AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 62864, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Արդեն շատ երկար ժամանակ փլթփլթացող իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վերջերս դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների վերնագրերում Օբամայի վարչակազմի հրաժեշտի գործողությունների հետեւանքում:

Այս հակամարտությունը եղել եւ մնում է աշխարհի ամենաանզիջող պայքարներից մեկը սկսած 1948 թվից, երբ ստեղծվեց Իսրայելի պետությունը: Այդուհանդերձ, նման հակամարտություններ, որոնք սկզբնական շրջանում նույնքան անհողդողդ ու անլուծելի են թվացել, ժամանակի ընթացքում գտել են իրենց լուծումը, ինչպես օրինակ ցեղային խտրականության վերացումը Հարավային Աֆրիկայում, Արեւելյան Թիմուրի անկախության հռչակումը, Հարավային Սուդանի գոյառումը, կաթոլիկ-բողոքական արյունալի պայքարի կարգավորումը Հյուսիսային Իռլանդիայում, եւայլն:

Սակայն պաղեստինյան հարցը դեռեւս մնում է աշխարհի լրատվության եւ դիվանագիտության գլխավոր թեմաներից մեկը, որովհետեւ խնդրի պայթուցիկ բաղադրամասերը երբեք էլ չեն չեզոքացնելու միմյանց: Ինչքան էլ Մ. Նահանգները ցանկանա խաղալ անաչառ միջնորդի դերը, միեւնույն է, կան որոշ ներքին, հարկադրական կամ անհաղթահարելի գործոններ, որոնք ստիպում են յուրաքանչյուր իրարահաջորդ վարչակազմին զինել եւ քաղաքականապես թիկունք կանգնել Իսրայելի դիրքորոշմանը, դրանով էլ դեպի անարդյունավետ տիրույթներ առաջնորդելով Մ. Նահանգների քաղաքականությունը:

Հայկական տեսանկյունից հարցը դիտարկվում է երկու տարբեր հարթություններում, մեկըՙ բարոյական եւ հուզական, մյուսըՙ բանական, ռացիոնալ: Հայերս կարեկցում ենք Իսրայելի հրեաներին, որոնք հետնորդներն են Ողջակիզումը վերապրողների: Բայց նմանություններն այդքանով չեն ավարտվում: Դրանք պատմության խորքերն են ներթափանցում բաբելոնական եւ եգիպտական գերությունների, ինչպես նաեւ հռոմեական տիրապետության ժամանակահատվածներով, մինչեւ Ռուսական ջարդերն ու 15-րդ դարում հրեաների Իսպանիայից արտաքսումը:

Միեւնույն ժամանակ հայերս կարեկցում ենք պաղեստինցիներին, որոնք կոտորածների են ենթարկվել, արտաքսվել են իրենց սեփական երկրից եւ մինչեւ օրս ապրում են գաղութարարական ծանր լծի ներքո: Հայերս Երուսաղեմից արտաքսվել ենք եւ մեր հողերը բռնագրավվել են պաղեստինցիների նմանողությամբ:

Հետեւաբար բարոյական եւ զգացական գետնի վրա, մենք երկու կողմերին էլ ցանկանում ենք, որ ապրեն խաղաղ եւ անվտանգ իրենց տարածքներում:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, հայերը բոլոր իրավունքներն ունեն երկու կողմերից էլ հավասար հեռավորության վրա մնալու: Իսրայելը հինգ միլիարդ դոլար գերարդիական զենք է վաճառում Ադրբեջանին, քաջ իմանալով, որ Հայաստանն է դրա միակ թիրախը: Դրանով նա կորցնում է բարեկամ երկիր ձեւանալու իր հավակնությունը: Բացի այդ, նա պաշտոնապես շարունակում է չընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

Մյուս կողմից, պաղեստինյան իշխանությունների առաջնորդ Մահմուդ Աբբասը Բաքու է այցելում եւ մխիթարում նախագահ Իլհամ Ալիեւին ասելով, որ պաղեստինցիները հասկանում են ազերիների ցավը, քանի որ իրենք էլ նրանց նման կորցրել են իրենց տարածքները:

Ինչպես տեսնում ենք, համաշխարհային քաղաքական շուկայում Հայաստանն ու հայերը միշտ հարմար խաղաթուղթ են, կամ` անպատիժ օգտագործվելու համար օտարների կողմից ըստ նպատակահարմարության:

Բայց այսօր իսրայելա-պաղեստինյան հարցը դարձյալ համաշխարհային լրատվամիջոցների կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 2334 համարի որոշումը, համաձայն որի անօրինական են ճանաչվում Արեւմտյան Ափի վրա կառուցված բնակավայրերը: Որոշումն ընդունվել էր ձայների 14:0 հարաբերակցությամբ: Մ. Նահանգները ձեռնպահ էր մնացել: Այնուհետեւ, պետքարտուղար Ջոն Քերրին, ութ տարվա երկարատեւ, բայց անարդյունավետ բանակցություններից զայրացած, պոռթկաց գրգռվածությամբ եւ խնդրեց Իսրայելի առաջնորդներից մոռացության չտալ «երկու պետություն» բանաձեւի հիման վրա կարգավորելու իրենց խնդիրները պաղեստինցիների հետ, որպեսզի Իսրայելը չկանգնի փակուղու առաջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն ու պետքարտուղար Քերրիի վեց կետից բաղկացած կարգավորման առաջարկը մեծ աղմուկ բարձրացրեց: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հակադարձեց Քերրիին ասելով. «Իսրայելցիները կարիք չունեն լսելու դեմոկրատիայի եւ խաղաղության կարեւորության մասին օտար առաջնորդների դասախոսությունները»: Եվ դա ընդամենը մի քանի շաբաթ անց այն որոշումից, որ Օբամայի վարչակազմը ընդունեց Իսրայելին տրամադրելու 38 միլիարդ դոլարի արժողությամբ գերժամանակակից ռազմական տեխնիկա:

Վերջին ութ տարիները չափազանց անախորժ են եղել Նաթանյահուի եւ Օբամայի համար, հատկապես Հանրապետական կուսակցության հրավերով Մ. Նահանգների կոնգրեսի 2015 թվի լիագումար նիստին մասնակցող Նաթանյահուի քննադատական ելույթից հետո: Նա հանդիմանական խոսքեր ուղղեց Օբամայինՙ Իրանի հետ հաշտեցման եզրեր որոնելու նրա նախաձեռնության կապակցությամբ:

Բացի ռազմական աներկդիմի օգնությունից, Մ. Նահանգները դիվանագիտական համակողմանի պաշտպանություն է ցուցաբերել միշտ Իսրայելի բոլոր գործողությունների նկատմամբ, նույնիսկ եթե դրանք վնասել են իրՙ Ամերիկայի շահերին:

Նեոկոն կլիկի անդամ Դուգլաս Ֆիթը, ով Մ. Նահանգներին քանիցս առաջնորդել է դեպի արյունալի արկածախնդրությունների, «Ուոլ Սթրիթ Ջոռնալի» դեկտեմբերի 29-ի համարում մի հոդված էր ստորագրել «Իսրայելի դեմ պատերազմը երբեք չի ավարտվում» վերնագրով, կարծես Օբամայի վարչակազմը պատերազմ էր հայտարարել այդ երկրի դեմ, գոնե մի անգամ դեմ կանգնելով վերջինիս անօրինական քայլերին, որոնց դեմ ամբողջ աշխարհն էր բողոքել: Թերթի խմբագրականը եւս, վերնագրված «Քերրիի վրդովմունքն ընդդեմ Իսրայելի», համահունչ էր Ֆիթի հոդվածում արծարծվող գաղափարների հետ:

Ի հակադրություն, նույն օրվա «Նյու Յորք Թայմսի» խմբագրականը պաշտպանում էր Մ. Նահանգների դիրքորոշումը գրելով. «Նախագահ Օբաման ամերիկյան որեւէ այլ նախկին նախագահներից շատ ավելի մեծ եռանդով օգտագործեց իր վետոն եւ դիվանագիտական միջոցները` փրկելու համար Իսրայելին ահագնացող քննադատություններից: Բայց նաեւ նկատենք, որ ոչ մի տեղ գրված չէ, որ Ամերիկայի որեւէ նախագահ պարտավոր է միշտ պաշտպանել Իսրայելին միջազգային սուր քննադատություններից, որոնք համատեղելի են նաեւ մեր շահերի եւ մեր քաղաքականության հետ»:

Նման տրամաբանությունը անշուշտ չի փոխելու նորընտիր նախագահՙ Թրամփի կարծիքը, որն արդեն թվիթերով հանգստացրել է. «Դիմացի՛ր, Իսրայել: Հունվարի 20-ից հետո ամեն ինչ տարբեր կլինի»:

Քերրին իր ելույթի վերջում ընդունեց, որ հաջորդ նախագահը կարող է շուռ տալ Օբամայի քաղաքականությունը եւ խրախուսել գաղութաբնակեցման ծրագիրը: 2009-ից սկսած, երբ Օբաման ստանձնեց նախագահի իր պաշտոնը, իսրայելցիների բնակեցումը Արեւմտյան Ափում 100 հազարից 400 հազարով ավելացել է, իսկ Արեւելյան Երուսաղեմում այդ թիվը նախկին 193 հազարից բարձրացել է մինչեւ 208 հազարը: Իսրայելի ներկա կառավարությունը ամեն ջանք գործադրում է անկարելի դարձնելու համար երկու պետության ստեղծումը: Չնայած նրա կոալիցիայի աջակողմյան թեւը վաղուց է հրաժարվել նման գաղափարից, վարչապետ Նաթանյահուն շարունակում է արջի ծառայություն մատուցել աշխարհին հավատացնելով, որ կողմնակից է դրան: «Նյու Յորք Թայմսն» իր խմբագրականում հավելում է. «Գաղութաբնակեցման այս շարժումը ցինիկ մի շրջանակ է. երբ աշխարհը լուռ է, Իսրայելը կարող է կառուցել դրանք, երբ առարկում է աշխարհը եւ ձայնը բարձրացնում, Իսրայելը պետք է կառուցի այդ բնակավայրերը: Որեւէ սցենարի ներքո, այդ կառույցները ավելանալու են եւ «երկու պետություն» բանաձեւով հարցի կարգավորումը զիջելու է իր տեղը»:

Աջակողմյաններն իրենց հույսը դրել են Մ. Նահանգների աջակցության վրա: Նրանք պարզապես ժամանակ են փորձում վաստակել, որպեսզի վերջնականապես «թաղեն» երկու պետության ստեղծման գաղափարը: Կոալիցիայի անդամ պատգամավորներից մեկըՙ Նաֆթալի Բենետը հայտարարել է, որ «երկու պետություն ստեղծելու ժամանակաշրջանն արդեն ավարտված է»:

Մինչ պետքարտուղար Քերրին եւ նրա Թոմաս Ֆրիդման անունով ընկերներից մեկը մտահոգված են, որ ժամանակի ընթացքում պաղեստինցիներն իրենց բնակչության աճի քանակով գերակշռելու են եւ խոչընդոտելու են, որ Իսրայելը դառնա լոկ հրեական եւ ժողովրդավարական երկիր, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի նման ծայրահեղականներ այլ ծրագրեր ունեն: Նրանք մտադրվում են պաղեստինցիներին Հորդանան եւ Սինայի թերակղզի արտաքսել եւ դրանով էլ լուծել ժողովրդագրական աղետի հարցը: Իսրայելն արդեն գաղտնի բանակցություններ էր վարում Եգիպտոսի նախկինՙ կարճաժամկետ նախագահ Մոհամեդ Մորսիի հետ, որպեսզի պաղեստինցիներին Սինա տեղափոխեր, ինչը դարձավ Մորսիի տապալման պատճառներից մեկը:

Նույնիսկ Քերրիի վեց կետանոց առաջարկում ոչ մի տող չկա այն մասին, որ պաղեստինցի տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալու իրենց տարածքը: Այնպես որ հենց նախադեպը ստեղծվի, աշխարհը շատ շուտով կմոռանա այդ տեղահանվածների մասին: Մենք, հայերս, կորցրեցինք մեր հայրենիքը, մեր տարածքները, եւ այսօր ոչ ոք չի հիշում կամ հարց բարձրացնում մեր վերադարձի իրավունքի մասին:

Բայց հետաքրքրական է իմանալ, թե ինչու Օբաման ընտրեց հենց այս պահը բարձրաձայնելու կամ վերհիշեցնելու համար իր քաղաքականության մասին, իր հեռանալուց ընդամենը մի քանի օր առաջ: Օբաման ապացուցել է, որ հաշտվողական, փոխադարձ զիջումների գնացող անձնավորություն է, ով խուսափում է հակամարտություններից: Նա հաշտվեց Կուբայի հետ եւ ստորագրեց միջուկային պայմանագիր Իրանի հետ: Նա նույնիսկ խուսափեց Սիրիան նվաճելուց, այն բանից հետո, երբ Թուրքիան հորինեց մարտադաշտում քիմիական զենքերի գոյության «օպերացիան»: Նրա հակառակորդները թույլ անվանեցին նրան: Բայց նա վռնդեց ռուս դիվանագետներին, եւ դեմ գնաց Իսրայելին: Այդ գործողությունները, հատկապես վերջինը, ընդմիշտ հետապնդելու են նրան եւ բնորոշելու են, անշուշտ, նրա թողած ժառանգությունը:

ԱՄՆ-ի նախկին նախագահներից Ջիմի Քարտերը 2009-ին հրատարակեց իր «Պաղեստին: Խաղաղություն եւ ոչ թե ռասայական խտրականություն» (Palestine: Peace not Apartheid) վերնագրով գիրքը, որի համար զանգվածային լրատվամիջոցները նրան «քաղաքականապես մերժված» համարեցին: Բայց նա անհողդողդ մնաց իր տեսակետի վրա եւ անցյալ նոյեմբերին այցելելով նախագահ Օբամային հորդորեց նրան ճանաչել Պաղեստինի պետությունը նախքան իր պաշտոնից հեռանալը:

Օբաման փաստորեն այս հարցը դարձրեց իր կարապի երգը, քաջ գիտակցելով, որ իր գործողությունները, եւ իր վերջին որոշումը հատկապես, մեծապես ազդելու են իր թողած ժառանգությունը գնահատելու եւ բնութագրելու գործընթացի վրա: Չմոռանանք, որ նույնիսկ նախագահ Ռուզվելտի ժառանգությունն է ներկայիս վերանայման ենթարկվում, Մ. Նահանգների ափերը հասած ողջակիզման ճիրաններից փրկվածներին պատշաճ ջերմությամբ չընդունելու կապակցությամբ:

Քաղաքականության «կառուցվածքը» հաշվի առնելով, կարծես թե անմիջական եւ արդարացի լուծում չենք կարող ակնկալել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Բայց անշուշտ Օբաման ազատ է երգելու իր կարապի երգը:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.