AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2230, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱՐԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ ԱՌԱՆՑ ԲԱՔՎԻ

Պ. Ք.

«Սահմանը փակվել է ոչ ԼՂ-ի պատճառով»

Ինչպես եւ ենթադրում էին որոշ վերլուծաբաններ, նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին այցելություններից հետո հերթական անգամ ասպարեզում հայտնվեց թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման թեման: Ավելի քան ակնհայտ է դառնում մի այնպիսի իրավիճակ, երբ Էրդողանը Մոսկվային առաջարկում է կազմել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան դաշինք, իսկ Պուտինը նրան առաջարկում է նախ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Բանն այն է, որ 1920-ականների սկզբներին արդեն եղել է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան դաշինք, եւ դա հայերի մեջ պատմական որոշակի զուգորդություններ է առաջացնում:

Ի դեպ, անցյալ տարեվերջին Բաքվումՙ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ նիստում, Թուրքիան բոլոր թյուրքալեզու պետություններին առաջարկել էր անցնել ազատ առեւտրի ռեժիմի, իսկ թուրք փորձագետները խոսել էին ոչ թե Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան, այլ Թուրքիա-Ռուսաստան-Ղազախստան առանցքի մասին:

Ինչպես տեսնում ենք, շատ բան է փոխվել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական Regional Post-Caucasus հանդեսին տված հարցազրույցում հակահայ «ռուս-թուրքական դավադրության» վերաբերյալ որոշ հայ քաղաքագետների պնդումների կապակցությամբ նշել է երկու կարեւոր հանգամանք: Առաջին, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ըստ Լավրովի, «չի սպառնում հարեւան երկրներին եւ նպաստում է Անդրկովկասի անվտանգությանն ու կայունությանը»: Երկրորդ, Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Երեւան-Անկարա բանակցություններին: «Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջը, Ռուսաստանը պատրաստ կլինի ցուցաբերելու ամենաակտիվ օժանդակություն: Իհարկե, մենք միայն կողջունեինք ԵԱՏՄ սահմանի հայ-թուրքական հատվածի բացումը մարդկանց, ապրանքների եւ սպասարկումների ազատ տեղաշարժի համար: Անկասկած, դա օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին», ասել է Լավրովը:

ԵԱՏՄ սահմանի վերաբերյալ Լավրովի արած հայտարարությունը Բաքվում որոշ քաղաքագետների հիմք է տվել ենթադրելու, թե Մոսկվան «ծուղակ» է նախապատրաստում Ադրբեջանի համար: Նրանք նաեւ ենթադրում են, որ արդեն 16 տարի չգործող Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երեւան երկաթուղին կարող է վերագործարկվել, ինչը կպահանջի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան բանակցություններ, որոնց Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի: Բաքվում գտնում են, որ Թբիլիսին պարտավոր է իր քայլերը համաձայնեցնել գործընկեր եւ դաշնակից երկրներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, ԵԱՏՄ անդամ երկրների, Վրաստանի, Մերձավոր Արեւելքի հյուսիսային մասի երկրների փոխգործողության մակարդակով կարող է ձեւավորվել առեւտրի միասնական եվրասիական գոտի, որտեղ մի ամբողջ շարք պետություններ փաստորեն կկառուցեն սկզբունքորեն նոր հարաբերություններ: Ադրբեջանն ուղղակի ելք չունի դեպի Թուրքիա, իսկ Թուրքիա-Ադրբեջան-ԵԱՏՄ կամուրջը կարող է հիմնվել միայն շրջանակային առեւտրատնտեսական ինչ-որ համաձայնագրի վրա: Բացի դրանից, Թուրքիան տեսանելի ապագայում Եվրոմիություն մտնելու հնարավորություն չունի: Փետրվարի վերջերին Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Էրդողանի խորհրդական Իլնուր Չեւիքը հայտարարեց, որ ապագայում հնարավոր է ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքումը Ռուսաստանի հետ: Նրա խոսքերովՙ դա «լոկ ժամանակի հարց է», եւ այդ ճանապարհին «տնտեսական կամ քաղաքական բնույթի որեւէ դժվարություն չկա»: Սակայն Թուրքիան ազատ առեւտրի գոտու հարցում ԵԱՏՄ-ի հետ կարող է շփվել միայն Հայաստանի միջոցով, որն Անդրկովկասում ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է: Այլ կերպ ասած, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հետզհետե առավել հրատապ բնույթ է ստանում:

Անկարա-Երեւան բանակցություններին օժանդակելու պատրաստակամության վերաբերյալ Լավրովի արած հայտարարությունը հիշեցնում է 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստումը եւ ստորագրումը: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ սահմանների բացման մասին էր: Ցյուրիխյան դեպքերի կապակցությամբ Բաքվի Yaggin.az կայքը գրեց. «Եղբայրական Թուրքիան առանց Բաքվի ծանուցելու Հայաստանի հետ բանակցություն է սկսել սահմանների բացման վերաբերյալ... Բաքուն քանիցս իր մտահոգությունն է արտահայտել սկսված գործընթացների առնչությամբ, բայց իր ռազմավարական դաշնակցից ի պատասխան ստացել է լոկ հավաստիացումներ, թե Հայաստանի հետ բանակցություններում Ղարաբաղի հարցը առաջնահերթ է: Միեւնույն ժամանակ Երեւանում ամեն կերպ ժխտում էին Թուրքիայի հետ վարվող բանակցությունների ղարաբաղյան ենթատեքստը: Վաշինգտոնում միայն զարմանք էին արտահայտում եւ պնդում էին, թե Թուրքիա-Հայաստան սահմանների բացումը պետք է նպաստի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների առաջմղմանը: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներից մեկում կհայտարարի, որ Բաքուն ցյուրիխյան արձանագրությունների բովանդակության մասին իմացել է վստահելի աղբյուրներից եւ որոշել է իր հետագա քայլերըՙ ելնելով այդ տեղեկություններից»:

Ըստ երեւույթին, դեպքերի անցանկալի ընթացքը կանխելու նպատակով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը Լավրովի հայտարարությունից հետո որոշեց հիշեցնել, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացքում կրկին հայտարարել է թուրք-հայկական սահմանի բացման հարցում Անկարայի վճռական դիրքորոշման մասին», եւ որ «սահմանը փակվել է ադրբեջանական հողերի օկուպացումից հետո եւ կարող է բացվել միայն ապաօկուպացումից հետո»:

Հաջիեւը, անշուշտ, տեղյակ է, որ Անկարան ու Երեւանը, որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտներ, իրավասու են ինքնուրույնաբար լուծելու երկկողմ հարաբերությունների հարցերը: Բացի դրանից, հիշյալ Ցյուրիխյան արձանագրությունները բնավ կապված չեն ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրների հետ: Ինչպես վկայում է թուրքական Todays Zaman թերթը, դեռ Թուրքիայի արտգործնախարար եղած ժամանակ Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանները փակել է ոչ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Մեծ քաղաքականության մեջ սուբյեկտների շահերը կարող են հաճախ փոխվել, որպեսզի փոփոխվեն քաղաքական գործունեության համակարգն ու մատրիցան, ընդլայնվի գործողությունների տարածքը: Ընդհանրական եւ տարածաշրջանային քաղաքականություն վարող Թուրքիայի համար պարզապես ձեռնտու չէ երկար ժամանակ Ադրբեջանին «պատանդ» մնալը: Ուստի բացառված չէ, որ Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերություններում շուտով ի հայտ գա Ցյուրիխ-2 երեւույթը, կարծում է ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը : Այստեղ Բաքվի գլխացավանքն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Անկարան դժվար թե աջակցի Ադրբեջանին, եթե վերջինս ընտրի ԼՂ հակամարտության ուժային լուծման ուղին: Որոշակի տեղաշարժեր կարելի է սպասել ապրիլի 16-ից հետո, երբ Թուրքիայում կանցկացվի կառավարման համակարգի փոփոխման հանրաքվե, եւ ամենքը կսկսեն խոսել երկու երկրների (առաջին հերթին տնտեսական) կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.