AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4843, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՐԻԼԻ 2-Ի ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔՆԵՐՆ ՈՒ ՔՄԱՅՔՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընտրական օրենսգրքի` մի կողմից ընտրակեղծիքները բացառող, մյուս կողմից` արդեն հանրության ոչ միանշանակ կատակներին արժանացած դրույթները մտածել են տալիս, որ այս անգամ, իրոք, ապրիլի 2-ի ընտրություններին սպասվում է աննախադեպ իրավիճակ, իսկ արդյունքները, կարելի է ասել, անկանխատեսելի կարող են լինել:

Չգիտենք, թե ինչ արդյունավետությամբ է ընթանում անձնագրային սեղաններում նույնականացման քարտեր տրամադրելու գործընթացը, քանի որ այդ քարտով հիմա անձնագրին հավասար կարելի է ընտրության գնալ, սակայն ընտրողների թվի եւ բնակչության թվի` արդեն հրապարակված ոչ բնականոն տոկոսային հարաբերությունն ասում է, որ մեր ընտրական մագիստրոսները գիտեն թվային այդ անհամապատասխանությունից օգտվելու գաղտնիքը, որքան էլ ընտրողների նախնական ցուցակները հրապարակվել են, իսկ բացակա քաղաքացիների հայտնաբերումը սովորական ընտրողի եւ ընտրության մասնակից կուսակցությունների եռանդին է թողնված: Այսինքն` ես ուրիշ բան ու գործ չունեմ, պետք է մեր շենքի բացակայող բնակիչներին հայտնաբերեմ այդ ցուցակներում ու այդ մասին հաղորդում տամ ուր որ հարկն է, քիչ է, թե ընտրությունների օրը պիտի գնամ ու մխրճվեմ այս անգամվա բարդ քվեարկության թնջուկի մեջ: Սա ֆանտաստիկ ժանրի կանխավարկած է ընդամենը, որը հազիվ թե տեղի ունենա:

Իսկ թվերի անհամապատասխանությունն, ինչպես եւ բոլոր նախորդ ընտրություններում, ահռելի է եւ աչքի է զարնում: Այդ մասին շատ փորձագետներ են նշում, եւ այդ մասին այս անգամ Ազգային ժողովում բարձրաձայնեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը. «Ոստիկանությունը ԿԸՀ-ին տրամադրել է տեղեկանք` Հայաստանում ընտրողների թվի վերաբերյալ, եւ ըստ այդմ` 2016 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով ՀՀ-ում կա 2.564.334 ընտրող: Նույն ժամանակահատվածի համար Ազգային վիճակագրական ծառայությունը տրամադրել է տեղեկանք, ըստ որի` ՀՀ-ում կա 2.993.000 մարդ: Ստացվում է, որ Հայաստանում ապրողների 85 տոկոսը 18-ից բարձր տարիքի են, ստացվում է, որ նրանք ընտրող են: Այսինքն` վերջին տարվա ընթացքում ՀՀ-ից արտագաղթել են բացառապես 1-ից 18 տարեկան անչափահասներ, եւ սա ուղղակի աբսուրդ է: Նույն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ընտրողների թիվը 268.000-ով ուռճացված է», նշել է պատգամավորը, այդպիսով մատնացույց անելով անտրամաբանական թվերը:

Սա, իհարկե, այսպես չէր լինի, եթե համապատասխան կառույցներն իսկապես կամք դրսեւորեին եւ մաքրեին ընտրողների ցուցակները բացակա մարդկանցից, բայց այդ ծախսատար գործընթացը, նույնիսկ եթե դրա համար ֆինանսական ռեսուրս էլ գտնվեր, հազիվ թե իրագործվեր, քանի որ ընտրությունների ելքը վճռող թվերի հետ չխաղալու քաղաքական կամք հազիվ թե գտնվի: Այն իրավիճակը, որ կոտրվելու է ուղիղ մեկ ամիս հետո քվեարկության գնացող ընտրողի գլխին, պարզապես նոր դրված փորձի լաբորատոր փորձարկում է հիշեցնում:

Հայտնվելով ընտրատեղամասում, անձը հաստատող փաստաթղթի ստուգումից հետո, ընտրողը նաեւ էլեկտրոնային ստուգման է ենթարկվելու` կարմիր նշանն էկրանին ցույց է տալու, թե արդյոք արդեն մեկ անգամ քվեարկե՞լ է նա, ու այս դեպքում նրանով զբաղվելու է ոստիկանությունը: Էկրանի կանաչ նշանը, որ վկայելու է, թե ընտրողը կրկնաքվեարկող չէ, լավ ու խելոք ընտրող է, շատ ավելի վատ վերաբերմունքի է արժանացնելու նրան` ստիպելով ապարատի մեջ հերթով մտցնել աջ ու ձախ ձեռքերի մատները` մատնահետքեր տալու: Պրոցեսի նկարագրությունը Ընտրական օրենսգրքում ցնցող է, ինչպես մեր շատ կայքեր են սիրում գրել այս բառը, տալու ենք մատնահետքեր այս հերթականությամբ` նախ ձախ ձեռքի ցուցամատը, ապա` աջ ձեռքի միջնամատը, ձախ ձեռքի միջնամատը, աջ ձեռքի մատնեմատը, ձախ ձեռքի մատնեմատը, աջ ձեռքի ճկույթը, ձախ ձեռքի ճկույթը, աջ ձեռքի բթամատը, ձախ ձեռքի բթամատը: Ուֆ` իսկական ինկվիզիցիա:

Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաեւ ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն:

Տպված քվեարկության կտրոնը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձվում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Վերջինս վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը եւ իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում քվեարկության կտրոնը եւ փոխանցում ընտրողին:

Այս փորձանքներից դուրս գալուց եւ քվեարկության կտրոնը ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովիՙ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին, ներկայացնում քվեարկության կտրոնը, ստանում 9 քվեաթերթիկ ու ծրար եւ գնում քվեարկության:

Մի խոսքով` բավական ժամանակատար կանաչ-դեղին-կարմիր նշանների էլեկտրոնային հավատաքննությանը եւ հանցագործի նման մատնահետքերը տալու փորձությանը ենթարկվելուց հետո սկսվում է մի այլ փորձություն` բուն քվեարկության գործընթացը, երբ ընտրողն անցնում է քվեարկության խցիկ: Ահա այստեղ տեսանելի են այն բոլոր սողանցքները, որոնք նախապես թողնված են եղել` ընտրողին խաբելու, գայթակղելու, ճնշելու, ճզմելու եւ այլ նվաստացումների համար: Նա ձեռքին ունի 9 քվեաթերթիկ, որոնց երկրորդ էջերում ռեյթինգայինով առաջադրվածների մի մեծ ցուցակ է: Եթե ընտրողը նախորդ օրն իջել է ինքնաթիռից ու եկել Հայաստան` իր քաղաքացիական պարտքը կատարելու կամ մինչեւ նախորդ օրը չի հետեւել քարոզչությանն ու մտածել է, թե տեղում մի բան կանի` նա լիակատար շփոթության մեջ կարող է հայտնվել: Մեկ առ մեկ 9 քվեաթերթիկն ու դրանցում առկա ռեյթինգային ցուցակն ուսումնասիրելու համար նա մի 20 րոպե նվազագույնը պետք է անցկացնի քվեախցիկում: Բայց սա բերեք բացառենք, քանի որ այդպիսի ընտրողներ միգուցե լինեն, բայց դրանք մեծ թիվ չեն կազմի:

Մնում է նախօրոք կողմնորոշված ընտրողը, որի մեջ են հենց տարբեր շահագրգռությունների սողանցքներով անցածները` ընտրակաշառք, ազգականին կամ մտերմին ընտրելու մղում, սեփական կուսակցին ընտրելու մղում, գործատուին ընտրելու մղում, վարկերն ու կոմունալ վարձերը վճարելու խոստում հնչեցրած ռեյթինգայինին (ու նրա՛ կուսակցությանը) ընտրելու մղում եւ, եկեք լիովին չնվաստացնենք հայ մարդուն, այնուամենայնիվ, գաղափարական ընդհանրությամբ ընտրելու շարժառիթ:

Միթե սրանք բոլորը բնականոն շարժառի՞թ են: Մինչդեռ քվեաթերթիկների մի ողջ խրձի առկայության եւ ռեյթինգային ցուցակներով ընտրողին շփոթահար անելու մեջ ուրիշ բան չենք տեսնում, քան ընտրողին հենց այնպիսի նոկաուտի ենթարկելը, որ նա նախապես իրեն ապահովագրի այս շփոթ վիճակից: Ինչու չէր կարելի մեկ քվեաթերթիկում նշված ունենալ 9 կուսակցության ու դաշինքի անուն, որոնցից մեկի դիմաց ընտրողը «թռչուն» կնկարեր, եւ ի վերջո ռեյթինգային քվեարկություն էլ մեր վզին պետք չէր փաթաթել, որ հիմա էլ բոլորով դատապարտեին դա ու նույնացնեին մեծամասնական կարգի հետ: Կաշառք վերցնելու գայթակղության առաջ էլ ընտրողին չէին կանգնեցնի` այն պարագայում, երբ նրանց մեծ մասը, վստահ եմ, սաստիկ ձմեռվա սաստիկ կոմունալ վարձերն այդպես էլ չի կարողացել վճարել, եւ ոչ մեկս էլ չի կարողանա նրան զրկել այս ձեւով պարտքը փակելու եւ մեր ընդհանուր ապագան գրողի ծոցն ուղարկելու գայթակղությունից:

Այստեղ, սակայն, հատկապես նշենք, որ մի խիստ վտանգ եւս կանգնած է ընտրությունների գլխին` 9 քվեաթերթիկի, մեջն էլ երկար ցուցակների առկայությունն, այնուամենայնիվ, ընտրողների մեծ մասին ստիպելու է բացել դրանք, ամեն քվեաթերթիկը բացելու վրա եթե մի կես րոպե էլ ծախսվի, հետո ընտրելու, ծրար դնելու, դրոշմանիշ կպցնելու ժամանակի ծախսին գումարելով գրանցման ընթացքի ձգձգվող ժամանակը` ամեն ընտրողի վրա, ուրեմն, մի ընտրողի վրա 15 րոպե ծախսվելու է նվազագույնը, իսկ օրը ռետինից չէ, մարդիկ պարզապես չեն հասցնելու քվեարկել: Եթե, իհարկե, համատարած անտարբերությունն իր գործը չանի, ու ընտրողների կեսը չներկայանա տեղամաս, որը կարող է վտանգի տակ դնել ընտրողների բավարար թվով մասնակցության, արդյունքում նաեւ` արդյունքի վերահսկման հարցը:

Իսկ քանակով շատ քվեաթերթիկների մեջ մոլորվելու տեխնիկական խնդիրը բերելու է մեծ թվով անվավեր քվեաթերթիկների առկայության: Եթե 101 պատգամավորից ասենք երկուսը, 5 տարի Ազգային ժողովում այս կամ այն պաշտոնյային ընտրելուց հետո, էլի սխալվում է պարզագույն «դեմ» եւ «կողմ» նշած քվեաթերթիկի պարագայում եւ անվավեր դարձնում դրանք` սխալվելով (ինչպես Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելիս եղավ), ուրեմն հասարակ ընտրողից շատ ավելի բարդ քվեաթերթիկների տրցակի առկայության պարագայում չսխալվել պահանջելն անիմաստ է:

Ընտրությունների կայացմանն ուղղված մի ուրիշ վտանգ էլ վարկանիշային քվերակության պարագայում սկսված «ռազբորկաներն» են, որոնք վերջին օրերին վերածվում են ծեծուջարդի, անգամ դանակահարություն է տեղի ունեցել: Ու այս առումով մի հետաքրքրական առաջարկ է հնչում տարբեր շրջանակներից, այդ թվում` պատգամավորներից, թե` թող այս ընտրական օրենսգրքի հեղինակները, որպես պատիժ, առաջադրվեն ռեյթինգային կարգով, որ հասկանան` ինչ են արել ժողովրդի գլխին: Ամեն օր լսում ենք ենք որեւէ միջադեպի մասին, որ տեղի են ունենում ռեյթինգայինով առաջադրված թեկնածուների միջեւ, անգամ նույն կուսակցությունից առաջադրվածների: Երբ նրանց ասվել է` գնացեք ու կյանքի գնով «ձեն» բերեք կուսակցությանը, դա ընկալվել է բառացի, ու դա տեղի է ունենում` իրարից ընտրող փախցնելով, ընտրողների զանգվածային միգրացիայով, ինչպես պատկերավորեց խորհրդարանականներից մեկը, մի ռեյթինգայինի տարածքից մյուսը, իրար ծեծելով, դանակահարելով ու կրակելով:

Ազգը պառակտելու ավելի լավ գործիք ոչ ոք չէր կարող մտածել, քան ԸՕ-ի հեղինակներն են մտածել: Առաջ մեր գյուղերում պառակտման մի տարբերակ էր գործում` ընդդիմություն եւ իշխանություն, հիմա ե՛ւ ընդդիմությունն է բազմադեմ` տարբեր ռեյթինգային թեկնածուներով, ե՛ւ իշխանությունը:

Խեղճ գյուղացի, խեղճ ընտրող: Ու գյուղերը, որ ի վերջո մեր նկարագիրը պահող ամենաամուր միավորներն էին դեռ, հիմա վերածվելու են միմյանց դեմ պատերազմող գերդաստանների` ամեն մեկն իր ծանոթին, մտերմին, կամ պարտքերը փակողին ընտրելու համար միմյանց դեմ թշնամական գործողություններ ձեռնարկելով: Բա սա անելու բա՞ն էր: Մեր սահմանները թշնամին է գնդակոծում, իսկ մեր գյուղերն ու համայնքներն էլ` ընտրությունների ճարտրապետներն` իրենց ռեյթինգային քվեարկության «հանճարեղ» գաղափարով:

Ընտրությունները պետք է ազգին միավորող ներուժ ունենային, ոչ թե պառակտող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.