AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4536, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՓԱՎՈՐԵԼՈՎ ԹՐԱՄՓԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Tempering Trump"s Temptations

Հայաստանն ու Մ. Նահանգները միգրացիոն նույն խնդիրն ունեն, բայց հակառակ ուղղություններով: Հայաստանի դեպքում արտագաղթն է մտահոգություն պատճառում, Ամերիկայի դեպքումՙ ներգաղթը: Առաջինը չի կարողանում կանգնեցնել հոսքը դեպի դուրս: Երկրորդը չի կարողանում առաջքն առնել դեպի ներս հոսքին:

Հայտնվում է նախագահ Դոնալդ Թրամփը, ով ինչպես այլ, այս հարցում եւս ունի «տպավորիչ» ու «դիտարժան» լուծում: Մինչեւ իր պաշտոնավարության առաջին հարյուր օրերի ավարտը, նա դեռեւս գտնվում է հուզական անհանգստության (suspense) տարրեր պարունակող «Սկսնակը» հեռուստաշոուի իր հերոսի խառնվածքի եւ տրամադրության շրջագծում:

Սկզբում նա ընդհարվեց մեր հարավում գտնվող խաղաղ հարեւանիՙ Մեքսիկայի հետ, որն Ամերիկայի գլխավոր առեւտրային գործընկերներից մեկն է: Թրամփը սպառնաց չեղյալ հայտարարել ՆԱՖՏԱ-իՙ Հյուսիսային Ամերիկայի ազատ առեւտրի պայմանագիրը, ինչը վնաս կհասցնի նաեւ Կանադայինՙ Ամերիկայի մյուս խոշոր առեւտրային գործընկերոջը: Փորձեց Ամերիկայի անվտանգության իր տեսակետը պարտադրել մեքսիկացիներին, երդվելով պատ կառուցել սահմանագծի երկարությամբ ի հաշիվ նրանց: Մեքսիկայի կառավարությունը կտրականապես հրաժարվեց ֆինանսավորել նման նախագիծ:

Թրամփի համարձակ հայտարարությունները աստիճանաբար դեմ առ դեմ են գալիս իրականության հետ: Նա դեռ չի մոբիլիզացրել ավտոբուսների եւ նավակների շարժակազմը, որ պետք է երկրից դուրս բերի տասնմեկ միլիոն անվավեր օտարականներին: Նա նաեւ չի տեղափոխել Իսրայելում Մ. Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ, ինչպես խոստացել էր կատարել պաշտոնավարելու առաջին օրն իսկ: Նաեւ մեղմացրել է իր դիրքորոշումը Իսրայելի Արեւմտյան ափի գաղութաբնակեցման հարցի հանդեպ, մտածելով, որ դա չի նպաստի խաղաղության հաստատման գործընթացին: Բայց որոշ մահմեդական փախստականներին երկրում մնալու թույլտվությունը ուժի մեջ է: Նա հրաման է արձակել արգելելու փախստականների մուտքը Մ. Նահանգներ մահմեդական յոթը երկրներիցՙ Եմենից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբիայից, Սոմալիից եւ Սուդանից: Այս երկրների քաղաքացիներից ոչ մեկը Ամերիկայում ահաբեկչական գործողություններ կատարողների ցուցակում չէ: Սաուդյան Արաբիան արգելված երկրների ցուցակում չի ընդգրկված, մինչդեռ սեպտեմբերի 11-ի իրադարձություններում մեղավոր 19 ահաբեկիչներից 16-ը այդ երկրից էին: Պակիստանն էլ ընդգրկված չէ, բայց թալիբան ահաբեկիչների գլխավոր որջն է համարվում: Թուրքիան, որ ISIS-ի ահաբեկիչների վերապատրաստման տարածք է ճանաչված, նույնպես ընդգրկված չէ:

Հրամանը ավելի շատ խնդիրներ է առաջադրել, քան լուծել: Խնդիրներից մեկն այն է, թե Նահանգներն անմիջականորեն տուժե՞լ են այդ երկրների քաղաքացիներից, որպեսզի իրավունք վերապահեն դատական հայց ներկայացնելու: Մյուսըՙ նախագահին է վերաբերում: Արդյոք Թրամփը սահմանադրական եւ օրենսդրական իրավունքն ունի՞ զրկելու որոշ մարդկանց մուտքը Մ. Նահանգներ:

Նման հարցերը մարտահրավեր են նետում հրամանին: Սեաթլի Դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբերտը ընդդիմանալով հրամանին, թույլատրել է ժամանակավորապես մերժված ներգաղթողներին մուտք գործել երկիր: Արդարության նախարարությունն (քարտուղարությունը) էլ հաստատել է, որ նահանգային դատարանները պարտավոր չեն հետեւելու նախագահի ազգային անվտանգության վճիռներին: Նահանգները գտնում են, որ ժողովուրդների պաշտպանության հավասար իրավունքները անօրինական են դարձնում նախագահի որոշումը:

«Նյու Յորք Թայմսում» տպագրված մի հոդվածում գրված էր. «Թրամփի վարչակազմը ճիշտ է վարվում վտանգը գլոբալ համարելով, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ այդ ցուցակում ընդգրկված երկրներից Մ. Նահանգներ մուտք գործել ցանկացողները Իսլամական պետության ամենահավանական ահաբեկիչներն են»:

Թրամփի հրամանը իր արձագանքներն ունեցավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Փաստաթղթեր չունեցող փախստականները, հատկապես ցուցակում առկա երկրներից, վախի մեջ են: Նույնիսկ նրանք են վախի մեջ, որոնց փաստաթղթերը ձեւակերպման ընթացքում են:

Չնայած նախագահի որոշումը իր ընտրազանգվածի ազգայնական ոգու բարձրացմանն էր նպատակաուղղված, այդուհանդերձ շատ շատերի կյանքն էր վտանգում արտասահմանում: Ճիշտ է, նա ավելի ուշ վերացրեց արգելքը այդ երկրներից քրիստոնյաների նկատմամբ, բայց դա էլ, վստահաբար, նպաստելու է, որ մահմեդականները դուրս գան քրիստոնյաների դեմ: Անշուշտ բոլոր քրիստոնյաները չէ, որ Մ. Նահանգներ մուտք գործելու դիմում են ներկայացրել, բայց իրենց համապատասխան երկրներում այդ մարդկանց կյանքը հաստատապես վտանգված է:

«Դալլաս Մորնինգ Նյուզում» Ուսամա Մակդիսին գրել էր. «Այդ ցինիկ հրամանը ոչ միայն բացահայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում, այլեւ մահմեդականներին քրիստոնյաների դեմ է լարում, դիվայնացնելով առաջիններին եւ ձեւացնելով, թե կարեկից է մյուսներին: Թրամփի անջատողական կարեկցանքի քաղաքականությունը եւ փոքրամասնությունների ձեւացյալ պաշտպանությունը երկար պատմություն ունի: Դա միշտ էլ առաջնորդել է ավելի շատ հետապնդումների»:

Հոդվածի հեղինակը անդրադառնում է նաեւ մի հարցի, որն առնչվում է Մերձավոր Արեւելքում եւ մահմեդական երկրներում հայոց եւ ընդհանրապես քրիստոնյաների պատմության հետ: Մինչ հայերը հարել են արեւմուտքին եւ արեւմտյան մշակույթին, արեւմուտքի վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականապես միշտ էլ եղել է ինքնանպատակ, եւ ծառայել է սոսկ իր շահերին: Մեջբերենք մեկ ուրիշ հատված նույն հոդվածից: «Հայերը գտնվում էին քսաներորդ դարի սկզբնական տարիների Օսմանյան Թուրքիայի հետզհետե աճող ազգայնամոլական օտարատյացության եւ արտասահմանյան փրկության կեղծ խոստումների արանքում, այն իրավիճակում, ինչ պատմաբան Դոնալդ Բլոքսհամը անվանում է «Ցեղասպանության մեծ խաղը» (Great Game of Genocide): Չնայած ամերիկացի միսիոներները բարձրաձայնում էին, որ կմիջամտեն հօգուտ հայերի Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո, Մ. Նահանգների կառավարությունը հարթեցրեց իր հարաբերությունները «սարսափելի թուրքի» հետ, մոռացավ հայկական հարցը, եւ Թուրքիային դարձրեց դաշնակից եւ ՆԱՏՕ-ի վճռորոշ անդամ: Արեւմուտքի անջատողական կարեկցանքի քաղաքականությունը միշտ էլ նպատակահարմարության եւ սառը հաշվարկների վրա է հիմնված եղել»:

Թրամփի հրամանը նաեւ անվտանգ տարածքներ է նախատեսում Սիրիայումՙ խոցելի փոքրամասնությունների համար: Նախագահ Օբաման մերժել էր այդ ծրագիրը, որն առաջադրել էին «գործընկերներ» Հիլարի Քլինթոնը, սենատոր Ջոն Մկքեյնն ու Թուրքիան:

Նախագահի հրամանը արդյունք էր փախստականների դեմ Եվրոպայում առաջացած ալիքի, որն արդեն մերՙ Ամերիկայի ափերն է ողողում: Մի շարք պոպուլիստական, աջակողմյան թեկնածուներ եւ կուսակցություններ կամ խմբավորումներ ընտրություններում հաղթող են ճանաչվում եվրոպական մայրցամաքում (Ավստրիայում, Հոլանդիայում, Հունաստանում եւ Լեհաստանում) փախստականների դեմ արտահայտած իրենց կոչերի ազդեցության ներքո: Թիկունքում հերթի է սպասում Մարին լը Պենը, հույս ունենալով, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ինքն ու իր Ազգային ճակատը առաջնորդեն Ֆրանսիան:

Սառը իրականության դեմ հանդիման, նախագահ Թրամփը զգուշավորությամբ փորձում է չափավորել իր տեսակետները եւ հարմարվել ավելի ռեալիստական քաղաքականություն վարելու գաղափարի հետ: Նա անկասկած կսահմանափակի իր գայթակղությունները: Մի երկիր, որի հիմնադիրներն ու կառուցողները եղել են ներգաղթողները, չի կարող ժամանակավոր քաղաքական ուղղությունների առաջ տեղի տալ:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.