AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2969, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՄ ԴԵՄ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԿՌՎԻ ԹՐԱՄՓԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պ. Ք.

Պենտագոնի հակաահաբեկչական պայքարի ծրագիրը

Ամերիկյան մամուլում հայտնված հաղորդումների համաձայն, պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Սպիտակ տանը ներկայացրել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի նախնական ծրագիր: Դրանով իսկ Պենտագոնը կատարել է նախագահ Թրամփի որոշումը, ով պաշտոնակալությունից անմիջապես հետո հրամայել էր 30 օրվա ընթացքում այդ ուղղությամբ մշակել կոնկրետ քայլերի ամբողջություն: Ներկայացված փաստաթղթի մարնամասնությունները եւ բուն գաղափարական ուղղվածությունը դեռ հայտնի չեն, բայց Պենտագոնի վերլուծաբանները այդքան կարճ ժամանակամիջոցում դժվար թե կարողանային մշակել «նոր մերձավորարեւելյան իրականության» նախագիծ:

Շտաբների պետերի միացյալ հանձնախմբի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հայտարարության համաձայն, ընդհանուր առմամբ ռազմավարությունը ներառում է Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհում «Ալ-Ղաիդայի» եւ մյուս ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ծրագիր, իսկ կոնկրետ պլանը, ռազմական միջոցառումներից բացի, ներառում է «ռազմաքաղաքական բնույթի» գործողություններ: Նշված է նաեւ «Իսլամական պետությանը» եւ դրա հետ կապված խմբավորումների «արագորեն հաղթելու» նպատակով կոալիցիայի մեջ նոր գործընկերներ (այդ թվում Ռուսաստանին) ներգրավելու մտադրությունը: Այս ուղղությամբ ամերիկյան ԶԼՄ-ներում արդեն թույլ են տրվել որոշ տեղեկատվական «արտահոսքեր»:

Այսպես, The Wall Street Journal թերը հաղորդել է, որ «Սպիտակ տունը Իսրայելի եւ արաբական չորս երկրիՙ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի եւ Հորդանանի հետ բանակցում է նոր մերձավորարեւելյան դաշինքի ստեղծման նպատակով, որը կկարողանար փոխել տարածաշրջանային ուժերի զուգակշռությունը»: Սպիտակ տունը հասկացնում է, որ հավանական դաշինքը լինելու է «միանգամայն նոր, անցյալում չտեսնված» ինչ-որ բան եւ «ընդգրկելու է շատ երկրներ ու հսկայական տարածք»: Սակայն հարկ է նշել, որ դրանում սկզբունքորեն նոր ոչինչ չկա, քանի որ նախագահ Բարաք Օբաման նույնպես փորձում էր Մերձավոր Արեւելքում կազմել զանազան դաշինքներ, բանակցում էր Ռուսաստանի հետ, բայց նա Իրանին աստիճանաբար դուրս էր բերում հնարավոր առճակատման գոտուց, Թրամփը հակառակն է անում: Ավելին, օրերս նա հայտարարեց հետեւյալը. «Մենք Մերձավոր Արեւելքում պատերազմեցինք 17 տարի... Մենք Մերձավոր Արեւելքում ծախսեցինք 6 տրիլիոն դոլար: Սա պարզապես անթույլատրելի է. չէ՞ որ մենք ոչնչի չհասանք»:

Նախ եւ առաջ, դա այնքան էլ ճիշտ չէ: Երկրորդ, դա հավակնոտ պնդում է, թե, ի տարբերություն իր նախորդների, Թրամփը գիտե այդ տարածաշրջանում արվելիքը եւ տեսնում է ինչ-որ կոնկրետ նպատակ (ԻՊ ջախջախումից զատ): Բայց ինչպիսի՞ նպատակ:

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները ներխուժեցին Աֆղանստան: Արդյունքը. այդ երկիրն առաջվա պես ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական չափազանց բարդ վիճակում է: «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվեց, բայց խմբավորումը մնաց եւ պահպանեց դիրքերը ամբողջ Մերձավոր Արեւելքում: 2016 թ. հուլիսին նախագահ Օբաման ստիպված եղավ Աֆղաստանում 8,5 հազար զինվոր թողնելու որոշում ընդունել, որպեսզի նրանք օգնեն տեղացի ուժայիններին: 2003 թ. ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք եւ տապալեց Սադդամ Հուսեյնի վարչակարգը: 2011 թ. ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Իրաքից: Արդյունքը. Բաղդադում ամրապնդվեց շիաների իշխանությունը եւ ըստ այդմ ուժեղացավ Իրանի ազդեցությունը, Իրաքի հյուսիսում հստակորեն ուրվագծվեց քրդական գործոնը, ի հայտ եկավ «Իսլամական պետությունը», Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում սկսեց ծավալվել այսպես կոչված «Արաբական գարնան» երեւույթը: Հենց այդ երեւույթի միջոցով Թուրքիան սկսեց ներքաշվել մերձավորարեւելյան գործընթացների մեջ:

Սիրիայի ճգնաժամը ի հայտ բերեց հետեւյալ կարեւոր գործոնները. «Իսլամական պետությունը» ստեղծեց իրաքա-սիրիական ընդհանուր ռազմաճակատ, ի չիք դարձնելով այդ երկու երկրների սահմանը, ուրվագծվեց Իրանի ակտիվ աջակցությունը Դամասկոսին, բեմահարթակում առավել նկատելի դարձան Սիրիայի ու Թուրքիայի քրդերը, իսկ հետո Սիրիայում հայտնվեցին ռուսական օդատիեզերական ուժեր: «Արաբական գարնան» ծավալման կապակցությամբ «Նյու Յորք թայմս» թերթը մի առիթով գրեց. «Օսմանյան կայսրության ավերակների վրաՙ Լիբիայից մինչեւ Միջագետք, սրվել է պայքարը հանուն գաղափարախոսական, տնտեսական ու ռազմական տիրապետության, տարածաշրջանը սուզվում է քաոսի եւ անիշխանության մեջ»: Հստակություն չկա Թուրքիայի հարցում, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է օգնել Սիրիայի քրդերին, եւ մի շարք նշանների հիման վրա կարելի է խոսել այդ ուղղությամբ լավ կշռադատված գործողություններից: Անշուշտ, Թուրքիան մտադիր չէ թույլ տալ քրդերի ազդեցության ուժեղացում եւ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, որը իր հերթին կարծում է, թե Թուրքիան կարող է օժանդակել Սիրիայի կայունացմանը:

Այսօր պատմաբանները եւ փորձագետներից շատերը փորձում են գտնել հետեւյալ հարցերի պատասխանները: Արդյոք դա ԱՄՆ-ի եւ իր արեւմտյան դաշնակիցների ռազմավարական ծրագի՞րն էր, թե՞ խոսքը Սպիտակ տան աշխարհաքաղաքական ինչ-որ իմպրովիզացիայի մասին է: Ինչո՞ւ նախագահ Թրամփը Մերձավոր Արեւելքում այժմ սկսեց քաղաքականության կտրուկ շրջադարձ կատարել Իսրայեյի կողմը, եւ տարածաշրջանում դա ԱՄՆ-ի եւ Իսրայելի երկու աշխարհաքաղաքական նախագծերի դիմակայության հետեւանքը չէ՞ արդյոք: Տվյալ շրջադարձով Թրամփը փոխում է ուժերի դասավորությունը, վերակառուցում ռազմավարությունը եւ գործընկերներ փնտրում առաջին հերթին ընդդեմ Թեհրանի: «Ռեգնում» գործակալության նախնական հետեւությունն այն է, որ տարածաշրջանում «Իսլամական պետությանը» գլխավոր թշնամի հայտարարելովՙ Վաշինգտոնը մտադիր է նրան գործիք դարձնել ուրիշ, առայժմ չնշված նպատակների հասնելու համար: Պատահական չէ, որ Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ի օրինակին հետեւելով Իրանը համարում են «ահաբեկչության գլխավոր հովանավոր»: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Պենտագոնի ներկայացրած հակաահաբեկչական պայքարի նախնական ծրագրում նշված լինեն կոալիցիայի մեջ Ռուսաստանի ներգրավման պայմաններըՙ նրան Իրանից հեռացնելու նպատակով: Պատահական չէ, որ իսրայելական «Մոսսադի» նախկին ղեկավար Էֆրայիմ Հալեւին «Իրանի հարցով» մտահոգված Իսրայելի իշխանություններին կոչ է արել կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Առայժմ ակնհայտ է հետեւյալը: Պենտագոնի ծրագիրը ուրվագծային, մակերեսային բնույթ է կրում եւ սրբագրվելու է տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման համեմատ: Շատ բան կախված կլինի նրանից, թե Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կկարողանա՞ն արդյոք պահպանել իրենց դաշինքը եւ փոխշահավետ ու խելամիտ որոշումներով դիմակայել հնարավոր նոր ճգնաժամերին, որոնց բնույթն առայժմ ակնհայտ չէ: Առայժմ Մերձավոր Արեւելքում պատմությունը գործում է դրամատիկ սցենարով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.