AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4827, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼ ՀԱՅԵՐԻՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վեց դար շարունակ հայերն ապրել են գերության մեջ, որպես անմիջական հարեւան ունենալով թշնամուն: Նմանապես, երկու պատմական առիթներով, երբ անկախություն են ձեռք բերել 20-րդ դարում, նրանք դարձյալ պաշարման իրավիճակում են հայտնվելՙ միշտ շրջապատված լինելով թշնամիներով: Դա պատճառ է դարձել, որ նրանց մոտ ձեւավորվի պաշտպանողական մտայնություն, միշտ պատրաստ դիմակայելու որեւէ հնարավոր արտաքին սպառնալիք:

Սակայն, քիչ ուշադրություն է դարձվել ներքին թշնամու վրա, որը հաճախ նույնքան վտանգավոր է եղել, որքան արտաքինը, Հայաստանը թողնելով անօգնական վիճակում: Նախքան պատմության մեջ խորամուխ լինելը, բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել մերօրյա Հայաստանից, որտեղ հայաստանաբնակները ավելի շատ վնաս են հասցրել երկրին, քան օտար թշնամին:

Արդեն քսանհինգ տարի է, ինչ Հայաստանը անկախ է: Մենք կարող ենք պարծենալ, որքան ցանկանանք, որ մեր ժողովուրդը պայքարել է այդ անկախությունը ձեռք բերելու համար: Բայց ճշմարտությունն այն է, որ անկախությունը մեզ հարկադրվեցՙ Խորհրդային Միության փլուզման հետեւանքում: Մարդիկ Հայաստանում, հասկանալիորեն պատրաստ չէին այդ անկախությանը եւ անկախ երկիր կառավարելու գաղափարին:

Երբ Խորհրդային Միության մաս էր կազմում, Հայաստանի տնտեսությունը հիմնված էր կարգադրությունների վրա եւ ինտեգրված էր միութենական հսկայական տնտեսությանը, որտեղ հում նյութերը կայսրության մի կողմից մյուսն էին փոխադրվում, ինչպես արդյունաբերական պատրաստի արտադրանքը: Այդ պատճառով էլ հսկայական տնտեսական միավորից անջատվելը թույլ չտվեց, որ Հայաստանը կառուցի (կամ պահպանի) իր մշակող արդյունաբերությունը: Օրինակներից մեկըՙ «Նաիրիտի» կաուչուկի գործարանն է եւ նրա հետ կապված քիմիական գործարանների ամբողջ համակարգը:

Անկախություն ձեռք բերելով, նոր կառավարիչները որդեգրեցին ամենապարզունակ տնտեսական բանաձեւը, այն էՙ սեփականաշնորհել երկրի արդյունաբերական ամբողջ բազան, առանց վերապահումների, առանց փորձ անելու պահպանելու միջին կամ թեկուզ փոքր արդյունաբերական որոշ ձեռնարկություններ: Նման իրավիճակում ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում գտնվելը մեծ նշանակություն ունեցավ հատկապես գործարանների ղեկավարների համար, որոնք մեկ օրից մյուսը դարձան սեփականատերեր եւ փոխանակ ճիշտ կազմակերպելու ամբողջ գործընթացը, սկսեցին ապամոնտաժել գործարանները, վաճառել առանձին մասերը որպես մետաղի ջարդոնՙ Իրանում եւ Թուրքիայում, եւ գրպանելով եկամուտներըՙ հեռանալ երկրից:

Այսօրվա տնտեսական ճգնաժամը անմիջական հետեւանքն է այդ թալանչիական մտայնության: Եթե Հայաստանը կաղում է իր աղքատիկ տնտեսության պատճառով, ապա հանցագործներին մեր հայրենիքի սահմաններից դուրս փնտրելու կարիքը չունենք:

Նման սխալ «հենարանի» վրա հիմնված որեւէ երկրի տնտեսությունը չափազանց դժվար է ճիշտ ուղու վրա դնել: Դա կարելի է իրականություն դարձնել միայն իսկական ցանկության եւ իրավիճակը շտկելու լուրջ նվիրվածության դեպքում, ինչը, դժբախտաբար, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի պարագայում:

Ամոթ է, որ քսանհինգ տարիների ընթացքում երկիրը դեռեւս չի կարողացել ձեւավորել համապատասխան միջին խավը, որն ի վիճակի կլիներ պահպանել տնտեսության շարունակական զարգացումն ու կապահովեր հասարակության ապրուստի որոշակի կայունությունը:

Փոքր եւ միջին բիզնեսի սեփականատերերը զոհերն են հարկային մարմինների, որոնց պարտականությունների մեջ է մտնում անչափելի մեծ գումարների հարկեր սահմանել, կաշառք վերցնել եւ ապա դրանից մասնաբաժին հանել կառավարության վերնախավերում իշխող իրենց վերադասներին:

Լուրեր են պտտվում, որ Հայաստանի նման փոքր մի երկրում, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդու կարողությունը հասնում է 10 միլիարդ դոլարի: Թիվը կարող է ճշգրիտ չլինել, սակայն համակարգը գործում է, թույլ տալով կառավարության անդամներին կողոպտել երկիրը եւ վայելել կյանքն իր ամենափարթամ մակարդակներով, մինչ ժողովրդի 40 տոկոսը ապրում է աղքատության եզրագծից էլ ցածր պայմաններում:

Գործազրկությունը համատարած է Հայաստանում: Բայց ինչո՞ւ մենք ականատես չենք լինում բողոքի որեւէ ակցիայի գործազուրկների կողմից: Պատասխանը միանշանակ է. որովհետեւ նրանք հեռանում են երկրից: Նրանք մեկնում են Ռուսաստան, Ղազախստան կամ որեւէ եվրոպական երկիր, եւ դրանով լուծվում է, կախարդականորեն, գործազրկության հարցը, ի հաշիվ երկրի բնակչության նվազեցման:

Ցավալին այն է, որ հարցին անդրադառնալով իշխող Հանրապետական կուսակցությունից, խորհրդարանի պատգամավորներից մեկը արդարացնում է գործընթացը ասելով. «Իհարկե, մարդիկ ձգտելու են գնալ այն վայրերը, որտեղ աշխատանքի ավելի լայն հնարավորություններ կան»: Փոխանակ փորձել շտկելու կացությունը եւ դադարեցնելու հոսքը դեպի դուրս, իշխող կուսակցությունը հանգիստ դիտում է երկրի բնակչության նվազումը:

Սփյուռքի նախարարությունը օտարներին, հատկապես սփյուռքահայերին ներդրումներ կատարելու կոչ է անում, մոռանալով, որ նախկին ներդրողներից ոմանք ծեծի են ենթարվկել, կողոպտվել կամ նույնիսկ սպանվել: Նման փաստերը հազիվ թե խթան կարողանան հանդիսանալ որեւէ հեռանկարային ներդնողի համար:

Սկանդալ ծագեց նաեւ Ադրբեջանի դեմ ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ հայ զինվորը ստիպված էր դիմադրել թշնամուն առանց բավարար փամփուշտի զենքերով եւ առանց վառելանյութի տանկերով: Համապատասխան հատկացումների փոխարեն ուռճացվել էին բանակի բարձրաստիճան սպաների գրպանները: Որպես հետեւանք, պաշտոնից հեռացվեց պաշտպանության նախարարը: Ազերիների կրակոցից սպանված յուրաքանչյուր հայ զինվորի մահվան դեպքում զայրույթի եւ վրիժառության զգացումներ են պատում մեզ բոլորիս, արդարացիորեն անշուշտ, բայց ի՞նչ ասես, երբ հայ զինվորը սպանվում կամ ծեծի է ենթարկվում իր վերադասների կողմից: Կամ նրանց ընտանիքներից վերջիններս կաշառք են ակնկալում խրամատներում նրանց զավակների անվտանգությունը ապահովելու համար:

Ի՞նչ դրդապատճառ կարող է երիտասարդ հայ զինվորը ունենալ պաշտպանելու համար մի երկիր, որն իրեն միայն դժբախտություն է խոստանում:

Մի երկրում, որտեղ երկրաշարժից տուժած շրջաններում դեռեւս ներդրումներ են անհրաժեշտ կատարել, փրկելու համար 3000 ընտանիքների մի ցուրտ ձմեռ եւս դոմիկներում անցկացնելուց, օլիգարխներն առանց խղճի խայթ զգալու շռայլ կյանք են վայելում:

Պատմությանը շատ դեպքեր են ծանոթ, երբ հայերն ավելի շատ վնաս են հասցրել իրենց երկրին եւ համաքաղաքացիներին, քան իրենց թշնամիները:

Տիգրան II-ի առաջին եւ վերջին հայկական կայսրությունը խորտակվեց, որովհետեւ որդին գաղտնի համագործակցեց հռոմեական բանակի հետ: 1375-ին Կիլիկյան Հայաստանի թագավորությունը նվաճվեց Մամլուքների կողմից եւ Լեւոն VI Լուսինյան թագավորը գերեվարվեց Կահիրե, որովհետեւ նրա թագավորությունը թուլացել էր իշխանությունների միջեւ անընդհատ ծավալվող ներքին պայքարների արդյունքում:

Հայերը կորցրեցին Կարսը 1918-ին, հակառակ հսկայական քանակությամբ ռազմամթերքի, սննդի եւ այլ պարագաների առկայությանը, եւ հակառակ զորավար Անդրանիկի կոչերին, որովհետեւ արեւելահայերըՙ տարված տեղական նեղ հայրենասիրական մղումներով, մերժեցին կռվել մի հողատարածքի համար, որը գտնվում էր Արեւմտյան Հայաստանում:

Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Հայաստանի համար դեռ կա փրկություն: Ավետիս Ահարոնյանն Իտալիայում Մովսեսի արձանի առաջ խորհրդածելով ասել էր, որ Մովսեսը հրեաների կյանքը փրկեց հակառակ նրանց կամքին: Հեգնական կարող է թվալ, բայց դա եւս պատմության առեղծվածներից մեկն է:

Մինչ Հանրապետական կուսակցությունն իր դիրքերն է ամրապնդում Հայաստանում եւ ծրագրում է շարունակել իր իշխանությունը առնվազն տեսանելի ապագայում, գլոբալ մտածողության տեր բազմաթիվ անհատներ օգնում են, որ Հայաստանը գոյատեւի եւ բարգավաճի: Էդուարդո Էռնեկյանը Երեւանում կառուցել է տարածաշրջանում ամենաարդիական օդանավակայաններից մեկը, պայմանով, որ ինքը վերահսկի նրա գործունեությունը: Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում կառուցել է միջազգայնորեն գրավիչ, 115 միլիոն արժողությամբ մի կրթօջախ, որն աշխատելու է առանց կառավարության միջամտության, Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը Երեւանի Կասկադը վերածել է առաջնակարգ մի ցուցադրավայրիՙ իր թանգարաններով եւ քանդակների պուրակով, որոնք դարձյալ կառավարական միջամտության կարիքը չունեն, իսկ Սեմ Սիմոնյանն էլ հիմնել է իր «Թումո» կենտրոնըՙ մի դրախտՙ ապագա ծրագրողների համար, որ նույնպես կառավարության աջակցությունը չի պահանջում:

Ի հակադրություն այս բոլորի, կառավարական հաստատությունները կոռուպցիայի եւ կաշառակերության բույն են դարձել: Հետեւանքների մասին մտածող չկա: Ժողովուրդը կտուժի, թե ոչՙ կարեւոր չէ:

Գլոբալ մտածողության տեր վերոնշյալ անձնավորությունները իրենց գործերով ցույց են տվել, թե կարելի՛ է փրկել Հայաստանը եւ ճանապարհ հարթել դեպի հուսալի ապագա:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.