AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2999, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂՐԻՄՅԱ՜Ն ԿՈՏԼԵՏՆԵՐ

Հ. ԱՖՅԱՆ

Ռուսական որոշ լրատվամիջոցներ Կրեմլի խոհանոցից տեղեկացել են, որ այնտեղ, նկատի ունեմՙ Կրեմլի խոհանոցում, տեղի է ունեցել մի ռազմավարական, անգամ ազգային-հայրենասիրական փոփոխություն: Բանն այն է, որ Կրեմլի խոհանոցի շեֆ-խոհարարը որոշել է անվանափոխել Կիեւյան հայտնի կոտլետները, տալով դրանց նոր անվանումՙ Ղրիմյան կոտլետներ:

Դե այսինքն, մի օր, երբ Պուտինը ճաշելիս է եղել ու նրան բերել են իր սիրելի Կիեւյան կոտլետներից, ոչ պակաս սիրելի կարտոֆիլի պյուրեի հետ, ՌԴ նախագահը հանկարծ հասկացել է, որ իր ճաշով գովազդում է «Պորոշենկոյիՙ հակաժողովրդական ռեժիմը» եւ հանձնարարել է շեֆ-խոհարարինՙ փոխել կոտլետների անունը: Ու քանի որ Ղրիմը «Պորոշենկոյի հակաժողովրդական ռեժիմի» լավագույն հակագովազդն է, բացի այդՙ «մերն է», այսինքն ռուսական է, Պուտինն արագ իր շեֆ-խոհարարին տվել է երկրորդ հանձնարարությունըՙ անվանել կոտլետները Ղրիմյան:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ շուտով նույն Կրեմլի խոհանոցում տեղի ունենա երկրորդ եւ ոչ պակաս ռազմավարական, ազգային-հայրենասիրական անվանափոխությունըՙ Կիեւյան հայտնի տորթը դառնաՙ Լուգանսկյան, կամ Դոնեցկյան: Ամեն դեպքում խոհանոցային փոփոխությունների մեկնարկը տրվել է:

Եւ ոչ միայն խոհանոցային փոփոխությունների: Ինչպես գիտենք, փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր: Ըստ արդյունքներիՙ Արցախիՙ 103 հազար 793 ընտրողներից 79 հազար 428-ը մասնակցել է հանրաքվեին: Որոնցից էլՙ 69 հազար 540-ը կողմ է քվեարկել առաջարկվող Սահմանադրության նախագծին, իսկ 7 հազար 686-ըՙ դեմ: Այլ կերպ ասած, Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունն ընդունվել է ձայներիՙ 87, 6 տոկոս կողմ եւ 9,7 տոկոս դեմ հարաբերակցությամբ:

Թե ի՞նչ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու Արցախում այս հանրաքվեից հետո, դեռ կխոսենք եւ դա մանրամասնորեն կանենք: Այս պահին ուշագրավ մի նրբություն կա: Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ, ինչպես նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , լինելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այլ Արցախի Հանրապետություն: Դե, այսինքն, Ղարաբաղ այլեւս չենք ասելու, քանի որ նոր Սահանադրությամբ Ղարաբաղը վերանվանվել կամ վերստին անվանվել էՙ Արցախ: Պարոն Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ այսպիսով վերականգնվել է տարածաշրջանի պատմական անունը: Իրոք այդպես է, ամեն դեպքում Մեծ Հայքի կազմում Ղարաբաղ անունով որեւէ նահանգ կամ մաս չի եղել, փոխարենը Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր:

Բայց ի՞նչ է սա տալու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Հիշեցնեմ, որ նախքան հանրաքվեն, Մինսկի խումբըՙ առանձին եւ ՌԴ ԱԳՆ-նՙ առանձին հայտարարություններ տարածեցին, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն իրենք չեն ճանաչում, քանի որ` «այն չի կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցում, ինչը պետք է որոշվի բացառապես հակամարտության կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխզիջումային հիմունքներով»: Հասկանալի է, որ Մինսկի խումբը կարող է շատ բան ասել, եւ ասել է ու էլի կասի, բայց, մեր մեջ էլի, Ղարաբաղի փոխարեն ասում ենք, գրում ենքՙ Արցախ, հետո՞: Այ ես, օրինակ, այս հոդվածում, որտեղ կարող էի գրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գրել եմՙ Արցախի Հանրապետություն, հետո՞, Իլհամ Ալիեւը ճանաչե՞ց Արցախի անկախությունը, թե՞ՙ Մինսկի խումբը դա արեց: Ակնհայտ է, որ եթե անգամ Արցախը սահմանադրության հաջորդ փոփոխությունների հանրաքվեով վերանվանվի, ենթադրենք Մարտին Լյութեր Քինգի անվանՙ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, միեւնույն է, Ադրբեջանը նրա անկախությունը չի ճանաչելու: Եւ ուրեմն այն ռեսուրսներն ու միջոցները, որոնք ներդրվել են Սահմանադրության փոփոխությունների նախագիծ պատրաստելու, հանրավքե կազմակերպելու ու անցկացնելու նպատակով, իսկ դրանք փոքր ռեսուրսներ եւ միջոցներ չեն, գուցե պետք է ա՞յլ տեղ ուղղել, այլ ճանապարհներ բացել, ավելի ճիշտՙ կոնկրետ եւ բառիս բուն իմաստով ճանապարհնե՞ր բացել: Ի վերջո կարեւոր չէ, թե դու որքան հաճախ ես փոփոխում սահմանադրությունդ եւ որքան ժողովրդավարական եւ բաց-թափանցիկ են անցում այդ փոփոխությունների հանրաքվեները: Կարեւորն այն է, թե դու որքան հաջող ես Սահամանադրությունդ պահում, սա ժողովրդավարության ավելի մեծ ցուցիչ է, քան սահմանադրական փոփոխությունների բաց եւ թափանցիկ հանրաքվեի կազմակերպումը:

Մյուս կողմից, հասկանալի է, որ արցախյան այս հանրավքեի շնորհիվ Արցախ այցելեցին մի շարք միջազգային դիտորդներ, որոնց բոլորին Բաքուն ներառեց իր «սեւ ցուցակում», կամ սպառնաց ներառել, եւ սա նշանակեց, որ Լապշինիովՙ Արցախ այցելել պատրաստվողներին վախեցնել Բաքվին չհաջողվեց ու չի էլ հաջողվելու: Բայց մի՞թե Արցախն իր պատմությամբ, բնությամբ, բարիքներով եւ մարդկանցով տեսնելու համար պարտադիր է Արցախում սահմանադրության հանրաքվե անցկացնելը: Հնարավո՞ր չէ աշխարհից մարդ բերել Արցախ, ով կերգի այնտեղ, ով ֆիլմ կնկարահանի այնտեղ, ով կպարի այնտեղ, ով կգործի այնտեղ, ով կցանկանա ապրել այնտեղ, այնտեղ ապրելուց էլ լավ կապրի եւ արդար միջավայրում կապրի: Չէ՞ որ հնարավոր է...

Ամեն դեպքում ոչ Մինսկի խումբն է պատրաստվում ղարաբաղյան հակամարտության մասին իր հայտարարությունները դարձնել արցախյան հակամարտության մասին, ոչ էլ անգամ Արցախի անկախությունը ճանաչած Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն է պատրաստվում խմբագրել իր իսկ կայացրած որոշումըՙ այնտեղ առկաՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանելով Արցախի Հանրապետության:

Ի դեպ, ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը, Կրեմլի խոհանոցում վերոհիշյալ անվանափոխությունից երկու օր հետո որոշել է լրագրողական հետաքննություն անել: Նա մտել է Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը եւ պահանջելՙ ճաշացանկը, իսկ այնտեղ գրված է եղել ոչ թե Ղրիմյան, այլ Կիեւյան կոտլետներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.