AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2998, Տպվել է` 461, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԲ «ԹԻԶ ՀՈՂԵՐ»

Հ. ԱՖՅԱՆ

Վերջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռուստահարցազրույց տվել էր 20 տարի առաջ, Արամ Աբրահամյանին: Անցած երեքշաբթի օրը Տեր-Պետրոսյանը ժամանել էր Հանրային հեռուստաընկերություն եւ հյուրընկալվելՙ «Օրակարգից դուրս» հաղորդմանը, իմ գործընկեր Ագնեսա Խամոյանին:

Ընտրություններ են, իսկ ընտրությունների ժամանակ հրաշքներ լինում են, ավելի շատՙ քան քսան տարում: Ինչեւէ, ինչպես նախընտրում է նախագահ Տեր-Պետրոսյանըՙ ավելի կոնկրետ խոսենք, պարզապես, ինչպես անում է իր ելույթներում Տեր-Պետրոսյանըՙ շատ հեռվից եկանք:

Պարզվում է, որ առաջին նախագահին, իսկ նա առաջիկա ընտրություններում գլխավորում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, ամենեւին էլ չի մտահոգում այն հարցը, թե կանցնի՞ արդյոք իր գլխավորած դաշինքը խորհրդարան, թե՞ ոչ: Նա հենց այդպես էլ ասաց. «Թող չընտրեն, թող ինձ ոչ ոք չընտրի, թող Սերժ Սարգսյանին ընտրեն, կամ մեկ ուրիշին... Ես ասելիք ունեմ, ես եկել եմ բան բացատրելու»: Այս պարագայում բանը, ինչպես հայտնի է, արցախյան հակամարտության լուծումն է: Տեր-Պետրոսյանի տեսակետներն այս հարցի շուրջ գաղտնիք չեն:

Ըստ առաջին նախագահիՙ մենք պարտավոր ենք ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի պահանջներին, ու եթե ասում ենՙ մաքրեք (բառն իմն է-Հ. Ա.) Արցախի շրջակա տարածքները, պետք է մաքրենք, եթե ասում են Արցախի վերջնական կարգավիճակի հարցի որոշումը հետաձգեք, պետք է հետաձգենք, քանի որ (ու սա եւս Տեր-Պետրոսյանի կարծիքն է, այսինքնՙ բացարձակ ճշմարտություն է), Արցախի հիմնահարցի լուծման բանալին ոչ թե մեր ու Ադրբեջանի ձեռքերում է, այլ միջազգային հանրության, կոնկրետՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների, ավելի կոնկրետՙ Ռուսաստանի: Կուզիՙ կլուծվի այս հակամարտությունը, չի՞ ուզիՙ չի լուծվի, ու ամենայն հավանականությամբՙ չի ուզի, եթե ուզի էլ, ապա այնպես, որ երկու երկրներն էլ իրենից գոհ մնան ու շարունակեն իր հետ խորացնել ռազմավարական դարավոր համագործակցությունը, հայերսՙ նաեւ եղբայրությունը: Մի խոսքով, թե ինչ է ասել, ասում Տեր-Պետրոսյանը Արցախի հիմնահարցի շուրջ, գիտենք, ու հաշվի առնելով, որ այդ ասելիքը առանձնապես չի փոխվել, գիտենք նաեւ, թե ի՞նչ է ասելու առաջին նախագահը այս հիմնահարցի մասին վաղը:

Այլ բան չգիտեինք ու երեքշաբթի օրվա հաղորդման ժամանակ իմացանք: Այսպես, եթե Արցախի շրջակա տարածքները պետք է վերադարձնել, ուրեմն դրանք ազատագրված չեն: Եթե ազատագրված չեն, ուրեմն օկուպացված են: Եթե օկուպացված են, ուրեմն Տեր-Պետրոսյանը, որի օրոք էլ տեղի է ունեցել այս միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումը, կրկնում եմՙ միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումը, ինքը օկուպանտ է: Ամեն դեպքում, առաջին նախագահը կարծում է, որ ինքըՙ միջազգային հանրության եւ կոնկրետ Մինսկի խմբի տեսանկյունից օկուպացիա է իրականացրել. ճիշտ է Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով, բայց օկուպացիա: Ի դեպ, միջազգային հանրության տեսանկյունիցՙ Արցախն առանձին սուբյե՞կտ է, եթե այո, ուրեմն հիմնահարցը լուծված է, եթե ոչՙ կնշանակի Տեր-Պետրոսյանը ոչինչ էլ չի ազատագրել, օկուպացրել է, միջազգային հանրության տեսանկյունից, որին այդքան կարեւորում է առաջին նախագահը:

Բայց սա դեռ կարեւորը չէ: Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ միջազգային իրավունքում, կամ հարթակներում, օրինակ ՄԱԿ-ում, սրբազան հողեր, սուրբ հայրենիք տերիմնները միայն ծիծաղ են առաջացնում ու լուրջ չեն: Այսինքն, եթե ենթադրենք Հայաստանից մեկը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի, որ Արցախն ու իր շրջակա բոլոր հողերը հայության համար սրբազան են, ապա ՄԱԿ-ի վեհաժողովի դահլիճում նստած բոլորը, անկախ մաշկի գույնից, աչքերի բացվածությունից, սեռից, կրոնից ու տարիքից, մի լավ ծիծաղելու են Հայաստանի տվյալ պատվիրակի վրա: Պատկերացրեցի՞ք: Եթե դժվարանում եք, ապա խորհուրդ կտամ ուշադիր դիտել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի ելույթները ՄԱԿ-ի ամբիոնից: Այնտեղ նա, եթե խոսել է Իսրայելից, իսկ նա միշտ է խոսում Իսրայելից, ապա հրեական պետության վերահսկողության տակ գտնվող բոլոր հողերը գրեթե միշտ անվանել է սրբազան, Իսրայելն էլՙ սուրբ հայրենիք («Էրեց Յիզրայել շլեմա»): Հիմա ի՞նչ, ՄԱԿ-ի պատվիրակները ծիծաղից ուշագնա՞ց են եղել, չեմ կարծում, անգամ Պաղեստինի պատվիրակները, կամ Եգիպտոսինը ուշագնաց չեն եղել, ինչն, ի դեպ, Նաթանյահուի օգտին կլիներ:

Ես հասկանում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը կարող է Իսրայելի, նրա վարչապետ Բենյամին Նաթանյահուի երկրպագուն չլինել ու վերջինիս ելույթներինՙ կոնկրետ ՄԱԿ-ումՙ չհետեւել, ինչը նորմալ է, բայց նորմա՞լ է, երբ երկրի նախագահը, որին նաեւ հիմնադիր են անվանում ու հաղթանակած, սուրբ հող եւ սրբազան հայրենիք կատեգորիաները համարում է ծիծաղելի, թեկուզ միջազգային իրավունքի առումով:

Ու առհասարակ, պետության ղեկավարի համար ո՞րը պետք է լինի ծիծաղելի. միջազգային իրավո՞ւնքը, առավել եւս միջազգային հանրության տեսակետ-կարծիք-ընկալումնե՞րը, թե՞ այն փաստը, որ հայրենիքն ու դրա բոլոր թիզ հողերը սուրբ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.