AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2067, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Երկու օր առաջ, մարտի 22-ին, Բելգիան սգում էր Բրյուսելի ահաբեկչության զոհերի հիշատակի մեկ տարին: Ծայրահեղ իսլամիզով վարակված ահաբեկիչները մեկ տարի առաջ պայթեցրեցին Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելի միջազգային օդանավակայանի ուղեւորասրահը: Րոպեներ անց ահաբեկչական շղթան տեղափոխվեց Եվրոմիության կենտրոնի տարածք եւ ահաբեկիչներին հաջողվեց պայթեցնել նաեւ նրան կից մետրոյի «Մալբեկ» կայարանը:

Բրյուսելը հայտնվել էր անելանելի սարսափահար իրավիճակում: Կային բազմաթիվ զոհեր, վիրավորներ: Երկրին հասցվել էր տասնյակ միլիոնների նյութական վնաս, իսկ սարսափելին ատելության մթնոլորտն էր, որն անմիջապես տարածվեց մուսուլմանների հանդեպ: Հեռուստահաղորդումների, հանրահավաքների, բողոքի ակցիաների նշանակետը մուսուլմանական համայնքն էր: Թվում էր, թե ներքին հեղափոխություն էր հասունանում , քանզի հիմնաքարն արդեն տեսանելի էրՙ Եվրոպայի կենտրոնում արմատացել էր ջիհադիստական գաղափարախուսությունր, որն ուղեկցվում էր ահաբեկչական գործողություններով ոչ միայն Բելգիայում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում:

Կրոնական պատերազմի շեմին հայտնված Եվրոպան, որ ժողովրդավարության, մարդասիրության, հավասարության, խոսքի ազատության ջատագովն է, հայտնվել էր ծուղակում: Մի կողմից ատելության մթնոլորտը, մյուս կողմից դեմոկրատական սկզբունքներին հավատարիմ մնալը ստեղծել էին պայթյունավտանգ իրավիճակ: Շատերի համոզմամբ երկիրը մուսուլմաններից մաքրելու հիմնավոր եւ հնարավոր առիթը ստեղծվել էր: Սակայն Եվրոպան փորձեց ողջախոհ գտնվել, գիտակցելով, որ ատելությունը ծնում է նոր ատելություն, իսկ Բելգիայի բազմաշերտ հասարակության, առավելապես երիտասարդների համար, այն անկասկած կունենար անկանխատեսելի կործանարար հետեւանքներ: Ատելության մթնոլորտը կասեցնելու համար գործի դրվեց միասնականության, համերաշխության հանրահավաքների անցկացման մեխանիզմըՙ «Առօրյան համատեղ կիսելու» կարգախոսներով:

Որքան էլ որ ահաբեկչական գործողությունները սպառնում են Եվրոպային, այդուհանդերձ, կաթոլիկ Եվրոպան իր հավատքին եւ սկզբունքներին հավատարիմ, համբերատար, բայցեւ գործնական քայլերով ջանում է մահմեդական համայնքի եւ հատկապես երիտասարդների մեջ կոտրել արմատական իսլամիզմի կարծրատիպը:

Ահասարսուռ ահաբեկչությունից հետո բելգիական իշխանությունները մեղքի զգալի բաժին նաեւ իրենց էին վերագրում, փորձելով տեսնել, թե ինչում էին զլացել, որ Եվրոպայում ծնված, եվրոպական միջավայրում դաստիարակված այդ երիտասարդները սայթաքել են, կյանքի ինչ հանգամանքներից ելնելով են շեղվել, եւ թե ինչու են նախընտրել եվրոպական հասարակությունից կտրվել եւ ջիհադիստական գաղափարներով հրապուրվել:

Ահաբեկչությունից օրեր անց, տրանսպորտի եւ ներքին գործերի նախարարները հրաժարականի դիմում ներկայացրեցին: Հրաժարականն իհարկե չմակագրվեց, քանի որ, հասկանալիորեն, ահաբեկչության դեմ հարյուր տոկոս զերո անվտանգություն գոյություն չունի: Փոխարենը գործի դրվեցին ծայրահեղականներին կոտրելու, նրանց գաղափարախոսությունը տարածողներին արմատախիլ անելու բոլոր լծակները:

Անցել է արդեն ուղիղ մեկ տարի, Բրյուսելն իր սկզբունքներին հավատարիմՙ ուշադրության կենտրոնում է պահում հատկապես մուսուլմանական համայնքի երիտասարդներին: Առողջ մտածելակերպով, առողջ հոգով դաստիարակելու համար բյուջեից հատկացվել է ֆինանսական աջակցություն: Բացվել են լրացուցիչ սպորտային, մշակութային խմբակներ, տարվում են հասարակական միջոցառումներ, կազմակերպվում են հոգեբանական դասընթացներ, ապահովվում է մաքսիմալ զբաղվածություն: Երիտասարդների կողմից առաջարկվող մշակութային ծրագրերը պետական հովանավորություն են ստանում:

Ընդամենը մեկ տարի, եւ այս կարճ ժամանակահատվածում ահաբեկչության զոհերի ընտանիքներին եւ վիրավորներին հատկացվել են ֆինանսական եւ հոգեբանական համապատասխան աջակցություն: Կարճ ժամանակում Բելգիային հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը, կոտրել ատելությունը եւ վերականգնել համերաշխությունն ու միասնությունը:

Մարտի 22-ը սեւով գրվեց Բելգիայի պատմության մեջ: Զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Բրյուսել էին ժամանել աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչությունից տուժածների ընտանիքներ: Հուզիչ էին նրանց ելույթները, որոնք առանց արտասվելու անհնար էր լսել: Եվ չնայած ողբերգական ու անդառնալի կորուստներին, համոզմունքը մեկն էր, որ ահաբեկչությունը չի կարող պառակտել ժողովրդավարությունն ու միասնությունը:

Եվրոպական ժողովրդավարությունն ու մեծահոգությունը երբեմն շատերիս կողմից չափազանցված եւ տարօրինակ է ընկալվում, սակայն այն ճիշտ ուղեցույց է ազնիվ, մարդասեր, համերաշխ մթնոլորտում ապրելու, սերունդներ դաստիարակելու համար:

Եվրոմիության քաղաքականությանը հետամուտ լինելով, ամեն անգամ նույն միտքն է տանջում. գրեթե երեսուն տարի ժողովրդավարության ձգտող, եվրոպական արժեքներով հմայվող, եվրոպական ծրագրերին հետամուտ Հայաստանը դեռ ինչքան հեռու է նույնիսկ մարդասեր լինելուց: Հայաստանում կոսմոպոլիտ հասարակություն ձեւավորված չէ, չկան միջազգային խտրականության խնդիրներ, մինչդեռ հանդուրժող չենք նույնիսկ ինքներս մեր նկատմամբ: Ժողովրդի արյան գնով աթոռի ձգտողներով ձեւավորված իշխանություններով անհնար է ժողովրդավարություն կառուցել: Եվ դեռ ինչքան երեսուն տարիներ հարկավոր կլինեն գնահատելու մարդասիրությունն ու հանդուրժողականությունը ոչ միայն սեփական, այլեւ օտար ազգերի հանդեպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.