AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3045, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՂՄԵԼ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵԼ

Հ. ԱՖՅԱՆ

Հունվարի հենց 20-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտեց ԱՄՆ քաղաքներում խաղաղ ցուցարարների դեմ ամերիկյան ոստիկանության ոչ համաչափ գործողությունները: Եւ շեշտելով, որ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ կամարտահայտության միջազգային սկզբունքներին, զգուշացրեց, որ ցուցարարների դեմ ոչ համաչափ գործողություններ ծավալած անձինք չեն հրավիրվի Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան կազմակերպված միջոցառումներին (Ցեղասպանությանը նվիրվածՙ տխուր, եւ անկախությանը նվիրվածՙ ուրախ, տարեկան երկու միջոցառումներին):

Իսկ հիմաՙ ավելի լուրջ: 217 ցուցարար, ինչպես ամերիկացիներն են ասումՙ խաղաղ ցուցարար, ձերբակալվեց հունվարի քսանին ամերիկյան քաղաքներում, նախագահ Թրամփի երդմնակալության դեմ իրենց բողոքն արտահայտելիս: Շեշտում եմՙ 217 հոգի, այդ թվում կանայք, այդ թվում լրագրողներ: Ամերիկյան քաղաքներից երդմնակալությանը զուգահեռ ցուցադրվող կադրերից պարզ երեւում էր, որ ոստիկանությունը ուժ էր կիրառում ցուցարարների, այդ թվում լրագրողների դեմ: Ճիշտ է, ցուցարարներն էլ, ինչպես ամենուր, այդքան էլ խաղաղ չէին եւ կոտրում էին խոշոր խանութների ապակիները, պայթուցիկ սարքեր էին նետում ոստիկանության ուղղությամբ, որոնք, փոխանակ կանգնեին ամերիկյան ժողովրդի կողքին, պաշտպանում էին, փաստորեն, Թրամփի ռեժիմը:

Ի դեպ, Թրամփի մասին: Դուք լսեցի՞ք նրա ելույթըՙ նախագահի պաշտոնն ստանձնելիս: Չէ, խոսքը պաթոսի մասին չէ, որի հիման վրա աշխարհի գերտերություններից մեկի նախագահը կառուցել էր իր ելույթըՙ հզոր, օվկիանոսից օվկիանոս ձգվող Ամերիկա կառուցելու մասին: Խոսքն այն մասին է, որ ըստ այդ ելույթի, Ամերիկան այս պահին ծայրից ծայր խրված է կոռուպցիայի, չքավորության մեջ, ենթակառուցվածքները, արդյունաբերությունը քարուքանդ են, երկրում կան մի քանի հարուստներ եւ բազմաթիվ ընկճված հայրեր ու մայրեր, հարուստ քաղաքական գործիչներ եւ միլիոնավոր խաբված ժողովուրդ, աշխատատեղեր չկան, կրթության վիճակն աղետալի է... Մի խոսքով: Եթե լսեցիք Թրամփին, ապա տպավորություն կա, որ Ամերիկան հենց այս տարի է դուրս եկել ԽՍՀՄ կազմից եւ նոր-նոր պատրաստվում է կամ չի էլ պատրաստվում բռնել զարգացման եւ բարգավաճման ժողովրդավարական ուղին: Իմիջիայլոց, երբ Թրամփն ավարտեց իր ելույթը, մոտեցավ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային, նա էլ ժպտալով եւ գլխովՙ հավանության նշան ցույց տալով, սեղմեց ԱՄՆ նախագահի ձեռքը, դե այսինքնՙ այո, պարոն նախագահ, դուք իրավացի եք, իրոք այդպես է:

Մնացածը եղավ այնպես, ինչպես լինում է Ամերիկայում: Եկավ ուղղաթիռը եւ տարավ նախագահին եւ առաջին տիկնոջը (օբամաներին), ապա նախագահն ու առաջին տիկինը (թրամփները) սկսեցին պատրաստվել երեկոյան ընդունելության: Ու քչերը ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ այս տարվա հունվարի 20-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի սարսափելի բան. սպիտակամորթ միլիարդատերը գեղեցիկ Սպիտակ տնից հանեց սեւամորթ ամուսիններին, ովքեր այդ տանն ապրում էին ութ տարի:

Այնպես որ, եթե Ամերիկան այսօր հանդիսանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավահավասարության, ազատության դարբնոցն ու առաջամարտիկը, ապա թախանձագին խնդրում եմ ԱՄՆ դեսպանատներինՙ որեւէ երկրում ընտրություններից հետո ծավալվող բողոքի ակցիաների վերաբերյալ սրտաճմլիկ հայտարարություններով հանդես չգալ: Ինչպես ասում է նախագահ Թրամփը, Ամերիկան լիքը խնդիրներ ունի եւ ավելի լավ է, դուք նախ եւ առաջ այդ ներքին խնդիրները լուծեք: Իմիջիայլոց, ենթադրենք Ֆրեզնոյում աշխատատեղեր բացելու համար պարտադիր չէ հասնել նախագահ Բաշար Ասադի հրաժարականին:

Բայց մյուս կողմից, որքան էլ մենք ծաղրենք ժողովրդավարությունը եւ եթե այն made in America է, ապա ամերիկյան ժողովրդավարությունը, որքան էլ մենք ծիծաղենք այն փաստի վրա, որ տիկին Մելանի Թրամփին ոչ ոք չէր ասել, որ Սպիտակ տուն գնալիս առաջին տիկնոջը նվեր չեն տանում, քանի որ նա պարզապես չի իմանա, թե որտե՞ղ դնի այդ նվերը, մանավանդ, որ տունը հանձնում են (Միշել Օբաման երկար ժամանակ իսկապես չգիտեր, թե ի՞նչ անի Մելանի Թրամփի իրեն բերած նվերը, ստիպված Բարաք Օբաման այն ինչ-որ մեկին տվեց), որքան էլ զարմանանք, որ Ամերիկայում այդ երկրի նախագահը լրատվամիջոցների հետ նույն կերպ է վարվում, ինչպես մեզ մոտ են վարվում, եւ վերջապես որքան էլ մենք զուգահեռներ տանենք հայաստանյան եւ ամերիկյան թշվառության միջեւ, Ամերիկան այն երկիրն է, որտեղ հեռացող նախագահը սեղմում է եկող նախագահի ձեռքը եւ համբուրում նրա տիկնոջ ձեռքը: Մանրո՞ւք է, թերեւս, բայց գիտե՞ք Ամերիկան Հայաստանից միայն այս եւ այլ մանրուքներով է տարբերվում. հունվարի 20-ին պարզվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.