AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4706, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԱԽԱԼԻՆ ԵՎ ՄՏԱՀՈԳԻՉԸ ՄԵԿՏԵՂՙ 2016-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 0,5 տոկոս: Ամենայն հավանականությամբ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը նույնպես շատ չի տարբերվի այս ցուցանիշից: Այսինքն, անցած տարին իսկապես դժվար տարի էր: Բացի տնտեսական մարտահրավերներից, այն հիշվեց նաեւ ապրիլյան պատերազմով եւ հուլիսին զինված խմբի կողմից հրահրված բախումներով: Սրանք էլ իրենց հերթին բացասաբար ազդեցին տնտեսական կացության վրա: Այստեղ հարկ է շեշտել, որ եթե արտաքին վտանգից խուսափել չենք կարող եւ դա պետք է մշտապես նկատի ունենալ, ապա ներքին խռովություններ ու անկարգությունններ հրահրելով, ոչ մի կերպ չենք նպաստում երկրի զարգացմանը: Այսպես, թե այնպես, 2016-ի պետական բյուջեի հիմքում դրված ցածրՙ 2,2 տոկոս աճի ցուցանիշը հնարավոր չեղավ ապահովել: Մինչդեռ, առանց բարձր տնտեսական աճի, միջին տարեկան կտրվածքովՙ 5-6 տոկոս, անհնար կլինի ապահովել երկրի որակական լուրջ զարգացումը եւ լուծել նրա առջեւ ծառացած խնդիրները, այդ թվում կապված անվտանգության հետ: Սակայն, 2016-ը դրական էր արդյունաբերության համար, ինչը անցած տարվա երկու ուրախալի փաստերից մեկն էր:

7 տարում արդյունաբերության 7,7 տոկոս աճ

Թեեւ անցած տարին Հայաստանի տնտեսության համար դժվարին էր, բայց կոնկրետ արդյունաբերությունում շարունակվեց 2010-ից սկսած աճի բարձր տեմպը: Ընդհանուր առմամբ, 2010-2016 թթ.-երին արդյունաբերությունն իր ծավալներն ավելացրել է գրեթե 54 (53,9) տոկոսով, իսկ միայն 2016-ին տարեկան աճը կազմել է 6,7 տոկոս: Այսինքն, միջին տարեկան տոկոսային աճն անցած 7 տարիներին կազմել է 7,7 տոկոս: Եթե հավելենք, որ դրամով հաշվարկված, 7 տարի առաջվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները ավելի քան կրկնապատկվել են, ապա պատկերն ավելի առարկայական կդառնա:

Արդյունաբերական արտադրանքի թողարկման ամենամեծ աճն անցյալ տարի արձանագրվել է հանքարդյունաբերությունումՙ 8,3 տոկոս: Նշանակալի է եղել նաեւ աճը մշակող արդյունաբերությունում, որի մեջ ներառված են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերըՙ 7,7 տոկոս: Առանձին արտադրատեսակներից հիշատակման արժանի են ծխախոտի, պահածոների, կոնյակի, վիսկիի, գինու, պանրի, մսամթերքի, գուլպեղենի, պլաստմասսայե արտադրատեսակների, էլեկտրական եւ ջրային հաշվիչների, թղթիՙ ստվարաթղթի եւ գոֆրե արկղերի, պլանշետների, ադամանդների արտադրության նկատելի աճը:

Միանշանակ է, որ արդյունաբերությունում արձանագրվող աճի ցուցանիշները պետք է պահպանվեն եւ շարունակվեն: Յուրաքանչյուր պետության տնտեսության համար արդյունաբերության զարգացումը գերակայություն է: Վերջին տարիներին մի քանի տասնյակ ներդրումային ծրագրերի համար ավելացված արժեքի հետաձգման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման եւ այլ արտոնությունները նպաստեցին ճյուղի զարգացմանը: Այս տարի դրանց ավելացել է կառավարության եւս մեկ կարեւոր նախաձեռնությունՙ ներմուծմանը տեղական արտադրությամբ փոխարինելու մասին, որի հաջող իրագործումը հավելյալ խթան կդառնա արդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացման համար:

Արտահանման 20 տոկոսանոց աճ

Երկրորդ ուրախալի փաստը անցած տարվա ընթացքում արտահանման 20 տոկոսանոց աճն էր, որի արդյունքում արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 782 մլն դոլար: Ներմուծումն աճել է 1,6 տոկոսով, կազմելով 3 մլրդ 292 մլն դոլար: Այսինքն, արտահանման աճի տեմպը թե՛ տոկոսային, թե՛ գումարային առումներով էապես գերազանցել է ներմուծման աճի տեմպին: Արդյունքում զգալիորեն կրճատվել է նաեւ արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը: 2016-ին ներմուծումը արտահանմանը գերազանցել է ընդամենը 1 մլրդ 509 մլն դոլարով, այն դեպքում, երբ 2015-ինՙ 1 մլրդ 753 մլն դոլարով: Հաջորդը, եթե 2015-ին ներմուծման ծավալները գերազանցում էին արտահանման ծավալներին գրեթե 2,5 անգամ, ապա 2016-ինՙ մոտ 45 տոկոսով:

Հետաքրքրական են արտահանման ուղղվածության փոփոխությունները: Դեպի ԵՄ երկրներ 2016-ին արտահանումը կազմել է 478 մլն դոլար, աճելով 15,9 տոկոսով: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է 411 մլն դոլար, ավելանալով 43,5 տոկոսով: Ընդ որում, դեպի մեր արտահանման հիմնական շուկաՙ Ռուսաստան արտահանումն աճել է 51,5 տոկոսով, կազմելով 371 մլն դոլար: Սա որպես պատասխանՙ Հայաստանի ԵՏՄ մտնելու եւ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մեջ օգուտ «չտեսնողներին»: Հիշեցնենք նաեւ, որ դեպի ԵՄ արտահանվում են հիմնականում հումքային ապրանքներ` մետաղական հանքանյութ, իսկ դեպի Ռուսաստան` պատրաստի արտադրանք:

Գյուղատնտեսությունում եւ շինարարությունում անկում

Անցած տարվա ընթացքում, բացի արդյունաբերությունից, աճ արձանագրվեց նաեւ ծառայությունների ոլորտումՙ 7,1 տոկոս եւ առեւտրի շրջանառությունումՙ 1 տոկոս: Հակառակ սրան, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները նվազեցին 5,2 տոկոսով, իսկ շինարարության մեջ վերջին տարիների անկումը շարունակվեց, կազմելով 10,8 տոկոս: Գյուղատնտեսության մեջ անկումը պայմանավորված էր ավելի ցածր բերքատվությամբՙ նախորդ տարվա բերքառատ տարվա համեմատ, ինչպես նաեւ վիճակագրական տվյալների ճշգրտմամբ:

Միջին աշխատավարձը փոքր-ինչ ավելացել է, իսկ բնակչության թիվը` նվազել

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում անցյալ տարի բարձրացել է 1,7 տոկոսով եւ կազմել 187 հազար դրամ: Նշենք, որ այս ցուցանիշի մեջ ներառված է նաեւ եկամտային հարկը, հետեւաբար այսպես կոչված «մաքուր աշխատավարձը» մոտ մեկ քառորդով ավելի ցածր է այս ցուցանիշից:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, 2016-ի հունվարի 1-ի 2 մլն 998 հազար 600 մարդու փոխարեն: Այսինքն, մեկ տարվա ընթացքում երկրի բնակչության թվաքանակը նվազել է մոտ 12 հազար 100 մարդով կամ 0,4 տոկոսով , ինչը, ըստ վիճծառայության, ձեւավորվել է 2016-ին արձանագրված բնական հավելաճի (12,5 հազար մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24,6 հազար մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին: Վերջին տարիներին բնակչության արտահոսքի միտումն անցյալ տարի շարունակվել է, ինչը չի կարող մտահոգություններ չառաջացնել:

Զբոսաշրջության աճի հիմնական «մեղավորը» իրանցի զբոսաշրջիկներն են

Պաշտոնական վիճակարությունն արձանագրել է, որ 2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ կամ նախորդ տարվա համեմատ 5,7 տոկոսով ավելի : 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 մլն 262 մլն 687 մարդ կամ 2015-ի համեմատ 6,3 տոկոսով ավելի: Նշենք, որ Հայաստան զբոսաշրրջիկների աճը պայմանավորված է հիմնականում Իրանից ժամանողների թվի ավելի քան 50 տոկոս աճով: Զանազան տարակարծություններից խուսափելու համար հիշեցնենք, թե ովքե՞ր են համարվում զբոսաշրջիկ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության համաձայն: Ըստ այդմ, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է ռիսկայինի սահմանին

2016-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 798 մլն դոլարՙ նախորդ ամսվա նկատմամբ ավելացել է 303 մլն դոլարով: Վերոնշյալից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 4 մլրդ 293 մլն դոլարը, Կենտրոնական բանկինըՙ 504 մլն դոլարը: Առաջինի պարտքը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 296 մլն դոլարով, երկրորդինըՙ 6 մլն դոլարով: Մեկ տարվա ընթացքում, 2015-ի դեկտեմբերի 31-ի համեմատ, արտաքին պարտքը ավելացել է մոտ 500 մլն դոլարով: Հիշեցնենք, որ արտաքին պարտքը ռիսկային է համարվում, եթե գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսը: Այս պահին, փաստորեն, մոտենում ենք այդ ցուցանիշին:

Անցյալ տարի նույնպես գնանկում արձանագրվեց

2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ: Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:

Սպառողական զամբյուղում հիմնական բաժինը կազմող պարենային ապրանքների գները 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ իջել են 0,3 տոկոսով, իսկ նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3,1 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 3,4 տոկոսով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատՙ 0,8 տոկոսով: Ընդ որում, շարունակել են նվազել բենզինի եւ դիզվառելիքի գները: Ինչ վերաբերում է բնակչությանը մատուցած ծառայությունների սակագներին, ապա այստեղ վիճակը կարելի է ասել էական փոփոխություններ չի կրելՙ 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ ծառայությունների սակագները նվազել են 0,7 տոկոսով, իսկ 2016-ի նոյեմբերի համեմատՙ աճել 0,2 տոկոսով:

Անշարժ գույքի շուկան առանց դրական տեղաշարժի

2016-ին Հայաստանում իրականացվել են անշարժ գույքի 173 հազար 568 գործարքՙ 2015-ի համեմատ 4,1 տոկոսով նվազ: Եթե Երեւանում գործարքների քանակն ավելացել է 1,2 տոկոսով, ապա մարզերում ` նվազել 6,8 տոկոսով: Գործարքների 29 տոկոսը առնչվել է բնակարաններին, իսկ 36,3 տոկոսը գրանցվել է Երեւան քաղաքում: Գերակշռում են օտարման գործարքներըՙ ընդհանուրի 26,9 տոկոսը կամ 46 հազար 757, որից 72,2 տոկոսը առուվաճառքն է եղել, մնացածը նվիրատվություններն ու փոխանակությունները:

Երեւան քաղաքում, 2015 թվականի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 4 տոկոսով, անհատական տներինըՙ 3 տոկոսով: Գներն, ըստ էության, թե բնակարնների, թե անհատական տների գործարքների պարագայում գրեթե անփոփոխ են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Փաստորեն, անշարժ գույքի շուկայում դրական տեղաշարժ չկա: Այս տարի նախատեսված եւ իրատեսական համարվող մոտ 105 մլն դոլարի ներդրումային ծրագրերը քաղաքաշինության ոլորտում կարող են որոշակի աշխուժություն մտցնել այստեղ, եթե իհարկե չլինեն դրանց խոչընդոտող ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններ:

2016-ըՙ հակասական տարի

Սրանք էին անցած տարում այն հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում էին, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական զարգացումներ են եղել 2016-ին: Դատելով դրանից, կարելի է եզրակացնել, որ հակասական տարի ենք ունեցել: Մի կողմիցՙ արդյունաբերության, արտահանման ծավալների լուրջ աճ, զբոսաշրջիկների թվի ավելացում, մյուս կողմիցՙ անկում տնտեսության այնպիսի կարեւոր ճյուղերում, ինչպիսիք գյուղատնտեսությունն ու շինարարությունն են, բնակչության արտահոսքի, արտաքին պարտքի աճ: Այս տարի ակնկալվում է ներդրումային խոշոր ծրագրերի սկիզբ, ինչի շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում կառավարությունում: Հուսանք, որ ծրագրերը իրականություն կդառնան, ինչից կշահի ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը, այլ մենք բոլորս եւ մեր երկիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.