AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4845, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ԶՈՀԱԲԵՐՎԵՑ «ԱՐԵՎՄՏՅԱՆ» ԿՈՉՎՈՂ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եթե գունավոր հեղափոխությունների «հայրերը» չեն խնայում իրենց երկիրը, ապա մեզ չեն խնայի հաստատ

ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունների մասին այնքան է խոսվել, որ թվում է այլեւս ասելիք չկա: Այդպես կլիներ, եթե «ամենակեղտոտ» որակվող նախընտրական արշավն ընտրված եւ արդեն պաշտոնը ստանձնած նախագահ Դոնալդ Թրամփի դեմ չշարունակվեր: Քարոզչական տեխնոլոգիաների ողջ զինանոցը, որ սովորաբար գործի էր դրվում այս կամ այն երկրում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, որքան էլ անսպասելի էր, կիրառվում է նաեւ հեղաշրջումներ մշակող եւ արտահանող երկրումՙ ԱՄՆ-ում: Նույն մեթոդներըՙ կեղծիքներ եւ դրանց հիման վրա կառուցված մեղադրանքներ, հասարակական գիտակցությունը մշտապես նորացվող կեղծիքներով «ռմբակոծություններ» զանգվածային լրատվական միջոցներով, ցույցերի եւ անհնազանդության կոչեր, անկարգություններ եւ այլն: Այս ամենը տեսնում ենք այս օրերին ԱՄՆ-ի հիմնականում խոշոր քաղաքներում, տեսնում ենք երկու ճամբարի բաժանված հանրությունՙ գրեթե այնպես ինչպես 2008-ին Հայաստանում, տեսնում ենք ճամբարներից մեկի կողմից մյուսում գտնվողների նկատմամբ նույն ագրեսիվ եւ վիրավորական արտահայտություններըՙ «ստրկամիտ», «ծառայամիտ», ավելացրած զուտ ամերիկյան մեղադրանքներ ՙ «ռասիստ», «քսենոֆոբ», «կնատյաց» եւ այլն: Այս ամենը որոշակի եզրակացությունների տեղիք են տալիս:

Նախՙ արեւմտյան կոչվող լրագրությունը եւ նրա հիմնարար սկզբունքները վերջնականապես զոհաբերվեցին ԱՄՆ նախագահական այս ընտրությունների ժամանակ: Պրոֆեսիոնալ, օբյեկտիվ, փաստարկված եւ հավասարակշիռ լուսաբանումը արեւմտյան առաջատար լրատվամիջոցներում սկսեցին զանգվածաբար փոխարինվել կեղծքիներով եւ անապացույց մեղադրանքներովՙ դեռեւս սիրիական համակարտության լուսաբանման, ապա ուկրաինական մայդանի ժամանակ: Աշխարհասփյուռ եւ ամենահանրաճանաչ CNN-ը տեղեկություններ էր տարածում, բացարձակապես չմտահոգվելով ապացուցող փաստեր ներկայացնելՙ ռուսական հրթիռները իբր Իրանի տարածքում ընկնելուց սկսած մինչեւ Թրամփի դեմ իբր եղած կոմպրոմատը:

BBC-ն ավելի շատ «մասնագիտացել» է հնչեղ վերնագրերով (օրինակՙ «Թրամփՙ Կրեմլի թեկնածո՞ւն») իբր վերլուծական ֆիլմերի պատրաստման եւ տարածման վրա, որտեղ առանց ապացույցների մեղադրանքների «ղեկը» թողնում է այսպես կոչված «փորձագետներին», որոնք նույնպես իրենց մեկնաբանություններից բացի, ոչ մի փաստական ապացույցներ չեն ներկայացնում: Այս, այսպես կոչված «ազատ խոսքի» առաջատարներին ոչնչով չեն զիջում մյուսներըՙ ամերիկյան եւ եվրոպական ԶԼՄ-ները: Նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակաշրջանում վերոնշյալների մեջ գրեթե չեղան այնպիսի լրատվամիջոցներ, որոնք փորձեին գոնե հավասարակշռված լուսաբանել այդ արշավը:

Ամբողջ աշխարհին «խոսքի ազատության» եւ «մարդու իրավունքների հարգման» պահանջներ ներկայացնողներն այս ընտրությունների ժամանակ ամբողջովին բացահայտեցին, որ իրենց համար այդպիսի «արժեքներ» փաստորեն գոյություն չունեն, որ դրանք անհրաժեշտ են սեփական մոտեցումները պարտադրելու համար: Հավասարակշռված եւ օբյեկտիվ լուսաբանման յուրաքանչյուր փորձ լավագույն դեպքում խլացվում էր համատարած հակաքարոզչությամբ, իսկ վատագույն դեպքումՙ ենթարկվում հարձակումների եւ պիտակավարումներիՙ «ռուսական լրտեսներ» կամ նմանատիպ այլ բնորոշումներով: Օբյեկտիվ լուսաբնաման փորձեր կատարվում էին հիմնականում սահմանափակ լսարան ունեցող քաղաքային կամ նահանգային տարածում ունեցող լրատվամիջոցներով:

Ո՞րն է այն դասը, որ պետք է քաղեն բոլոր նրանք, ովքեր ապրում են ԱՄՆ-ից եւ Արեւմյան Եվրոպայի երկրներից դուրս, այդ թվում Հայաստանում: Առաջինըՙ մեծագույն վերապահումով մոտենալ այն «արժեքներին», որոնք մատուցվում են արեւմտյան երկրների, մասնավորապես լրատվամիջոցների կողմից, ընդհանրապես հրաժարվել դրանք որպես վերջին ճշմարտություն ընկալելուց եւ ուրիշներին ներկայացնելուց: Երկրորդՙ հրաժարվել արեւմտյան լրատվամիջոցների կողմից մեզ մատուցվող «ժողովրդավարության», «խոսքի ազատության», «մամուլի ազատության» մասին պատկերացումներից եւ ընկալումներից, թույլ չտալ, որպեսզի մեզ սովորեցնեն, թե ի՞նչ է նշանակում ժողովրդավարություն, որտե՞ղ է այն գտնվում եւ այլն: Ժողովրդավարությունը ստեղծվել է հին Հունաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում կամ ժամանակակից Արեւմտյան Եվրոպայում: Մենք, ինչպես եւ մյուս երկրները, ունենք մե՛ր արժեքները, ժողովրդավարության մասին մե՛ր պատկերացումները, լրատվամիջոցների ազատ եւ օբյեկտիվ գործունեության մասին մե՛ր ընկալումները:

Հարկ է լավ յուրացնենք այս ամենը, որպեսզի մեզ զերծ պահնեք հնարավոր «մայդաններից»: Սրա մասինՙ ավելի մանրամասն:

Հատկապես վերջին երկու տասնամյակում ամերիկյան, այսպես կոչված, էստեմբլիշմենտը (վերնախավը), որի մեջ մտնում են ոչ միայն քաղաքական գործիչներ երկու կուսակցություններից, այլեւ խոշոր գործարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, պենտագոնի, հետախուզության եւ ուժային մյուս կառույցների ղեկավարներ եւ բարձրաստիճան ծառայողներ, աշխարհի տարբեր մասերում սկսեց կիրառել գունավոր հեղափոխությունների իր նախագծերը: Նույն լրատվամիջոցների, սոցցանցերի, տեղական ՀԿ-ների միջոցով իրականացված գործողությունները բազմաթիվ դեպքերում նրանց հեղինակների համար փայլուն արդյունք ապահովեցին. մայդանների եւ արաբական գարունների շարքը կրկին անգամ չթվարկենք: Միայն հիշեցնենք, որ դրանց թողած ողբալի հետեւանքներից մինչ այժմ էլ տառապում են միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում, իսկ հարյուր-հազարավորներն էլ զոհվեցին: Թվում էր, որ սա վերջ չի ունենալու, չնայած որոշ դեպքերում (Հոնկոնգ, Սիրիա) հեղաշրջում անել կա՛մ չհաջողվեց, կա՛մ ներքին ուժերով չհաջողվեց: Թվում էր նաեւ, որ ամերիկյան այս քաղաքականությունը կարող է կիրառվել աշխարհի որեւէ երկրում, բայց ոչ երբեք տանըՙ ԱՄՆ-ում: Սակայն արի ու տես, որ եկավ նաեւ տանը կիրառելու ժամանակը:

Այն բանից հետո, երբ նախագահ դառնալու հայտ ներկայացրեց, ապա նաեւ ընտրվեց մարդ, որը չէր պատկանում վերոնշյալ էստեբլիշմենտին, գունավոր հեղափոխության «հայրերը» որոշեցին, որ նույնը կարելի է անել նաեւ իրենց մոտ: Այսինքն, դրանք մարդիկ են, որոնք պատրաստ են բախումների եւ պառակտման տանել անգամ սեփական երկիրը, միայն թե իրենք հավերժ իշխեն այնտեղ եւ դրա միջոցովՙ ամբողջ աշխարհում: Մարդկանց այդ շրջանակը բավականին ազդեցիկ է եւ հենց այնպես չի զիջելու դիրքերը, շարունակելու է կատաղորեն ջանքեր գործադրել կորցրած իշխանությունը վերադարձնելու համար: Հենց ԱՄՆ-ում առաջիկա տարիներին ընթանալու է այդ պայքարըՙ երկրին եւ ամբողջ աշխարհին այլ կերպ տեսնող նորի եւ արդեն իրեն վարկաբեկած, բայց կենսունակ եւ ուղեղներ «լվանալու» մեծ վարպետություն ունեցող հնի միջեւ: Համենայնդեպս, իր երդմնակալության ելույթում ԱՄՆ նորընտիր նախագահը կրկին անգամ խոստացավ, որ չեն պարտադրելու իրենց արժենքերն ու կենսակերպը այլ ժողովուրդներին:

Այս կացության պարագայում մենք եւ մյուս պետություններն ու ժողովուրդները ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ եթե գունավոր հեղափոխությունների սցենարը բեմադրվում է նաեւ ԱՄՆ-ում, ապա երբեք հույսեր չպետք է տածել, որ այն մի օր չի կիրառվի մեր երկրում: Դա կսկսվի սոցիալական դժգոհություններով ընդդեմ էլեկտրաէներգիայի կամ տրանսպորտի սակագնի թանկացման, բնապահպանական բողոքներով, թե՞ խուլիգանական գործողություն կատարած ինչ-որ ակտիվիստի ձերբակալությամբ, կամ դատով, կարեւոր չէ: Եթե անհրաժեշտ լինի, ապա առիթ կգտնվի: Միաժամանակ հույս ունենք, որ նոր իշխանությունը ԱՄՆ-ում իսկապես տեր կլինի պարտադրանքից հրաժարվելու իր խոստմանը, եւ աշխարհն ավելի խաղաղ եւ անվտանգ կդառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.