Մ. Նահանգների 240 ամյա պետականության ընթացքում ընտրված 44 նախագահներից եւ ոչ մեկն այսպես սվինների վրա չի հարթել դեպի Սպիտակ տուն իր ուղին, ինչպես կատարվում է այսօր Դ. Փրամփի պարագայում: Նորընտիր նախագահի դեմ հեռացող ադմինիստրացիան հանդուգն ձեռնոց է նետել: Ձեւավորված մեդիա ընդդիմությունը, անտեսելով սուբորդինացիայի եւ բարոյականության բոլոր նորմերը, խարդավանքի եւ բանսարկության իր գզրոցից նրան առնչվող նոր «բացահայտումներ» է հրապարակում, որի ֆոնին շեքսպիրյան կրքերն ուղղակի խամրում են:
Ամերիկան բաժանված է երկու հակադիր քաղաքական ճամբարների: Անհնազանդության զանգվածային ցույցեր են ծայր առել տասնյակ քաղաքներում, ինչն իր գագաթնակետին է հասնելու հունվարի 20-ինՙ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության օրը: Դրան հաջորդելու են Վաշինգտոնում հակա-թրամփական կանանց հարյուր հազարավոր բողոքի ակցիաները: Հրավիրված մեծաթիվ Կոնգրեսականներ (բոլորը դեմոկրատներ), հոլիվուդյան աստղեր, երգիչներ են բոյկոտելու Թրամփի պաշտոնակալման արարողությունը, որոնց թվում է ԱՄՆ քաղաքացիական իրավունքի պայքարի խորհրդանիշ, սեւամորթ կոնգրեսական (Ջորջիայի նահանգ)ՙ Ջոն Լյուիսը: Նա անվանում է Դ. Թրամփին անօրինական ճանապարհով ընտրված նախագահ, ով հաղթել է ընտրություններում ռուս համացանցահենների (հաքքերների) շնորհիվ: Ի դեպ, այս մասին խոսում են նույնիսկ մանկապարտեզի երեխաները, այնքան բարձրագոչ ու սկանդալային է հեռացող նախագահի եւ իր համախոհ օրենսդիրների կազմակերպած PR-ը Թրամփի հասցեին:
Մեղադրանքն, ինչն աննախադեպ պետական հանցագործություն է ենթադրում, հիմնված է զուտ հետախուզության «ազնիվ խոսքի» վրա: ԱՄՆ ազգային հետախուզության գործակալության տնօրեն Ջեյմս Քլեյփըրը Կապիտոլիումում կայացած լսումների ժամանակ հայտնեց. «Մեր հետախուզությունն ունի անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ ռուսները գողացել են ընտրությունների տվյալները»: Այսինքն, կոչ է արվում անվերապահորեն հավատալ ԱՄՆ հետախուզության տարածած կարծիքին: Սակայն մարդկանց հիշողությունը չէ՞ որ փորձ ունի: Նույն բնույթի սկանդալ նախորդեց Իրաքում ատոմային զենքի առկայության շուրջը, իսկ ներխուժումից հետո պարզվեց, որ սին էին այդ մեղադրանքները: Նույն բնույթի սկանդալ նախորդեց Սիրիայում քիմիական զենքի եւ Բաշար Ասադի անվան շուրջ, որի ծաղկուն երկիրը ավերվեց հովանավորված ընդդիմության եւ իսլամիստների միջոցով:
Այս երկու ամիսների ընթացքում, թերեւս, հեշտությամբ կարելի էր ապացուցել Թրամփի դեմ ուղղված մեղադրանքների իսկությունը, իրեղեն ապացույցներ կանՙ քվեաթերթիկները: Սակայն այդ ճշմարտությունը, թվում է, որեւէ մեկին պետք չէ, կարեւորը հրապարակավ Թրամփի հաղթանակի վարկաբեկումն է, անձի նսեմացումը: Իր անվան շուրջ ձեւավորված այս թունավոր մթնոլորտը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նա համեմատեց նացիստական Գերմանիայի հալածանքներին բնորոշ իրավիճակի հետ:
Ակնհայտ է, որ տասնամյակներ ձեւավորված ամերիկյան «Իստաբլիշմենտը» գոյապահպանման ջղաձգումների մեջ է եւ հեշտությամբ չի զիջելու դիրքերը իր չափանիշերին չհամապատասխանող այլախոհ բիզնեսմենին: ԱՄՆ ամենատարեց նախագահիՙ 70 ամյա Թրամփի նկատմամբ այսօր ահռելի ճնշում է գործադրվում, եւ հսկայական համբերություն, կամք, նաեւՙ առողջություն կպահանջվի որպեսզի կանխվի «արաբական գարնան» սցենարի հնարավոր «ամերիկյան» տարբերակը: Նա արդեն իսկ ետ քայլ է կատարել իր նախընտրական որոշ խոստումներից: Եթե հաջողվի, մտադիր է նախագահել երկու շրջան, այդ ընթացքում ստանալով մեկ դոլար խորհրդանշական աշխատավարձ:
Վաշինգտոնում այսօր, հունվարի 20-ին, տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Ձեռքին լինելու է երկու Աստվածաշունչՙ մեկն իր մոր նվիրածը, մյուսնՙ այն Սուրբ Գիրքը, որի վրա երդվել են ԱՄՆ երկու նախագահներ միայնՙ Աբրահամ Լինքըլն ու Օբաման: Սկսվելու է Թրամփի կառուցելիք «Գրեյթ Ամերիկայի» ժամանակաշրջանը: Ի՞նչ կտա այն մեզՙ հայերիս, դժվար է ասել, առջեւում դեռ տագնապալի անորոշություն է խնդրահարույց շատ հարցերի շուրջ:
Իսկ կհաջողվի՞ արդյոք առաջիկա չորս տարիների ընթացքում Թրամփի կարգախոսը տեղայնացնել հայոց կյանքի եւ իրողության մեջ, փոխելով միայն երկրի անունըՙ «Make Armenia Great Again»: Այս հարցին, թերեւս, հայ ժողովուրդը կպատասխանի սպասվելիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: