AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3001, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ԵՎ «ՓՈՔՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Դիվանագիտական սյուրռեալիզմը եւ ՀՀ-ԱՀ երկխոսությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը, ինչպես գրել էինք մեր նախորդ համարում կարճ լրատվությամբ, օրերս հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, ասելով, որ «Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպություններին հայկական օկուպացումից ազատագրված տարածքների վերականգնման գործում ներգրավելու նպատակով»: Նրա խոսքերովՙ «ՄԱԿ-ի բանաձեւերում չկան խնդրանքներ, դրանցով պահանջվում է ազատել օկուպացված տարածքները: Սակայն, մինչ մյուս հակամարտություններին վերաբերող ՄԱԿ-ի բանաձեւերը անմիջապես կատարվում են, տվյալ դեպքում դա տեղի չի ունենում: Այդ բանաձեւերն անժամկետ են: Մենք վկայակոչում ենք դրանք»: Նա ավելացրել է. «Չեմ կասկածումՙ մենք մեկ առ մեկ կազատագրենք բոլոր օկուպացված շրջանները»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափից դուրս գալու միտումը Ադրբեջանում վաղուց է նկատվում: 2016 թ. հոկտեմբերի 22-ին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահ Ալիեւը լրագրողների համար հրապարակեց ԼՂ հակամարտության ադրբեջանամետ լուծման համար կարեւոր համարվող միջազգային կազմակերպությունների ցանկը. Իսլամական համագործակցության կազմակերպություն, Եվրոխորհրդարան, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, Չմիանալու շարժում, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողով եւ Անվտանգության խորհուրդ: Վերջինս ընդունել է չորս բանաձեւ, որոնք, նրա խոսքերովՙ «ցավոք, մինչեւ օրս չեն կատարվում»: Ալիեւը ՄԱԿ-ի ԱԽ-ն համարում է «բարձրագույն միջազգային կառույց»:

«Ռեգնում» գործակալությունը նշում է, որ, իրոք, ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է ՄԱԿ-ի ԱԽ մանդատի հիման վրա, եւ այդ ձեւաչափի, ինչպես նաեւ դրա իրավական միջազգային լիազորությունների մեջ բոլոր փոփոխությունները կարելի է հանգուցալուծել ՄԱԿ-ի ԱԽ մակարդակով: Նման պայմաններում տրամաբանական կլիներ, եթե Ադրբեջանը Արցախի վերաբերյալ նոր բանաձեւի ընդունման համար դիմեր ՄԱԿ-ի ԱԽ-ին եւ չդիմեր խուսավարումների: Բայց նա նման քայլ չի ձեռնարկում: Ինչո՞ւ: Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը պատճառներից մեկը համարում է այն, որ ԱԽ չորս բանաձեւերում Հայաստանը հիշատակվում է որպես միջնորդավորված կողմ, որը ի վիճակի է ազդել Արցախի հայկական ուժերի վրա: Ալիեւն ինքը օգտագործում է երկու հասկացություն. հայ-ադրբեջանական հակամարտություն եւ ԼՂ հակամարտություն: Ուստի տրամաբանորեն հանգում ենք այս հետեւությանը. կա՛մ Բաքուն վերջնականապես խճճվել է եւ ԼՂ ուղղությամբ կորցրել է նոր քայլերի հեռանկարը, կա՛մ էլ իրականացնում է ետգլորման քաղաքականություն:

2007 թ. նոյեմբերի 29-ին իբրեւ բանակցությունների հիմք ընդունվեցին այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները»: Սակայն դրանք պարունակում են Բաքվին անհաճո հակասություններ: Առաջին հերթին խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերանայման, այսինքն Արցախի հանձնման մասին է: Մի քանի տարի բանակցելուց հետո Բաքուն սկսեց ամեն ինչի համար մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Արտգործնախարար Մամեդյարովը հայտարարում էր, թե ինքը «մերժում է այն, որ տարբեր միջազգային կազմակերպությունների ԼՂ-ին վերաբերող որոշումները պետք է համաձայնեցվեն միջնորդների հետ, քանի որ համանախագահների գործը» իբր «միայն ՄԱԿ-ի ԱԽ ԼՂ-ին վերաբերող համապատասխան բանաձեւերի կատարման ապահովումն է»: Խոսքն այն բանաձեւերի մասին էր, որոնք ընդունվել էին նախքան 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի ստորագրումը:

Հանրահայտ դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը գրում է, որ հրադադարի համաձայնությունը ձեռք բերվեց «Ռուսաստանի աջակցությամբՙ ոչ այնքան ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի, որքան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարության հիման վրա»: Կազիմիրովն ընդգծում է, որ «Մոսկվայի պնդմամբ այդ համաձայնագիրը ստորագրեցին հակամարտության ոչ թե երկու, ինչպես անցյալում, այլ բոլոր երեք կողմերը (ոչ միայն Բաքուն եւ Ստեփանակերտը, այլեւ Երեւանը)»: Նա մանրամասնում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձեւերը լոկ «հաշվի էին առնում Ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության կոնկրետ փոփոխությունները», բայց չէին կատարվում: Ի դեպ, այսօր եւս չեն կատարվում: Օրինակը 2016 թ. ապրիլյան պատերազմն է: Կազիմիրովը հիշեցնում է, որ «անվերապահ դուրսբերում» արտահայտությունն առկա է միայն հուլիսի 29-ի թիվ 853 բանաձեւում, իսկ թթ. 874 եւ 884 բանաձեւերում «անվերապահ» բառը չկա: Պատճառը թերեւս այն է, որ «կողմերից մեկը կանոնավորապես չի կատարում գլխավոր պահանջըՙ պատերազմական գործողությունների դադարեցումը»: Պարզվում էՙ միջազգային ընկերակցությունը Բաքվի տեսակետին չհամապատասխանող պատկերացում ունի ԼՂ հակամարտության բնույթի մասին:

Բաքվի «հաղթական» հռչակած ապրիլյան պատերազմից հետո նախագահ Ալիեւի անձնական մասնակցությամբ ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերը, որոնք նախատեսում են Շփման գծի վրա մշտադիտարկման հաստատում եւ միջազգային դիտորդների ներկայություն: Այդ փաստաթղթերի վրա Ալիեւի չստորագրելը ըստ էության ոչինչ չփոխեց: Նա մասնակցում էր, բայց կարող էր եւ չմասնակցել: Այժմ Բաքուն «բոլոր օկուպացված շրջանները մեկ առ մեկ ազատագրելու» սկզբունքը հռչակելովՙ փաստորեն փորձում է հակամարտությունը միակողմանի կարգով դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավադատությունից, ինչը նշանակում է Ադրբեջանի հավանական վերածում «երկրորդ Ուկրաինայի»ՙ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի բացառված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համաշխարհային ընկերակցությունը սկսեն Արցախում «Մինսկ-2» համաձայնագրերի փորձն օգտագործել, հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ անդամներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջարկությունները: Ըստ «Ռեգնում» գործակալության, դա նաեւ նշանակում է Ստեփանակերտի անխուսափելի մասնակցություն բանակցային գործընթացին: Ուրիշ ելք չկա:

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները ավելի շատ պետք են Բաքվին, քանի որ տվյալ փուլում Երեւանի համար կարեւոր է տարածաշրջանի ստատուս-քվոյի պահպանումը, քանի որ ներկայումս տեղի ունեցող քաղաքական փոփոխություններն ամրապնդում են նրա դիրքերը: Բաքվում, ըստ երեւույթին, ուրիշ հաշվարկներ եւ հույսեր են ունեցել: Ստանիսլավ Տարասովի կարծիքով անտեղի են Բաքվի «բոլշեւիկյան» ակնկալիքները Թուրքիայից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, որոնք իբր կարող են ինչ-որ ձեւով չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը: Իր արտաքին քաղաքականությունը վերանայելու փոխարեն Բաքուն դիմում է զանազան խարդավանքների. մերթ ԵԱՏՄ-ում է Բելառուսի նախագահի օգնությամբ, մերթ ՀԱՊԿ-ում է, որտեղ իբր խանգարում է ՀՀ ներկայացուցչի նախագահ ընտրվելուն, մերթ էլ խաղարկում է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի «խաղաքարտը», ում Մինսկը մտադիր է Ադրբեջանին հանձնել «ապօրինաբար ԼՂՀ այցելած լինելու» ամբաստանությամբ: Այս կապակցությամբ ՌԴ Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ «անթույլատրելի է ՌԴ դաշնակից պետություն Բելառուսի տարածքից Ռուսաստանի քաղաքացու հանձնումը Ադրբեջանին»: Բացի դրանից, ՌԴ ներքգործնախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը ներգաղթի խնդիրների շուրջ զրուցել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու հետ, հիշեցնելով, որ «Ադրբեջանը կայուն կերպով 5-6-րդ տեղերն է զբաղեցնում ՌԴ տարածք մեկնած անձանց թվով», եւ որ «անհրաժեշտ է ընդլայնել երկու երկրների ոստիկանական գերատեսչությունների շփումները», քանի որ «միջազգային քրեական ընկերակցությունը գաղթյալներին ավելի ու ավելի հաճախ է օգտագործում անօրինական գործունեության կազմակերպման նպատակով», եւ «տվյալ գործընթացները լուրջ վտանգներ են պարունակում եւ սպառնում են պետությունների հասարակական կարգին եւ ազգային անվտանգությանը»: Բաքվին արված ակնարկը ավելի քան թափանցիկ է, քանզի Ռուսաստանում քիչ չէ նաեւ հայերի թիվը:

Վերջերս Մոսկվա այցելեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Այցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես եկավ անորոշ հայտարարությամբ: Նրա խոսքերովՙ Մամեդյարով-Լավրով հանդիպումը «կառուցողական» էր: Այնտեղ «քննարկվել են ԼՂ-ին առնչվող կոնկրետ առաջարկությունների եւ բանակցությունների ուղղություններ»: Ընդսմին նա շեշտեց, որ «ղարաբաղյան կարգավորմանը նվիրված նոր հանդիպումների ժամանակացույցը դեռ չի ձեւավորվել»: Միայն որոշ դադարից հետոՙ Քաթարի արտգործնախարար, շեյխ Մուհամմադ բին Աբդուռահման Ալ-Թաննի հետ ճեպասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարեց, որ ինքը «չի կարող լավատեսությամբ ընդունել մոսկովյան բանակցությունների արդյունքները»: «Ռեգնումի» տեղեկությունների համաձայն, Բաքուն կուզենար, որ Մոսկվան հրաժարվի Լավրովի արած այն հայտարարությունից, թե «ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ»: Սակայն Լավրովի հայտարարությունն ունի սկզբունքային բնույթ եւ հնչեց այդ հակամարտության գոյության ընթացքում առաջին անգամ: Ըստ Մամեդյարովի, «Մոսկվան ջանում է կազմակերպել հանդիպում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով, եւ Բաքուն համաձայնություն է տվել նման հանդիպմանը»: Մամեդյարովը նաեւ ասել է, որ «փետրվարի 17-19-ը Մյունխենում տեղի կունենա անվտանգությանը նվիրված կոնֆերանս, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:

Այս տեղեկությունը որոշ կարեւոր ճշգրտումներով հաստատել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : «Միջնորդներն առաջարկեցին իրենց հետ հանդիպում անցկացնել Մյունխենի կոնֆերանսի «շրջանակներից դուրս», ինչպես նաեւ կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Մենք պայմանավորվում ենք մի բան, բայց վերջին րոպեներին նրանք ձեւացնում են, թե ինչ-ինչ պատճառներով չեն կարող, նույնիսկ հայկական կողմին մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ: Համբուրգից հետո նրանք անգամ հայտարարեցին, թե հանդիպում չի եղել, թեեւ դրան ներկա էին գտնվել համանախագահները»: Այսպես ուրվագծվում է երկու սցենար. 1) Մոսկվայի առաջարկությունըՙ անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, 2) Մյունխենում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությամբ:

Սա ուղղակի դիվանագիտական սյուրռեալիզմ է: Ի դեպ, ամերիկացի հանրահայտ աշխարհաքաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը կարծում է, որ «ԼՂ հակամարտության կարգավորումը սկսվելու է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կանոնավորումից», բայց բնավ ոչ Ադրբեջանից, «որի հանդեպ ուշադրությունը կփոխվիՙ կախված դեռեւս ձեռք չբերված որոշումներից»: Բայց ինչպիսի՞ որոշումներ են ակնկալում Վաշինգտոնում: Կրկին պատերա՞զմ, ինչպես Ուկրաինայո՞ւմ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.