AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3073, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՕԳՆԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ԴԱՎՈՍԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Նոր տնտեսական տարին Ադրբեջանի համար սկսվեց ազգային արժույթի նոր անկումով: Հունվարի 15-ին ամերիկյան մեկ դոլարի դիմաց մանաթի փոխարժեքը կազմել է 1,8: Անցյալ տարվա համեմատ մանաթը գրեթե երեք անգամ արժեզրկվել է: 2017թ. Ադրբեջանի պետական բյուջեն դոլարային արտահայտությամբ 2,5 անգամ պակաս է, քան 2013թ.-ին: Անկախ տնտեսագետները չեն հավատում պաշտոնական վիճակագրությանը: Նրանք գտնում են, որ մանաթ-դոլար հարաբերակցությունը գործնականում երեքը մեկի է: Այսինքն, մեկ դոլար կարելի է գնել երեք մանաթով:

Այս ֆոնին արվում են չափազանց հոռետեսական կանխատեսումներ: Ադրբեջանում սոցիալական դժգոհությունների ալիք է կանխատեսվում մարտի երկրորդ տասնօրյակից հետո: Ավանդաբար հենց այդ ժամանակ են բարձրանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Դա կապված է գարնանային գիշերահավասարի տոնիՙ Նովրուզի հետ: Երկու տարի առաջ այդ օրերին սոցիալական բողոքի ցույցեր եղան միանգամից մի քանի շրջաններում: Այս օրերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է այդ գործով դատապարտվածների հարցը: Եվրոպան նրանց ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալներ եւ պահանջում, որ նրանք ազատ արձակվեն:

Ադրբեջանում, սակայն, կատարվում են նոր ձերբակալություններ: Օրերս Լենքորանում էլեկտրաէներգիայի սակագների կտրուկ բարձրացման դեմ բողոքի ցույցի մի խումբ մասնակիցներ են ձերբակալվել: Նրանք մեղադրվում են ոստիկանության վրա հարձակում գործելու մեջ: Իրավապաշտպանները գտնում են, որ այդ մարդիկ հուսահատությունից են դիմել բողոքի, քանի որ երկու ամիս շարունակ զրկված են եղել էլեկտրականությունից: Նրանց բնակարաններում հոսանքն անջատվել է, որովհետեւ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն կարողացել վճարել:

Առհասարակ տարեսկզբից Ադրբեջանում 30 տոկոսով թանկացել են գազը եւ էլեկտրականությունը, նույնքան էլ աճել են մյուս կոմունալ ծախսերը: Բնակչությունը ստիպված է դիմել ծայրահեղ միջոցների, որոնց հետեւանքով աճել է արտակարգ պատահարների քանակը: Միայն հունվարի առաջին տասնօրյակում Բաքվում եւ արվարձաններում գրանցվել է շմոլ գազից թունավորման եւ մահվան 11 դեպք: Մահացածներից 5-ը օտարերկրյա քաղաքացիներ էին, որ վարձով ապրում էին Բաքվի կենտրոնական թաղամասերից մեկում:

Թուրան գործակալության տնտեսական հարցերով վերլուծաբանների կարծիքով 2016թ. տարեվերջին կառավարության կողմից մշակված նոր տնտեսական քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել: Ինչպես նախկինում, այսօր էլ իշխանությունները շեշտը դնում են խոշոր նախագծերի վրա, որոնք ի վերջո կապված են նավթագազային համակարգի հետ: Դա քաղաքական ծրագիր է, կարծում են ադրբեջանցի ոչ կառավարական փորձագետները: Նրանք գտնում են, որ տնտեսության մոնոպոլիզացիան նպատակ ունի կառավարելի պահել բնակչության ամենալայն զանգվածներին: Իշխանությունները որեւէ քայլ չեն անում տնտեսության ազատականացման համար, քանի որ այդ դեպքում կձեւավորվի անկախ միջին խավ, որը քաղաքական առումով չի վերահսկվի: Իսկ դա վտանգ է Ալիեւի ռեժիմի համար:

Ստեղծված կացությունը շտկելու նպատակով Ալիեւը մեկնել է Դավոս, որտեղ ավանդաբար տեղի է ունենում ամենամյա տնտեսական խորհրդաժողով: Ալիեւը բանակցություններ է վարում դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ ներգրավի: Նրա գլխավոր նպատակը Կասպից ծովում Շահդենիզ-2 գազային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ գումարների հայթայթումն է: Նախատեսված է, որ այսպես կոչված Հարավային գազային միջանցքով 2020թ.-ից պետք է սկսվի ադրբեջանական գազի արտահանումը դեպի Թուրքիա, իսկ այնտեղիցՙ հարավային Եվրոպա: Ալիեւի ամբողջ հույսը Շահդենիզ-2 հանքավայրն է:

Նախապես ծրագրված էր, որ անհրաժեշտ ներդրումները պետք է կատարի բրիտանական Բրիթիշ փեթրոլիումը (BP), սակայն վերջին պահին անգլիական կողմը չի ստորագրել պայմանագիրը:

Բայց եթե նույնիսկ այդ ծրագիրն իրականություն դառնա, միեւնույն է, դրանով Ադրբեջանի տնտեսությունը չի վերականգնվի, որովհետեւ դարձյալ կախված կմնա համաշխարհային շուկայում նավթի եւ գազի գներից: Իսկ դրանք, ինչպես ցույց են տալիս վերջին տարիները, խիստ կոնյունկտուրային են: Բայց կա ավելի մեծ, Ադրբեջանի համար փաստորեն անհաղթահարելի խնդիր:

Բանն այն է, որ Սիրիայի հարցով արդեն հասկանալի են դառնում մոտավոր պայմանավորվածությունները: Ի վերջո դրանք հանգում են դեպի Եվրոպա նավթի եւ գազի տարանցման ուղիների ճշտորոշման: Խաղի մեջ են այնպիսի հսկաներ, որոնց համեմատ Ադրբեջանի նավթագազային հնարավորությունները չափազանց խղճուկ են: Խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային, Քաթարին, Իրանին եւ Ռուսաստանին: Բոլորովին վերջերս այդ շարքը համալրելու հայտ է ներկայացրել Իսրայելը:

Մրցակցության այս միջավայրում Ադրբեջանի հույսը Թուրքիայի քաղաքական հովանավորությունն է: Բայց Թուրքիան ինքը խճճված է բազմակողմ բարդությունների մեջ: Անկարայի հնարավորությունն այն է, որ փորձում է ձեւավորել Ղազախստան-Ադրբեջան, Թուրքմենստան-Ադրբեջան համագործակցության հարթակ: Նպատակն այն է, որպեսզի Ղազախստանը եւ Թուրքմենստանը իրենց գազի տարանցման համար ընտրեն Ադրբեջանը: Բայց դրա համար պետք է գազատար կառուցել Կասպից ծովով: Իսկ դրան ընդդիմանում է Ռուսաստանը:

Ահա այսպիսի խճանկար է ստացվում, որտեղ ամենասուր գծերով առանձնանում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ավելի պարզ գնահատելու համար բերենք միջին աշխատավարձի օրինակը: Ադրբեջանում այն 132 մանաթ է կամ շուրջ 70 դոլար: Հայկական դրամով դա մոտ 32-33 000 դրամ է: Այսինքն, ավելի քիչ, քան Արցախում միջին կենսաթոշակն է: Եւ այս իրավիճակը գնալով ավելի է խորանում: Մուսավաթ ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդ Իսա Գամբարովի գնահատմամբՙ Ադրբեջանում տնտեսական իրավիճակ փոխելու համար հարկ է փոխել իշխանությունը: 2018թ.-ին Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ: Ներքաղաքական խմորումներն արդեն սկսվում են: Պետք է սպասել բռնությունների նոր ալիքի, քաղաքացիական դիմակայության եւ սոցիալական զանգվածային բողոքների...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.