AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4716, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ «ԴԱՎԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ, ՑԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ» ԵՆՔ ՄՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թշնամի երկրի հանդեպ սահմանափակումներ կիրառելու ժամանակն է

Երբ խոսում ենք Հայաստանիՙ թշնամական երկրներով շրջապատված լինելու մասին, գիտենք, որ այդ երկրները Թուրքիան եւ Ադրբեջանն են: Առաջինի հետ գտնվում ենք ամենօրյա փաստացի պատերազմի մեջ, երկրորդի կողմից դարեր շարունակ ենթարկվել ենք հալածանքների եւ կոտորածների, ինչն ավարտվել է ցեղասպանությամբ եւ մեր պատմական հայրենիքի մեծ մասիՙ Արեւմտյան Հայաստանի կորստով: Այս ամենը կարծես թե հավելյալ բացատրությունների կարիք չի զգում, բայց երբ գալիս է պահը գիտակցելու եւ թշնամական պետության դեմ համարժեք մոտեցում որդեգրելու, մեր պետությունն ու ժողովուրդը դառնում են անտարբեր:

Խոսքը բացառապես տնտեսական միջոցառումների մասին է, որոնք ընդամենը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կատարվող քայլերի պատասխանը պետք է լինեն: Մասնավորապես, որպես ժողովուրդՙ պարտավոր ենք հրաժարվել թուրքական ապրանքներից, իսկ որպես պետությունՙ սահմանափակումներ մտցնել դրանց ներմուծման մեջ: Մինչդեռ իրականությունը զարգանում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ, ինչի մասին փաստում են վիճակագրական ցուցանիշները:

Եթե երկու տարի առաջՙ 2015-ին, թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը նվազեց գրեթե 100 մլն դոլարով եւ 2014-ի 232 մլն դոլարից հասավ 137 մլն դոլարի, ապա անցած տարիՙ 2016-ին, այն կրկին աճեց, կազմելով 163 մլն դոլար: 2015-ին, մի կողմիցՙ Հայաստանում սպառման եւ ներմուծման ծավալների ընդհանուր անկումը, Թուրքիայում լարված քաղաքական զարգացումներըՙ զինված բախումներ, ահաբեկչություններ եւ այլն, մյուս կողմիցՙ ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ազգային ինքնագիտակցության որոշ բարձրացումը, նպաստեցին թուրքական ներմուծմանՙ նման կտրուկ անկմանը: 2016-ին այդ գործընթացը ոչ միայն չշարունակվեց, այլեւ հակառակ ուղղությամբ սկսեց շարժվել: Ներմուծման ընդհանուր ծավալների 1,6 տոկոս աճի պարագայում, թուրքական ապրանքների ներմուծումը աճեց մոտ 20 տոկոսով: Սա, անշուշտ, ցավալի իրողություն է մեր ազգային արժանապարտվության համար, քանի որ բնակչության մի մեծ խավՙ թուրքական ապրանքներ ներմուծողներն ու գնողները, կարծես թե այնքան էլ լավ չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում թշնամի պետություն եւ նրա տնտեսական զարգացմանը նպաստում:

Իրականում չկա Թուրքիայից ներմուծվող այնպիսի ապրանք, որը լինի բացառիկ եւ հնարավոր չլինի այլ երկրից բերել կամ տեղում արտադրել: Դրանում համոզվելու համար, պետական եկամուտների կոմիտեի կայքից կարելի է ծանոթանալ ներմուծվող թուրքական ապրանքների տեսականուն:

Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան են ներմուծվում գյուղմթերքներ, հիմնականում ցիտրուսային, բայց նաեւ վարունգ, լոլիկ, սեխ, ձմերուկ, սննդամթերք, այդ թվումՙ հրուշակեղեն, մեծ ծավալներով լվացող, մաքրող միջոցներ, քիմիական նյութեր, շինանյութերՙ փայտից, քարից, գիպս եւ այլն: Բամբակից գործվածք, տրիկոտաժեղեն եւ ընդհանրապես թեթեւ արդյունաբերական արտադրանք, վերարկուներ, կոստյումներ, բլուզներ, տաբատներՙ առավելապես կանացի, մանկական հագուստ, կոշիկ եւ կոշիկի տարբեր մասեր, վարագույրներ եւ այլնՙ թուրքական ապրանքների ամենապատկառելի մասը: Ապակի եւ դրանից պատրաստված իրեր, տարբեր մետաղներից ապրանքներՙ խողովակներ, լարեր, ճոպաններ եւ այլն, կենցաղային տեխնիկաՙ սառնարաններ, սառցարաններ, ջեռուցիչներ, հաստոցներ եւ սարքավորումներ, համակարգիչներ, կահույք, անկողնային պարագաներ, հիգիենիկ միջոցներ, կոսմետիկա եւ օծանելիք: Ակնհայտ է, որ այսպիսի ապրանքներ ներմուծվում են նաեւ այլ երկրներից:

Հաջորդ գործոնը, որը հաճախ է շահարկվում, այդ թվում մեր պետական պաշտոնյաների կողմիցՙ այն է, թե թուրքական ապրանքները էժան են, հետեւաբար սոցիալական խնդիրներ կառաջանան, եթե դրանց ներմուծումը սահմանափակենք: Սպառողական շուկայից քիչ թե շատ պատկերացում ունեցող մարդը միանգամից կհերքի այդ պնդումըՙ թուրքական ապրանքները էժան չեն, շատ հաճախ դրանք ավելի թանկ են, քան եվրոպական, ասիական եւ այլ երկրների համանման ապրանքները:

Այժմՙ պետության կողմից այս հարցի առնչությամբ վարվող քաղաքականության, ավելի ճիշտ դրա բացակայության մասին: Իշխանությունների ուղղակի պարտավորությունն է իրականացնել քայլեր ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք միայն ռազմական ոլորտով չպետք է սահմանափակվեն: Ի՞նչ է նշանակում տարեկան 163 մլն դոլարի, ըստ էության ներդրում կատարել թշնամի երկրի տնտեսության մեջ եւ ինչպե՞ս կարող է դա Հայաստանի իշխանությունների համար մտահոգիչ չլինել:

Եթե ավելացնենք, որ դեռեւս թուրքական ծովափում իրենց հանգիստը նախընտրող հայաստանցիներ կան, իսկ մեր ֆուտբոլային ակումբներից շատերը իրենց մարզական հավաքներն են անցկացնում Անթալիայում, ապա պատկերն ավելի վհատեցնող կդառնա:

Նկատի ունենալով նաեւ, որ Թուրքիան արգելում է հայկական արտադրության ապրանքների ներմուծումն իր երկիր, սահմանելով դրանց արժեքը տասն անգամ գերազանցող մաքսատուրք, շարունակում է տնտեսական շրջափակման ենթարկել Հայաստանը, պատասխան քայլերի անհրաժեշտությունը պարզապես հրատապ է դառնում, եթե ոչ ուշացած: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի դա նաեւ մեր ներքին տնտեսական կյանքում ցնցումներ կամ անորոշություններ չառաջացնի:

1. Մի շարք ապրանքներիՙ գյուղմթերքներ, սննդամթերք, հիգիենիկ պարագաներ եւ կոսմետիկա, ներմուծումը հարկ է ընդհանրապես արգելել: Այստեղ բնակչության կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգ կարող է պատահել ամեն վայրկյան: Մեկնաբանությունը, թե թուրքական արտադրողները չեն առանձնացնում Հայաստան առաքվող խմբաքանակը եւ չեն կարող թունավորել այն, պարզապես անհեթեթություն էՙ դա հեշտությամբ կարող են անել թուրքական հատուկ ծառայությունները:

2. Ապրանքների այլ տեսականուՙ հիմնականում պատրաստի ապրանքների համար պետք է օգտվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ընձեռած հնարավորությունիցՙ ներքին շուկան պաշտպանելու համար մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառել ներմուծվող ապրանքների վրա: Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան կիրառում է 1000 տոկոս մաքսատուրք մեր ապրանքների նկատմամբ, ապա մեր կողմից 15 տոկոս մաքսատուրքի կիրառումը ոչ մի խնդիր չի առաջացնի ոչ ԱՀԿ-ի, ոչ էլ, առավել եւս, Թուրքիայի հետ գոյություն չունեցող մեր հարաբերություններում: Նման մաքսատուրք կիրառելով, Հայաստանը կթանկացնի եւ անարդյունավետ կդարձնի բազմաթիվ թուրքական ապրանքների ներմուծումը կամ կջարդի այդ ներմուծման ողնաշարը: Ներմուծում, որի հարկման մեխանիզմը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում նաեւ տեղական արտադրության, մասնավորապես թեթեւ արդյունաբերության համար: Որոշակի վերապահումներ կարելի է անել միայն հումքային հանդիսացող ապրանքների համար եւ չկիրառել լրացուցիչ մաքսատուրք, եթե այն օգտագործվում է տեղական արտադրության այս կամ այն ճյուղում:

Կարող է հարց առաջանալ թուրքական ապրանք ներմուծողների սոցիալական դժվար կացության մեջ հայտնվելու առնչությամբ: Իսկապես, նման միջոցառումները հատկապես թուրքական հագուստ ներմուծող հարյուրավոր մարդկանց, ինչպես նաեւ մի քանի խոշոր տնտեսվարողների համար խնդիրներ կառաջացնեն: Ի դեպ, վերջիններս անմիջապես քարոզչական գործողությունների անցան, երբ նման խոսակցություններ սկսվեցին: Իշխանական շրջապատի կայքերից մեկում, որտեղ պարբերաբար թուրքական կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի գովազդներ են տեղադրվել, միանգամից չորս տնտեսագետներ սկսեցին համերաշխորեն փնովել թուրքական ապրանքների ներմուծման դեմ պայքարողներին:

Իրականում թուրքական ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվողների դեպքում անլուծելի խնդիր չի առաջանա: Ամեն ինչ կարելի է անել ժամանակի մեջ եւ աստիճանաբար: Սահմանափակումները կիրառելուց առաջ, կարելի է 3 ամիս, 6 ամիս կամ անգամ 1 տարի առաջ պարբերաբար տեղեկացնել նրանց, որ սահմանափակումներ են կիրառվելու, որպեսզի այդ մարդիկ հասցնեն փոխել իրենց ներմուծման շուկան: Դա գուցե որոշ ժամանակ որոշ բարդություններ առաջացնի նրանց համար, բայց դրանք անհամեմատելի են այդ քայլի դրական արդյունքի հետ: Ի դեպ, այստեղ առաջարկված մոտեցումները միանգամայն կտեղավորվեն ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնության տրամաբանության մեջ: Մնում է դրանք կիրառել եւ որքան հնարավոր է շուտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.