AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3545, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ

(մաս առաջին)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի ֆոնին մեր հանրապետության համար հիմնական հարցը մնում է պետության անվտանգությունը: Եվ բնական հարց է առաջանում. արդյոք այն ամբողջությամբ կամ գոնե մասամբ ընդգրկվա՞ծ է կուսակցությունների նախընտրական ծրագրերում եւ քարոզներում, թե՞ ոչ: Թեթեւ ակնարկն իսկ ցույց է տալիս, որ այդ հարցը պատշաճ տեղ չունի կուսակցությունների ու դաշինքների ծրագրերում, ինչը հուշում է, որ իշխանության համար պայքարի ելած կառույցները առանձնապես չեն կարեւորում ու հավանաբար, չեն հասկանում անվտանգության կարեւորությունը պետության զարգացման ու կայունության համար: Այստեղ հանուն ճշմարտության թերեւս հարկավոր է շեշտել, որ այս հարցում որոշակի բացառություն է Հանրապետական կուսակցությունը, որը երկար տարիներով լինելով իշխող քաղաքական ուժ, հասկանում է դրա կարեւորությունը: Սակայն նույնիսկ նրա ընկալումները եւ գնահատականները այս հարցում թերի են ու ամբողջությամբ չեն պատասխանում այն հարցերին, որոնք առկա են Հայաստանի անվտանգությունը գնահատելիս:

Այստեղ կարեւոր է շեշտել նաեւ, որ Հայաստանի անվտանգության խնդիրը քաղաքական ուժերը որպես կանոն կապում են միայն Արցախյան հիմնահարցի ու դրա չլուծվածության հետ: Այս մոտեցումը ոչ միայն թերի է, այլեւ վտանգավոր մոլորություն է, քանի որ ստեղծում է պատրանք, թե իբր այդ հարցի կարգավորմամբ մենք լուծում ենք Հայաստանի համար անվտանգության հիմնահարցի մի կարեւորագույն մասը:

Իրականության մեջ Հայաստանի անվտանգության հարցը ուղղակիորեն կապված չէ չլուծված հակամարտության հետ. այդ խնդիրը միայն հուշում է տարածաշրջանի անվտանգային միջավայրի կառուցվածքը, Հայաստանի անվտանգության առկա մոդելում եղած թերությունները եւ շեշտում գործող անվտանգության համակարգի խոցելիությունը: Այստեղ արժե նշել, որ մինչ օրս չի կատարվել առկա հակամարտության խորքային պատճառների վերլուծությունը, չնայած այս թեմայով տպագրված հարյուրավոր գրքերի, հոդվածների ու կազմակերպված տասնյակ գիտական եւ այլ տիպի կոնֆերանսների ու ժողովների: Սա նաեւ հայրենի վերլուծական մտքի ոչ միայն թերացման, այյեւ թուլության պատճառներից է, ինչն արտահայտվում է խնդիրը աշխարհաքաղաքական համատեքստում դիտարկելու անընդունակությամբ:

Ինչեւէ, այս իրավիճակի փոփոխության համար հարկավոր է իրականացնել տարածաշրջանի անվտանգային միջավայրի գնահատում ու հաշվարկել դրա ռիսկայնությունը մեր պետականության համար: Սա մի գործընթաց է, որը Հայաստանում, ցավոք սրտի, չի իրականացվում ամբողջությամբ ոչ այնքան մասնագետների, որքան դրա պահանջարկի բացակայության պատճառով, իսկ նմանատիպ պահանջարկ պետք է ձեւավորի պետությունը, որը սակայն դա լիարժեքորեն չի իրականացնում: Սա ոչ թե մեկ մարդու կամ ինչ-որ խմբի, այլ մասնագիտացված մի քանի ինստիտուտների աշխատանք պետք է լինի, որը, ցավոք, մինչ օրս չի իրականացվել:

Հետեւաբար անվտանգության գնահատման մեր ընկալումը ոչ թե ռազմավարական է, այլ մարտավարական (սա լավագույն դեպքում), այսինքն, մենք ի վիճակի ենք գնահատելու միայն այն վտանգները, որոնք տեսանելի են, չկարողանալով հաշվարկել գոնե 2-3 քայլ առաջ: Նմանատիպ կարճատեսությունը մեզ հնարավորություն չի տալիս ժամանակին պատրաստվելՙ գնահատել առկա մարտահրավերները, հնարավոր ռիսկերը եւ վտանգները, մեր մոբիլիզացիոն ռեսուրսն ու ներուժը, մշակել համապատասխան քաղաքականություն դրանք նվազեցնելու, չեզոքացնելու կամ կանխարգելելու համար:

Այսինքն իրականության մեջ մենք դեպքերի հետեւից ենք վազում, փորձելով մեր հնացած մեթոդներով ու տեխնոլոգիաներով պատասխանել նոր մարտահրավերներին, չփորձելով անգամ կազմելու ու վերլուծելու հնարավոր զարգացման սցենարները գոնե տեսանելի ապագայի համար: Իսկ արդեն ռազմավարական խորության վրա կատարել հնարավոր ռիսկերի գնահատում ու չափում, թվում է թե մեր ուժերից վեր է:

Հանուն ճշամարտության հարկավոր է նշել, որ Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են նմանատիպ գնահատումներ կատարելու, սակայն այստեղ խոսքը միայն հետազոտական կոմպոնենտի մասին է առանց դրա գործառնական կիրառման հնարավորությունները հաշվարկելու: Հասկանալի է, որ դա բավարար համարել չի կարելի, քանի որ, առաջին հերթին, ինչպես արդեն նշեցի, նմանատիպ հետազոտությունների համար չկա ձեւավորված պահանջարկ եւ, երկրորդ, նման գործողությունները միայն հետազոտական բաղադրիչով չի կարող ավարտվել, այն պետք է ունենա նաեւ ընդգծված ռազմավարական գործողությունների սցենարներ ու լուծումներ:

Աշխարհի առաջատար շատ պետություններում անվտանգային բաղադրիչի հզորացման համար կան նաեւ ռազմավարական հետախուզություններ, ինչը Հայաստանի պարագայում դիտարկվում է որպես ճոխություն, սակայն առկա ու աճող մարտահրավերների պայմաններում սա խիստ անհրաժեշտություն է, որը հատկապես կարեւորվում է պետության անվտանգային զարգացման ծրագրերը կազմելիս: Իսկ նախընտրական այս շրջանում կուսակցությունների ծրագրերի անվտանգային բաղադրիչը դիտարկելիս աչքի է զարնում այն փաստը, որ դրանց հեղինակներին չի բավարարում պրոֆեսոնալիզմը, շատ մեղմ ասած, իսկ անվտանգային եւ ընդհանրապես զարգացման հնարավոր ուղղությունները քննարկելիս չկա ռազմավարական անհրաժեշտ խորությունը ու առավել եւս, դրանք վերլուծելու տարրական ընդունակություն:

Այսինքն բոլոր կուսակցությունները եւ դաշինքները անվտանգության հիմնախնդրի քննարկման փոխարեն առաջարկում են Արցախի հիմնահարցի լուծման իրենց տարբերակը, դա փորձելով ներկայացնել որպես Հայաստանի անվտանգության կարգավորման հարցերի հարցը: Ստեղծվել է վտանգավոր մի իրավիճակ, երբ փորձում են հետեւանքը ներկայացնել որպես պատճառՙ համոզելով, որ հետեւանքի լուծումը կբերի իրավիճակի փոփոխության, ինչի անվան տակ հավանաբար հասկանում են անվտանգության մակարդակի բարձրացում: Ու սա առաջարկում են կուսակցություններ ու դաշինքներ, որոնք նույնիսկ ի վիճակի չեն տեսանելի ռիսկերը հաշվարկելու ու դրանց լուծումները առաջարկելու, էլ չասած հնարավոր մարտահրավերների ալգորիթմները նախանշելու մասին: Սակայն հանուն ճշմարտության պետք է շեշտել, որ դա չեն կարող անել նաեւ գործող իշխանությունները նույնպես, որոնք չհասկանալով ու չկարեւորելով խորքային նման վերլուծությունների անհրաժեշտությունը, պետության անվտանգային զարգացման գործընթացում թույլ են տվել սխալներ, ինչի վատագույն հետեւանքը ապրիլյան պատերազմն էրՙ դրա անսպասելիությունը ու ծանրագույն հետեւանքները հանրապետության համար:

Այս պայմաններում առաջնային է դառնում ոչ թե հետեւանքիՙ տվյալ դեպքում Արցախի հիմնահարցի լուծումը, այլ դա ծնող պատճառների վերացումը, ինչը արտահայտվում է այն վտանգներով ու մարտահրավերներով, որոնց բախվում է մեր տարածաշրջանըՙ պայմանավորված ձեւավորված ռազմաքաղաքական հավասարակշռությամբ, ընթացող պատմա-քաղաքական գործընթացներով ու ուժգնացող այն մարտահրավերներով, որոնք սպառնալիքների նոր ՙօրակարգ՚ են ձեւավորում: Արդեն այսօր իսկ կարեւորագույն պահանջ է դարձել անվտանգային նոր օրակարգի ձեւավորումը ու դրանց համահունչ քաղաքականության մշակումը:

Հայաստանը կարիք ունի անվտանգության համակարգի նոր մոդելի ստեղծման, որը կբացառի խոցելի կողմերը եւ ինքնին լուծում կհանդիսանա ցանկացած հակամարտության, այդ թվում նաեւ Արցախյան հիմնահարցի, այսպես կոչված կարգավորման համար: Նմանատիպ մոդելի ստեղծման համար հարկավոր է հետազոտական ու կիրառական բաղադրիչների համախմբում, համակարգային մտածելակերպի ներդրում, վերլուծական մտքի հզորացում, ռազմավարական մոդելավորման բաղադրիչի ներմուծում ու, ընդհանրապես, անվտանգային միջավայրի գնահատման գործիքարանի ուժեղացում ու նորարարական մոտեցում:

Արդյոք մենք ի վիճակի ենք այս ամենը իրականացնել, սա է թերեւս հարցերի հարցը:

(շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.