AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4666, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՙ ՏՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ մեջբերել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին: Վերջինս, ի դեպ, ըստ ՀՀ նախագահիՙ ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն էր: Թրամփն, օրինակ, ԱՄՆ լավագույն նախագահ է համարում Աբրահամ Լինքոլնին, շատերիս կարծիքով էլ ԱՄՆ լավագույն նախագահը Վուդրո Վիլսոնն է, մանավանդ երբ վերջինս իրավարար վճիռներ է կայացնելիս եղել: Բայց սա, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Ես, օրինակ, ու վստահ եմ շատերը, ԱՄՆ նախագահներից ամենաշատը սիրում եմ Բենջամին Ֆրանկլինին, մանավանդ վերջինիսՙ կանաչ ֆոնի հանրահայտ նկարը, նամանավանդ երբ շատ է լինում եւ գրպանումս. ինչեւէ...

Նախագահը Քենեդուն մեջբերել է Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի ուսանողների մոտ: Խոսելով ղարաբաղյան խնդրի եւ բանակցությունների մասինՙ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ չի կարելի այս հարցում գնալ զիջումներիՙ ճնշումների տակ: Եւ մեջբերել է Քենեդու հայտնի խոսքերը. «Երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ»: Ապա Հայաստանի նախագահը հավաստիացրել է, որ կոնկրետ ղարաբաղյան հարցով մենք երբեք ճնշման տակ զիջումների չենք գնում: «Չնայած մենք պատրաստ ենք փոխզիջումների, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որեւէ ճնշումՙ լինի արտաքին, թե ներքին, չի կարող ազդել մեզ վրա, հակառակ պարագայում մերՙ տուն գնալու ժամանակ է», ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի այս խոսքերից, անկեղծ ասած, տպավորություն է առաջանում, որ բանակցությունների ժամանակ մեզ ճնշում են, կամ նաեւ մեզ են ճնշում, հակառակ պարագայում նա չէր շեշտի, որ որեւէ ճնշում, այդ թվում արտաքին, չի կարող ազդել մեզ վրա, բայց այս մտքի մեկնաբանումը թողնենք վերլուծաբաններին: Ինձ այլ եւ մի շատ պարզ բան է հետաքրքրում այս ամենի մեջ: «Մենք պատրաստ ենք փոխզիջումների» մտքի մեջ «մենք» -ը ովքե՞ր են, որտե՞ղ են ապրում, որտե՞ղ է նրանց տունը, հայրենիքի սահմանները մինչեւ ո՞ւր են ձգվում, օրինակ Աղդամ հասնո՞ւմ են: Ի դեպ, քանի՞ մարդ է ազատագրված Աղդամում տուն կառուցել եւ ոչ միայն Աղդամում: Գիտեմ, որ կառուցողներ եղել են, բայց քանի՞սը. սա շատ կարեւոր թիվ է, որովհետեւ ես այդ թիվն իմանալուց հետո ձեզ պետք է ասեմ, թե աշխարհում քանի միլիոն հայ է ապրում:

Ուրեմն ո՞ւմ ի նկատի ուներ նախագահըՙ «մենք» ասելով: Օրինակ ԱՄՆ լավագույն նախագահներից մեկըՙ նույն ինքը Քենեդին, երբ ասում էրՙ «մենք», նկատի ուներ ամերիկացի ժողովրդին, ու քանի որ մեր նախագահը փաստորեն կարդում է Քենեդու մտքերը, պետք է որ «մենք» ասելովՙ նկատի ունենա հայ ժողովրդին, սկսած ազատամարտիկներից, ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներից, այս պահին առաջին գծում կանգնած տղաների ծնողներից, վերջացրած Գլենդեյլում նախագահ Ֆրանկլինի պատկերով հարյուր ամերիկյան դոլարը մայր Հայաստանին քյաշ ուղարկել պատրաստվող շատ հայրենասեր Մայքլ պապիկով: Բոլորս, այսինքն բոլոր կուսակցությունները, կուսակցությունների համակիրները, անկուսակցականները, ամուսնացածները, չամուսնացածները, գետերն ու առվակները, բոլորս անխտիր, որ «մենք» ենք կոչվում, պատրաստ ենք փողզիջումներին: Այ հենց հիմա «նա ստարտ» կանգնած ենք, ու սպասում ենք, որ Ադրբեջանն էլ շորտիկ-մայկան հագնի եւ փողզիջումները սկսվեն: Այդպե՞ս է: Նախագահն ասում է, որ այդպես է, եթե ասելովՙ «մենք», նախագահը նկատի ունիՙ մեզ, ուրեմն այդպես է: Հակառակ որեւէ կարծիք, որը կհնչի Հայաստանում եւ մանավանդ լայն թափ կհավաքի, կընկալվի որպես ներքին ճնշում, իսկ Սերժ Սարգսյանն ինչպես ասել էՙ այդ թվում ներքին ճնշումները չեն կարող ազդել մեզ վրա:

Լավ, իսկ ովքե՞ր են ներքին ճնշումներ իրականացնողները, եթե ոչ մենք: Ուրիշ «մենք» էլ կա՞, ասենք կա «մենք», որը պատրաստ է փոխզիջումների, եւ կա «մենք», որը ներքին ճնշումներ է կիրառում առաջին «մենք»-ի վրա, որ փոխզիջումների հանկարծ չգնա: Այդպե՞ս է: Հավանաբար այդպես է, ամեն դեպքում մենք տարբեր բաներ ենք ուզում, ամեն դեպքում Հայաստանում չկա մեկն, ով ասիՙ պետք չէ գնալ փողզիջումների, պետք է ամբողջը զիջել-տալ-պրծնել: Հետեւաբար եթե մեր նկատմամբ ներքին ճնշումներ կան, ապա ոչ թե որովհետեւ պահանջում են ամբողջը տալ, ոչ թե փոխզիջումների գնալ, այլ քանի որ պահանջում են ոչինչ չզիջել: Ո՞վ է հա՛մ հաղթում, հա՛մ փոխզիջումների գնում: Քենեդին, օրինակ, կարո՞ղ էր հա՛մ հաղթել, հա՛մ էլ փոխզիջումների գնալ: Քենեդին, ի դեպ, իր վերոհիշյալ խոսքն ասել է ԱՄՆ ներքին քաղաքական պայքարի ժամանակՙ իր քաղաքական ընդդիմախոսներին ուղղված, նրանց մասին, եթե ավելի բաց եք ուզումՙ նրանց փոխզիջումներ անելու ընդունակության եւ անհրաժեշտության մասին:

Տեղ հասանք: Բանն այն է, որ երբ մի երկրում իշխանությունը չի տրվում ներքին ճնշումներին եւ փոխզիջումային լուծումներ չի գտնում իր ընդդիմախոսների հետ պարտադիր անհրաժեշտ բանակցություններում, ուրեմն այդ երկրիՙ տուն գնալու ժամանակն է:

Բայց քանի որ Հայաստանն այսպիսի երկիր չէ, մենք բոլորս ամուր կանգնած ենք մեր տներում, ավելին, ոչ պատրաստ ենք, ոչ էլ ցանկանում ենք մի թիզ անգամ զիջել մեր տներից, որքան էլ ճնշեն, քանի որ իսկապես հնարավոր չէ ազդել մեզ վրա, լինի արտաքին, թե ներքին ճնշում:

Մենք ասելովՙ նկատի ունեմ նրանք չէ, մե՛նք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.