AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4715, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԵՏՈ ՆԱՄԻԲԻԱՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանն ու Նամիբիան իրարից շատ հեռու աշխարհներ են: Մեկը Կովկասում է գտնվում, մյուսըՙ հարավ-արեւմտյան Աֆրիկայում: Հարաբերությունները կամ պատմական առնչությունները մեկը մյուսի հետ հազվագյուտ են, բացի այն փաստից, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար Նամիբիան հանդիսանում է սաֆարիի եւ առյուծների որսորդությամբ զբաղվելու նախասիրած վայր: Շշուկներ կան նաեւ այն մասին, որ նա նաեւ այնտեղ ներդրումներ է կատարել ադամանդի հանքարդյունաբերությունում:

Մյուս առնչությունը ակնհայտորեն կապված է նախկին գաղութարար երկրիՙ Գերմանիայի հետ, որի առաջնորդների ձեռքերը ներծծված են Հայաստանի եւ Նամիբիայի բնակիչների արյամբ:

Անցյալ տարի, երբ Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձեւը, այնտեղ նշում կար նաեւ այն մասին, որ Գերմանիան նույնպես մեղավոր է հայերի ցեղասպանության մեջ:

Գերմանիայի պատմությունը սկսում եւ ավարտվում է ցեղասպանություններով: Հերերոների կոտորած, հայերի ցեղասպանություն եւ հրեաների ողջակիզում: 1884-ին, Օտտո Ֆոն Բիսմարկի գլխավորած Գերմանիայի կառավարությունը Աֆրիկայի հարավարեւմտյան այդ տարածքը հայտարարեց իր պրոտեկտորատը, գերմանական Հարավ-Արեւմտյան Աֆրիկա անվամբ, որը հետագայում դարձավ Նամիբիայի անկախ պետությունը:

Նամիբիան մինչեւ օրս էլ նոսր է բնակեցված (բնակչությունըՙ 2.2 միլիոնից մի փոքր ավելի, տարածությունըՙ 824.3 հզ. կմ2) իր անհրապույր տեղանքի պատճառով: Երկրի բնիկները 1890-ականներին բազմիցս ապստամբել են գաղութարարների դեմ: 1903-ին Նամա ցեղախումբը ապստամբեց: Մի տարի անց հերերոները միացան, եւ Գերմանիան ռազմական դաժան հաշվեհարդար տեսավ նրանց դեմ, որի հետեւանքով սպանվեցին մոտ 54 հազար բնիկ հերերոներ (ընդհանուր 70 հազարից): Ողջ մնացածներին քշեցին անապատներըՙ դեպի վերջնական կործանում:

Գերմանիայի այս մոռացված ցեղասպանության եւ նացիզմի գաղութարարական արմատների մասին պատմող «The Kaiser՛s Holocaust: Germany՛s Forgotten Genocide and Colonial Roots of Nazism» (2001 թիվ, հեղինակներՙ Դեյվիդ Օլուսոգա եւ Կասպեր Էրիխսեն) հատորը հետազոտում է այդ ժամանակաշրջանի էթնիկական զտումների գերմանացիների հակումները եւ նշում, որ Հերերոների ապստամբությունից փրկվածներին գերմանացիները համակենտրոնացման ճամբարներում են պահել, որտեղ նրանց մահվան դուռն են հասցրել սովամահ անելու կամ տանջալից աշխատանքներ կատարել տալու միջոցով:

Այս բոլորը կարծես գլխավոր նախապատրաստական փորձը լիներ հետագայում իրագործելու համար Հայոց ցեղասպանությունն ու հրեական ողջակիզումը:

Գիրքը գրախոսող Ֆրեդերիկ Բրաունը հետաքրքրական հայտնագործություն կատարելով կապ է տեսնում այդ ամենի եւ գերմանացիների հետագա վայրագությունների միջեւ: «Երբ ես բացահայտեցի, որ այդ ամենում ներգրավված էր նաեւ Հերման Գյորինգի հայրը, պարզ դարձավ, որ Նամա եւ Հերերո բնիկների զանգվածային բնաջնջումը նախապատրաստական աշխատանքն էր նացիստների հետագա սարսափների», գրում է նա:

Բայց ամեն ինչ չէ, որ մոռացված է: Չնայած գերմանացիների հետնորդները շարունակում են ապրել Նամիբիայում եւ մնալ անպատիժ, Սվակոմպունդ քաղաքում, որը հիմնականում բնակեցված է գերմանացիներով, նոր վեճ է առաջացել Հերերո եւ Նամա ցեղախմբերի ապստամբությունը ճնշող հերոսների հիշատակին նվիրված մի հուշարձանի շուրջ, որը ճանաչված է «Laboe Naval Memorial» անվամբ, կառուցվածՙ 1936 թվին: Տեղացի ժողովուրդը պահանջում է քանդել, ապամոնտաժել այդ անարգական հուշակոթողը (որը մեզ հիշեցնում է Ստամբուլում կառուցված Թալեաթ փաշայի արձանը):

«Նյու Յորք թայմս» պարբերականում վերջերս հրատարակված մի հոդվածում, որն անդրադառնում էր վերոնշյալ հարցի զարգացումներին, գրված էր. «Հուշակոթողի ապամոնտաժման կոչերը հնչում են այս վերջին ժամանակներում, երբ Գերմանիայի եւ Նամիբիայի կառավարությունները բանակցություններ են վարում առերեսվելու Աֆրիկյան գաղութարարական պատմության ամենավայրագ իրադարձություններիՙ 1904-08 թվերին տասնյակ հազարավոր հերերոների եւ նամաների զանգվածային կոտորածի հետ: Տասնամյակներ շարունակ ժխտելուց հետո, գերմանացի պաշտոնական անձնավորություններ վստահեցրել են, որ պատրաստ են պաշտոնապես ընդունելու ցեղասպանության փաստը, ներողություն խնդրելու եւ նույնիսկ փոխհատուցում տրամադրելու»:

Եթե 54 հազար մարդու էթնիկական զտումը ցեղասպանություն է որակվում, ապա ինչպե՞ս պետք է բնորոշել 1,5 միլիոն մարդկանց բնաջնջումը:

Պատմության այդ ժամանակահատվածի իրադարձությունները ցեղասպանություն որակելը նաեւ ցրում է բոլոր փաստարկներն այն մասին, որ հայերի հետ կատարված դեպքերի ժամանակ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել «ցեղասպանություն» եզրույթը, կամ որ ՄԱԿ-ը դեռ չէր հրատարակել 1948-ի ցեղասպանության հանցագործությունը կանխելու կոնվենցիան, եւ վերջապես որ Նյուրենբերգի նման դատավարություն չի իրականացվել հաստատելու համար, որ կատարվածը ցեղասպանություն է եղել: Իհարկե, հերքողներն ու ժխտողները դեռ շարունակելու են իրենց հին հանգերգը, բայց ապարդյուն: Ողջակիզում (Հոլոքոսթը) էլ տեղի է ունեցել նախքան ՄԱԿ-ի կոնվենցիայի հրատարակվելը, Գերմանիան էլ երբեք չի ներխուժել Իսրայել (որն այդ ժամանակ դեռ գոյություն չուներ), բայց փոխհատուցում, այդուհանդերձ, տրվել է այդ երկրինՙ Իսրայելի պետության ստեղծումից հետո, եւ շարունակվում է մինչեւ օրս:

Հերերոների ցեղասպանության ճանաչումը դեռ ընդունված փաստ չէ, բայց Հայոց ցեղասպանության ճանաչումը գերմանական խորհրդարանի կողմից արդեն փաստ է: Այնպես որ Հայաստանի կառավարության առաջ հարց է դրվում անմիջական կապ հաստատել գերմանական կառավարության հետ եւ բանակցել փոխհատուցման փաթեթի շուրջը:

Իհարկե, մարդկային կյանքը թանկ է եւ գուցե զոհերի քանակն այնքան էլ էական չէ, սակայն այն, ինչ պետք է շեշտվի, այն է, որ թուրքերը Կենտրոնական Ասիայի տափաստաններից հասնելով Անատոլիայի հարթավայրերը ոչնչացրեցին քաղաքակրթություններՙ ներառյալ հայկականը եւ հունականը, որոնք հազարամյակներ գոյություն էին ունեցել այնտեղ: Ավելինՙ վիրավորանքին անարգանք ավելացնելով նրանք դեռեւս շարունակում են սրբապղծել այդ հողերը:

Գերմանիան գաղտնի համագործակցում էր իթթիհատականների հետ Հայոց ցեղասպանության սանձազերծման գործում: Իրականում չափազանց հստակ մեթոդաբանություն կա հերերոների, հայերի եւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հրեաների եւ մյուսների բնաջնջման մեջ:

Առաջին աշխարհամարտի օրերին, Բեռլին-Բաղդադ երկաթգծի կառուցումը ռազմավարական առաջնահերթություն էր ինչպես գերմանացիների, այնպես էլ օսմանցիների համար, որոնք սպանեցին հայերին, որովհետեւ բնակվելով այդ հողերումՙ խանգարում էին երկաթգծի կառուցմանը: Այնպես որ Գերմանիան էլ շահագրգռված էր, որ այդ ռազմավարական ծրագրի իրականացմանը խոչընդոտողները վերացվեն ճանապարհից: Գերմանական խորհրդարանում Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, Ցեղասպանության ճանաչման բանաձեւը մշակելիս, ընդգրկել էր նաեւ Գերմանիայի մեղավորությունը, այնպես որ դա մեզ համար իրավական հիմք կարող է ծառայել, որպեսզի մենք պնդենք մեր իրավունքների փոխհատուցման առաջնահերթության մասին:

Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնի այդ իրավական գործընթացի սկզբնավորումը: Դա չի կարելի թողնել մի խումբ փաստաբանների, որոնք ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալով խայտառակեցին զոհերի հիշատակը իրար անհարմար դրության մեջ դնելով: Նրանցից երկուսի գործով ներկայիս հետաքննություն է կատարվում:

Ճիշտ է, հայերս պարտավոր ենք կարեկցել բոլոր այն ժողովուրդներին, որոնք բնաջնջման են ենթարկվել: Ճիշտ է նաեւ այն, որ հերերոները արժանի են փոխհատուցում ստանալու, ինչը գերմանական կառավարությունը պատրաստ է տրամադրել նրանց: Բայց ամեն ինչ պետք է կատարվի հերթով: Հայոց ցեղասպանությունը եւ դրանում գերմանացիների մեղսակցությունը արդեն ընդունված եւ ճանաչված փաստ է: Այնպես որ, Հայաստանը պետք է առաջինը ստանա փոխհատուցում:

Նախ Հայաստանը, հետո Նամիբիան:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.