AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 3145, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀՂՈՒՄԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հունվարի 31-ին հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ բանակցություններն առանձնակի լավատեսություն չեն ներշնչել: Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել է, որ քննարկվել են, իր արտահայտությամբՙ ԼՂ շուրջ բանակցությունների կոնկրետ առաջարկություններ եւ ուղղություններ: Ավելի վաղ, ինչպես հայտնի է, ադրբեջանական Lider հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը Լավրովին հարցրել էր, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը ԼՂ-ում «հակաահաբեկչական գործողություն սկսիՙ դեօկուպացնելու իր տարածքները»: ՌԴ արտգործնախարարի պատասխանը, թե Լեռնային Ղարաբաղը վաղուց բացառապես Ադրբեջանի ներքին հարցը չէ, Բաքվում դժգոհության տեղիք էր տվել:

Ըստ երեւույթին, Լավրով-Մամեդյարով բանակցություններում այդ դժգոհությունը մեկ անգամ եւս արտահայտվել է, բայց չի արժանացել բավարար ըմբռնման, ուստի Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայից Բաքու է վերադարձել ոչ լավատեսական տրամադրություններով: Այս դեպքում, սակայն, հարց է ծագումՙ իսկ ինչո՞ւ է նա համաձայնել արտգործնախարարների մակարդակով եռակողմՙ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպում կազմակերպելուՙ Լավրովի առաջարկին: Եթե Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունները նրան լավատեսություն չեն ներշնչել, ապա ի՞նչ իմաստ կա մասնակցել եռակողմ հանդիպմանը, որտեղ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի համար ավելի հուսադրող գաղափարներ եւ, մանավանդ, առաջարկություններ չեն հնչեցվելու:

Ռուսական մամուլն սկսել է ավելի հաճախակի ակնարկել, որ ԼՂ կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության մեղքը Ադրբեջանինն է: Իսկ վերջերս մեկնաբանություններ են արվում կապված ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերություններ կարգավորելու Բաքվի ջանքերի եւ այդ ընթացքում Ադրբեջանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման հավանականության հետ: Պարզ ասած, Ադրբեջանը որոշակիորեն սառեցրել է Ռուսաստանի հետ հարաբերություններըՙ հույս ունենալով, որ առաջիկայում Թրամփի վարչակազմի հետ հարցեր կարգավորելու հնարավորություն կունենա: Մեկնաբանները գտնում են, որ այս խնդրում Ալիեւին աջակցում են Իսրայելը եւ ԱՄՆ հրեական լոբբին:

Իհարկե, այս ձգտումները երբեմն ունենում են զավեշտական դրսեւորումներ: Օրերս ադրբեջանական մամուլում հայտնվել էր հայտնի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի «համատեղ լուսանկարը»: Կեղծիքն այնքան ակնհայտ էր, որ մի քանի ժամ անց նույն լրատվամիջոցները գրեցին, որ օլիգարխի մամուլի խոսնակն ուղղակի «կատակել է, նման ֆոտոշոփն արժե ընդամենը 35 դոլար»: Բայց ադրբեջանական մենթալիտետին դա բնորոշ է, եւ նման քարոզչություն իրականացնողներն այդպես էլ գիտենՙ շարքային ադրբեջանցին իրեն նեղություն չի տալու խորանալ խնդրի էության մեջ, բավական է նրան ներշնչել, որ Թրամփը «Ադրբեջանի բարեկամն է»:

Ինչպես երեւում է, Մոսկվայում Ալիեւի այդ խաղերից սկսել են նյարդայնանալ: Բավական մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի Ադրբեջանում ներքին կայունություն հաստատվի, ինչպես նաեւ որոշակի արտաքին քաղաքական աջակցություն ցուցաբերվել, որպեսզի անտարբեր չլինեն Ալիեւի հնարավոր քայլերի նկատմամբ: Այս իմաստով ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշման նկատելի որոշակիացումը, որ դրսեւորվեց Լավրովի հայտնի պատասխանում Վիեննայի պայմանավորվածությունների ընդգծմամբ, Ադրբեջանի իշխող վարչախմբի կողմից ընկալվում է որպես «ստատուս-քվոն ամրապնդելուն ուղղված քայլ»:

Այսինքն, եթե խոսքը վերաբերում է շփման գծում հրադադարի ամրապնդմանը, մոնիտորինգի ընդլայնմանը եւ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ապա դա ստատուս-քվոյի ամրապնդում է: Սա է Ադրբեջանի մոտեցումը: Եւ այդ է պատճառը, որ հունվարի 31-ին, Քաթարի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը դարձյալ հղում է արել 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերինՙ համարելով, որ դրանց իրավական ուժն անժամկետ է:

ՄԱԿ-ի ԱԽ այդ բանաձեւերը, սակայն, ընդունվել են պատերազմական գործողությունների շրջանում: Եւ դրանց հիմնական պահանջը մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Այդ պահանջն Ադրբեջանի կողմից չի կատարվել: Եւ եթե Մամեդյարովը կարդացել է վերջինՙ թ.884 բանաձեւը, պետք է իմանա, որ Անվտանգության խորհուրդը շատ հստակ ձեւակերպել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու եւ նախահարձակման անցնելու հետեւանքով ղարաբաղյան ուժերը դիմել են հակահարձակմանՙ այդ ընթացքում գրավելով նոր տարածքներ:

Բայց կա ավելի նուրբ պահ. ՄԱԿ-ի ԱԽ բոլոր չորս բանաձեւերում խոսվում է ղարաբաղյան զինված ուժերի մասին, որպես զինված հակամարտության կողմ ճանաչվում է ԼՂ-ն: Այդ բանաձեւերում Հայաստանը հիշատակված է միայն մեկ անգամ, ընդ որում ԱԽ-ն կոչ է անում, որպեսզի Հայաստանը գործի դնի ԼՂ հանդեպ ունեցած ազդեցությունը, որպեսզի կատարվեն բանաձեւերի պահանջները: Եթե անժամկետ են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի պահանջները, ապա անժամկետ են նաեւ դրանց իրավա-քաղաքական ձեւակերպումները: Այսինքն, անժամկետ է, որ հակամարտության կողմ են Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, որ վերջինս ունի սեփական զինված ուժեր:

Այդ դեպքում Ադրբեջանը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը, պետք է բանակցություններ սկսի Արցախի օրինական իշխանությունների հետ: Արտգործնախարար Մամեդյարովը, երկրե-երկիր շրջագայելու փոխարեն, Արցախի իր պաշտոնակցին կարող է հանդիպել շփման գծի որեւէ հատվածումՙ քննարկելու իրեն հուզող հարցերը: Եւ վերջնական որոշում էլ պետք է ընդունեն Բաքուն եւ Ստեփանակերտը: Դա է հուշում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի տրամաբանությունը:

Մամեդյարովը դժգոհել է, թե այլ դեպքերում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը կատարվում են անմիջապես, իսկ Ադրբեջանի պարագայում արդեն 24 տարի էՙ քայլ չի արվում: Պատասխանն ակնհայտ է. եթե Ադրբեջանն ինքը չի կատարում այդ բանաձեւերի գլխավոր պահանջը, չի հրաժարվում հարցի լուծման ռազմական տարբերակից, ավելինՙ փորձում է ուժի կիրառման սպառնալիքը դարձնել դիվանագիտական գործիք, ապա միջազգային հանրությունը եւ հակամարտության հայկական կողմն ինչո՞ւ պիտի շահագրգռված լինեն Ադրբեջանին հուզող հարցերի կարգավորմամբ:

Այնպես որ, Մամեդյարովի հղումն այս անգամ էլ բումերանգի էֆեկտ տվեց: Այդպես է լինելու միշտ, քանի դեռ Ալիեւի վարչախումբը չի գիտակցի, որ ԼՂ կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կհրաժարվի մեծապետական հավակնություններից եւ Արցախի հետ ուղղակի երկխոսություն կսկսի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.