AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 5657, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՀՈ՞ՒՅՍ ԷԼ ՄԱՐԵՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանկաերտ

Ադրբեջանական մամուլը շոկի մեջ է: BP-ի նախկին տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը հայտարարել է, որ կորպորացիան Կասպից ծովի ադրբեջանական հատվածում դադարեցնում է բնական գազի «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը: Դա տեղի կունենա ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը, որին հղում է անում գերազանցապես ադրբեջանական իշխանությունների տեսակետներն արտահայտող haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանից բնական գազի մատակարարումների սահմանափակման մասին խոսել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլին : Նրա ձեւակերպմամբ, ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարումը «գործնականում սահմանափակ էր»: Վալիաշվիլին միաժամանակ ասել է, որ Վրաստանը, բնականաբար, չի սահմանափակել գազի սպառումը եւ «օգտագործել է այն պահուստները, որոնք ժամանակին ստեղծվել էին»: Ադրբեջանական մամուլի կարծիքով, խոսքը «Գազպրոմից» գազի պակասը լրացնելու մասին է:

Ուշագրավն այստեղ այն է, որ Reuters-ի վերոհիշյալ տեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ Բաքվում Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարել BP կորպորացիայի տարածաշրջանային նոր տնօրեն Հերրի Ջոնսի հետ: Պարզվում է, այդ բանակցություններին ներկա է գտնվել նաեւ BP-ի նախկին տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը: Վերջինս էլ տեղեկացրել է «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը դադարեցնելու վերաբերյալ բրիտանական կորպորացիայի որոշման մասին:

Կորպորացիան, իհարկե, իր որոշումը բացատրում է «հանքավայրի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ»: Այդուհանդերձ, արդեն տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական մամուլում ուղղակի կամ միջնորդավորված քննադատություն է հնչում BP- ի հասցեին: Կորպորացիան նավթի եւ գազի արդյունահանման ոլորտներում լրացուցիչ ներդրումներ կատարելու մասին Ադրբեջանի կառավարության բազմաթիվ առաջարկություններ է մերժել, իսկ անցյալ տարի էլ իրականացրել զանգվածային կրճատումներ: Արդյունքում մի քանի հազար նավթագործներ մնացել են առանց աշխատանքի:

Ադրբեջանի կառավարության եւ BP-ի միջեւ տարաձայնությունների մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2013թ.-ին, երբ Իլհամ Ալիեւը ներկայացրել է «Հարավային գազային միջանցք» անունն ստացած նախագիծը: Նախապես ադրբեջանական կողմը հույս ուներ, որ բրիտանական կորպորացիան իր վրա կվերցնի ներդրումների մի զգալի մասը, սակայն արդյունքում BP-ին նախագծին միանալու ցանկություն չհայտնեց: Դա Իլհամ Ալիեւին դրեց բավական անհարմար վիճակում, եւ նա ստիպված եղավ 13 մլրդ. դոլարի ներդրումների բեռը վերցնել Ադրբեջանի պետական բյուջեի վրա:

Նավթի գների անկման պայմաններում Ադրբեջանն այսօր չի կարողանում սպասարկել ստանձնած պարտավորությունները եւ ստիպված է ներգրավել վարկեր եւ փոխառություններ: Բայց այս դեպքում էլ ծագում են լուրջ խնդիրներՙ արեւմտյան բանկերը վարկերի կամ փոխառությունների դիմաց պահանջում են, որ Ալիեւը գնա տնտեսության ազատականացման: Եւ ահա նման իրավիճակում հայտնի է դառնում, որ BP-ն դադարեցնում է գազի «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը: Տնտեսականից զատ դա Ադրբեջանի համար ունի քաղաքական նշանակություն: Մասնավորապես, եթե միտումը շարունակվի, նվազեն Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարման ծավալները, ապա վրացական կողմն ստիպված կլինի խորացնել ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունները: Իսկ դա նշանակում է Վրաստանում Ադրբեջանի ազդեցության թուլացում: Բացի այդ, «Շահդենիզ» հանքավայրից Ադրբեջանը գազ է արտահանում նաեւ Թուրքիա: Հետեւաբար, Թուրքիան էլ ստիպված է լինելու այլընտրանք որոնել:

Բացառված չէ, որ BP-ի որոշումն ունենա նաեւ քաղաքական ենթատեքստ: Մեհրիբան Ալիեւայի առաջին փոխնախագահ նշանակվելուց հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանում սկսվել է սեփականության վերաբաշխման նոր փուլ: Ամբողջ ճակատով հարձակման է անցել առաջին տիկնոջ հայրական ընտանիքը, որը «Փաշա-հոլդինգի» սեփականատերն է: Մասնավորապես, Մեհրիբան Ալիեւայի հորը պատկանող «Փաշա» բանկը դատական հայց է ներկայացրել տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի որդու դեմ: Դատարանը բավարարել է պահանջը: Խոսքը շուրջ մեկ միլիարդ դոլար գումարի մասին է: Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մամեդովի որդին «վերադարձրել է պարտքը եւ կալանքից ազատել իր սեփականությունը»:

Ի՞նչ առնչություն ունի BP-ը սեփականության այդ վերաբաժանման հետ: Լոնդոնում է բնակվում Իլհամ Ալիեւի քույրը, որի եւ Մեհրիբան Ալիեւայի հակասությունները հասցրել են նրան, որ Իլհամ Ալիեւը քրոջն արգելել է այցելել Բաքու: Իսկ Ալիեւի քույրը Լոնդոնում հաստատվել է BP- ի կողմից 1994թ.-ին Հեյդար Ալիեւին նվիրած առանձնատանը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել նրա եւ բրիտանական կորպորացիայի միջեւ ջերմ հարաբերությունների թեմայով:

Ամեն դեպքում իրողություն է, որ «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին բրիտանական կորպորացիայի որոշումը խիստ զգայուն հարված է Ադրբեջանի տնտեսությանը եւ Ալիեւի հեղինակությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.