իր վերաբերմունքից անկախ, Փաուերը, Ազգային անվտանգության խորհրդատու Սյուզան Ռայսի ընկերակցությամբ կողմ արտահայտվեց Լիբիայի նվաճմանը եւ այնտեղ կատարվող վայրագություններին (ներառյալ երկրի նախագահի բարբարոսական սպանությանը), որոնք գործնականորեն խորտակեցին այդ երկիրը:

Փաուերի օրերս կայացած երկրորդ հայտնությունը շատ ավելի հետաքրքրական է:

Վաշինգտոնի Ողջակիզման թանգարանում կայացած գրող, հասարակական գործիչ եւ փիլիսոփա, ողջակիզումից մազապուրծՙ ողբացյալ Ելի Վիզելի թաղման արարողության ժամանակ խոսելով եւ օրինակներ բերելով Վիզելի հետ ողջակիզման տարիների ընթացքում կատարված անարդարությունների վերաբերյալ, Փաուերը դիտավորյալ, թե ոչ դիտավորյալ կերպով նշեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման մասին:

Հաշվի առնելով, որ նա դեռեւս զբաղեցնում է պաշտոնական դիրք եւ կառավարական կարեւոր պաշտոն, ՄԱԿ-ում նրա արտասանած խոսքերը չեն կարող անձնական կարծիքից ավելի մեծ նշանակություն ունենալ: Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ դեսպան Ջոն Էվանսի հետ, երբ պետքարտուղարությունը նրան պաշտոնազրկեց «ցեղասպանություն» եզրը օգտագործելու համար:

Փաուերը դեռեւս Մ. Նահանգների դեսպանն է ՄԱԿ-ում: Գուցե նա իր խի՞ղճն է մաքրում, կամ թողությո՞ւն հայցում Օբամայի վարչակազմի մեղքերի համար:

Նրա ակնարկները քննարկման առարկա դարձան պետքարտուղարության վերջերս կայացած բրիֆինգի ժամանակ, երբ փոխխոսնակ Մարկ Թոներին հարց տվեցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության հարցում որեւէ փոփոխություն կա վարչակազմի քաղաքականության մեջ, նա պատասխանեց, որ «Փաուերի ակնարկները ոչ մի փոփոխություն չեն արտահայտում վարչակազմի քաղաքականության մեջ»:

«Պատասխանելով ձեր հարցին, ավելացրեց նա, նայեք այս նախագահին, այս վարչակազմին, որը ինչպես նախորդ վարչակազմերը, անընդհատ... ճանաչել է, որ 1,5 միլիոն հայեր կոտորվել են եւ տարագրվել դեպի մահ Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում: Մենք նաեւ կոչ ենք արել, որ անկեղծորեն եւ ամբողջական կերպով ճանաչվեն զանգվածային մահվան փաստերը: Սա եղել եւ մնում է մեր քաղաքականությունը: Ես չեմ ցանկանում խորանալ եզրույթների մեջ»:

Եզրույթներն, իհարկե, կարեւոր են: «Ցեղասպանություն» եզրույթն է միայն, որ իրավական նշանակություն ունի եւ գործնական հետեւանքներ, ոչ թե խուսափողական էվֆեմիզմները:

Գիտակցելով քաղաքականության հեղհեղուկ բնույթն ու քաղաքագետների ողնաշարերի դյուրաթեքությունը, կարող ենք գուցե բավարարվել մեր առաջ գցված ամեն տեսակի քաղաքական փշրանքներով: Բայց սա մինչեւ այն ժամանակ, երբ կկարողանանք զինակոչի ենթարկել մեր ամբողջ ամերիկահայ համայնքը, որպեսզի կանգնենք ամրակազմ իբրեւ մեկ ու միասնական քաղաքական ուժ:

Մինչ այդ սպասենք պարզելու համար Սամանթա Փաուերի այս նոր հայտնության իրական պատճառները:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.