AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 3014, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՄՆ-Ը ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Պ. Ք.

Ամերիկյան թերթը հիշեցնում է որոշ տհաճ իրողություններ

Եթե ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հարցնենք, թե իրենք ինչ են մտածում «նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության» մասին, նրանք Մոսկվայի արարքը կանվանեն «գրեթե լիամասշտաբ պատերազմի հայտարարում»: Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամների համար «Ռուսաստանի կողմից ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կայքի կոտրումը» նպատակամետ հարձակում է ժողովրդավարության վրա, ինչը անհանդուրժելի է:

Անընդունելի են համարվում Ռուսաստանի գործողությունները, որը «կոտրեց ԱՄՆ քաղաքական կուսակցություններից մեկի նամակագրությունը եւ ընտրովի նյութեր հրապարակեց, որպեսզի ինքնիշխան պետությունում անցկացվող ընտրություններում կշեռքի նժարը թեքի» իր ուզած կողմը: Թեեւ դա «ինքնիշխանության ակնհայտ խախտում է», Մոսկվայի արարքը հարկավոր է դիտարկել ըստ որոշակի պատմական հեռանկարի, քանի որ տասնամյակներ շարունակ Վաշինգտոնն այն վայրն էր, որտեղ կազմակերպվում էին պետական հեղաշրջումներ, բովանդակ աշխարհում իշխանության բռնի տապալման փորձեր էին ձեռնարկվում եւ իրականացվում էր միջամտություն ուրիշ երկրների ընտրություններին, գրում է Դենիել Դեպետրիսը The National Interest (NI) ամերիկյան թերթում:

Հեղինակը հիշեցնում է ԱՄՆ-ի միջամտությունը Գվատեմալայի գործերին 1952-1954 թթ., երբ նախագահներ Հարրի Թրումենը եւ Դուայթ Էյզենհաուերը ԿՀՎ-ին հանձնարարեցին գաղտնի գործողություն իրականացնել երկրում ժողովրդավարական կարգով ընտրված նախագահ Խակոբո Արբենսի դեմ, ում ծրագիրը նախատեսում էր հողատերերի եւ գեղջուկների ունեցվածքային շերտավորման կրճատում: Թրումենի եւ Էյզենհաուերի վարչակազմերը նրան համարում էին Արեւմտյան կիսանգնդում ԱՄՆ-ի գերիշխանությանը սպառնացող վտանգ, ինչպես նաեւ մարտահրավեր Մոնրոյի ուսմունքին: Այդ ժամանակ Վաշինգտոնում հակակոմունիստական տրամադրություններն այնքան ուժեղ էին, որ Խորհրդային Միության ազդեցությանը թեկուզ հեռավոր կերպով ենթակա լինելու տպավորություն գործող ամեն մի օտարերկրացի ղեկավար համարվում էր կոմունիստական նախագծի մաս:

Հետագայում, մասամբՙ իր հակառակորդներին ԱՄՆ-ի ցուցաբերած նյութական օգնության պատճառով, Արբենսը ստիպված եղավ հրաժարական տալ եւ փախչել երկրից: Այսպես, Էյզենհաուերի վարչակազմը 2,7 մլն դոլարանոց բյուջե հաստատեց նրա կառավարության խարխլման նպատակով: ԿՀՎ ծրագրի շրջանակներում կազմվեց Գվատեմալայի այն անձանց ցանկը, ում հարկավոր էր քաղաքական ասպարեզից հեռացնել ինչպես ֆիզիկական վերացման, այնպես էլ աքսորման միջոցով: Կես դար անց երկրի այդ ժամանակվա նախագահը Արբենսի որդուց ներողություն խնդրեց նրա հոր իշխանազրկման համար, որին հաջորդած բռնարարքներն ավելի քան հարյուր հազար մարդու կյանք էին խլել:

ԱՄՆ-ը միջամտել է նաեւ Չիլիի ներքին գործերին: Այդ երկրի նախագահ Սալվադոր Ալիենդեն 1970-ական թվականներին ԱՄՆ-ի թիվ 1 թշնամին էր Լատինական Ամերիկայում: Չիլիի քաղաքացիները հանձին նրա տեսնում էին այնպիսի մարդու, որը կարող էր իրականացնել տնտեսական բարեփոխումներ, սակայն Նիքսոնի վարչակազմում գտնում էին, որ նրա շնորհիվ Խորհրդային Միությունը կարող է հենակետ ստանալ տարածաշրջանում եւ մեծ վնաս պատճառել ԱՄՆ-ին:

ԿՀՎ սեփական վերլուծության համաձայն, գերատեսչությունը փորձել է 1970 թ. Ալիենդեի ընտրվելը կախնել նրա հակառակորդներին զենք մատակարարելու միջոցով: Իսկ երբ այդ ծրագիրը ձախողվել է, եւ Ալիենդեն հաղթել է ընտրություններում, ԿՀՎ-ն տեղեկություն է ստացել չիլիացի զինվորականների կողմից նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին: Վաշինգտոնը չի միջամտել այդ գործընթացին: Չիլիի զինվորական հրամանատարությունը տվյալ քայլը ընկալել է որպես հեղաշրջմանը տրված համաձայնություն:

Գաղտնազերծված եւ հանրությանը ներկայացված փաստաթղթերից երեւում է, թե Նիքսոնի վարչակազմի համար ինչպիսի մեծ սպառնալիք է եղել Ալիենդեն: Այսպես, Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Նիքսոնը իր խորհրդականներին հասկացրել է, որ Ալիենդեի կառավարությունը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար եւ Խորհրդային Միության հավանական դաշնակիցն է: Հանրապետական նախագահի կառավարությունը որոշել է վտանգը կասեցնել Չիլիի տնտեսությանը վնաս պատճառելու միջոցով: Հետագայում չիլիացի խռովարար զինվորականների շրջապատման մեջ հայտնվելովՙ Ալիենդեն ստիպված եղավ գնդակահարել իրեն: Նրա մահից հետո իշխանության գլուխ անցավ գեներալ Աուգուստո Պինոչետը, որի բռնապետական վարչակարգը գոյատեւեց 17 տարի:

Օտար երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության եւս մեկ օրինակ դարձավ Իրանը: ԿՀՎ-ի ծրագրած պետական հեղաշրջումներից թերեւս ոչ մեկը այնքան նշանակալի ու տեւական ներգործություն չի ունեցել, որքան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համատեղ գործողությունը Իրանի վարչապետ Մոհամմեդ Մոսադդիկի դեմ, ով փորձում էր ազգայնացնել երկրի նավթարդյունաբերությունը: Միացյալ Թագավորությունը, որին պատկանում էր Իրանի ռեսուրսների վերահսկողությունը, ԱՄՆ-ին խնդրեց մշակել Մոսադդիկին տապալելու ծրագիր: Լոնդոնը ձգտում էր նրան փոխարինել ավելի բարեհաճ անձնավորությամբ, որը նավթային եկամուտների վերաբերյալ Արեւմուտքին առավել ձեռնտու համաձայնագրեր կկնքեր: Մինչ Մեծ Բրիտանիան մտահոգվում էր նավթի կորստի առնչությամբ, Վաշինգտոնն ավելի ու ավելի էր համոզվում, որ Թեհրանը շրջվում է Մոսկվայի կողմը: Ի վերջո ԿՀՎ տնօրենը համաձայնություն տվեց Մոսադդիկի տապալման ֆինանսավորմանը:

ԿՀՎ-ի ծրագիրը հաջողությամբ գործեց, քանի որ վարչապետի դեմ ուղղված քարոզչությունը սկսեց թափանցել իրանական մամուլ: Հաջողության մյուս պատճառն այն էր, որ Իրանի զինված ուժերի զգալի մասը պատրաստ էր գործողությունների: Մոսադդիկը տապալվեց, եւ վերստին իշխանության գլուխ անցավ շահ Մոհամմեդ Ռզա Փեհլեւին: Այդ ժամանակամիջոցում իրականացված գործողությունները ամերիկա-իրանական հարաբերությունների վրա ունեցան ավելի մեծ ազդեցություն, քան կարող էր պատկերացնել Էյզենհաուերը: Այսպես, Այաթոլլահ Ալի Խամենեին առաջվա պես հիշեցնում է Մոսադդիկի տապալման մասին, մինչդեռ Իրանի կոշտ գծի կողմնակիցները շարունակում են տվյալ ժամանակահատվածն օգտագործել որպես այն բանի օրինակ, թե ինչու չի կարելի վստահել Վաշինգտոնին:

Հեղաշրջումներ կազմակերպելու ԱՄՆ-ի փորձերը հիշատակելիս անհնար է մոռանալ Կուբայի մասին: «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի համար չկար ավելի սարսափելի անձնավորություն, քան Ֆիդել Կաստրոն, ով կղզուց արտաքսեց ամերիկացիների աջակցությունը վայելող բռնապետին եւ վեց տասնամյակ կառավարեց երկիրը:

Church Committee investigation կազմակերպության տվյալներով, ԿՀՎ-ն առնվազն ութ անգամ փորձել է վերացնել Կաստրոյին: Առաջարկված որոշ ծրագրեր եղել են այնքան աներեւակայելի, որ օրենսդիրները չեն հավատացել, թե դրանք իրոք հնարավոր է քննարկման դնել: Առաջարկվում էին Կաստրոյի սպանության տարբերակներ հուժկու հրացանների, հաբերի, թունավոր գրիչների, մանրէական փոշիների միջոցով եւ անհավատալի ուրիշ միջոցներով:

Սրանք նրա միայն ֆիզիկական վերացման փորձերն էին: ԿՀՎ-ն նաեւ կազմակերպեց երկու գաղտնի գործողություն (1961 թ. Խոզերի ծովացում եւ 1962 թ. «Մանգուստ» գործողությունը), որոնց նպատակը Կաստրոյի տապալումն էր եւ նրա իշխանության փոխարինումը ամերիկամետ կառավարությամբ: Հայտնի է, որ այդ բոլոր գործողությունները ձախողվել են:

Վերեւում հիշատակվեց ընդամենը չորս դեպք, երբ ԱՄՆ-ը փորձել է ուրիշ երկրում ազդել քաղաքական գործընթացի վրա: Իրականում նման փորձերի թիվը շատ ավելին է: Հարկ է նշել, որ արդեն 21-րդ դարում վարչակարգի փոփոխմանն ուղղված երկու գործողություն է իրականացրել. 2003 թ.ՙ Իրաքում եւ 2011 թ.ՙ Լիբիայում: Ամենայն հավանականությամբ, քննարկվել է նաեւ Իրանում երրորդ գործողությունն իրականացնելու տարբերակը:

Այսպիսով, Վաշինգտոնն առաջվա պես այն վայրն է, որտեղ օտար երկրի վարչակարգի փոփոխումը համարվում է միանգամայն բնական քաղաքական քայլ: Ուստի, երբ հաջորդ անգամ Ռուսաստանին մեղադրեն ԱՄՆ-ի ինքնիշխանությունը խախտելու կամ քաղաքական համակարգին միջամտելու մեջ, հարկ կլինի վերհիշել, որ անցյալում Վաշինգտոնի գործողությունները միշտ չէ, որ համապատասխանել են նրա խոսքերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.