AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2994, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻԵՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ

Պ. Ք.

Բրյուսելը նրան կօգնի «գազային միջանցքի» հարցում

Փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսել այցելեց ԱՀ-ԵՄ գործընկերության նոր պայմանագրի պայմանների քննարկման նպատակով: Անցյալ տարվա նոյեմբերին Եվրոպայի խորհուրդը Եվրոհանձնաժողովին եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատարին լիազորել էր Ադրբեջանի հետ բանակցել համապարփակ համաձայնագրի հարցի շուրջ: Այն պետք է փոխարինի 1996 թ. գործընկերության ու համագործակցության համաձայնագրին: «Եվրոնյուզը» հաղորդում է, որ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 6-ին դրական գնահատական է տվել այսպես կոչված «Հարավային գազային միջանցքի» նախագծին, մինչ իրավաբանական 70 կազմակերպություններ Եվրոհանձնաժողովին կոչ էին անում Ադրբեջանին դատապարտել մարդու իրավունքների խախտումների համար:

Ինչպես հայտնի է, Բաքուն 2015թ. հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիրը: Ալիեւի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը Բաքվումՙ Բաց հասարակությունների գլոբալ համաժողովում նշեց հրաժարման պատճառը. «Արեւմուտքն ուզում էր, որ մենք կնքենք ասոցիացման համաձայնագիր, բայց այնտեղից հանված էր մեր տարածքային ամբողջականության հարցը: 15 տարուց ավելի Եվրոմիությունը ճանաչում էր մեր տարածքային ամբողջականությունը, բայց վերջերս չի ուզում դա ընդունել... Մենք արդեն մտածում ենք, թե արդյոք ճի՞շտ ճանապարհ ենք ընտրել...»:

Ճիշտ կամ սխալ ճանապարհի մասին կդատեն պատմաբանները, իսկ Ադրբեջանը մշտապես փորձել է օգտագործել իր «գլխավոր զենքը»ՙ նավթն ու գազը, որպեսզի արտաքին քաղաքական ասպարեզում ԼՂ հակամարտության լուծմանը հասնի իրեն ձեռնտու պայմաններով: Նա մշտապես ընդգծել է «Հարավային միջանցք» նախագծի կարեւորությունը, որի մասն է կազմում դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տեղափոխման Անդրադրիատիկ երթուղին (TAP): Վերջինս, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, «կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետագա ամրապնդմանը եւ ԵՄ-ԱՀ քաղաքական-տնտեսական հարաբերությունների զարգացմանը»: Այժմ Եվրոմիության առաջարկությամբ Բաքուն մշակել է «Գործընկերության գերակայություններ» նոր փաստաթուղթը:

Բրյուսելը հայտարարել է, որ «նոր համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի օրենսդրության եւ արարողակարգերի մերձեցում ԵՄ առավել կարեւոր միջազգային եւ առեւտրական նորմերին ու չափանիշներին, ինչը պետք է հանգեցնի ԵՄ շուկաներում ադրբեջանական արտադրանքի մատչելիության բարելավմանը»: Ինչ վերաբերում է քաղաքական մասին, նոր փաստաթղթում նախատեսվում է նշել մտադրությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, բայց մանրամասնություններն առայժմ անհայտ են:

Ավստրիայում գործող Պատերազմների հետեւանքների հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քրիստոֆ Բենեդիկտերը Die Presse թերթում գրել է. «ԼՂ-ում 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի միակ ձեռքբերումը այն բանի ըմբռնումն է, որ հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել»: Ապա նա շարունակել է. «Արեւմուտքի երկրները որեւէ լծակ չունեն երկու կողմերի շահերը հաշվի առնելով հակամարտության լուծմանը հասնելու համար: Գործը լրջորեն բարդանում է նրանով, որ լուծման սովորական մոդելները կիրառելի չեն հենց արեւմտյան ժողովրդավարական հեռանկարի առումով: Նախկին խորհրդային ինքնավարությունն իր կազմի մեջ ընդգրկելու Ադրբեջանի պահանջը թեեւ հիմնավորված է թվում միջազգային իրավունքի տեսակետից, նույնքան օրինական է նաեւ ԼՂ անկախության պահանջախնդրությունը: Մանավանդ, որ Ադրբեջանը անկախացումից հետո երբեք չի տիրել դրան: Ավելին, Լեռնային Ղարաբաղը ըստ էության ժողովրդավարական պետական կազմավորում է, որտեղ կանոնավորապես անցկացվում են ազատ ընտրություններ: Մինչդեռ Ադրբեջանը համարվում է ավտորիտար պետություն, որը ժողովրդավարական ազատությունների տարբեր գնահատումների համաձայն Սաուդյան Արաբիայի հետ միեւնույն աստիճանի վրա է»:

Այս առումով Բաքվում քիչ բան է փոխվել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Ադրբեջանի իրավապաշտպանները ԵԽԽՎ-ին հղած դիմումով պահանջել են Բաքվին հեռացնել կազմակերպությունից եւ զրկել ձայնի իրավունքից:

Աչքի է զարնում հետեւյալ հանգամանքը: Ժամանակի առումով Ալիեւի այցը համընկավ Լեհաստանի արտգործնախարար Քշիշտոֆ Շիմանսկու արած այն հայտարարության հետ, որ ԵՄ-ը պետք է կրկին ակտիվացնի «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը: «Ռեգնում» գործակալության տվյալներով, Լեհաստանը մտադիր է «ռուս-բելառուսական հարաբերությունների վատացման պայմաններում բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ, ԵՄ-ը մերձեցնել նաեւ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային»:

Իր հերթին Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Սաուդյան Արաբիայում «Ալ-Իխբարիյե» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ուզում է Եվրոմիության հետ կապերը զարգացնել «երկկողմ ձեւաչափով», եւ որ ԵՄ-ը «օժանդակում է «Հարավային միջանցք» նախագծին, որն իրականացվում է Ադրբեջանի առաջատար դիրքերի պայմաններում»: Նրա խոսքերովՙ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման մեջ աճում է Ադրբեջանի դերը»:

«Ադրբեջանի շրջանների 2014-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» կատարման երրորդ տարվա արդյունքներին նվիրված կոնֆերանսում նախագահ Ալիեւը հայտարարեց. «Ներկայումս իրականացվում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը: Եթե Ադրբեջանը առաջատարի հատկանիշներ չդրսեւորեր, ապա նախագիծը չէր իրականացվի»: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է Եվրոհանձնաժողովի Էներգետիկ միության փոխնախագահ Մարոշ Շեւչովիչի կարծիքը, ըստ որի ԵՄ-ը բավարար միջոցներ է ձեռնարկել «2016 թ. ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու» նպատակով: Սակայն «Գազպրոմն» անցյալ տարի գազամատակարարման ծավալների բացարձակ ռեկորդ սահմանեց, ըստ որում ծավալների 90 տոկոսը (179,3 մլրդ խմ.) նախատեսված էր Եվրոպայի համար: Ռուսական գազի արտահանությունն աճեց նաեւ 2017-ի հունվարին: Շեւչովիչն առաջին տեղում դնում է մրցակցության սկզբունքը եւ հետո միայն «ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովումը»: Ըստ Շեւչովիչի, «Հարավային միջանցք» նախագիծը «կամաց-կամաց առաջ է շարժվում», բայց Միջերկրական ծովում կա նաեւ «արեւելյան նախագիծ»: Խոսքը գազի նոր հանքավայրեր Լեւիաթանի (Իսրայել) եւ Զուխրի (Եգիպտոս) զարգացման մասին է: Այնպես որ անհնար է Ադրբեջանը համարել «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» ապահովման գլխավոր երաշխավոր: Ավելին, Հաագայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սիյբրեն դե Յոնգը գտնում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կառուցվող «Թուրքական հոսքի» եւ մյուս գազամուղների հետ Եվրոպայի շուկաներում կապահովի էներգակիրների «ավելցուկային ծավալների» գոյացումը:

Այսպիսով, «Հարավային միջանցք» նախագիծը դժվար թե ազդեցություն գործի Եվրոպայում եւ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա: Ադրբեջանը սկսում է նահանջ արձանագրել շատ հարցերում, այդ թվումՙ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այժմ Եվրոմիության հետ բանակցություն սկսելովՙ Բաքուն փորձում է քողարկել Երեւանին եւ Ստեփանակերտին ուղղված ռազմաշունչ հռետորաբանությունից հրաժարվելու մանեւրը եւ անցնում է դիվանագիտական ու աշխարհաքաղաքական դիրքային պայքարի, այդ թվումՙ արցախյան ուղղությամբ: Ըստ երեւույթին, սպասվում են փոփոխություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.