BBC (ԲիԲիՍի) Քարդիֆի «Աշխարհի երգիչ» հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել մեր հայրենակցուհի, լոնդոնաբնակ ճանաչված սոպրանո Անուշ Հովհաննիսյանը: Անցյալ տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդյունքում ընտրել է եզրափակիչ փուլի 20 մասնակցի: Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել 3 հոգի: Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Հովհաննիսյանը:
«Աշխարհի երգիչ»ը, որ անցկացվում է երկու տարին մեկ անգամ, Ուելսի տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունն է: Այս մրցույթը համարվում է դասական երգի միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսըՙ դասական երգարվեստի յուրատեսակ օլիմպիադա:
Հուլիսին կայանալիք եզրափակիչում մրցույթն անցկացվելու է երկու ուղղությամբՙ կամերային երաժշտության եւ օպերային արիաների: Ֆինալիստներն իրենք են որոշում իրենց նախընտրած ուղղությունը: Մեր հայրենակցուհին հանդես կգա վերը նշված երկու ուղղություններով: Եզրափակիչը տեղի կունենա հունիս 15-ին եւ 18-ինՙ օպերային երգարվեստի գծով, իսկ հունիսի 11-ին եւ 16-ինՙ կամերային երաժշտության:
Եզրափակիչ փուլի ելույթները հեռարձակվելու են ԲԻԲԻՍԻ հեռուստատեսության եւ ռադիոյի ուղիղ եթերով, ինչպես նաեւ համացանցով:
Անուշ Հովհաննիսյանը օպերային մրցույթում հանդես կգա համաշխարհային պրեմիերայով: Նա առաջին անգամ կկատարի 170 տարի առաջ գրված հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆրանց Լիստի նոր «Սարդանապալ» օպերայից հույն ստրկուհի Միռայի դերերգը: Օպերան ասորական Սարդանապալ թագավորի եւ նրա հույն ստրկուհու սիրո պատմության մասին է: Այս օպերան Լիստն անավարտ է թողել եւ միայն վերջերս է հայտնաբերվել արխիվում: Օպերայի ձայնագրություններն արդեն կատարվել են Լոնդոնում եւ շուտով կթողարկվեն ոչ միայն ձայներիզ եւ վավերագրական ֆիլմ, այլեւ կհրատարակվի օպերայի մասին ուսումնասիրություն:
Այսօր ֆիլմից մի քանի հատվածներ թողարկվել են նորահայտ օպերայի կայքէջում` www.sardanapalo.org, որն արդեն մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում, այդ թվումՙ «Նյու Յորք Թայմս», «Թելեգրաֆ» եւ այլ ազդեցիկ թերթերում:
Այսօր ԲԻԲԻՍԻ-ում տեղի է ունեցել նաեւ մամլո ասուլիս, որին մասնակցել եւ լրագրողների հարցերին են պատասխանել օպերան բացահայտած եւ ուսումնասիրած դոկտոր Թրիփեթը եւ սոպրանո Անուշ Հովհաննիսյանը:
«Իմ երաժշտական կարիերայում սա բացառիկ երեւույթ եւ մեծ պատիվ է, որ նման հռչակավոր կոմպիզոտորի ստեղծագործության առաջին կատարումը վստահվում է ինձ: Այդ անավարտ օպերայից հատվածը երգելու եմ առաջին անգամ եւ ներկայացնելու եմ Հայաստանը»,- «ՕՐԵՐ»-ի հետ զրույցում ասաց Անուշ Հովհաննիսյանը: Նշենք նաեւ, որ մրցույթի հաղթողը ստանալու է հաղթական գավաթը, ֆինանսական պարգեւ եւ, իհարկե, միջազգային ճանաչում եւ առանձնահատուկ կարգավիճակ:
Նախկինում այս մրցույթին հայազգի երգիչներից մասնակցել է գերմանական Էրֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ բաս Վազգեն Ղազարյանը, որ մյուս տարի դեբյուտային ելույթներով հանդես կգա Նյու Յորքի հեղինակավոր Մետրոպոլիտեն օպերային թատրոնում:
Հիշեցնենք նաեւ, որ 2016 հոկտեմբերի 17-ին Անուշը ճանաչվեց հեղինակավոր «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող, միաժամանակ արժանանալով 4 գլխավոր մրցանակի, իսկ դեկտեմբերի 4-ին Մարսելում Բելլինիի անվան բելկանտոյի մրցույթում արժանացավ շվեյցարական Գշտատի Ամանորյա փառատոնի հատուկ մրցանակին, ըստ որի նա 2018 թվին մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում:
Իսկ մի քանի շաբաթ առաջ, 2017-ի փետրվարին, Լոնդոնի Քովենթ Գարդենում Անուշ Հովհաննիսյանը մեներգով հանդես եկավ World Works ժամանակակից բալետում:
Նկար 1. Լուսանկարըՙ Ռոբերտ Քոլոյանի