AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Նախընտրական թեմաներով

Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 4896, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՊՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ոչ մի ընտրություն չարժե նրան, որ մահակով դեռահաս պատանու ձեռք կոտրեն, դանակահարեն կամ կրակեն: Ես թքած ունեմ այնպիսի ընտրությունների վրա, որտեղ երեխա է հաշմվում: Հասկանո՞ւմ եք, իշխանության ձգտողներ: Ինչ բացատրություն էլ տաք` այս կողմից, թե այն կողմից, անընդունելի է, դա հավասար է ռազմական ուսումնարանի դիտավորյալ սպանությանը: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածը, երբ կրակում, դանակահարում կամ մահակում են, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Վերջ տվեք սադրանքներին, որ կողմից էլ դա լինի: Իմ` ընտրողիս համար միեւնույն է, թե ինչ աճպարարությամբ եք խորհրդարան հասնելու, քանի որ դուք բոլորդ, հավասարապես բոլորդ` իշխանական կամ ընդդիմադիր անվանյալ, իշխանություն եք եղել, ու ձեր արածը, որ նախ ձեր ու ձեր ընտանիքի բարեկեցության համար է, ոչ թե սովորական հայ մարդու, հավասար չէ անգամ մի մոր` կյանք ստեղծելու չարչարանքի չափին: Այնպես որ` ոտնձգություն մի արեք որեւէ մոր ստեղծած կյանքի դեմ, դա ոչ մեկին չի ներվի: Սահմանին, թշնամու գնդակից չեն վիրավորվել երիտասարդ մարդիկ, որ մի կերպ ներվի, ընտրություններ էլ որպես այդպիսին, համարյա չեն լինելու, դրանց փոխարինելու է մի լաբիրինթոս, ուր մտցնելու եք ընտրողին` այնտեղից դուրս գալու թելը մի քանի հոգով քաշելով:

Ուրիշի փոխարեն

Ժամանակին Հեկտոր անունով մի տղայի հեռացրել էին համալսարանից` ուրիշի փոխարեն ընդունելության քննությունները հանձնելու համար: Ասում էին` մի երկու տարի հաջողությամբ նա այդ արել էր`իր ուսանողական կյանքի հարմարավետության խնդիրն այդ ճանապարհով լուծելով: Բայց երրորդ անգամ չափից ավելի էր ջանացել` բոլոր առարկաներից հինգեր ստանալով, եւ այդպես կասկածի տեղիք տալով` բացահայտվել էր ու կարծեմ նաեւ դատական պատասխանատվության կանչվել:

Հետեւելով այս ընտրությունների քարոզարշավին, ուր տասնյակ տարիներ իշխած, խորհրդարանում գործունեություն ծավալած ՀՀԿ-ականների փոխարեն վարչապետ Կարեն Կարապետյանն ու մի երկու նոր դեմք են խոստումներ տալիս, արդարանում անցյալի համար եւ ապագային ուղղված վարդագույն ուղերձներ անում, հիշում եմ էդ Հեկտորի պատմությունը: Փաստորեն վարչապետը քննություն է տալիս եւ ուզում է հինգ ստանալ մյուս ՀՀԿ-ականների փոխարեն:

Ընտրություններում անսպասելիության գործոնը

ՀՀԿ-ամերձ շրջանակներն արդեն անհանգստանում են ՕՐՕ դաշինքի թաքուն պահած տեխնոլոգիաներից, որոնք միգուցե անսպասելի ի հայտ գալով` խոտորեն մինչեւ այժմ «սահուն» թվացող ընտրարշավի ընթացքը: Համենայնդեպս` զգուշացումներ կան, որ ավելի շատ հետընտրական զարգացումների վրա միգուցե շեշտադրումներ անի այս դաշինքը` մատնացույց են արվում սփյուռքից հայտնի անձանց ժամանումը, որպես այս դաշինքին աջակցություն, կամ զանազան արտերկրյա գործիչների հայտարարություններն` ի նպաստ ՕՐՕ-ի:

Հետաքրքրական է, որ բլոգեր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է` «ամեն դեպքում ԱԱԾ-ին խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել Րաֆֆիի անվտանգության ապահովմանը»: Թե ինչն է նրա այդպիսի ենթադրության համար պատճառ դարձել, չգիտենք, սակայն արժե հիշել մի հին, չստացված սցենար. եթե անցած նախագահական ընտրություններին Պարույր Հայրիկյանի հետ կատարվեր անդառնալին (Աստված մի արասցե), ապա նախագահական ընտրությունները կհետաձգվեին` հետեւանքներով հանդերձ, ու դա, անկասկած, ինչ-որ ուժերի ձեռնտու էր:

Համենյանդեպս` ՕՐՕ-ն, եւ ոչ թե Գագիկ Ծառուկյանը, ինչպես եւ ուրվագծվում էր ի սկզբանե, լուրջ գլխացաանք է դառնում իշխանության համար, քանի որ նրան աջակցելու կոչ նաեւ «Սասնա ծռերի» շրջանակներից են հնչում, իսկ դա կարող է համակիրների նոր շերտ նվիրել ՕՐՕ-ին: Իսկ հետընտրական զարգացումները Հայաստանում միշտ կարող են անսպասելիության տարր պարունակել, եթե գումարվեն նաեւ Արցախի հարցի շուրջ այժմ նկատելի զարգացումները:

Ծնկող կանայք

Հայաստանի սիրելի կանայք, դուք այնպես եք ապրում, չարչարվում, հասցնում, մի կերպ դուրս գալիս ամենանեղ վիճակներից, որ ձեր առաջ պետք է ծնկեն Հայաստանի տղամարդիկ, բոլորն անխտիր, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը: Մի նվաստացեք, մի փորձեք խոնարհվել կամ ծնկել ոչ մեկի առաջ, հիշեք գոնե մեր պատմության վեհացնող դրվագները` հայ կինը գերադասել է մահը, քան թե ծնկելը: Իսկ Միհրան Պողոսյանից շնորհակալություն հայտնող որդեկորույս մոր համար հատուկ բառեր կփնտրեինք` էլ չանեք այդպիսի բան, սիրելի մայր, ոչ մի միհրանպողոսյան արժանի չէ դրան, եթե անգամ իր ունեցվածքի կեսը զիջի Ձեզ, դուք ամենաթանկն եք զոհել հանուն երկրի, որը որեւէ դրամով չի չափվում, եւ որը չունի որեւէ փողատեր: Իսկ Ծառուկյանի գովազդի պատասխանատուներին խորհուրդ կտայինք չցուցադրել այն խայտառակ կադրերը, երբ հայ կինը փորձ է անում ծնկել Գագիկ Ծառուկյանի առաջ, ամո՛թ է:

Պաթոսի տակ բան չկա

Զարմանալի բան` քարոզարշավին մասնակցող ուժերը, որ այժմ ընկել են անհավանական խոստումներ հնչեցնելու էքստազի մեջ, բացարձակ չեն խոսում այն դժվարությունների մասին, որոնք իսկապես մտահոգում են այդ ուժերի ընտրական հանձնաժողովների անդամներին: Սա կարող է վկայել մի բանի մասին` այդ ուժերի գերակշիռ մասը տեղյակ է հասանելիք ձայների մասին եւ չի ուզում խորանալ ընտրական գործընթացի խոչուխութերի մեջ, իսկ ով տեղյակ չէ, գլխի էլ չի ընկնում, որ կարող է ԸՕ-ի մեջ ներդրված հնարամտությունների դեմն առնել, ասենք, կողմնակիցներին կոչ անելով անվավեր դարձնել մյուս ութ ուժերի քվեաթերթիկները, որ հետո չօգտագործվեն պատկեր փոխելու ժամանակ, կամ այլ գործողությունների կոչեն, որոնք կչեզոքացնեն ԸՕ-ի այլ խորամանկություններ:

Իսկ Ընրական օրենսգրքով, բազմաթիվ այլ բարդությունների հետ, նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման խուճուճ գործընթացն է մտահոգիչ թվում տեղական հանձնաժողովների անդամներին: Չնայած առաջին հայացքից քվեաթերթիկների հաշվելու կարգը թվում է թափանցիկությունն ապահովող, սակայն ուշադիր զննելուց հետո այդ կարգը ավելի շատ կարելի քնեցնող դեղամիջոց անվանել, քանի որ ընտրությունների տեխնիկապես բարդ գործընթացին հաջորդելու է քվեաթերթիկները, կտրոնները, դրոշմանիշները հաշվելու շատ ավելի բարդ ու նույնքան խուճուճ քառասունութ ժամ, որի ընթացքում հանձնաժողովականներից շատերը հոգնությունից կարող են զգոնությունը կորցնել եւ անգամ քնել, էլ ուր մնաց, թե հետեւեն բուն գործընթացին: Նախ` որ ամեն տեղամաս մոտ 20 հազար քվեաթերթիկի հետ է գործ ունենալու` առաջվա 6-7 հազարի փոխարեն, գումարվելու են դրանց կտրոններն ու ինքնասոսնձվող դրոշմանիշները, դրանց հետ կապված գործողություններն այնքան ժամանակատար են, որ մեզ հետ զրույցում հանձնաժողովի որոշ անդամներ վստահ չէին, որ ե՛ւ ընտրությունների ընթացքը, ե ՛ւ քվեաթերթիկների ամփոփման գործողությունները հասցնելու առումով հնարավոր են: Մտահոգությունների թվում էր նաեւ չօգտագործված քվեաթերթիկներն առանց հաշվելու տարածքային հանձնաժողով փոխադրելու, ինչպես նաեւ 9 քվեաթերթիկից 8-ի` անվթար արկղ նետելու պարագան, քանի որ հանձնաժողովականներից ոմանք կարծում են, թե այդ` անվավեր չդարձրած քվեաթերթիկները կարող են հետո օգտագործվել ընտրության պատկերը փոխելու համար:

Չօգտագործված քվեաթերթիկներն էլ առանց հաշվելու են տեղամասային հանձնաժողովից տարածքային հանձնաժողով տարվելու, սա եւս շատ վստահելի չի թվում:

Հասցնելու խնդիրն իսկապես լուրջ է: Դե պատկերացրեք` առաջ միասնական մեկ քվեաթերթիկ էր հանում տեղական հանձնաժողովի նախագահը, ցուցադրում, հիմա` ինն անգամ ավելի շատ: Մանավանդ` կուսակցությունների քվեաթերթիկները տեսակավորելուց հետո սկսվելու է մի նոր տանջանք` տեղական ցուցակներից յուրաքանչյուր թեկնածուին տրվելիք քվեաթերթիկներն են հաշվարկվելու: Այդ ժամանակ արդեն բոլորը հոգնած են լինելու, եւ պարզ է, որ դժվար թե կարողանան ուշադիր հետեւել գործընթացին, այդ ժամանակ ամեն ինչ էլ կարող է պատահել:

Աջակցություն հյուսիսից

Այլ բնորոշում Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման համար երեւի չհամապատասխանի: Ներքաղաքական կարեւոր իրադարձություն- խորհրդարանական ընտրությունը, Հայաստանի զարգացման հերթական փուլը, այն է ` կառավարման մոդելի փոփոխությունը Սարգսյանի գլխավորությամբ հաջողելու մասին պուտինյան ակնարկը, նախագահ Սարգսյանին ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելության ողջ արարողակարգը, այն դեպքում, երբ առանձնապես հրատապ հարցի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում չկար օրակարգում, կամ գոնե` հանդիպումների տեսանելի հատվածում, այդ բանի վկայությունն էր: Այդպես չեն ընդունում հեռացող նախագահին, նրան չեն ասում` «փոփոխություններ Ձեր գլխավորությամբ»:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդպիսի ընդունելությունն ու աջակցությունն ավելի են սրում իշխանության մնացած պարտքի` ժողովրդին վերադարձնելիության պարագան: Համենայնդեպս` նախագահի գլխավորած կուսակցությունն այն վարկանիշը չունի, որը բացարձակ հնարավորություններ ընձեռի ընտրություններին «Ձեր գլխավորությամբը» ներշնչող տոկոսով ամրապնդելու: Միգուցե ՀՀԿ-ին գնալու Ծառուկյանի, ՀՅԴ-ի, «Հայկական վերածնունդի» ձայների մի որոշ տոկոս, դե` սովորույթի ուժով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն, իր մերձ ուժերի հետ իշխանության մնալով` իր ոտքերի տակ ամեն պահ զգալու է այն ականը, որ ժողովրդի վատ ապրելակերպով ու դժգոհության բարձր մակարդակով է սարքվել:

Բացի այդ` միայն Թուրքիայի հանդեպ եվրոպական վերջին անսպասելի հակադարձը ցույց է տալիս, թե որքան փոփոխական դաշտում է հայտնվելու հիմա որեւէ իշխանություն Հայաստանում , երբ տարածաշրջանում հարց-հարցի հետեւից, դիպված առ դիպված` սղլիկ իրավիճակ է լինելու անընդհատ, ու ոտք դնելուց միշտ պետք է մտածել չընկնելու մասին` դա կլինի Արցախի հարց, արտաքին այս ու այն միավորներին անդամակցելու, թե կողմնոշորոշումների խնդիր: Այ դրա համար է պետք ժողովրդի իրական քվեն ստացած իշխանություն:

Ապացույց` խնդրեմ, նախագահ Սարգսյանը դեռ նոր է ոտքը քաշել Մոսկվայից, Լավրովը մի տեսեք ինչ է ասում. բա թե` Մոսկվան կողջունի հայ-թուրքական սահմանի բացումը. «Մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Լավրովը Regional Post Caucasus պարբերականին:

Մի հարցնող լինի` բա Թուրքիայի մշտական նախապայմա՞նը: Թե՞ Արցախի հարցի վերաբերյալ բան եք պայմանավորվել, էն, որ մի քաղաքական ուժ իր համար նախընտրական կարգախոս է դարձրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.