AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 5664, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸՙ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երկու օրից կավարտվի ընտրախաղը եւ կսկսվի արդյունքներից դժգոհների բողոքախաղը: Վերջինները կջանան ապացուցել իրենց դեմ եղած խարդախությունները, իսկ հաղթողները, ինչպես ամեն անգամ. «իրեղեն» ապացույցներ կպահանջեն, միաժամանակ կհոխորտանՙ բա ինչ էիք կարծում, ժողովուրդը մեզ է վստահում, եւ մենք ամեն ինչ անելու ենք նրա վստահությունը արդարացնելո՜ւ համար: Հավանաբար լինեն նաեւ բողոքի ցույցեր, երթեր, հանրահավաքներ: Սակայն դրանք ցրելու փորձեր չեն արվի- թող բողոքեն, նույնիսկ Եվրոդատարան դիմեն, ի վերջո կհոգնեն եւ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հուն...

Իսկ բնականոնը Հայաստանում, ինչպես ամեն ընտրությունից հետո, հուսաբեկությունն է, ապատիան, «այսպես եկել, այսպես էլ կգնայի» տրամադրությունը, ոտքով քվեարկելը, արտագաղթըՙ ինչպես հալչող ձյան տակից հոսող ջուրը: Բայց մեր պարագայում դա ջուր չէ, այլ արյուն, ավիշ, կենսահյութՙ երիտասարդություն:

Օրերս Երեւանից ինքնաթիռով Մոսկվա գնալիս տեսա երիտասարդների մի մեծ խումբՙ փորձառու բրիգադիրի գլխավորությամբ: Գնում էին աշխատելու, որպես սեւագործ բանվոր: Տղաներից ոմանք արդեն ճլորած տեսք ունեին- հայտնապես առաջին անգամ չէին ուղեւորվում Ռուսաստան: Ավելի ջահելները ուրախ էին կարծես, առաջին անգամ այլ երկիր ուղեւորության գնացողի ուրախությամբ: «Էդ ո՞ւր եք գնում, ընտրություններին չե՞ք մասնակցելու», հարցրի կատակով: Անտարբեր նայեցին ինձ եւ ձեռքները թափ տվեցին: «Հորողբեր, իմ տեղը ուրիշմ ձեն գուդա,- ասաց խմբի երեւի ամենասրախոսը,- բալքիմ քանիմ մանեթ կառնե»:

Չգիտեմ նրանցից քանիսը կվերադառնա հայրենիք: Երեւի իրենք էլ չգիտեն: Առայժմ կարեւորը աշխատելն է, ընտանիքին օգնելը, հետոՙ Աստված մեծ է: Սակայն եթե նման տասնյակ հազարավոր երիտասարդներ իրենց ճակատագիրը թողել են Աստծու տնօրինությանը, ապա ուրիշՙ ավելի փոքր, բայց ոչ փոքրաթիվ մի խումբ իր ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի ուզում վստահել: Ճանաչում եմ 30-40 տարեկան այդ երիտասարդներից շատերին, զրուցել եմ նրանցից ոմանց հետ: Առաջին հայացքից անբարեհամբույր երիտասարդներ են, մանավանդ տղաները: Ոմանք աշխարհաքաղաքացու հովեր ունեն, չափից դուրս ինքնավստահ: Նրանք ապրուստի խնդիր չունեն, կրթված են, ոմանքՙ արեւմտյան լավագույն համալսարաններումՙ պահանջարկ ունեցող մասնագիտություններով: Ստանում են բավական բարձր, երբեմն բարձրից էլ բարձր աշխատավարձ: Չէի ասի, թե հայրենասեր չեն, բայց շատ են հաշվենկատ, սկեպտիկ նաեւ: Իրենք չեն սիրում կաշառք վերցնել, ոչ էլ տալ: Չեն ընդունում կառավարման այս ձեւը, ախպերական հարաբերությունները: Զոռբայությունից խորշում են, դատարաններից, բյուրոկրատիզմից զզվում են: Ուզում են արժանավոր եւ ըստ արժանիքների ապրել: Ուզում են ազատ ապրել: Մինչեւ ե՞րբ ուրիշները իրենց փոխարեն տնօրինեն իրենց եւ նմանների կյանքը, իրենց երեխաների ապագան, ղեկավարել երկիրըՙ առանց տիրապետելու ժամանակակից կառավարման գիտությանը, տեխնոլոգիաներին: Հայաստանը կարող է զարգանալ, եթե օգտագործվի այս սերնդի ներուժը: Իսկ եթե չի օգտագործվելուՙ ապա ավելի լավ է իրենք էլ հեռանան այս երկրից, որտեղ հեռանկար չկա, փակ է հորիզոնը:

«Եթե իմ երկիրը չի օգտվելու ինձնից եւ իմ նմաններից, էլ ի՞նչ գործ ունեմ էստեղ»,- ասում է նրանցից մեկը, որ ավարտել է ամերիկյան MIT համալսարանը:- Գիտե՞ք մեր հաշվապահներն ու ֆինանսիստներն ինչ գին ունեն Ռուսաստանում: Ավելի լավ կլինի էնտեղ աշխատեմ, որ երեխաս ինձ նման զրկանքներով ուսում չստանա, ինձ նման դիմումը ձեռիս ամիսներ ամբողջ տանը չնստիՙ մինչեւ միջնորդությամբ աշխատանքի ընդունվելը»:

Մեկ խոսքովՙ այս սերունդը ուզում է պատասխանատվություն վերցնել, մինչդեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չստանձնեց նրա՛նց պատասխանատվությունը վերցնելու գործը: Խոսքը չի վերաբերում կուսակցությունների ընտրական ցուցափեղկին, վիտրինային, որտեղ համեմատաբար երիտասարդներ կան բարեբախտաբար: Սակայն նրանք, ինչպես ասում են, տոն չեն կարող ստեղծել, հատկապես «պապաների» հովանու տակ: Խնդիրը մի ամբողջ սերնդի է վերաբերում, ոմանց սիրած ու գործնական աջակցության չարժանացրած «Անկախության սերնդին», նրա քաղաքական ներգրավվածությանը: Այդ սերունդը գրեթե ամբողջությամբ ապաքաղաքականացված է մնում, ապակուսակցականացված, հետեւաբարՙ խաղից դուրս:

Մենքՙ ավագներս, շատ ենք սիրում երիտասարդությանը շողոքորթելՙ դուք եք մեր ապագան, եւլն.: Մինչդեռ «ապագան» արդեն դարձել է ներկա եւ այս ընթացքով շուտով կդառնա անցյալ, իսկ երկիրը կմնա... նախանցյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.