AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 3069, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՒ ԾՐԱԳՐՎԱԾ ՊԵՂՈՒՄՆԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ուրարտական թագավորության մասին վկայող 600-ից ավելի սեպագիր արձանագրություններ կան: Աշխարհի ամենամեծ սեպագիր արձանագրությունը հայտնաբերվել է Վանի ժայռերից մեկի վրա էՙ Արգիշտի Առաջինի դամբարանի պատին: Ոչ ոք չի կասկածում, որ համաշխարհային հնագույն քաղաքակրթության էջերից մեկն Ուրարտուն է, ու հայերս հանդիսանում ենք Հայկական լեռնաշխարհում ձեւավորված այդ քաղաքական, տնտեսական, մշակութային էթնիկ միավորի ժառանգորդը: Սակայն ուրարտական շրջանի Ք.ա. 7-րդ դարի մասին վկայություններ, առավել եւսՙ սեպագիր արձանագրություններ քիչ են պահպանվել:

2016-ի հոկտեմբերին Գավառի Հացառատ թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ հողի տակից պատահաբար հայտնաբերվել են հնագիտական գտածոներ: Բնակիչները «չհայտարարագրված պեղումների» մասին բարեխղճորեն հայտնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Հնագետները շտապել են հնավայր, գտածոները մաքրել են, ուսումնասիրել ու պարզել, որ դրանք պատկանում են ուրարտական թագավորության Ք.ա. 7-րդ դարին: Հայտնաբերվել է բարձրաստիճան անձի դամբարան, որտեղ թաղվել են 6 հոգիՙ 1 կին եւ 5 տղամարդ, այսինքնՙ խմբային թաղում է եղել: Գտնվել են երկաթե նիզակ, դաշույնի բեկորներ, շքահանդեսային խեցեղեն, ագաթե ուլունքահատիկներ, գիշերաքարե համրիչի մասեր, ոսկրե ներդիրներ: Շինարարական աշխատանքների ընթացքում դամբարանն ավերվել է, իսկ մարդկային կմախքներն իրար են խառնվել, ու հիմա դժվար է ասել, թե կմախքներից որն է բարձրաստիճան այրը եւ որոնքՙ նրան ուղեկցող հանգուցյալները: Հայտնի է, որ վաղնջական ժամանակներում մեռնողն իր հետ ծառաներ, ուղեկցողներ, կահ-կարասի, զարդեր է տարել: Չի բացառվում, որ մեռնողի հետ թաղվածները ինքնազոհություն են կատարել:

Դամբարանի դիմաց Գավառի Բերդի գլուխ ամրոցն է, որի ուրարտական շերտը վաղուց է հայտնաբերված. այն անզեն աչքով էլ տեսանելի է: Գեդեոն Միքայելյանն է դեռեւս չափագրել այն: Հնավայրը բազմաշերտ է: Մասնագետները վստահ են, որ դամբարանը մեծապես առնչվում է Բերդի գլուխ ամրոցի բնակիչների հետ, այսինքնՙ հուղարկավորված անձինք հենց այս ամրոցից են:

Հայտնաբերված գտածոները համալրելու են Մեծամորի հնագիտական հավաքածուն:

«Սեւանի ավազանը նշանավոր դեր է ունեցել Ուրարտուի քաղաքական, տնտեսական կյանքում: Դամբարանը ցույց է տալիս, որ այս տարածքը Ռուսա Երկրորդի կամ Արգիշտի Երկրորդի ժամանակներում վերահսկել է Արցախ տանող ճանապարհը եւ հավանաբար որոշակի դեր է ունեցել դեպի Սոթքՙ Սեւանա լճից հարավ-արեւելք եւ դեպի հյուսիս, Արեւմտյան Իրան, Սպահան տանող ճանապարհները, որտեղ ոսկու հանքեր կային: Իսկ Վանի թագավորությունը շահագրգռված էր այդ տարածքներն իր տիրապետության տակ պահելու հարցում»,- մեկնաբանեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Նման դամբարաններ Աշոտ Փիլիպոսյանը Սեւանի տարածքում էլի է պեղել: Երեսուն տարվա ընթացքում այստեղից հնագիտական հարուստ նյութ է հայտնաբերվել:

Նախորդ տարվա պեղումներից հնագետներն առանձնացնում են նաեւ Մեծամորը: Մինչուրարտական շրջանիՙ Ք.ա. 12-11-րդ դարերին թվագրվող Մեծամորի քաղաքային թաղամասի պեղման ժամանակ սենյակներից մեկում ագաթե վզնոց է հայտնաբերվել, որի մեջ քսանեկու ոսկե ուլունքահատիկներ կան: Մեծամորի դամբարանադաշտում ավերված դամբարան է հայտնաբերվել, որտեղ քսաներկու ոսկե եւ հազարից ավելի ագաթե ուլունքահատիկներ են հայտնաբերվել:

Մեծամորը կարեւորագույն տարածք է Արարատյան դաշտի սրտում, որտեղ ռազմաքաղաքական առումով երկրորդ հազարամյակի վերջում քաղաքագոյացման գործընթացների հիմքերը հստակ երեւում են: Մեր հնագետներն այստեղ լեհերի հետ են աշխատում. մի մեծ դամբարանադաշտ դեռեւս պեղված չէ: Քաղաքային հատվածները նոր են սկսել պեղվել: Հնագիտական նյութն այնքան անսպառ ու անվերջ է, որ կարելի է դեռ մեկ դարից ավելի էլ պեղել: Մեր հնագետները Վարշավայի համալսարանի հետ աշխատում են արդեն չորս տարի: Արդյունքների վերաբերյալ շուտով գիրք կհրատարակվի: Քանի որ Մերձավոր Արեւելքում պատերազմական իրադրություն է, լեհերը որոշել են ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի վրա, որտեղ հնարավոր է խաղաղ պայմաններում աշխատել: Նրանք այս տարվա համար մեկուկես անգամ ավելացրել են ֆինանսական աջակցությունը, այսինքնՙ եղանակը բացվելուն պես Մեծամորում ավելի մեծ թափով հնագիտական աշխատանքներ կիրականացվեն: Լեհերի ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Արտաշատը:

Պեղումները շարունակվում են նաեւ Զորաց քարերի տարածքում: Առաջին անգամ հետազոտվել է այն հատվածը, որը հավանաբար քարհանք է եղել, այսինքնՙ գտնվել են քարերի բեկորներ, որոնց վրա անցքեր կան, բայց քանի որ դրանք ճանապարհին կոտրվել են, Զորաց քարերի տարածք չեն տեղափոխվել: Հետազոտվող տարածքը Զորաց քարերից մոտ 700 մ է հեռու: Այս հատվածը հնագետները կարեւորում են, քանի որ այն տալիս է 11-13-րդ դարերի միջնադարյան Հայաստանի պատկերը, երբ Բագրատունիների հարստությունն արդեն անկում էր ապրել: 20 քմ տարածքով դամբարանում հայտնաբերվել են կենցաղային իրեր, զարդեր: Պարզվել էՙ հնավայրը նախկինում ծառայել էՙ որպես ապաստարան, որտեղ հայերը թաքնվել են սելջուկ թուրքերից, մոնղոլ թաթարներից ու այլ թշնամիներից:

Հնավայրերը ժամանակավորապես ծածկվել են փափուկ հողով, որպեսզի ամռանը նորից պեղվեն ու հետազոտվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.