AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2940, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱ-ՆԱՏՕ. ԱՆՍԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՋՈՐԴԵԼ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Մյունխենում օրերս անցկացված անվտանգության կոնֆերանսում Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է. «ՆԱՏՕ-ն ներկայումս չի կատարում իր պարտավորությունները հարավարեւելյան թեւում, դաշինքը պետք է ամրապնդի այդ ուղղությունը»: Նրա խոսքերովՙ «նման խնդիրներն անհրաժեշտ է տարածել ոչ միայն արեւելյան, այլեւ հարավային ուղղության վրա»:

Թուրքերն Աֆղանստանում, Բալկաններում, Սիրիայում եւ Լիբիայում մասնակցել են ՆԱՏՕ-ի բոլոր գործողություններին: Հենց Թուրքիայում տեղակայվեց ռադար, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մի մասն է: Բայց եթե վերցնենք միայն նեղ ռազմական կողմը, ապա Անկարայի եւ դաշինքի հարաբերություններում «խափանումը» տեղի է ունեցել սիրիական ուղղությամբ եւ այն պատճառով, որ, ինչպես ասել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնախմբի նախկին նախագահ, գերմանացի գեներալ Հարալդ Կույատը Deutschlandradio ռադիոկայանին տված հարցազրույցում, «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում թուրքերի օգնությունը սկզբում եղել է ավելի շուտ «կասկածելի»: Լայն իմաստով, Կույատի խոսքերով, «Թուրքիան երբեք չի եղել ՆԱՏՕ-ի այն անդամը, որի վրա հնարավոր կլիներ հույս դնել 100 տոկսով», թեեւ Բրյուսելում չեն անտեսում դաշինքի հարավարեւելյան թեւում գտնվող եւ Մերձավոր Արեւելքում ու Սեւ ծովի շրջակայքում հակամարտությունների օջախներին սահմանակցող երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը: Եվ այստեղ Անկարան խաղում է կարեւորագույն դեր:

Իսկ ինքըՙ Թուրքիան, արդյոք 100 տոկոսով վստահե՞լ է ՆԱՏՕ-ի գծով իր արեւմտյան դաշնակիցներին: Հարցը մնում է բաց: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Անկարան հույս ուներ, թե ինքը ՆԱՏՕ-ի գլխավոր գործընկերը կդառնա Մերձավոր Արեւելքում, ինչը թուրքերին թույլ կտա ամրապնդել սեփական ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության գրեթե ամբողջ տարածքում: Սկզբնական շրջանում Թուրքիան հենց այդպես էր ընկալում այսպես կոչված «արաբական գարնան» ֆենոմենը, երբ ասպարեզից վերացվում էին Անկարայի աշխարհաքաղաքական մրցակիցների դերում հանդես եկող պետությունների ղեկավարները: Սակայն Արեւմուտքը լուծում էր սեփական խնդիրները: Նատոյական հրատարակություններից մեկի արտահայտությամբ, արեւմուտքցի ղեկավարներից ոչ մեկը ի սկզբանե մտադրված չի եղել «լծվելու» ընթացքն արագացնող թուրքական «աշխարհաքաղաքական մարտակառքին»: «Սառը պատերազմում» տարված հաղթանակի մեջ Թուրքիայի ներդրած ավանդի մասին Բրյուսելում շուտով մոռացան: Փոխարենը սկսեցին բացեիբաց ասել, որ այդ երկիրը նույնիսկ «աշխարհագրական իմաստով կապ չունի Հյուսիսային Ատլանտիկայի հետ», որ «Թուրքիան քիչ ընդհանրություն ունի ՆԱՏՕ-ի մյուս անդամների» կամ «առհասարակ Արեւմուտքի» հետ, եւ որ Բրյուսելը ի դեմս Անկարայի ստիպված է գործ ունենալ «կիսափլուզված պետության» հետ:

Այն բանից հետո, երբ Թուրքիան 2016 թ. նոյեմբերին ռուսական օդանավ խոցեց եւ փորձեց պարզել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, ըստ որի «դաշինքի մեկ կամ մի քանի անդամի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա», ինչը ենթադրում է օգնության հատկացում, ՆԱՏՕ-ի փորձագետներից մեկը OpED News հրատարակությանը հայտարարեց, որ «դաշնակիցները Թուրքիայի գոռոզության պատճառով պատերազմի չեն մասնակցի», որ առհասարակ «չարժեր այդ երկիրն ընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ», քանի որ «դաշինքում նրա դերը վաղուց դադարել է օգտակար լինել»:

Քոչ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժանմունքի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Շեներ Աքթուրքը հիշեցնում է, որ Սիրիայի ճգնաժամի ծավալման պահին Եգիպտոսում, Սիրիայում եւ Վրաստանում Թուրքիայի պաշտպանությունը վայելած կողմերը արդեն պարտություն էին կրել, եւ այսօր Մերձավոր Արեւելքում նրա հանդեպ բարեկամաբար տրամադրված պետություն փաստորեն չի մնացել, իսկ «որոշ երկրներ բացեիբաց սկսում են տեղ զբաղեցնել բարիկադների մյուս կողմում»:

Ավելին, Անկարայում ենթադրում էին ամեն ինչ, բացի Սիրիայում քրդերին աջակցելու Օբամայի վարչակազմի որոշումից, սիրիական տարածքում ՌԴ օդատիեզերական ուժերի հայտնվելուց: Եվ ահա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ստիպված եղավ դաշինք կազմել Ռուսաստանի եւ Իրանի հետ: Միեւնույն ժամանակ Բրյուսելը սկսեց Անկարայի հանդեպ իր քաղաքականությունը բացատրել նրանով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վերածվում է «հավակնոտ ու միահեծան ղեկավարի, որի վարչակարգը հալածում է քաղաքական ընդդիմությանը»: Թուրքիայի արեւմտյան գործընկերները չօգնեցին Անկարային, երբ վերջինս 2016 թ. հուլիսի 15-ին բախվեց պետական հեղաշրջման փորձին: Երբ թուրքական իշխանությունները բռնաճնշումների ենթարկեցին բազմաթիվ հասարակական գործիչների եւ բարձրաստիճան զինվորականների, պաշտոնանկ արեցին գեներալների մեկ երրորդին, սկսեցին ՆԱՏՕ-ին ուղղված կոչեր հնչել իրադարձությունների ընթացքին միջամտելու խնդրանքով: Նշվում էր, որ «դաշինքի հարավային թեւը ջախջախված է, սակայնՙ ոչ լիովին»:

Իսկ այժմ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ին ներկայացնում է բարեփոխման, ֆինանսական ու նյութական ամրապնդման պահանջներ: Այս կապակցությամբ Թուրքիան ԱՄՆ-ին արդեն հարցապնդումներ է արել դաշինքի զարգացման հեռանկարների վերաբերյալ, սակայն, մի կողմից, ստացել է լոկ ամերիկացի ռազմագետների հայտարարությունները ՆԱՏՕ-ի աջակցության մասին, մյուս կողմից, տեսել է դաշինքում Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջատար դառնալը, տվյալ ձեւաչափում այսպես կոչված փոքր դաշինքների զարգացումը «Ռուսաստանի նախահարձակ քաղաքականության» պատրվակով:

Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում հավաստում է Թուրքիայի շփոթվածությունն այն պատճառով, որ հայտնի չէ, թե տվյալ ուղղությամբ այսուհետեւ ինչպիսի քաղաքականություն կվարի Վաշինգտոնը, մինչեւ աշխարհագրական որ սահմանները կտարածվի «արդիականացված դաշինքի ռազմաքաղաքական պատասխանատվության գոտին», եւ խնդիրների համատեղ կատարման դեպքում Անկարային կհրավիրե՞ն արդյոք նոր եվրոպական բանակ: Ճիշտ է, պաշտոնական Թուրքիան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը «հարցականի տակ չի դրվում, իսկ Ռուսաստանի հետ մերձեցումը Արեւմուտքին ուղղված նախազգուշացում չէ»:

Սակայն, ինչպես գրում է թուրքական Milli Gazete թերթը, «երկիրը շրջապատված է ականներով, որոնք կարող են պայթել ամեն պահի»: Նախագահ Թրամփը, խոսելով իրանից ԱՄՆ-ին եւ Իսրայելին սպառնացող վտանգների մասին, իհարկե, «նկատի չի ունեցել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային պաշտպանելու անհրաժեշտությունը»: Թերթը երկյուղ է արտահայտում, որ «Սիրիայում Թուրքիայի թույլ տված սխալներից հետո Թեհրանն ու Անկարան կարող են տեղերով փոխվել, եւ երբ հայտնվեն Թուրքիային ուղղված տարատեսակ վտանգներ, Բրյուսելում նրա առջեւ փակ լինի ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի դարպասը»:

Ահա թե ինչու ՆԱՏՕ-ի հարավային ուղղությունն ամրապնդելու անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարար Իշըքի կոչերը ներկայումս հնչում են որպես հռետորական հարցեր: Ինչպես Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարեց Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը , «ԱՄՆ-ի վճռականությանն ապավինելը եւ մեր կողմից համեստ ավանդ ներդնելը այլեւս անբավարար են»: Մնում է պարզել, թե ինչը կլինի «բավարար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.